Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինֆոդեմիան նույնքան վտանգավոր է, որքան՝ պանդեմիան

Ինֆոդեմիան նույնքան վտանգավոր է, որքան՝ պանդեմիան
20.03.2020 | 13:05

Ճգնաժամի ժամանակ ասեկոսեները ու սուտ տեղեկությունները տարածվում են հատկապես արագ՝ գրում է Սիմոն Խուրտցը Süddeutsche Zeitung-ում: վերջին օրերին երեք, առաջին հայացքից միմյանց չկապված իրադարձություններ են եղել՝ Գերանիայում անհեթեթություններ է տարածում իրեն «Մամա Պոլդի» անվանող կինը, ԱՄՆ-ում՝ նախագահը, ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ վարակվում են կորոնավիրոսով: Իրականում այս 3 իրադարձությունները սերտ կապված են իրար: Իրեն «Մամա Պոլդի» անվանող կինը ձայնային հաղորդագրությամբ հաստատում է, որ Վիեննայի համալսարանական կլինիկայում պարզվել է, որ իբուպրոֆենը մեծացնում է Covid-19-ով հիվանդանալու վտանգը: Ավելի շատ մարդիկ են լսում սուտն ու մոլորեցնող պնդումները, որ տարածում է կորոնավիրուսի մասին Դոնալդ Թրամփը: Մի քանի շաբաթ նա ասում էր, որ ամեն ինչ վերահսկում է, որ շուտով վարակվածներ չեն լինի, իսկ պատվաստանյութը պատրաստ է: Ոչինչ իրականությանը չի համապատասխանում: Կարծեցյալ Մամա Պոլդին ու Դոնալդ Թրամփը՝ երկու գործող անձինք են, որ նպաստում են վիրուսային պանդեմիայի՝ վիրուսային ինֆոդեմիայով ուղեկցվելուն: Ասեկոսեները, կիսաճիշտ տեղեկություններն ու ֆեյք հաղորդագրությունները սրընթաց տարածվում են: Իհարկե, թվային ապատեղեկատվությունը ոչ մեկին չի վարակում, բայց ստեղծում է անվստահություն և կարող է հանգեցնել մարդկանց թեթևամիտ պահվածքի: Պանդեմիայի շրջանում դա կարող է դառնալ կյանքի ու մահվան հարց: «Մենք պայքարում ենք ոչ միայն պանդեմիայի հետ, մենք պայքարում ենք ինֆոդեմիայի հետ,- մեկ ամիս առաջ հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը: - Սուտ տեղեկությունները տարածվում են վիրուսից արագ, և նրանք նույնքան վտանգավոր են»: Փաստերի ճշտման Newsguard ծառայության տվյալներով՝ մարտի սկզբին սուտ և մոլորեցնող տեղեկություններով մարդիկ կիսվել ու մեկնաբանել են 50 միլիոն անգամ՝ 142 անգամ ավելի հաճախ, քան պաշտոնական աղբյուրների տեղեկությունները, օրինակ՝ ԱՀԿ-ի: Սոցցանցերով ու մեսինջերներով ամեն րոպե կիսվում են ցանկացած տեղեկությամբ: Որոշ ասեկոսեներ տարածվում են չարամտորեն, որ հարուցեն անվստահություն, տարածեն ռասիզմ, վաճառեն կասկածելի ապրանքներ, կամ օգտագործեն կորոնավիրուսի վախը համակարգչային վարակներ տարածելու համար: «Ճգնաժամերի շրջանում ասեկոսեներն ու ապատեղեկատվությունը պահանջարկ ունեն,-ասում է Վաշինգտնոի համալսարանում ճգնաժամային տեղեկատվությունն ու ճգնաժամային հաղորդակցությունն ուսումնասիրող պրոֆեսոր Քեյթ Ստարբերդը:- Երբ մարդիկ անվստահ են ու վախ են զգում, փորձում են առավելագույն տեղեկատվություն ստանալ, որ ավելի լավ գնահատեն իրավիճակը: Առաջ դժվար էր ինչ-որ բան իմանալ, այսօր հնարավոր է իմանալ ավելին, քան պետք է»: Խնդիրը տեղեկատվության գերառատությունն է: Այսօրվա իրավիճակում դա ֆատալ է: Մի կողմից՝ կարող է վտանգավոր լինել անվստահությունը: Ուկրաինայի Նոր Սանջարներ քաղաքում պետք է կարանտին անցնեին Չինաստանից հատուկ չվերթով վերադարձած ուկրաինացիները, տարածվեց սուտ տեղեկություն, որ նրանք վարակակիր են, բռնկվեց խուճապ և ագրեսիվ բողոքներ սկսվեցին: Քաղաքապետը խոսեց ապատեղեկատվության հարուցած արմագեդոնի մասին: Մոլորեցնող ապատեղեկատվությունը կարող է կողմնակի մահ հարուցել: Ապացուցված է, որ աշխատում է սոցիալական տարածությունը՝ 100 տարի առաջ Սենտ Լուիսը կարողացավ վճռական ու ժամանակին արված քայլերով կանխել իսպանական գրիպի տարածումը, Ֆիլադելֆիայում քայլերը չափազանց ուշ արվեցին և հազարավոր մարդիկ մահացան: Դա արդար է և այսօր: Վարակի տարածումը դանդաղեցնելու համար պետք է լվանալ ձեռքերը և տարածություն պահպանել: Նա, ով չի ցանկանում փոխել իր առօրյան, իբր չլինելով ռիսկի խմբում, նպաստում է ուրիշների մահվանը:
Սիմոն Խուրտց, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 15 տարվա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ ուղերձ է հղել գերմանացիներին՝ կոչ անելով յուրաքանչյուրին կարգապահություն դրսևորել կորոնավիրուսի դեմ պայքարում: «Թույլ տվեք ասել ձեզ՝ իրավիճակը լուրջ է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան չէր բախվել նման մարտահրավերի: Այդ մարտահրավերը հաղթահարելը կախված է մեր միասնականությունից և համերաշխությունից»՝ ասել է կանցլերը: Նա խոսել է քայլերից, որոնք միտված են վարակը կանխելուն՝ հանրային կյանքն էապես սահմանափակելուն: Կանցլերը վստահեցրել է՝ այդկերպ հնարավոր կլինի դանդաղեցնել վարակի տարածման տեմպերը և ժամանակ շահել պատվաստանյութ ստեղծելու համար: Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 11 000, չեղարկվել են զանգվածային միջոցառումները, փակ են կրթական, մշակութային, ժամանցային վայրերը, դպրոցներն ու մանկապարտեզները: Փակ են սահմանները Ավստրիայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ: «Հավաստիացնում եմ ձեզ՝ ինձ նման մարդու համար ազատ տեղաշարժը մեծ դժվարությամբ ձեռք բերված իրավունք է, նման սահմանափակումները կարելի է արդարացնել միայն ծայրահեղ անհրաժեշտությամբ: Դրանք երբեք հեշտությամբ չեն տրվում ժողովրդավարական պետությանը և կիրառվում են միայն ժամանակավոր, բայց այս պահին դա անհրաժեշտություն է՝ որպեսզի կյանքեր փրկվեն», - ասել է Մերկելը:
«Հետագա իրավիճակը կախված կլինի յուրաքանչյուրի կարգապահությունից: Սա պատմական կարևոր խնդիր է, որ կարող ենք լուծել միայն միասին: Որքան զոհ կլինի, քանի հարազատ կկորցնենք՝ այդ ամենը մեր ձեռքերում է. մենք կարող ենք վճռական և իրար հետ հաղորդակցվելով արձագանքել, մենք կարող ենք ընդունել գործող սահմանափակումները և աջակցել միմյանց», - շեշտել է կանցլերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ