Աներկբա կարող ենք պնդել` ժամն է արդեն, որ «հեղափոխությամբ ծնվածը» պատասխան տա իրեն իշխանության բերածներին: Բարի լինենք ևս մեկ անգամ արձանագրելու. «չխոսկան» Սերժ Սարգսյանը հենց այնպես չէր «ազդանշան» ուղարկում թե՛ դրսին, թե՛ Նիկոլին, որ անգամ իր ձերբակալությունը արցախյան բանակցային հարցում չի օգնելու Փաշինյանին. իր որոշումը չի փոխվել` «ինքը սխալ էր, Նիկոլը` ճիշտ», և Նիկոլը պարտավոր է ուժային կետրոններին ասել` ինչ է անելու Ղարաբաղյան խնդրում:
ՈՒ հիմա պարոն Լավրովը եկել է «տանելու» նրա պատասխանը, որովհետև ժամանակն արդեն սեղմում է, որովհետև Սիրիայում գործընթացներն ավարտվեցին` ըստ պլանավորված «գրաֆիկի», որովհետև ռուսական C-400 ներկրած Թուրքիայի հետ Ռուսաստանը երբեք այսքան մերձ չի եղել տարածաշրջանը վերաձևելու ռուսական և թուրքական երազանքին, չնայած պնդմանը, որ աշխարհաքաղաքական առևտրում հմուտ Թուրքիո նախագահն այսօր ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ և իր գինը կառաջարկի նրան, իմպիչմենտի տակ գտնվող Թրամփն էլ կգնի:
Այնպես որ, Լավրովի այցը Հայաստան, Թրամփ-Էրդողան հանդիպումից վայրկյան առաջ, անհրաժեշտ էր, որպեսզի «բարեհամբույր» բլիթների միջոցով (Նիկոլի գովերգում հարցազրույցում, «գոսպոդին պրեզիդենտ»-ով մեծարում), որպեսզի ՆԱՏՕ-ի ուղեղի հիվանդությունն արձանագրած Մակրոնին Փաշինյանը տա համաձայնեցված ճանապարհային այն քարտեզը, որն այլ կերպ կոչվում է «Լավրովյան պլան», կոնկրետ դեպքում` նորացված պլան։ Եթե Կազանյան փաստաթղթից (դրանից առաջ` Մադրիդյանից) արտածված փաստաթղթում արձանագրված էր յոթ, ապա` հինգ շրջանների վերադարձ, Արցախի «միջանկյալ» կարգավիճակ, վերջում` խաղաղապահների «կանգ», հիմա, ինչպես պարոն Լավրովն էր ասել, «կազմակերպչական» նրբություններ կքննարկվեն բանակցային գործընթացում, ինչն էլ պետք է հասկանալ խաղաղապահների «օրհնված ոտքի», այս դեպքում` ՀԱՊԿ «սապոգի» մուտքը հակամարտության գոտի, դառնում է առաջնային։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, դա լինելու է երկու շրջանի հանձնման դիմաց, ինչի մասին սկզբում ասված է` զենքի մատակարարման «լգոտա» կտրվի Հայաստանին, սակայն, դատելով պարոն Լավրովի բարձրաձայնումից (իսկ դիվանագիության և մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չկան), նշանակում է` նոր պարտիան լավագույնս մշակված է:
Լավրովը, այո, սկսում էր այն կետից, որի մասին Փաշինյանը բարձրաձայնել էր, թե` «Ես արցախյան խնդրի լուծումն սկսում եմ իմ կետից»: Իսկ այդ կետը, պարզվում է, ոչ թե յոթ, ոչ թե հինգ, այլ «հաղթական» 2 (երկու) շրջանների վերադարձի դիմաց է ստանձնվում, ու ոչ գազի էժանացման, կամ, դիցուք, C-400-ների ձեռքբերման:
Ռուսաստանը հասկացել է` թավիշ սիրողը հաստատապես չի ապրի «ուրախություն անանձնական», եթե գազը էժանացվի կամ, ասենք, C-500 տրվի սույն երկրին. նա երջանկանում է իր ապագա բարգավաճմամբ, այն է` նախագահ դառնալով, ուստի պարոն Լավրովը քորեց նրա դնչի տակ, հռչակեց պրեզիդենտ ու… գնաց:
Առաջիկայում կհասկանանք` ինչի՞ դիմաց: Այս ամենում, սակայն, կա նրբություն: Նկատի ունենք Արայիկ Հարությունյանի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաները: Նկատենք՝ առայժմ ակցիաները մարդաշատ չեն, սակայն ամեն րոպե, կախված Նիկոլի պատասխանից, կարող են առաձգականանալ, ռետինի նման ձգվել, ու թե այդ ամենից հետո ում ձեռքում կհայտնվի «հսկիչ փաթեթը», շատ մեծ հարցական է, որովհետև մարդաշատություն, «բանդերականություն» ապահովողները ոտքի վրա են.
ա) Բողոքական եկեղեցին. այնտեղ արդեն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հակաքարոզներ են ընթանում, որպես սատանիստների կառավարություն (չմոռանանք` բողոքական եկեղեցին մորեխի նման վայրկյանների ընթացքում կարող է լցնել ողջ Հայաստանը):
բ) Ծռերը:
Մնացածի մասին` հաջորդ դասին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ