Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը

Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը
18.01.2020 | 20:02

Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը: ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է. «Ուղիղ 30 տարի առաջ այս օրերին, Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն շատ ծանոթ իրադարձություններ՝ հայերի ջարդեր: Ճակատագրի հեգնանքով այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էին միայն 20-րդ դարի ընթացքում: Հայատյացության այս քաղաքականությունն իր դրսևորումներն ունեցավ նաև 21-րդ դարում: Ադրբեջանի իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, որ կացնահարել էր քնած հայ զինվորին, 2016-ի ապրիլին Թալիշում դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձինք: Նույն քաղաքականության վկայությունները կարող ենք գտնել Ադրբեջանում ամենուր՝ դպրոցական դասագրքերից մինչև այդ երկրի նախագահի հայտարարություններ, որոնցում ողջ հայ ազգը հայտարարվում է Ադրբեջանի ժողովրդի ոչնչացման ենթակա թշնամի»:


Միրզոյանը նշել է՝ հատկանշական է նաև, որ այսօր արդեն ադրբեջանական իշխանությունները միևնույն ձեռագիրն են որդեգրել Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: «Ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներն այսօր կանգնած են գրեթե միևնույն վտանգի առջև, ինչ հայերը նախորդ դարի վերջին: Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ վարքագիծը և մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար ես կարևորում եմ միջազգային հանրության և գործընկեր խորհրդարանների կողմից տեղի ունեցած հանցագործություններին ճիշտ գնահատակալ տալը», - ասել է Արարատ Միրզոյանը: Նա հիշեցրել է, որ հայերի նկատմամբ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտվել են Եվրոպական խորհրդարանի կողմից՝ երեք անգամ: «Ուզում եմ նշել, որ չնայած ադրբեջանական իշխանությունների այդ օրերի վարած քաղաքականությանը, Բաքվում գտնվեցին ադրբեջանցիներ, որ օգնեցին հայերին խուսափելու մահից: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս անհատներին և կոչ անել, որ իրենք նույնպես բարձրաձայնեն ադրբեջանական իշխանությունների կողմից իրակացրած ջարդերի մասին իրենց հուշերը, ջարդեն հայատյացության պատը՝ կանխելու համար նմանօրինակ դեպքերի կրկնությունը, ինչով կկարողանան նաև ապահովել իրենց իսկ կյանքի անվտանգությունը», - հայտարարել է Միրզոյանը: Նա ընդգծել է. «Որպես ՀՀ Աժ նախագահ, ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել և վերահաստատել՝ ողջ վերը հիշատակածս, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած և հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո: Ըստ այդմ՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է»:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ