«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյան. Եկել է ռազմավարությունների իրագործման ճանապարհային քարտեզներ ունենալու ժամանակը

Նիկոլ Փաշինյան. Եկել է ռազմավարությունների իրագործման ճանապարհային քարտեզներ ունենալու ժամանակը
29.11.2019 | 23:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ: Մինչ քննարկման մեկնարկը վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում անդրադարձել է հեղափոխությունից հետո 1.5 տարում մեր երկրի զարգացման ուղղությամբ տարբեր ոլորտներում գրանցված արդյունքներին և մի շարք արձանագրումներ արել: Կառավարության ղեկավարը նշել է.


«Հարգելի գործընկերներ, առաջին արձանագրումը հետևյալն է, որ մենք առաջիկայում պետք է ավելի շատ ժամանակ տրամադրենք ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքների վրա: Ինչո՞ւ հիմա: Իհարկե, մեր կառավարության ձևավորման հենց առաջին օրից մենք ռազմավարական պատկերացումների շուրջ շատ ակտիվ աշխատանք ենք արել: Հիմա կարող ենք արձանագրել, որ ավարտել ենք անցումային կառավարման տրամաբանությամբ մեր աշխատանքը, որովհետև գիտեք, որ 2018-ի հեղափոխական փոփոխություններից հետո այդ փուլն անխուսափելի էր, և մենք պետք է որոշակի անցումային շրջան ունենայինք:


Ինչո՞ւ ենք արձանագրում, որ այդ անցումային շրջանն այլևս համարում եմ ավարտված: Առաջինը կապված է տնտեսության և մեր տնտեսության արդի իրավիճակի, մակրոտնտեսական իրավիճակի հետ: Գիտեք, որ առաջին 9 ամսվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ տնտեսական աճը, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի աճը, ինչը նշանակում է, որ մենք տնտեսական հեղափոխության այս փուլի մեր խնդիրը լուծել ենք: Ոչ միայն լուծել ենք տնտեսության կայունացման հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել ենք կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը: Հաջորդ խնդիրը, որ կարևոր է այս համատեքստում՝ վերջին 1.5 տարում մեզ հաջողվել է լուծել մեր արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները: Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը կարողացել է այդ թվում դիրքավորվել, մեր ընթացիկ պատկերացումներին, մեր ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում:


Հաջորդ կարևոր արձանագրումը, որ պետք է անեմ, հետևյալն է. մեզ հաջողվել է, և դա այլևս իրողություն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունությունը և ապահովել ժողովրդավարական կայունությունը տևականորեն և արձանագրել, որ այդ կայունությունը հիմնված է ՀՀ ժողովրդի վստահության քվեն ունեցող քաղաքական իրողությունների վրա, այսինքն՝ ՀՀ ժողովրդի պատկերացումներին համապատասխան քաղաքական իրողություններ արձանագրելու կարողության վրա:
Շատ կարևոր է, որ մենք նաև արձանագրենք, որ, ըստ էության, 2018-ին ՀՀ կառավարման պատասխանատվությունն ստանձնել ենք սահմանադրական տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում և պետք է արձանագրենք, որ այդ սահմանադրական տրանսֆորմացիան՝ կառավարման կիսանախագահական համակարգից դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, այլևս կայացած իրողություն է: Բայց շատ կարևոր է որպես այս ամենի ամփոփում ասել, որ 1.5 տարվա պրոցեսները՝ թե տնտեսության ոլորտում, թե արտաքին քաղաքական ոլորտում, թե Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով, ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը ՀՀ ազգային և պետական շահերին: Եվ հիմա եկել է մի շրջան, երբ մենք մեր ռազմավարությունները պետք է՝ որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր, դնենք մեր հետագա գործունեության հիմքում»:


Անդրադառնալով ՀՀ հետագա զարգացման ռազմավարության անհրաժեշտության հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք 2018-ի քաղաքական պրոցեսներով արձանագրեցինք, որ երկրում անկախությունից քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ հասունացել է համակարգային ճգնաժամ, որն իր հերթին նաև ռազմավարական ճգնաժամ էր, և ինչո՞վ է դա արտահայտվել: Դա արտահայտվել է նրանում, որ այդ թվում օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքների և պատճառների բերումով - ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ դրա համար գոյություն են ունեցել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ - մեր պետականության կերտման առաջին օրերին, առաջին շրջանում, նաև հետագայում չի կատարվել այդ ռազմավարական աշխատանքը՝ պատասխանելու մի պարզ հարցի՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մեր պատկերացումներով, ՀՀ ժողովրդի պատկերացումներով ՀՀ-ն 2018-ին, 2020-ին: Եվ հետևաբար, կառավարության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության տրամաբանությունը պետք է ամբողջությամբ կառուցված լիներ այդ ռազմավարական տրամաբանության վրա, այսինքն՝ բոլորս տեսնեինք 10 տարվա, 20 տարվա, եթե հնարավոր է, ավելի երկարաժամկետ, մեր հորիզոնը, որ պետական կառավարման մարմիններն աշխատեին այդ տրամաբանությամբ: Այսինքն՝ նաև հանրությունը, մենք հասկանայինք, թե ինչ խնդիրներ ենք մենք դրել, ինչ ուղենիշների ուղղությամբ ենք շարժվում, և մեր ամենօրյա աշխատանքն ըստ այդմ պիտի կարգաբերենք, ըստ այնմ, թե ինչքանով է մեր գործունեությունը տանում մեզ մեր ցանկալի նպատակների: Հետևաբար, մենք այս փուլում պետք է արդեն ամփոփենք մեր ռազմավարական պատկերացումները, և մենք՝ որպես կառավարություն, նաև հանրությանը պիտի առաջարկենք այն տրամաբանությունը, թե 5, 10, 20, 30 տարի հետո և եթե հնարավոր է, ավելի շատ Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի երկիր պետք է լինի մեր պատկերացմամբ: Այս արձանագրումը, իհարկե, լավ է, բայց ժամանակակից աշխարհում և իրողություններում մենք այս խնդրի լուծման համար ունենք մի շատ կարևոր մարտահրավեր. ժամանակակից աշխարհը շատ արագ է փոխվում, և նպատակին հասնելու միջոցները կարող են շատ լուրջ փոփոխություններ կրել: Եթե ենթադրենք, որ 1991-ին մենք հստակ ձևակերպած լինեինք, թե ինչպիսին ենք ուզում տեսնել ՀՀ 2020-ին տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական, անվտանգային միջավայրի, արտաքին քաղաքականության առումով, բայց համաձայնեք, որ դժվար կլիներ կանխատեսել 1991-ին, որ, օրինակ՝ 2000-ականներին հայտնվելու են նոր տեխնոլոգիաներ՝ այֆոնից սկսած սոցիալական ցանցերով ավարտված, որոնք էական ազդեցություն են ունենալու այդ նպատակներին հասնելու և նույնիսկ նպատակների ձևակերպման մեր գործիքակազմի վրա:


Հետևաբար, մենք ունենք 2 խնդիր՝ ձևակերպել մեր ռազմավարական պատկերացումները և միևնույն ժամանակ այդ ռազմավարությունների վերանայման և վերամշակման այնպիսի գործիքներ ներառել և ստեղծել, որոնք մեզ կօգնեն այդ ռազմավարական պատկերացումները զարկերակային կապի մեջ պահել իրականության հետ, որպեսզի ռազմավարական մեր մշակումները, մեր փաստաթղթերը չկորցնեն կապն իրականության հետ, չկորցնեն ապրելու, կենդանի մնալու, իրականությունից ազդվելու և իրականության վրա ազդելու իրենց ընդունակությունը: Մենք արդեն ավելի ընդլայնված ֆորմատով սկսում ենք մեր աշխատանքները ռազմավարությունների շուրջ: Այսօր սկսում ենք Ազգային անվտանգության ռազմավարությունից, որն առանցքային ռազմավարություններից է: Իհարկե, մենք քննարկումների արդյունքում պետք է որոշենք նաև մեր պատկերացումը ռազմավարությունների, այսպես ասած՝ սուբորդինացիոն համակարգի վերաբերյալ: Պետք է հասկանանք մեր ռազմավարությունների գագաթը և առաջին կամ հիմնական ռազմավարությունը ո՞րն է, որին պետք է համապատասխանացվեն մյուս ռազմավարությունները կամ այսպիսի խնդիր ընդհանրապես կա՞, թե՞ չկա:


Կարծում եմ, որ այսօրվա քննարկումը պետք է իրականացնենք այդ տրամաբանությամբ և նաև պայմանավորվենք, որ յուրաքանչյուր ռազմավարություն պետք է մշակվի այնպես, որ ունենա գործնական արժեք և նշանակություն: Այսինքն՝ դրանք պետք է ոչ թե լինեն փաստաթղթեր, որոնք ընդունվում են և դրվում են դարակներում, այլ պետք է լինեն փաստաթղթեր, որ ամեն օր մեր սեղաններին են՝ կախված տվյալ օրվա կամ տվյալ օրակարգային առաջնահերթությունների տրամաբանությունից: Դրանք պետք է լինեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և ընդհանուր առմամբ մեր հանրային, պետական կյանքի սինխրոնացման հիմնական գործիքը, որպեսզի, ինչպես ժողովրդական լեզվով է ասվում, մեր ամբողջ պետական համակարգը նույն մեխին խփի, նույն նպատակին մղվի և նույն գործիքակազմերով առաջնորդվի: Սա է մեր խնդիրը, որը բավական բարդ խնդիր է, բայց նաև այս 1.5 տարվա աշխատանքը ցույց է տալիս, որ մենք ի վիճակի ենք այդ խնդիրը լուծել: Եվ ուրեմն եկել է խնդիրը գործնականորեն ձևակերպելու, ընդունելու և ռազմավարական պատկերացումների իրագործման ճանապարհային քարտեզներ ունենալու և դրանք իրագործելու ժամանակը»:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը և դրանից բխող ոլորտային ռազմավարություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացին, ռազմավարությունների սուբորդինացիոն համակարգին, միմյանց համապատասխանեցման և փոխգործուն կապի ստեղծման, ինչպես նաև մոնիթորինգի իրականացման հարցերին:


Վարչապետը կարևորել է նախարարությունների և շահագրգիռ պետական մարմինների միջև համակարգված մշտական աշխատանքը, հանձնարարել ռազմավարությունների մշակման գործընթացը պահել ուշադրության կենտրոնում և ներկայացնել ռազմավարությունների աստիճանակարգության սխեմա։

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ