Հիմա էլ «Ամիենը»
18.02.2020 | 12:32
Կյանքը համոզչորեն ցույց է տալիս՝ եթե ոչ գրանդ ակումբների, ապա մրցաշարային աղյուսակի միջնամասում կամ հետնամասում եղածների մեջ միշտ էլ կգտնվի մեկը, որը կարողացածի չափով կջանա այս աշխարհի «երևելիներին» ցույց տալ խեցգետինների ձմեռման վայրը։ Այս անգամ այս կերպ խիզախել է «Ամիենը» ու համարյա մոտ էր «Պարի Սեն Ժերմենին» խարակիրիի մղելուն։ Սակայն անցած հանգստյան օրերը միայն այս դիմակայությամբ չեն առանձնացել։ Սուր մրցակցություններ են գրանցվել ֆրանսիականի մեկ այլ դիմակայությունում, հանգուցային նշանակությամբ առճակատում է եղել սկուդետեում, ի դեմս «Ռեալ»-«Բետիս» մրցակցության՝ զարգացումների ընդհանուր տրամաբանությունից դուրս չի մնացել և լա լիգան։ Այժմ՝ առավել հանգամանալից։
ԱՆԳԼԻԱ
Ձմեռային արձակուրդի շրջանակներում շարունակվում է պրեմիեր լիգայի շաբաթից ավելի տևողությամբ 26-րդ տուրը, որն անցած հանգստյան օրերին մրցաշարային աղյուսակի առաջին հնգյակը կազմածներից ուներ երկու հանդիպում՝ պլյուս մեկը, որ կախված առճակատման ելքից՝ կարող էր մաս կազմել այդ հնգյակի։ Նկատի ունենք «Աստոն Վիլա»-«Տոտենհեմ» դիմակայությունը, սակայն նախ առաջին երկուսի մասին։
Սուր մրցակցությամբ է առանձնացել «Վուլվերհեմպտոն»-«Լեստեր» դիմակայությունը, որտեղ անգլիական «գայլերը» կարողացել են անառիկ պահել իրենց դարպասը՝ մրցակցին թույլ տալով ընդամենը մեկ միավորով բաժանվել իրենից, ինչը սակայն թիմերի դասավորությունում ոչնչով չի սպառնացել լեստերցիների ունեցած երրորդ տեղին՝ 50 միավոր։
«Նորվիչն» ամեն ինչ արեց «Լիվերպուլից» գոնե միավոր պոկած բաժանվելու համար, սակայն այս մրցաշրջանում «մերսիսայդցիները» հնարավորինս անգութ են մրցակիցների նկատմամբ։ Թեկուզ թույլ, սակայն տանտերերի համար մխիթարություն կարող է լինել այն, որ ահեղ մրցակցին թույլ են տվել բավարարվել դարպասի մեկ գրավումով։ «Նորվիչի» նկատմամբ հաղթանակն ընթացիկում «Լիվերպուլի» 17-րդ անընդմեջն էր (կրկնել է սեփական ռեկորդը): Եվս հաղթական մեկ խաղ, ու թիմը կկրկնի «Մանչեստր Սիթիի» ռեկորդը։ Իսկ ընդհանրապես «մերսիսայդցիների» անպարտ հանդիպումներն արդեն 43-ն են։ Անգլիայի պատմության մեջ ամենավաղ չեմպիոնությունը գրանցելու համար Յուրգեն Կլոպի սաներին անհրաժեշտ է ևս հինգ անընդմեջ հաղթանակ, իսկ այս պահի դրությամբ, հիշեցնենք, նրանց անվան դիմաց 76 միավոր է, որը 26 նիշով ավելի է «Մանչեստր Սիթիի» ունեցածից։ Այստեղ թերևս կարելի էր ընթերցողին տեղեկացնել, թե ինչի մեջ են հայտնվել «քաղաքաբնակները»՝ կապված արդար խաղի կանոնները չպահպանելու համար թիմի դեմ կիրառվող սանկցիաների հետ, սակայն այն բավականին երկար պատմություն է, բավականին մանրամասներ ունեցող, ուստի թողնենք մեկ այլ հարմար առիթի։
«Աստոն Վիլայի» հետ ինքնագոլով հանդիպումը սկսելու դժբախտությունն ունեցած «Տոտենհեմը» հանդիպման առաջին կեսը հաջողել է ավարտել իր օգտին՝ հանդերձարան գնալուց առաջ լուսատախտակի վրա 2։1 հաշիվը դրոշմած։ Պակաս լարված չի եղել խաղի շարունակությունը։ Կողմերը փոխանակել են մեկական գոլ, ընդ որում Ժոզե Մոուրինիոյի սաներն իրենց բաժինն արել են հավելյալ ժամանակում ու կորզել հաղթանակը՝ 3։2, ինչը նրանց հնարավորություն է տվել 40 միավորով ներխուժելու հինգերորդ հորիզոնական՝ այնտեղից դուրս մղելով «Շեֆիլդին»։
Երեկ ուշ երեկոյան մրցել են «Չելսին» և «Մանչեստր Յունայթեդը»։ Հիշեցնենք, որ «ազնվականները» 41 միավորով չորրորդ տեղում են։
ԳԵՐՄԱՆԻԱ
Վստահ մրցելույթ է ունեցել «Լայպցիգը»՝ սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնելով «Վերդերին»։ Թիմը 45 միավորով կարող էր մնալ առաջին հորիզոնականում, եթե «Քյոլնին» հյուր գնացած «Բավարիան» ունենար միավորի կորուստ։ Սակայն ընթացիկում այնքան դժվարությամբ առաջին տեղը ձեռք գցած մյունխենցիներն անկոտրում են եղել՝ առավել քան համոզիչ խաղով պարտության մատնելով տանտերերին՝ 4։1 ու 46 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Դորտմունդի «Բորուսիան» վստահ հաղթանակով նշանավորեց տուրի հերթական հանդիպումը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ՝ տնային խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Նշենք, որ գոլերից մեկը Հոլանդի կատարմամբ է, այն երիտասարդ նորվեգացու, ով ընդամենը վերջերս է տեղափոխվել թիմ ու զարմացնում է իր բացառիկ նշանառությամբ։
Ոչ պակաս համոզիչ հանդիպում է ունեցել և դորտմունդցիներին կրնկակոխ հետապնդող մյուս «Բորուսիան»։ Մյոենխենգլադբախցիներն արտագնայում «Ֆորտունային» հաղթել են 4։1 հաշվով ու շարունակում են միավորներով (42) հավասար մնալ երրորդ տեղում գտնվող դորտմունդցիներին՝ ակտիվում, սակայն ունենալով պակաս անցկացրած մեկ խաղ։
Բեռլինում տեղի «ՈՒնիոնի» հետ ծանր հանդիպում է ունեցել «Բայերը», որը մրցակցին կարողացել է ծնկի բերել միայն հավելյալ ժամանակահատվածում՝ 3։2։ Նկատենք, որ «Բայերի» հաղթանակը կամայինների կարգից է։ Լևերկուզենցիները 40 միավորով հինգերորդ հորիզոնականում են։
Անկախ օրվա մրցելույթի արդյունքից՝ բունդեսլիգայում ունեցած վեցերորդ հորիզոնականը կար ու մնալու էր «Շալկեինը», որը ի դեպ, «Մայնցի» հետ արտագնա մրցակցությունում արտակարգ ոչինչ չարեց խաղի ցանկալի արդյունքին տեր կանգնելու համար ու բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ «Շալկեն» ունի 36 միավոր։
ՖՐԱՆՍԻԱ
Լուրջ սենսիացիայի հեղինակ էր հավակնում դառնալու աղյուսակի վերջին տեղերում հանգրվանած «Ամիենը», որն առաջին խաղակեսից հետո դիվիզիոնի անառարկելի առաջատար «Պարի Սեն Ժերմենին» հաղթում էր 3։1 հաշվով։ Իհարկե, մայրաքաղաքցիները չթողեցին բանը հասնի ծայրահեղությունների ու հանդիպման արդեն 74-րդ րոպեին առջևում էին 4։3 հաշվով։ Սա հիրավի ցավալի պարտություն կլիներ, սակայն ֆուտբոլում անմնացորդ տիրություն անող Նիկե աստվածուհին բարեգութ եղավ տանտերերի նկատմամբ՝ հանդիպման հաշիվը հավասարեցնելու հնարավորություն տալով։
«Ռեյմսի» հետ արտագնայում երեք միավոր կորցրեց 41 միավորով դիվիզիոնի երրորդ հորիզոնականում գտնվող «Ռենը»։ Սա լավագույն նվեր էր նրանից մեկ նիշով հետ մնացող «Լիլի» համար, որը դեռ պիտի կարողանար ձեռնոց նետել հյուր ժամանած, այդ պահի դրությամբ դիվիզոնի թիվ երկու թիմի համարում ունեցող «Մարսելին»։ Հեղինակելով հանդիպման առաջին գոլը՝ տանտերերը, այդուհանդերձ, չեն կարողացել տեր կանգնել իրենց հնարավոր հաղթանակին։ Մարսելցիները հաղթել են 2։1 հաշվով, ընդ որում իրենց համար անցանկալի 0։1 հաշվի ժամանակ ձախողել են 11-մետրանոցը։
«Պարի Սեն Ժերմենն» ունի 62, «Մարսելը»՝ 52 միավոր։
ԻՍՊԱՆԻԱ
«Բետիսի» հետ սեփական դաշտում ուժերը չափող Մադրիդի «Ռեալը» հանդիպումից երեք միավորի հավակնության բոլոր օրինական հիմքերն ուներ, մանավանդ որ դրանք իսկական ոսկու գին ունեն չեմպիոնության համար «Բարսելոնի» հետ մղվող պայքարում։ Այո, ունենալը՝ ուներ, սակայն դեռ խոշոր հարց էր՝ կհամաձայնե՞ր «Բետիսը» «արքայականի» համար լինել «երեկոյան թեթև ընթրիք»։
Հանդիպման առաջին գոլը գրանցած հյուրերը նաև վերջինի հեղինակն են եղել, իսկ մադրիդցիների արածն այն է եղել, որ այդ երկուսի արանքում երկու գոլ են խփել, ինչը նրանց ընդամենը միավորի տեր է դարձրել։ Խոստովանենք, որ հաշիվը հավասարեցրած գոլն ընդունելուց հետո հանդիպման մնացած մասը «սերուցքայինները» հյուրերի համար վերածել են դժոխքի հետ առերեսման, սակայն հյուրերը կարողացել են պատվով դիմանալ տաժանակրությանը։
Հեշտերից չի եղել «Բարսելոնի» մրցակցությունը «Խետաֆեի» հետ, որն առաջնության երրորդ հորիզոնականում բնավ էլ պատահաբար չի հայտնվել։ Կատալոնցիների երկու գնդակին հյուրերը պատասխանել են մեկով, ինչը, բնականաբար, չէր կարող ապահովագրել նրանց պարտությունից։ Արդյունքում 52 միավոր ունեցող «Բարսելոնն» «արքայականից» հետ է մնում ընդամենը մեկ միավորով։ Հարկ համարենք նկատել, որ արդեն չորրորդ հանդիպումն է, ինչ Մեսին դաշտից հեռանում է առանց գոլի, սակայն դա նրան դեռևս չի խանգարում գլխավորելու ռմբարկուների ցուցակը՝ 14 գնդակ։ Ի դեպ, նա առջևում է նաև գոլային փոխանցումների հաշվարկով՝ 12։
Սուր պայքար է ծավալվել «Վալենսիա»-«Աթլետիկո» դիմակայությունում, որտեղ երկու անգամ էլ հաշվի մեջ առաջ անցնողը եղել են հյուրերը, և ինչը նույնքան անգամ չեզոքացրել են տանտերերը։
«Սևիլիա»-«Էսպանիոլ» դիմակայությունում անդալուզական ակումբը խփեց հանդիպման ինչպես առաջին, այնպես էլ վերջին գոլը, իսկ վերջնահաշվում ստացվեց, որ ընդամենը կարողացավ խուսափել պարտությունից՝ 2։2։ Չմոռանանք նկատել, որ «Էսպանիոլը» քսան րոպեից ավելի խաղացել է տասը հոգով՝ տանտերերին նաև այս կերպ օգնելով միավոր վաստակած հեռանալու խաղադաշտից։ «Աթլետիկոյի» պես «Սևիլիան» նույնպես վաստակել է 40 միավոր ու նրա հետ կիսում է չորրորդ-հինգերորդ հորիզոնականները։
Լա լիգայի առաջին վեցյակը 38 միավորով եզրափակում է հյուրնկալելիս «Լևանտեին» 2։1 հաշվով պարտության մատնած «Վիլիառեալը»։
ԻՏԱԼԻԱ
Իր օրինական երեք միավորին հասնելու համար «Յուվենտուսն» առանձնակի դժվարություններ չի ունեցել «Բրեշիայի» հետ մրցակցությունում՝ 2։0։ Սակայն որքան էլ «ծեր սինյորան» առաջնության, այսպես ասենք, առաջին պլանի դերակատարներից է՝ պայքարում է երկրի չեմպիոնության համար, միևնույն է, սկուդետեի թիվ մեկ հանդիպումը Հռոմում էր, տեղի «Լացիոյի» ու «Ինտերի» մասնակցությամբ։ Հաղթանակը հռոմեացիներին հնարավորություն կտար երկու նիշով շրջանցելու միլանցիներին ու 56 միավորով բարձրանալու երկրորդ հորիզոնական՝ ընդամենը մեկ նիշով հետ մնալով «Յուվենտուսից», իսկ պարտությունը նրանց մրցակիցների՝ միլանցիների համար նորից առաջին հորիզոնական վերադառնալու փայլուն շանս էր։ Միանգամից ասենք՝ առաջին խաղակեսը միանշանակ «Ինտերի» ակտիվում է եղել, երկրորդը՝ «Լացիոյի»։ Տարբերությունն այն է, որ հյուրերը բավարարվել են առաջին խաղակեսում խփած միակ գոլով, մինչդեռ տանտերերը պատասխանել են երկուսով։
«Ատալանտան» հյուրընկալել է «Ռոմային», տոնել կամային հաղթանակ, ինչը հնարավորություն է տվել 39 միավորով հինգերորդ տեղում մնացած «գայլերից» պոկվածությունը հասցնելու վեց միավորի։ Ընթերցողին հիշեցնենք, որ սկուդետեում չորրորդ տեղը ապահովում է մասնակցություն Չեմպիոնների լիգայի խմբային խաղերին ու այդ պատճառով առանձնահատուկ կշիռ ունի։
Լավագույն վեցյակը եզրափակում է «ՈՒդինեզեի» հետ արտագնա հանդիպումում գոլազուրկ ոչ-ոքիով խաղն ավարտած, 35 միավոր ունեցող «Վերոնան»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ