«Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում»
10.12.2019 | 02:35
ԿԳՄՍ նախարարությունը մշակում է նոր նախագիծ, որով «հայոց լեզու», «հայ գրականություն» և «հայոց պատմություն» առարկաների դասավանդումը բուհերում դադարում է պարտադիր լինելուց:
Այսպիսի կարևոր խնդրին վերաբերող հարցը, չգիտեմ՝ մեկ, թե մի խումբ մարդկանց մտահղացումն է, բայց մի բան պարզ է, որ եթե այն չի դարձել ամբողջ մտավորականության, բուհական համակարգի և վերջապես ամբողջ ժողովրդի մտահոգության առարկան, առավել քան մտածելու առիթ է տալիս: Անտարբերությունը մեծ չարիք է, որը սկիզբն է գոյապահպանման վերացման:
Դարեր շարունակ պետականությունը կորցրած մեր ժողովուրդը առաջնորդվել և դիմակայել է արհավիրքներին պատմահայր Խորենացու. «Ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում» հիմնարար ուղեցույցով, որը հայրենասիրության, հայ ոգու ամրապնդման, ազգապահպանման ու բոլոր առաջադրված խնդիրների լուծման բանալին է։
Օրինագծի առաջ քաշած խնդիրը շատ ավելի խոր է և խորքային, քան ներկայացվում է: Հարցն այն է, որ ոչ մի լուրջ բացատրություն չի տրվում նման օրինագիծ ընդունելու համար։
Առաջին, վերոհիշյալ առարկաները դասավանդվում են դպրոցում և անհրաժեշտություն չկա այն շարունակելու բուհում:
Նախ, մի՞թե ընկալման և վերլուծման աստիճանը երեխայի մոտ և արդեն չափահաս տարիքում նույնն է: Օրինագծի հեղինակները հեռու են հայագիտական առարկաների դասավանդման նպատակի անհրաժեշտության գիտակցումից, այն է՝ ազգային լեզվամտածողության և ազգային պատմական մտածողության հսկայական դերը ոչ միայն երիտասարդ սերնդի ձևավորման, այլև գլոբալ առումով՝ գիտության զարգացման գործում; Եվ երկրորդ, դպրոցում այդ առարկաների դասավանդման խորության աստիճանն ու որակը բավարարում են իրենց պահանջները:
Եթե իրոք նպատակը բարենորոգումների խնդիր իրականացնելն էր, պետք է սկսվեր դպրոցից: Դպրոցը մշակված գիտական ծրագրերով, ճիշտ մեթոդաբանությամբ, ոչ միայն գիտելիքներ տվող, այլև սեփական վերլուծական միտք արթնացնող դասագրքերով, բանիմաց ու կիրթ մանկավարժներով միայն, կարող է երկրին տալ շրջահայաց, կարդացած, դպրոցում դասավանդվող բոլոր առարկաների իմացությամբ ¥և ոչ թե մեկ-երկու առարկա կրկնուսույցի մոտ պարապած¤ շրջանավարտ: Դպրոցի փոփոխությունները կպահանջեն բուհի արմատական փոփոխություն, ծրագրային և դասավանդման ժամանակակից մեթոդաբանությամբ։
Հետևաբար, նախարարության առաջին խնդիրը դպրոցի և բուհի համար նոր գիտական ծրագրերի ու դասավանդման մեթոդաբանության մշակումն է: Ծրագրեր կազմելիս պետք է հաշվի առնել բնական և հումանիտար առարկաների դասավանդման առանձնահատկություններն ու նմանությունները: Տարբեր մասնագիտություններ ուսուցանող բուհերում դասավանդման մեթոդը և թեմատիկան, բնականաբար տարբեր են, բայց մեկը՝ ձևավորել ազգային լեզվամտածողություն և ազգային պատմական մտածողություն, նույնն է:
Երկրորդ, խոշոր երկրների հայտնի համալսարաններում մայրենի լեզու և ազգային պատմություն չեն դասավանդվում:
Նախ, փոքր երկրների խնդիրները մեծ երկրները չունեն, բնականաբար, կարիք չունեն նաև դիմելու մայրենի լեզվի և ազգային պատմության օգնությանը: Կամ, ԱՄՆ-ի նման երկիրը իր անցած ուղիով ո՞ր ազգային պատմական մտածողության վրա պետք է հենվի: Իսրայելի նման փոքր, բայց հզոր երկիրն անգամ երեք ամսով վերապատրաստման մեկնած օտարերկրյա մասնագետներին պարտադիր ուսուցանում է սեփական պատմությունն ու հիբրայերեն լեզուն. վերաբերմունքը սեփական պատմության և լեզվի նկատմամբ՝ անգնահատելի է: ՈՒրեմն, օտար երկրների փորձի վրա հենվելիս անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ երկրի աշխարհագրական դիրքը, քաղաքական իրավիճակը, ազգային պատմության առանձնահատկությունը։
Հայի պատմական անցյալը նրան շատ զգայուն է դարձրել ազգային խնդիրների նկատմամբ: Հայը, բոլոր ժամանակներում, իր իշխանություններին ներում է կատարած սխալները բացի ազգային խնդիրների ու հայրենի հողի անվտանգությանը վերաբերող սխալներից։ Այդ ժամանակ նա նմանվում է առյուծի, և նրան հետ պահելը սպառնացող վտանգի դեմ պայքարից դառնում է անհնարին:
Երրորդ պատճառը իբր ֆինանսական խնդիրն է: Մի՞թե այդ մեկժամյա դասընթացները վերացնելով այնքան ֆինանսներ կտնտեսվեն, որ հեղաշրջող դեր կխաղան բնական գիտությունների զարգացման գործում: Համազո՞ր է արդյոք տնտեսած ֆինանսի օգուտը աշխատանքը կորցրած մարդկանց կեցությանը… Անգամ «ընդդիմադիր» կեցվածք ընդունող մտավորականը հանգիստ խղճով հայտարարում է. «Եթե հայոց լեզվի մեկ ժամը տրամադրվի բնական գիտություն ուսումնասիրող ուսանողին, նա ավելի լավ մասնագետ կդառնա», նաև՝ «հայոց լեզու» և «հայոց պատմություն» առարկաների ուսուցումը բուհերում լինի ոչ պարտադիր, այլ պայմանական հիմունքներով: Առաջարկը նույնն է՝ վերացնել այդ առարկաների դասավանդումը:
ԽՍՀՄ-ում ազգային գաղափարախոսության հեռահար նպատակը ազգերի ձուլումն էր: Իսկ նպատակին հասնելու միջոցը՝ մայրենի լեզվի և ազգային պատմության իրավունքի ոտնահարումը: Այդ տոտալիտար երկրում անգամ, ՀԽՍՀ շատ պետական այրեր ազգապահպանման խնդիրը համարում էին գերակա նպատակ, որի միակ զենքը ազգային արժեքների պահպանումն էր: Ազգային արժեքներ են համարվում նաև մայրենի լեզուն և հայոց պատմությունը: Մեծ դժվարությամբ, օտարի իշխանության պայմաններում, հնարավորինս աշխատում էին ինչ-որ ձևով պահպանել ու զարգացնել ազգի գոյության հիմնաքարերը՝ մայրենի լեզուն և հայոց պատմությունը: Կային նաև պաշտոնյաներ, որոնք «նախ կոմունիստ էին, հետո հայ» ¥հայրիկիս սահմանումն է¤ և նրանց գործունեության արդյունքում կորցրինք ոչ միայն տարածքներ, այլև հայրենիքի խնդիրներին հետամուտ եղող անհատների, ու շատ հարցեր մնացին անլուծելի: Այսօր արդեն՝ աշխարհաքաղաքական այս լարված պայմաններում, մենք սխալվելու իրավունք չունենք: Այլապես ստացվում է, որ տոտալիտար երկրում հայոց լեզուն և հայոց պատմությունն ազգային արժեք էին համարվում, իսկ անկախացած երկրում իշխանության շատ մտահղացումներ հակադարձ համեմատական են ժողովրդի նպատակներին ու ձգտումներին: Ծառայեցնելով ազգանվեր խնդիրները ինչ-որ նեղ շահերի (կամ չգիտեմ ինչին)՝ դրանով իսկ իշխանությունները հարվածում են հենց իրենց կատարած շատ դրական քայլերի: Ցավալի և վիրավորական է, որ անկախության երեք տասնամյակում սեփական բոլոր իշխանությունները ոչ թե հենվեցին, փայփայեցին ու զարգացրին, այլ ոտնահարեցին ազգային տարբեր արժեքների իրավունքները: Պատճառը մեկն է՝ գերադասեցին ԵՍ-ի գաղափարը ՄԵՆՔ-ից:
Մենք աշխարհին ներկայանում ենք որպես «ժողովրդավարության դրոշակակիր երկիր», իսկ պարոն Արայիկ Հարությունյանը հայտարարում է. «ժողովրդավար լինել դեռ չի նշանակում, թե հակառակ կարծիք ունեցող առաջարկությունների պահանջով մենք հրաժարվելու ենք ներկայացվող ծրագրից»: Կամ մեկնաբանվում է. «Եթե փոխադարձ համաձայնություն չստացվի, հարցը կլուծվի կառավարության մակարդակով»: ՈՒ՞ր մնաց ժողովրդավարությունը, երբ փաստորեն նախագիծը արդեն իսկ դիտվում է որպես վերջնական ծրագիր: Պարոն նախարարը հայտարարում է, թե «օրենքում կա որոշակի տրամաբանություն և պետք է հետևել այդ տրամաբանությանը. Արցախյան պատերազմի ժամանակ հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիր չէին դասավանդվում, բայց մեր երիտասարդները պակաս հայրենասիրություն չդրսևորեցին»: Նախ, պատերազմում մեր երիտասարդների հայրենասիրական կեցվածքը երբե՛ք չպետք է կապել որևէ գործընթացի հետ, այդ ժամանակ հայ զինվորի մեջ հայի ոգին ու հայկական գենն է խոսում, և երկրորդ, ո՞րն է օրենքի տրամաբանությունը, եթե բարենորոգումների հաջողությունը պայմանավորվում է նրանով, որ առաջին հերթին պարտադիր դասավանդվող առարկաների շարքից հանվում են հայագիտական առարկաները, իսկ բուհի ինքնավարության մեծացում է համարվում այն, որ դեկանի ցանկությամբ է հարցին լուծում տրվում: Եթե իրոք, այս գլոբալիզացիայի և տեխնոլոգիայի զարգացման դարում նախարարությունը դրական փոփոխություններ կատարելու հավակնություն ուներ, պետք է սկսեր դարի պահանջներին համապատասխանող նոր գիտական ծրագրերի մշակումից, որի հիմքում պարտադիր պետք է դրված լինի հայրենիքին նվիրված սերունդ աճեցնելը: Այս սկզբունքային խնդիրը լուծելով է միայն, որ մենք կարող ենք ունենալ իրոք մրցունակ հայ մասնագետներ:
Երբ հեռուստատեսությամբ լսեցի օրինագծի մասին, ակամա հիշեցի 1988 թ. դեկտեմբերին Մոսկվայում կրթության և գիտության աշխատողների համագումարում իմ ելույթում բարձրացված հարցը՝ ինչու՞ կենտրոնական իշխանությունը չի թույլատրում, որ մենք դպրոցում ավելացնենք հայոց պատմության դասավանդման ժամերը, ինչպես նաև անհրաժեշտություն է, որ հայոց պատմությունը դասավանդվի ոչ միայն մասնագիտական, այլև բոլոր բուհերում (սա խոսակցության այլ նյութ է): Նիստից հետո ինձ մոտեցավ ուկրաինուհի մի պատվիրակ և ցածր ձայնով ասաց.
-Ես նախանձեցի ձեզ (մտքումս ուրախացա, որ մեզ էլ նախանձող կա, 1988 թ. դեկտեմբերն էր) Կիևում ազգային լեզվով մի քանի դպրոց է մնացել, բոլորը ռուսական են՛:
-Ինչու՞ չեք բարձրաձայնում,- իմ հարցից հետո հուզվեց և հեռացավ: Իշխող վախի մթնոլորտը բոլոր ժամանակներում ի վերջո դառնում է տվյալ ռեժիմի կործանման պատճառ: Անցել են գրչի մի հարվածով հարցեր լուծելու ժամանակները: Աշխատանքի այդ ոճի ժառանգումը անհեռանկարային է: Հարցը պետք է դիտարկել ոչ թե մեխանիկական, այլ համընդհանուր հարթության մեջ:
Բնական գիտությունների ուսումնասիրման առարկան կոնկրետ է և տեսանելի, ինչը հեշտացնում է դասավանդումը, ըմբռնումն ու եզրահանգումներ կատարելը: Պատմության ուսումնասիրման առարկան առավել քան լայն է, բայց տեսանելի չէ, ինչը դժվարացնում է վերոհիշյալ խնդիրների լուծումը: Հարցը պետք է դիտարկել ոչ թե մեխանիկական, այլ համընդհանուր հարթության մեջ:
Ես աշխատել եմ և՛ բուհում, և՛ դպրոցում: Դպրոցում դասավանդել եմ հասարակագիտություն և պատմություն։ Դասավանդման արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով ուսուցանվող նյութը տեսանելի կդառնա դպրոցականի և ուսանողի համար: Մեթոդները տարբեր են. մանավանդ տեխնոլոգիաների զարգացած դարում հնարավորությունը մեծանում է:
Բարձրացնելով տեսանելիության մակարդակը` ոչ միայն հեշտանում է նյութի ըմբռնումը, այլև նպաստում է սեփական տրամաբանական մտածողության խորացմանը: Անհրաժեշտ է կոնկրետ մտածողությունից դեպի ընդհանուրը և ընդհանուրից դեպի կոնկրետը դիտարկել մեկ միասնության մեջ: Այդ ինտեգրալ մոտեցումից է կախված և՛ բնական, և՛ հումանիտար գիտությունների զարգացումը: Պատմափիլիսոփայական բարդ խնդիրների մեկնաբանումը առավել տեսանելի դարձնելու համար դիմում էի մաթեմատիկական մոդուլների օգնությանը, որում ինձ օգնում էր մաթեմատիկայի իմացությունը (մեթոդի մասին լսվեց լուսավորության նախարարության կոլեգիայի նիստում, իսկ փորձը կիրառվում էր նաև Մոսկվայի մի քանի դպրոցներում):
Եթե անգամ դպրոցը զինված լինի մշակված գիտական ծրագրերով ու ճիշտ մեթոդաբանությամբ, 11 և 12-րդ դասարանների աշակերտները ազատվեն պարապուրդից, հայոց լեզվի ու հայոց պատմության ուսուցումը որակապես փոխվի, նույնիսկ այդ պայմաններում հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդումը անհրաժեշտություն է և՛ մասնագիտական և՛ ոչ մասնագիտական բուհերում: Նպատակն առավել քան պարզ է. բարդ հասկացությունների՝ ազգային լեզվամտածողության և ազգային պատմական մտածողության սերմանումն է երիտասարդ սերնդի մեջ:
Ազգային լեզվամտածողությունը պարտադիր պայման է խնդիրների ճիշտ լուսաբանման ու մեկնաբանման համար բոլոր մասնագիտությունների գծով: Պատմության ուսումնառությունը լոկ փաստերի, թվերի, իրադարձությունների իմացություն չէ, այլ ճիշտ կողմնորոշվելու ունակություն: Բավական է միայն մեկ օրինակ բերել. ինչպիսին կլինի դիվանագետի աշխատանքի որակը, եթե նա զինված չլինի ազգային լեզվամտածողությամբ և ազգային պատմական մտածողությամբ:
Ազգային պատմական մտածողությունն է, որ ձևավորում է ազգային գաղափարախոսություն:
Նոր միայն կարող ենք պատասխանել. «Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում» պատմահայր Խորենացու ծրագրային դրույթին:
Լուիզա ՄԿՐՏՉՅԱՆ
Մեկնաբանություններ