Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նորմանդական քառյակը, այնուամենայնիվ, կհանդիպի

Նորմանդական քառյակը, այնուամենայնիվ, կհանդիպի
16.11.2019 | 15:50

Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերի 9-ին, Փարիզում՝ քննարկելու Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի կարգավորումը, նորմանդական ձևաչափով՝ հայտարարել է Ելիսեյան պալատը: Դա կլինի վերջին 3 տարում առաջին հանդիպումը: Վլադիմիր Զելենսկին հեռախոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման օրը հաստատել է և Գերմանիան, Մոսկվան առայժմ օրը և հանդիպման փաստի համաձայնեցումը չի հաստատել: Կրեմլը պնդում էր, որ հանդիպում կկայանա, եթե լինի բանակցության առարկա: «Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած հանդիպման, այդ թվում նորմանդական ձևաչափով: Միայն լավ նախապատրաստված լինեն և դատարկ խոսակցությունների չհանգեցնեն, այլ ավարտվեն կոնկրետ արդյունքով»՝ ասել է Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի վերջին: Ռուսաստանը երկու պայման էր առաջադրում նորմանդական քառյակի հանդիպման համար՝ առաջին՝ Շտայնմայերի բանաձևի համաձայնեցում, երկրորդ՝ կոնֆլիկտի գոտու շփման գծից զորքերի հեռացում Զոլոտոյեից ու Պետրովսկոյեից: Զելենսկին հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ Կիևը համաձայն է Շտայնմայերի բանաձևին: Բանաձևով առաջարկվում է, որ Ուկրաինայում ուժի մեջ մտնի օրենքը Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների հատուկ կարգավիճակի մասին՝ այնտեղ ընտրությունների անցկացումից հետո, եթե ԵԱՀԿ-ն ճանաչի ազատ ու արդար: Դրանից հետո Զելենսկին մի քանի անգամ պահանջել է նորմանդական քառյակի հանդիպում: Կրեմլում հայտարարել են, որ հանդիպումը կլինի երկրորդ պայմանի կատարումից հետո: Ուկրաինայի զինված կազմավորումների ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունից Զոլոտոյեից դուրս բերվեցին միայն հոկտեմբերի վերջին:

«Ես կարծում եմ, որ նորմանդական ձևաչափը խիստ մոտենում է»՝ այն ժամանակ ասաց Զելենսկին: Նոյեմբերի 9-ին սկսվեց զինուժի դուրսբերումը Պետրովսկոյեից, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության տարածքում է: Զորքերի դուրսբերումից հետո Մինսկի բանակցություններում Կիևի ներկայացուցչի մամլո քարտուղար Դարյա Օլիֆերը հայտարարեց, որ նորմանդական քառյակի հանդիպման ճանապարհի բոլոր արգելքները հանված են: Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն ասաց, որ կա հանդիպման մոտավոր ժամկետը: Սակայն Ведомости- ն տեղեկացրեց, որ Ռուսաստանի իշխանությունները զինվորականների հետքաշվելը դեռ բավարար չեն համարում: «Կա սպառնալիք, որ կանոնավոր բանակի տեղում կհայտնվեն «Ազովի» պես զորամիավորումներ և դա ջուրը կգցի բոլոր ջանքերը»՝ ասել էր թերթի բարձրաստիճան դիվանագետ աղբյուրը:

«Հազիվ թե արժի սամիթից ինչ-որ ճեղքում սպասել, որ արմատապես կփոխի իրավիճակը»՝ գտնում է Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեսնակովը, ում համարում են ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի ներկայացուցիչը: Սուրկովը զբաղվում է Դոնբասի խնդիրներով: Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք պայմանավորվել են շարունակել ջանքերի համակարգումը նորմանդական ձևաչափով, այդ թվում՝ սամիթի նախապատրաստումը՝ հաղորդել է Կրեմլը: Նորմանդական ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է 2016-ի հոկտեմբերին: Ուկրաինայի նախագահը Պյոտր Պորոշենկոն էր, Ֆրանսիայինը՝ Ֆրանսուա Օլանդը: Զելենսկու նախագահ ընտրությունից հետո Կիևի ու Մոսկվայի հարաբերությունները, որ 2014-ին ամբողջությամբ ընդհանտվել էին, սկսեցին վերականգնվել: Պուտինը երեք անգամ հեռախոսեց Զելենսկու հետ, վերջին անգամ՝ երբ կալանավորների փոխանակում կատարվեց: «Զելենսկու թիմը խնդիրը լուծելու ցանկություն է դրսևորում և նորմանդական ձևաչափով, և այլ, բայց ստեղծվում է տպավորություն, որ ռուսական կողմը շահագրգռված է, որ կոնֆլիկտը Ուկրաինայում շարունակվի հնարավորինս երկար»՝ Ведомости –ին ասել է ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի ուկրաինական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիկտոր Միրոնենկոն: Փարիզում ավելի լավատես են: «Սամիթը կայանում է Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտի կարգավորման բանակցություններում նշանակալից առաջընթացից հետո, որ հնարավորություն է տվել զորքերը հետ քաշել մի քանի շրջաններում»՝ հայտարարում է Ելիսեյան պալատը:
BBC


Հ.Գ. Անտոն Տրոյանովսկին The New York Times-ում գրում է, որ Պուտինի հետ բանակցություններից առաջ Ուկրաինան որոնում է ԱՄՆ-ի աջակցությունը: Ուկրաինացիները սովորել են լսել Արևմուտքի կոչերը երկրի կայունացման մասին: Այս աշնանը դերերը փոխվել են: «Ուկրաինան շատ է ցանկանում ԱՄՆ-ում կայուն քաղաքական իրավիճակ տեսնել» ասել է Ուկրաինայի նախկին նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ալեքսանդր Տուրչինովը: Նրա գնահատականով՝ Կիևի ու Վաշինգտոնի հարաբերությունները «մեզ համար կյանքի ու մահու խնդիր են»: Թրամփի ուշադրությունը հիմա սևեռված է իմպիչմենտի վրա: Սկանդալը անդրադառնում է Ուկրաինայի վրա ու թուլացնում նախագահ Զելենսկու դիրքերը, որ հույս ունի անձնական բանակցություններ սկսել ՌԴ նախագահի հետ պատերազմի ավարտի համար: Պուտինը դեմ չէ նվազեցնել լարումը, հատկապես եթե դա կօգնի ձերբազատվել տնտեսական պատժամիջոցներից: Բայց նա ուզում է պատերազմն ավարտել իր պայմաններով: Առանց Վաշինգտոնի աջակցության, որտեղ Ուկրաինան սկսել է ընկալվել «իբրև թույն Վաշինգտոնի համար»՝ նախագահի իմպիչմենտի սկանդալի պատճառով, Կիևը մենակ է մնում Մոսկվայի դիմաց: Հարց է, թե Պուտինը ինչպե՞ս է մտադիր օգտագործել իր համար բարենպաստ իրավիճակը: Չնայած պատերազմին՝ շատ ուկրաինացիներ պահպանել են անձնական կապերը ռուսների հետ, սեպտեմբերյան հարցումը վկայում է, որ 54%-ը դրական է վերաբերվում Ռուսաստանին: Կարծես թե՝ ամերիկացիների դարաշրջանն ավարտվում է՝ Թրամփի թեթև ձեռքով ու սկսվում է Եվրոպայի՝ Մակրոնի դարաշրջանը: Իսկ նա Ռուսաստանի հետ ցանկանում է համաեվրոպական հարաբերությունները բարելավել: Ու՝ ոչ միայն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ