Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բորիս Ջոնսոնը պահպանում է ոգու կայտառությունը, Բերնի Սանդերսը՝ հեռանում

Բորիս Ջոնսոնը պահպանում է ոգու կայտառությունը, Բերնի Սանդերսը՝ հեռանում
09.04.2020 | 11:01

Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրեց, որ գիշերը վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Բորիս Ջոնսոնը «պահպանում է ոգու կայտառությունը», թեպետ նրան թթվածին է տրվում, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված չէ:


55-ամյա վարչապետին կիրակի օրն են փոխադրել Լոնդոնի Սենտ Թոմաս հոսպիտալ՝ Covid-19-ի «կայուն ախտանիշներով», իսկ երկուշաբթի տեղափոխեցին վերակենդանցման բաժանմունք: «Վարչապետը գիշերը կայուն վիճակում է եղել և պահպանում է ոգու կայտառությունը,-պաշտոնապես հայտարարեց Դաունինգ սթրիթը:- Նա թթվածին է ստանում և շնչում է ինքնուրույն՝ առանց կողմնակի օգնության: Նրան պետք չէ թոքերի օդափոխության սարք կամ այլ ոչինվազիվ օգնություն»: Նրանք ընդգծել են, որ սարքը պետք է, երբ թոքերը չեն գործում, իսկ վարչապետը պնևմոնիա չունի: Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը: Երեքշաբթի մամլո ասուլիսում նա վստահություն հայտնեց, որ վարչապետը կհաղթահարի
Covid-19-ը. «Ես համոզված եմ, որ նա կհաղթահարի հիվանդությունը: Եթե ինձ խնդրեն բնորոշել այս վարչապետի գլխավոր գիծը, ես կասեմ՝ նա մարտիկ է: Նա կվերադառնա երկիրը ղեկավարելու և շուտով նորից կլինի մեր ղեկավարը այս ճգնաժամի դեմ պայքարում»:
Բուկինգհեմյան պալատը տեղեկացրել է, որ թագուհի Ելիզավետ II անձնական նամակ է գրել Բորիս Ջոնսոնին և նրա ընկերուհուն՝ Քերի Սայմոնդսին, նշելով, որ մշտապես մտածում է նրանց մասին և մաղթում է լիակատար ու արագ ապաքինում: Արքայազն Ուիլյամը ևս անձնական ուղերձ է հղել Ջոնսոնի ընտանիքին Թվիթերում, իսկ գահաժառանգ արքայազն Չառլզը, որ նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, իր և հերցոգուհու անունից մաղթել է արագ առողջանալ:


Բորիս Ջոնսոնի վարակիչ հիվանդությունը նշանակում է, որ նրա հղի հարսնացու Քերի Սայմոնդսը չի կարող նրան այցելել հիվանդանոցում: Կիրակի նա տեղեկացրել է, որ ինքնամեկուսացել է, որովհետև ինքը ևս ունի կորոնավիրուսի ախտանիշներ:
Արագ ապաքինման մաղթանքներ Ջոնսոնին շատերն են հղել: Լեյբորիստների վերջերս ընտրված նախագահ սըր Կիր Ստարմերը վարչապետի հիվանդությունը անվանել է «ահավոր տխուր նորություն» ու հավելել, որ «այս չափազանց դժվար ժամանակներում ամբողջ երկիրը մտովի աջակցում է վարչապետին ու նրա ընտանիքին»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բորիս Ջոնսոնին արագ ապաքինում մաղթելով՝ գրել է. «Վստահ եմ, որ Ձեր եռանդը լավատեսությունը, հումորի զգացումը կօգնեն արագ հաղթել հիվանդությանը»: Երեկ Բրիտանիայում մահացել է 786 վարակակիր, ընդհանուր թիվը՝ 6159: Ջոն Հոպկինսկի համալսարանի տվյալներով՝ Covid-19 է հաստատվել 56000 բրիտանացու տեստավորմամբ:

BBC


Հ.Գ. Երեկ Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսը հայտարարեց, որ դուրս է գալիս նախագահական ընտրարշավից: 78-ամյա քաղաքական գործիչը իր որոշումը հաղորդեց իր շտաբի ժողովում: Սանդերսը հոկտեմբերին արդեն դադարեցրել էր ընտրարշավը, երբ սրտի վիրահատություն տարավ: Նա որոշումը բացատրեց տանը՝ Վերմոնտում, արված տեսաուղերձով. «Հաղթանակի ճանապարհն անհնար է: Ես եզրակացրել եմ, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածու դառնալու այս պայքարը հաջող չի լինելու, այդ պատճառով այսօր հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս պայքարից»: Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածուն մնում է Ջո Բայդենը: «Այսօր ես շնորհավորում եմ Ջո Բայդենին, շատ արժանավոր մարդու, ում հետ կաշխատեմ մեր առաջադիմական գաղափարներն առաջ մղելու համար»՝ հայտարարել է Բերնի Սանդերսը: «Ես մնում եմ քվեաթերթիկներում բոլոր մնացած նահանգներում և շարունակելու եմ պատվիրակներ հավաքել: Առաջադրվելու է Ջո Բայդենը, բայց մենք պետք է շարունակենք աշխատել, որ հավաքենք որքան հնարավոր է շատ պատվիրակներ Դեմոկրատների համագումարում, որտեղ կարող ենք նշանակալից ազդեցություն ունենալ կուսակցական պլատֆորմի ձևավորման և այլ հարցերի վրա»՝ բացատրել է Բերնի Սանդերսը: «Դրանից հետո մենք միասին առաջ կշարժվենք, որ հաղթենք Դոնալդ Թրամփին, ամերիկյան ժամանակակից պատմության ամենավտանգավոր նախագահին»՝ եզրափակել է սենատորը: Բայդենն ապրիլի 7-ին ուներ ընտրողների կոլեգիայի 1217 ձայն, Սանդերսը՝ 914, 71 պատվիրակներ պաշտպանում են այլ թեկնածուների: Հաղթանակի համար պետք է 1991 պատվիրակի ձայն: Սանդերսի դուրս գալուց հետո Բայդենին պետք է ստանալ 774 պատվիրակի ձայն: Փաստացի՝ նա մնացել է միակ թեկնածուն:


Կորոնավարակի պանդեմիայի պատճառով ակտիվ ընտրարշավը դադարեցվել է: Բայդենն ու Սանդերսը իրենց հանդիպումները կողմնակիցների հետ վարում էին օնլայն: Չէին անցկացվում և պրայմերիզները, բացառությունը Վիսկոնսինի նահանգն էր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ հաստատեց, որ 2020-ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Բայց նույնիսկ նա չէր կարող կանխատեսել, որ իր դեմ դուրս կգա ոչ թե Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, այլ չինական արտադրության կորոնավարակը: Բայդենից էլ, իրենից էլ ազդեցիկ ու ճակատագրական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ