«Լավ հաշվետարներ միշտ էլ պետք են»
14.02.2020 | 02:35
Հայտնի է, որ սպորտում ահռելի մեծության գումարներ են շրջանառվում: Ահա թե նաև ինչու են թիմերը շահագրգռված հաղթական մրցելույթներով, իսկ հաղթելու համար պարտադրված ես տիրապետելու ոլորտի մասին ու շուրջ ամբողջական տեղեկույթին: Սակայն ինքնին հասկանալի է, որ այն սկուտեղի վրա ոչ մեկն էլ չի մատուցի: Հետևաբար այդ ինֆորմացիան ունենալու համար, հարկ եղած դեպքում, պարտադրված ես դիմելու և ծայրահեղ քայլերի: Զորօրինակ… լրտեսության:
ՊԱՏԺԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՉԵՆ ԻՄԱՑԵԼ
Քննարկվելիք խնդրո կտրվածքով 2020-ի լրտեսական առաջին սյուժեն «երկնեց» անդադրում Ժոզե Մոուրինիոն, որի ղեկավարած «Տոտենհեմը» մրցում էր «Սաուտհեմպտոնի» հետ ու արդեն 17-րդ րոպեին «սրբերին» զիջում էր 0:1 հաշվով: Տեսախցիկները հստակ ֆիքսել են, թե ինչպես խաղի ընթացքից դժգոհ Մոուրինիոն բառացիորեն ներխուժում է մրցակից թիմի տեխնիկական գոտի ու քիթը խոթում նրա մարզչական խորհրդի թղթերի մեջ: Միջադեպը «հարթվել» է նրանով, որ հանդիպման մրցավարը դեղին քարտ է ցույց տվել պորտուգալացի մարզչին: Սակայն երբ լրջորեն ես թաթախվում լրտեսման միջոցով փաստ հայթայթելու գործերին, Մոուրինիոյի դեպքը մանր կարգի խուլիգանությունների դասից է: Իրականում լրտեսման դեպքեր կան, որ կինո են հիշեցնում:
Դարասկզբին Անգլիայում հզոր աղմուկ բարձրացավ այն առիթով, որ «Դերբին» բացահայտել էր «Լիդսի» լրտեսին, որը թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի հրահանգով հեռադիտակով գաղտնադիտել էր մրցակցի մարզումները: «Լրտեսն» իմացել էր նաև, որ «Լիդսի» լավագույն ֆուտբոլիստը հանդիպումը բաց է թողնելու, ու թիմն ըստ այդմ էր կառուցել հանդիպման տակտիկան ու ստրատեգիան: «Լիդսն» այդ խաղում հաղթեց, լրտեսությունը թիմին արժեցավ 200 հազար ֆունտ ստեռլինգ, որը, ի միջի այլոց, Մարսելոն վճարեց իր գրպանից, մամլո ասուլիսին խոստովանելով, որ իր մարդը, այո, լրտեսել է, սակայն ինքը վստահ չէ, որ դրա համար պատիժ է հասնում: Դեպքից առժամանակ անց հայտնի են դարձել եղածի մանրամասները: Պարզվում է՝ Բիելսայի ստաժորը՝ փորձնակը, «Դերբիին» լրտեսել է ոչ միայն մարզումային օրը: Նա նախօրեին է ժամանել հարևան քաղաք, շփվել բնակչության հետ, փաբերում հանդիպել մրցակից թիմի երկրպագուներին, ուսումնասիրել տեղի մամուլը:
Հար և նման մի գործուղում էլ 2018-ին ունեցել է ֆուտբոլի Շվեդիայի հավաքականի հետախույզ Լարս Յակոբսոնը: Նա վաղօրոք ժամանել է Ավստրիա, որտեղ աշխարհի առաջնությանն էր նախապատրաստվում խմբայինից շվեդների ապագա մրցակիցը՝ Հարավային Կորեայի ընտրանին: Լրտեսը փորձել է տեղակայվել հարավկորեացիների բազայի մերձակայքում՝ բացահայտվելու ժամանակ փորձելով ներկայանալ որպես այդ կողմերով անցնող զբոսաշրջիկ: Բնականաբար, կորեացիները խայծը կուլ չեն տվել ու նրան դուրս են հանել տարածքից: Սակայն հնարամտության հետ խնդիրներ չունեցող Լարս Յակոբսոնը վարձակալել է մեքենա, գնացել բազայի հարևանությամբ գտնվող առանձնատներից մեկը, տանտերերին համոզել լրտեսելու հնարավորություն տալ իրեն՝ տեղադրելով բարձր ճշտության դիտակ ու տեսախցիկ: Բայց պարզվում է՝ Հարավային Կորեայի ընտրանու գլխավոր մարզիչն էլ այս աշխարհի միամիտներից չի եղել. թիմի տղաներին հանձնարարել է խաղաշապիկներ փոխել, որ ըստ այդմ գուշակելն անհնար լինի, իհարկե, հույսը մեծապես դնելով և այն բանի վրա, որ եվրոպացիներին դժվար կլինի շեղաչք ասիացիներին ամբողջապես իրարից զանազանելը:
ՈՒնիկալ դեպք է եղել Իտալիայում, 2013 թվին:
Ջենովական դերբիում «Ջենովայի» երիտասարդական թիմի մարզիչ Լուկա դե Պրան (Իտալիայի ընտրանու երբեմնի դարպասապահ Ջովանի դե Պրայի թոռը) քողազգեստով թաքնվել է թփուտներում, լրտեսել մրցակցի մարզումները: «Սամպդորիայի» երկրպագուները նկատել են, որ թփուտները շարժվում են, բացահայտել են լրտեսումը: Եղածի համար «Ջենովայում» սաստիկ զայրացել են, մարզչին վտարել՝ ասելով, որ դա եղել է բացառապես նրա նախաձեռնությունը, սակայն «Սամպդորիան» հրաշալի է օգտագործել փաստը՝ ստորև մեջբերվող գրությունն ուղեկցելով համապատասխան նկարի ցուցադրումով. «Մենք գիտենք, որ դերբին նյարդերի, տակտիկայի ու ստրատեգիայի հարց է, սակայն, անկեղծ ասած, երբեք չէինք սպասում, որ այն կարող է վերածվել լրտեսման հարթակի: Լուկա դե Պրան՝ «Ջենովայի» դարպասապահների մարզիչն ու ֆուտբոլային բարեկիրթ ծագմամբ մարդը, Ռեմբոյի նման թաքնվել էր բլրակի ճյուղերի հետևում»:
ՄԱՐԴԿԱՆՑ ԳԱԼԻՍ Է ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱՆ
Ավելի վաղ շրջանում տեղեկության հայթայթման համար հիմնականում օգտագործվում էր մարդկային ռեւսուրսը: «Չելսիում» Մոուրինիոյի թիմում աշխատող երիտասարդ Անդրե Վիլաշ-Բոյաշն այդ նպատակով թաքուն մոտենում էր մրցակիցների մարզաբազաներին, անում իր գործը. «Ես գնահատում էի խաղացողների հոգեբանական ու մարզական պատրաստվածությունը: Ժոզեն հույսը չէր դնում հաջողության վրա»:
Զրոյականներին «Շեֆիլդից» Նիլ ՈՒոռնոկի նշանակած մարդն ընդմիջումներին մրցակիցների հանդերձարանի մուտքերի մոտ ականջ էր դնում:
Ներկայումս նման պարտականությունների մի մասը «ստանձնել» է տեխնիկան: Այսպես՝ նախանցած տարի դեկտեմբերին գաղտնալսման մեղադրանքով դատապարտվեց սեկունդայում հանդես եկող «Գրանադան», որը մրցաշրջանի արդյունքներով տեղափոխվեց ավելի բարձր մրցակցային խումբ` լա լիգա: Անցկացված զննության արդյունքում հանդերձարաններում, մրցավարական սենյակներում, հրդեհաշիջման սարքերի ու պարագաների տեղադրման վայրերում հայտնաբերվեցին գաղտնալսման սարքեր, տեսանկարահանման սարքեր:
Գաղտնալսման տեխնիկական միջոցներից շատ տարածված են դրոնները: 2019-ի ամռանը, ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ, Բրազիլիայի հետ հանդիպմանն ընդառաջ, Պերուի հավաքականի վրա պտտվում էր անօդաչու սարքը: 2014-ի աշխարհի առաջնության ժամանակ թռչող դրոնների առնչությամբ չէին դադարում ֆրանսիացիների բողոքները: Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ որակավորման փուլում հանդիպելու էին Ավստրալիայի ու Հոնդուրասի ընտրանիները: Հյուրերը մարզվում էին Սիդնեյի մարզադաշտում, երբ «այցի եկան» դրոնները: Բնականաբար, հոնդուրասցիները մեծ աղմուկ բարձրացրին, սակայն զավեշտն այն է, որ մի տարի առաջ դրոնների ծառայությունից օգտվում էին իրենք: Ճիշտ է՝ փոքր-ինչ այլ նպատակով (որ իրենց չհետևեն), բայց դե:
Սակայն այնպես չէ, թե լրտեսումների վերաբերմամբ համատարած ժխտողական մոտեցում է: Կան և, այսպես ասենք, «առաջադիմականներ», ովքեր դեմ չեն տեխնոլոգիաների օգտագործմանը, սակայն նմանները մեծ թիվ չեն կազմում, իսկ բացահայտված լրտեսման յուրաքանչյուր դեպք ուղեկցվում է տուգանքների վճարումուվ:
Առանց թվարկումների մեջ խորանալու ասենք, որ միայն ֆուտբոլում չէ, որ լրտեսում են: Լրտեսումները մտել են նաև առօրյա: Պատահական չէ, որ շատերը ստիպված «կուրացնում» են նոութբուքների տեսախցիկների աչքերը: Ահա թե ինչու Huawei-ը մշակել է հատուկ տեխնոլոգիա՝ տեսախցիկն իր գործառույթներին անցնում է այն ժամանակ, երբ դա օգտատիրոջը պետք է:
ՄԻԱՅՆ ԼՐՏԵՍԵԼԸ ՔԻՉ Է
Բոլոր դեպքերում նկատենք՝ լրտեսության հետ կապված դեպքերն առայժմ քրեական օրենսգրքի միջամտության հարց չեն բարձրացնում, ավելի շատ հակասության մեջ են բարոյական ընկալումների, արդար խաղի կանոնների հետ: Սակայն նկատելով հանդերձ` նաև փաստենք, որ լրտեսության դերը չի կարելի գերագնահատել: Ինֆորմացիան ստանալը մի բան է, այն խելամիտ օգտագործելը՝ մի այլ բան: Ասել է թե` այդ թանկարժեք նյութը պիտի կարողանալ նպատակային օգտագործել, իսկ դրա համար վերլուծական միտք պիտի ունենալ, փաստերը խոսեցնել կարողացող ուղեղ ու, բնականաբար, հզոր համակարգիչ, որը կկարողանա տեղեկատվական-վերլուծական այդ ողջ բազան ներառել իր մեջ, դասդասել: Մի խոսքով, եթե մի քիչ շեղվենք կինոյի կողմ ու այնտեղից պեղենք ասելիքի դիպուկությունն ու խորությունը վեր հանող միտքը, պիտի ապավինենք քաղաքացի Կորեյկոյի այն բանաձևմանը, որ բոլոր ժամանակներում էլ լավ հաշվետարները պետք են: Կարծում եմ` մանրելու հարկ չկա, թե ինչ ենք հասկանում ու հասկացնում՝ հաշվետար ասելով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ