Ինչու է լռում Արմեն Սարգսյանը
14.01.2020 | 03:34
Իշխանափոխությունից անմիջապես հետո նախագահ Արմեն Սարգսյանի հասցեին քննադատությունը չի դադարում, սակայն այդ ամենի առնչությամբ նա համառորեն լռում է, չի հակադարձում, չի պարզաբանում իր դիրքորոշումը։ Կա մեկ անփոփոխ պատասխան՝ նախագահն առաջնորդվում է Սահմանադրությամբ։ Մինչդեռ նրան իշխանության բերած ՀՀԿ-ի, ոչ իշխանական շրջանակների համար այդ Սահմանադրությունն այլ կերպ է մեկնաբանվում, իշխանության համար՝ լրիվ այլ, իսկ Արմեն Սարգսյանի համար՝ ինչպես կորոշի օրվա իշխանությունը։ Նա երբեք դեմ չի գնացել Փաշինյանի իշխանության նախաձեռնած որևէ օրենքի, առանց բացառության բոլորն արժանանում են նրա հավանությանը։ Հարցն այն չէ, թե իշխանությունը սխալ է կամ ճիշտ, հարցն այն է, որ անգամ «դակելով» Փաշինյանի նախաձեռնությունները, Սարգսյանը պետք է հանրությանը բացատրություն ներկայացնի, ի վերջո, խոսի մարդկանց հետ, թե ինչու է այդպես վարվում։
Ենթադրենք, թե նախորդ իշխանություններին պետք է «քյաբաբ առ քյաբաբ» սնանկացնեն, դատավորներին օրենքով կաշառեն ու պարտադրեն հեռանալ ու այս ամենին հասնելու համար հատուկ չտեսնված ու չլսված օրենքներ են մշակում, Արմեն Սարգսյանը, որպես երկրի գլուխ, ի՞նչ է մտածում այդ ամենի մասին։ Չէ՞ որ լուրջ իրավաբանները, անկախ այն հանգամանքից, որ ընդդիմադիր հարթակից են, էական խնդիրներ են տեսնում այդ օրենքներում, գուցե արժե՞ նրանց ասածն էլ բանի տեղ դնել։ Հնարավոր է Արմեն Սարգսյանը շատ ավելի տեղեկացված է այդ իրավական գործընթացներից, քան ընդդիմախոսները, իսկ եթե ոչ, ուրեմն թող բացատրի, թե ինչու է հլու-հնազանդ Փաշինյանի նախաձեռնությունների համար ճանապարհ հարթում։
Ի վերջո, Սարգսյանը ոչ միայն «հեղափոխականների» Սահմանադրության երաշխավորն է, այլև բոլոր նրանց, ովքեր իշխանական կաստայի անդամ չեն, նախագահ են ընտրել նրան, բայց այսօր հանրությունից դրա համար ներողություն են խնդրում, այլ խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու։ Հիմա շարքային քաղաքացին այս ողջ խառնաշփոթի մեջ իրավունք ունի՞ պետության ղեկավարից իմանալու նրա հստակ դիրքորոշումը, բացատրությունը, թե ինչու են, օրինակ, ՍԴ դատավորները պարտադրված գնում թոշակի, ու ինչու ինքը սեփական հարկերի հաշվին նրանց չաշխատելու համար պիտի վճարի։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ