«Երբ ողորմություն ես անում, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե աջն ինչ է անում» (Մատթ. 6; 3)
17.01.2020 | 00:00
Շատ ենք լսում մերօրյա բարեգործների և բարեգործությունների մասին:
Շատերը մտածում են. «Ի՞նչ վատ է, թող անեն. ինչ անեն, էլի ժողովրդին օգուտ է»: Բայց արդյո՞ք նրանք, ովքեր ցանկանում են, որ իրենց՝ «ժողովրդի համար» արված գործերը անպայմանորեն լուսաբանվեն ու հրապարակվեն, իբրև հիմնական նպատակ ունեն ժողովրդի հոգսերի գոնե մասնակի թեթևացումը: Կան բարեգործներ, որոնք հետապնդում են շահեր, կան՝ որ հետապնդում են մշտական շահույթ: Իրականում ժողովուրդը ստանում է իր հասանելիքի շատ ավելի փոքր մասը, քան կարող է պատկերացնել:
Նրանք, ովքեր իսկապես իրենց կարողության սահմաններում օգնում են որևէ մեկին կամ ոմանց, միտումնավոր, թե ոչ՝ չեն անում հրապարակայնորեն, և նրանց առաջնային մտահոգությունը չէ՛ ի լուր աշխարհի բարձրաձայնել իրենց «սխրանքը», որը, սակայն, յուրաքանչյուր մարդու համար իր մարդկային էությունը բացահայտելու և ինքնահաստատվելու միջոց և առիթ կարող է լինել: Ի վերջո, մարդ ինչ անում, իրեն է անում, ինչքան էլ որ այդ մասին ոչ բոլոր մարդիկ գիտեն կամ ընդունում են:
Հիսուս ասում է. «Երբ ողորմություն ես անում, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե աջն ինչ է անում»: Սա ողորմության կերպն է և, իհարկե, միայն մարդկանցից գաղտնի բարեգործություն անելու հորդոր չէ, այլ ավելի շուտ՝ սեփական «ես»-ից՝ սնափառ, աղքատանալուց վախեցող, անտարբերությանը կուլ գնալու վտանգին ենթակա «ես»-ից: Ինֆորմացիայի այս դարում գործնականորեն անհնար է մարդկանցից գաղտնի ինչ-որ բան անել: Մենք պետք է մեր ողորմությունը թաքցնենք ինքներս մեզնից, այսինքն մենք չէ, որ պիտի գնահատենք մեր արածն ու մեր իսկ եզրակացությունը այլոց պարտադրենք, այլ մեր գործերը մաքուր սրտով ու հանգիստ խղճով պետք է Աստծո դատին հանձնենք և նրանից հատուցում ակնկալենք: Սակայն իրականությունն այլ է: Իրականությունը ճշմարտանման է, բայց հեռու է ճշմարտությունից: Եվ ճշմարտանման այդ իրականությունը հնարավոր է դառնում հեռուստացույցի միջոցով, որի քառանկյուն դեմքը գրեթե միշտ լավատեսություն և գոհունակություն է արտահայտում. կան կարիքներ ու կարիքավորներ, բայց չէ՞ որ կան նաև հեռուստացույց ու կարտոֆիլի սերմացու բաժանող բարեգործներ: Սակայն ինչ է ասում Պողոս առաքյալը իր «սիրո օրհներգում». «Եթե ես իմ մարմինը մատնեմ այրվելու, սակայն սեր չունենամ, ոչինչ եմ» (Ա Կորնթ. 13;3): Իսկ մերօրյա բարեգործները միայն սեփական շահն ու շահույթն են հետապնդում, ուր մնաց, թե ժողովրդի հոգսերը հոգալու կամ նրա համար սեփական մարմինը մահվան մատնելու մասին մտածեն: Էլ չենք խոսում նրանց համար սիրո գաղափարի անհասկանալիության և անհասանելիության մասին:
Նրանք ինչ-ինչ գործեր ու գործողություններ են անում, որ հավատ ու հույս են ներշնչում հասարակ մարդկանց, բայց սիրուն չեն հասնում, քանզի սերը գործ չէ, այլ կոնկրետ արդյունք, արդյունք, որին հասնում են հետևողական ու նպատակային ջանքերի շնորհիվ, այսինքն՝ սիրուն հասնում են, երբ նպատակը սերն է, և ոչ թե շահը: Սերը մեր գործերի անմահությունն է, մե՛ր անմահությունն է: Երբ մենք սիրով պատասխանենք Աստծո սիրուն և այդ սերը կիսենք մեզ նմանի հետ, մենք հաստատ հույս ու անսասան հավատ կունենանք, որ հավիտյան կապրենք: Իրական բարեգործը անում է ոչ թե ի ցույց՝ «շոուի», այլ Աստծո փառքի համար, նա փորձում է կենսակերպի վերածել այն, ինչը «բարեգործները» անում են ժամանակ առ ժամանակ:
Բարեգործությունը ենթադրում է նաև որոշակի մարմնավոր նեղություն ու նյութական զրկանք՝ հանուն հոգևոր շահի, բայց ոչ երբեք՝ նյութական շահույթ. «Ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծո կամքը, քան չարիք գործել» (Ա Պետ. 3;17): Սա ասում է Պետրոս առաքյալը առաջին քրիստոնյաներին, որոնք հարմարավետություն չէին փնտրում, սակայն ասում է նաև «արդի» քրիստոնյաներին, որոնք բարեգործությունը համարում են ավելորդից ազատվելու կամ շահույթ ստանալու միջոց:
Բարիք կամ բարեգործություն անել նշանակում է հանուն Աստծո փառքի և մեր հոգևոր պահանջները լրացնելու, հոգեկան ու հոգևոր բավականություն ստանալու նպատակով հոգալ մեզ նմանի բարօրության համար: Բարիք անել նշանակում է նմանվել Աստծուն, քանզի «ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված»: «Բարեգործները» իրենց վերագրում են աստվածային հատկանիշներ և պահանջում են Աստծուն վայել փառք ու մեծարանք, բայց մոռանում են, որ դրանց նախորդում են միայն Աստծուն վայել սերն ու նվիրումը, որոնք մարդ էակին բարձրացնում են առ Աստված, հասցնում իրական երջանկությանը:
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Մեկնաբանություններ