Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Նիկոլ Փաշինյան. Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ Ադրբեջանի ներքաղաքական վիճակն ապակայունանա

Նիկոլ Փաշինյան. Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ Ադրբեջանի ներքաղաքական վիճակն ապակայունանա
25.09.2020 | 23:43

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Վարչապետը շեշտել է, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: «Ըստ էության, մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն: Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումը խիստ կառուցողական է: Էլի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ես արել եմ աննախադեպ հայտարարություն մեր իրականության և ընդհանրապես հակամարտության պատմության ողջ ընթացքի համար՝ ասելով, որ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Արցախի ժողովրդի համար՝ ակնկալելով, որ այս հայտարարությունը համարժեք արձագանք կգտնի Ադրբեջանի ղեկավարության շրջանում, ինչը բանակցություններում ճեղքում արձանագրելու մեծ հնարավորություն կտար», - հայտարարել է նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` Ադրբեջանի արձագանքը սա էր` Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում. «Ըստ էության, այս հայտարարությունը նշանակում է, որ Ադրբեջանը, որպես նախապայման, առաջադրում է Ղարաբաղի հարցի կարգավորման մի բանաձև, որի էությունը 1988-ի ստատուս քվոյին վերադառնալն է: Հետևաբար, հարց՝ ինչպե՞ս կարելի է կարգավորել որևէ հակամարտություն՝ վերադառնալով նրա ակունքներին: Այսինքն՝ սա դուրս է տրամաբանությունից, որ որևէ հակամարտություն հնարավոր է կարգավորել՝ վերադառնալով նրա ծագման իրավիճակին: Այսինքն՝ ոչ թե հակամարտությունը լուծել, բերել զրոյական կետի, այլ սկսել նոր հակամարտություն: Ի՞նչ իմաստ ունի որպես հակամարտության կարգավորման նպատակ ձևակերպել նոր հակամարտության մեկնարկը: Սա, իհարկե, անտրամաբանական և ապակառուցողական մոտեցում է, և ուզում եմ ընդգծել, որ մեր բոլոր այն հայտարարությունները, որոնք, այսպես ասած, ականջահաճո չեն Ադրբեջանի ղեկավարությանը, մեր համարժեք արձագանքն են նրանց ապակառուցողական հայտարարություններին: Ընդ որում՝ ուզում եմ էլի հստակ ասել, որ Ադրբեջանը փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետևյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը»: Նիկոլ Փաշինյանն ասել է` Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել, որ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ 100 տոկոսով համապատասխանում է դա իրականությանը. «Ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և Ադրբեջանի ժողովրդի համար, և Հայաստանի ժողովրդի համար, և Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական», - շարունակել է վարչապետը՝ հավելելով, որ իրենց գործերը, ասելիքը, ասածները, հաղորդած բովանդակությունը բաց և փակ սենյակներում որևէ կերպ իրարից չեն տարբերվում՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում:

Դիտվել է՝ 1863

Մեկնաբանություններ