Այս մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» հանրահայտ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արդյունավետությամբ գերազանցել է Մադրիդի «Աթլետիկոն» ու «Միլանը», բունդեսլիգայում խփել այնքան գոլ (16), որքան «Արսենալն» ու «Մանչեստր Յունայթեդը»` ավելի անցկացրած լինելով ընդամենը մեկ հանդիպում։ Եթե լեհը չթուլացնի տեմպը, կգերազանցի բունդեսլիգայի համարյա հիսուն տարվա հնություն ունեցող ռեկորդը, որի հեղինակը լեգենդար Գերդ Մյուլլերն է՝ մրցաշրջանում 40 գոլ։ Ներկայիս սերունդն, ավաղ, շատ քիչ բան գիտի նրա մասին: Փորձենք լրացնել այդ բացը։ Մինչ «Բավարիա» տեղափոխվելը նա աշխատում էր տեքստիլ ֆաբրիկայում՝ հանգստյան օրերին հանդես գալով հայրենի Ներդլինգենի երիտասարդական թիմում։
Ճակատագրի հեգնանքով իր երազած «Նյուրնբերգից» նա այդպես էլ հրավեր չստացավ ու ստիպված համաձայնեց մեկ կարգով ցածր դիվիզիոնում հանդես եկող «Բավարիայի» առաջարկին։ Ընտրելով «Բավարիան»՝ Մյուլլերը կարծում էր, որ այստեղ հիմնական կազմում ամրապնդվելը շատ արագ կլիներ։ Թիմակիցները նրան ձեռ էին առնում ավելորդ քաշի համար, թիմի մարզիչը չէր հասկանում, թե ինչի համար են նրան գնել. «Ի՞նչ եմ անելու այս ծանրամարտիկի հետ»։ Առաջին երեք ամսում Գերդը չէր կարողանում հայտնվել անգամ թիմի ընդլայնված կազմում, ստանում էր ամսական 200 մարկ։ Համապատասխանաբար չէր ստանում հաղթանակի համար տրվող բոնուսներ ու ստիպված զբաղվում էր բեռնակրությամբ, բայց, միևնույն է, գումարը չէր բավականացնում, ու Գերդը արդեն սկսել էր մտածել ֆաբրիկա վերադառնալու մասին, սակայն ակումբի նախագահի պնդմամբ նրա առաջ կանաչ լույս վառվեց։ Հիմնական թիմի կազմի առաջին իսկ խաղում Մյուլլերը գոլ հեղինակեց, իսկ երկու շաբաթ անց ձևակերպեց պոկեր։ Շնորհիվ կանոնավոր մարզումների, նա տասը կգ քաշ գցեց (մինչ այդ 176 սմ հասակի պայմաններում կշռում էր 90 կիլոգրամ), դարձավ ավելի շարժուն։ 1964-65 մրցաշրջանում նա հեղինակեց 38 գոլ՝ թիմին օգնելով տեղափոխվելու բարձրագույն լիգա։
«Առաջին բանը, որ աչքիս զարնեց, մարզումների ժամանակ կատաղի տեմպով նրա աշխատելն էր, -հիշում է Ֆրանց Բեկենբաուերերը։- Մեզնից ոչ ոք չէր հասցնում նրա հետևից։ Ես մտածում էի. «Ինչ լավ է, որ այդ տղան խաղում է մեր թիմից»»։ Ի տարբերություն այն ժամանակների կենտրոնական հարձակվողների, Մյուլլերը սիրում էր մերձակա մրցակցի նկատմամբ 2-3 մետր ազատ տարածություն ունենալ, որպեսզի գնդակն ստացա «մաքուր» պայմաններում ու անկաշկանդ ներխուժի տուգանային հրապարակ։ Կենտրոնական հարձակվողի համար նրա ցածրահասակության պատճառով շատ դարպասապահներ չէին կարողանում գնահատել նրա հարվածի ուժն, ու Գերդը դրանից առավելագույնս էր օգտվում։ Նրա մտահղացումը ոչ ոք չէր կարողանում կանխագուշակել, որովհետև դժվար է գուշակել մեկի քայլերը, ով ինքը չգիտի, թե հաջորդ պահին ինչ է անելու։ «Հարձակվողը պետք է վստահի կանխազգացմանը։ Ընկար մտորումների մեջ՝ կնշանակի պարտվել ես», -կրկնում էր Մյուլլերը։
Իր ու թիմի դեբյուտային մրցաշրջանում (1965-66 թթ.) բունդեսլիգայում նա դարձավ «Բավարիայի» լավագույն ռմբարկուն։ Հաջորդ 13 տարիներին ոչինչ չփոխվեց. նա կանոնավորապես բոլորից շատ էր խփում ակումբում ու յոթ անգամ նվաճեց «ոսկե թնդանոթի»՝ առաջնության գլխավոր նշանառուի համար սահմանված տիտղոսը։ «Նրան կարելի է կանգնեցնել՝ միայն կապելով ոտքերն ու ձեռքերը, սակայն այդ դեպքում էլ երաշխիք չկա, որ նման պայմաններում Մյուլլերը մի երկու գոլ չի խփի», -ասում էր «Ֆրանկֆուրտի» պաշտպան Գերդ Տրինկլյաինը։
Բեկենբաուերը, Մայերը, Շվարցենբեկը, Ռոտը, Մյուլլերը քսան տարեկան էին, երբ 1969-ին ոսկե դուբլ արեցին՝ այդպես էլ հետքայլ չանելով առաջին տեղից (այն տարիների համար բացառիկ բան)։ Հետագայում թիմը եկան համալրելու 17-ամյա Պաուլ Բրայտներն ու ՈՒլի Հենեսը։ Նրանց իր հետ բերեց ՈՒդո Լատեկը՝ փառապանծ գերմանացի մարզիչ, որը թիմը դրեց հարձակողական գծերի վրա։ Լատեկի ֆուտբոլային համակարգում Մյուլլերն իրեն չէր զգում ֆուտբոլիստ, բացառապես ումից էր կախված՝ թիմը կհաղթի, գոլ կխփի, թե ոչ։ Հարձակմանը մասնակցում էր ողջ թիմը։ 1970 թվին բունդեսլիգայում խփած 38 գոլի համար «Էկիպը» Մյուլլերին հանձնեց «Ոսկե խաղակոշիկ», իսկ ավելի ուշ France Football-ը ճանաչեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ այդ թվում նաև Մեքսիկայում անցկացված աշխարհի առաջնությունում ցույց տված խաղի համար, որտեղ գերմանացիներն արժանացան բրոնզե մեդալի, իսկ 10 գոլով Մյուլլերը ճանաչվեց լավագույն ռմբարկու։ 1972-ի մրցաշրջանում Մյուլլերը հեղինակեց 40 գոլ, դարձավ 17 գոլային փոխանցման հեղինակ՝ միջին հաշվով խաղադաշտում վազելով 3,5 կիլոմետր՝ տարածություն, որ ներկայիս ֆուտբոլիստների ունեցածի հետ քննություն չի բռնում (մեր օրերում դարպասապահներ կան, որ մեկ խաղի ընթացքում հինգ կմ են վազում) ու հենց սրանով է նաև գերմանական ֆուտբոլի այս լեգենդը բացառիկ։ Ֆուտբոլը թողնելուց հետո Մյուլլերի կյանքը հստակ չդասավորվեց, ու դրա համար եղան բազմաթիվ պատճառներ, որոնց թվում էին ալկոհոլի նկատմամբ թուլությունն ու հիվանդությունները։ Մենք այդ մասին մանրամասներ չենք ասի թեկուզ նրա համար, որ լեգենդը պիտի մնա իր բարձունքում, ու պետք չէ ավելորդ մանրամասներով ստվերել այն, ինչն ընդօրինակելի չէ, միայն ասենք, որ վերջին հիսուն տարիների պատմության մեջ Մյուլլերի ռեկորդի հետ փորձել է ոտք գցել միայն ինքը՝ Մյուլլերը, ու թերևս այս տարի այդ շանսն ունի կրկնելու Ռոբերտ Լևանդովսկին, սակայն կարծես թե այդ մասին վերևում արդեն խոսել ենք։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ