Գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում: Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ադրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Հայաստանում հեղաշրջման փորձեր եղել են:
«Մարդիկ ոչ թե նյութն են կարդում, այլ՝ վերնագիրը: Արմեն Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել: Արմեն Գրիգորյանը տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության: Սրանք տարբեր բաներ են»,- ասաց նա: Վարչապետը կարևոր համարեց հարցի պարզաբանումը: «Եթե Արմեն Գրիգորյանի ասածները ճշգրիտ ձևակերպենք կամ փորձենք դա մեկնաբանել, կարող ենք մեկնաբանել որպես հիբրիդային մի երևույթի նկարագրություն, և եթե այդպես ձևակերպենք, կարող ենք անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ»,- ասաց նա՝ նշելով, որ այն վերջնականապես պարտված և ջախջախված է: Նա պարզաբանեց, թե ինչ նկատի ունի՝ հիբրիդային պրոցեսներ ասելով՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով Հայաստանի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար, և դա արվում է՝ ներգրավվելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի:
«Ինչո՞ւ է հեղաշրջում բառն այս պրոցեսի մեջ տեղավորվում: Որովհետև հընթացս այդ պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք, լինելով իշխանության ներսում, գործում են ընդդեմ իշխանության: Դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, դրա մեջ ներգրավված են լինում դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ»,- ասաց նա: