Պուտինին վստահում է 35%-ը

Պուտինին վստահում է 35%-ը
13.02.2020 | 12:29

Լևադա կենտրոնի հունվարի հարցումներով՝ ռուսաստանցիների 35%-ն է վստահում Վլադիմիր Պուտինին: 2019-ի սեպտեմբերից դա 4%-ով քիչ է՝ գրել է «Ведомости»-ին: 2017-ի նոյեմբերին Պուտինին վստահում էր 59%-ը: Այս ընթացքում նա կորցրել է 24%: 2019-ի սեպտեմբերից մեծացել է ռուսաստանցիների վստահությունը ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի (13-ից՝ 19%) և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ (14-ից՝ 17%): Նոր վարչապետ Միխայիլ Միշուստինին վստահում է 3%-ը: Ոչ մեկին չի վստահում կամ դժվարացել է պատասխանել 39%-ը: Լևադա կենտրոնը քաղաքական գործիչներին վստահելու մասին իր հարցերը տալիս է ուղղակի՝ առանց կոնկրետ անուններ հուշելու, այսինքն՝ հարցվածներն իրենք են անվանում այն գործիչներին, ում, վստահում են:


ВЦИОМ-ի հունվարյան հարցման արդյունքներով Պուտինին վստահում է 30,6%-ը: 2019-ի օգոստոսից պետական ВЦИОМ-ը դադարեցրել է ամենշաբաթյա բաց հարցումների արդյունքների հրապարակումները և անցել է ամենամսյայի: Փոխարենը ВЦИОМ-ը հրապարակում է «փակ» հարցումների տվյալները, երբ հարցվածներին ուղղում են «Վստահու՞մ եք Վլադիմիր Պուտինին», «Վստահու՞մ եք Սերգեյ Լավրովին» հարցերը՝ «Ու՞մ եք վստահում» հարցի փոխարեն: Վերջին տվյալներով նախագահին վստահում է 73,1%-ը: Սոցիոլոգները արձանագրում են Վլադիմիր Պուտինի վարկանիշի կայուն անկումը: Լևադա կենտրոնի տնօրենը դա կապում է սոցիալական պատճառներին: Նախագահի գործունեությանը հավանություն տալու ցուցանիշը վերջին կես տարում մնացել է 67–70%: Սոցիոլոգների կարծիքով՝ վստահությունը կապված է սոցիալական ոլորտի հետ իսկ հավանություն տալը՝ արտաքին քաղաքականության:
RFI


Հ.Գ. …Բայց ո՞վ հավատում վիճակագրությանը աշխարհում: Կամ՝ ինչի՞ համար է վիճակագրությունը, որ հավակնում է ու չի դառնում հավաստի: Եվ, այնուամենայնիվ, վիճակագրական տվյալների հիման վրա են քաղաքականություն կառուցում ու հետագա քայլեր հաշվարկում: Պատահական չէ, որ 2020-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ՌԴ նախագահը շեշտը դրել էր երկրի ներքին խնդիրների վրա: Նա բոլորից լավ գիտի՝ ու՞մ են հավատում, ու՞մ են վստահում ու ի՞նչ են ուզում ռուսաստանցիները: Գիտի նաև, որ գալու է պահը, երբ ինքն այլևս հեռանալու է Կրեմլից, գիտի նաև, որ չի հեռանալու քաղաքականությունից: Բացի ամեն ինչից՝ Վլադիմիր Պուտինը ու բազում ռուսներ հավատում են, որ ցարը մեկն է: Ու՝ Ռուսաստանին միշտ ցար է պետք: Բելառուսի հետ ինտեգրումը չի ստացվում, Լուկաշենկոն չի ուզում գահից իջնել, բացի այդ՝ Բելառուս պահելն էլ Ռուսաստանի համար արդեն ծանր բեռ է: Սահմանադրության փոփոխությունները ընթացքի մեջ են, թերևս Ռուսաստանը կընտրի Ղազախստանի տարբերակը՝ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևը գնաց, բայց մնաց երկրի տերը: Նույնիսկ այդ դեպքում Ռուսաստանին պետք է նախագահի նոր թեկնածու: Եվ այս վիճակագրության մեջ աղետալին Ռուսաստանի համար ոչ այնքան Պուտինի նվազող վարկանիշն է, որքան նոր վարչապետի 3 տոկոսը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ