Թե՛ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկու օր առաջ ունեցած ելույթները ցույց են տալիս, որ հայկական կողմերի դիրքորոշումներն արցախյան նոր պատերազմում ներդաշնակ են և համաձայնեցված, որոնցում բովանդակվող հիմնական ուղերձը համահայկական ներուժի՝ մտավոր, ֆինանսական, ֆիզիկական և այլն, ներգրավումն է հայրենի հողի համար մղվող կենսական նշանակության պատերազմում: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ ԷՄԻԼ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆԸ, ավելացնելով՝ մինչև վերջ պայքարելու ուղերձը ցույց է տալիս, թե որքան կարևոր է այս պատերազմում հաղթանակի ամրագրումը:
-Հայկական երկու պետությունների ղեկավարների հայտարարությունները նաև ցույց են տալիս այն ուղին, որտեղ կես ճամփին կանգառը կարող է ոչ միայն կործանել հետխորհրդային շրջանում և 1991-ի անկախությունից ի վեր հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումն ի դեմս Արցախի՝ որպես ազատագրված հայրենիքի մի փոքր մաս, այլև վերջնականորեն իրագործել դեպի Հարավային Կովկաս թուրքական ներխուժման վաղեմի ծրագիրը,- ասում է քաղաքագետը:- Այդ ուղղակի սպառնալիքների դեմ պետք է պատերազմել մինչև հաղթական ավարտ, որքան էլ դժվար ու դաժան լինի կամ անիրականանալի թվա: Հիշենք, որ հայրենական պատերազմներում հաղթանակները հաճախ արձանագրվել են այն շրջադարձային կետից հետո, երբ թվացել է, թե ամենը կորսված է: Սակայն մեր պարագան այդպիսին չէ, քանի որ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական տեսանկյունից խաղաքարտեր ունենք, որոնք դեռ չենք բացել թշնամու առաջ:
-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փաստում է՝ թշնամին կարողացել է մխրճվել Արցախի որոշ շրջաններ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվն էլ օրերս հիշեցրել էր հայտնի հինգ շրջանի մասին: Ինչ-որ գործընթաց, այնուամենայնիվ, եփվու՞մ է։
-Բացառվում է, որ հերոսական հայ զինականի արյան գնով ձեռք բերվածի հետ քաղաքական առևտուր տեղի ունենա: Թե՛ հայ զինականը, թե՛ հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմի դաշտում անում են անհնարինը: Եվ այս հարցում կարելի է առանձնացնել մի քանի փաստարկ: Նախ՝ այսպիսի բարձր ինտենսիվության ռազմական գործողություններ, սպառազինության, զինտեխնիկայի այսպիսի տեսականի և դրանց կիրառության ծավալներ, մարդկային ֆիզիկական ուժեր չեն եղել ո՛չ 90-ականներին, ո՛չ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: Երկրորդ՝ թշնամին ոչ միայն դիվանագիտական ու քաղաքական, այլև ռազմական ոլորտում երբևէ չի ունեցել թուրքական գործոնի այսչափ ներգրավվածություն: Երրորդ՝ Արցախի դեմ մղվող պատերազմում ահաբեկիչներ են ներգրավված: Այս հանգամանքներն են նաև պատճառը, որ թշնամին հսկայական ուժերի կենտրոնացմամբ և դրանց ուղղակի մասնակցությամբ ինչ-որ դեպքերում կարողացել է որոշակի առաջխաղացում ունենալ, բայց և ընդունենք այն փաստը, որ նա այդ խիստ պայմանական վիճակին հասել է մի քանի հազար զոհերի, մի քանի հարյուր միավոր զինտեխնիկայի կորստի պարագայում: Իսկ պատերազմը դեռ ավարտված չէ, ինչը նշանակում է, որ դիրքային առավելությունները փոփոխական են: Թշնամին, ըստ էության, այս ժամանակահատվածում որևէ ռազմավարական խնդիր չի կարողացել լուծել: Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանը, ապա դա որևէ մեկի համար գաղտնիք չէր: Դա հայտնի «լավրովյան պլանի» բարձրաձայնումն էր՝ օգտվելով ստեղծված իրավիճակից, ինչին հայկական կողմը հստակ բացասական պատասխան տվեց: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ հետխորհրդային շրջանում որևէ ինքնորոշված սուբյեկտ չի պայքարել և չի պաշտպանել իր անկախությունը, իր ինքնորոշման իրավունքը, իր տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես դա արել և այսօր էլ անում է Արցախը: Իսկ ՌԴ-ն, որին 2008-ին օգոստոսին աբխազական և հարավ-օսական պատերազմներում հինգ օրը բավարար եղավ, որպեսզի ճանաչի այդ սուբյեկտների անկախությունը, պետք է հարգի նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման և իրավահավասարության իրավունքը և հիմք ընդունելով իր կողմից արդեն ընդունված ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու հանգամանքը, ցուցաբերի բավարար քաղաքական կամք և ճանաչի նույն տարածաշրջանում փաստացիորեն և իրավականորեն ինքնորոշված երրորդ սուբյեկտի՝ Արցախի անկախությունը՝ դրանով դառնալով հարավ-կովկասյան տարածաշրջանում իսկապես անվտանգության և խաղաղության առաջնահերթ երաշխավորը:
-ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից զատ այլ հարթակ ունենալու մասին խոսակցություններն իրատեսակա՞ն են:
-Կոնֆլիկտի կարգավորման միջազգայնորեն ճանաչված և ընդունված ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների փոփոխության կամ նոր դերակատարների ներգրավման առաջարկները հնչում են ադրբեջանական կողմից: Սա այս տարիների ընթացքում արված և արվող ամբողջ աշխատանքը, ինչպես նաև համանախագահների ջանքերը կասկածի տակ առնելու, անարգելու քաղաքականություն է: Դա ուղղակիորեն ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը տասնամյակներ շարունակ ադրբեջական կողմն օգտագործել է ժամանակ շահելով պատերազմի պատրաստվելու և պարբերաբար հարձակման փորձեր կատարելու նպատակով՝ ջուրը գցելով կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու միջնորդական առաքելության բոլոր ջանքերը: Ադրբեջանական կողմի այս ցինիկ գործելաոճը նաև ուղիղ ապտակ է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրներին: Դրանով ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ միջնորդներն անկարող և անպիտան սուբյեկտներ են, որոնք որևէ կերպ չեն կարողացել կոնֆլիկտն իր շահերին համապատասխան լուծել: Հետևապես, ադրբեջանական կողմը նաև տասնամյակներ շարունակ օգտագործել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին: Եվ այսօր կոնֆլիկտում ուղղակիորեն ներգրավելով Թուրքիային՝ Ադրբեջանը կոչ է անում նրան դարձնել բանակցությունների կողմ, որը միանշանակ հանդես է գալու թուրք-ադրբեջանական շահերի պաշտպանության օգտին: Հետևապես՝ եթե ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրներն իսկապես վախենալու և սակարկելու որևէ բան չունեն, ապա Ադրբեջանի՝ Թուրքիան բանակցային գործընթացում ներառելու այս առաջարկը պետք է ընդունեն որպես վիրավորանք՝ ուղղված իրենց պետություններին: Սա ուղիղ մարտահրավեր է, որը նետել է Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրներին: Իսկ այս հանգամանքը փաստարկված հիմքեր է տալիս այդ երկրներին իսկապես վերանայելու իրենց դիրքորոշումն Արցախի վերաբերյալ և վերաբերմունքը հենց Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ համանախագահ երկրներին հիմքեր է տվել քննարկելու Արցախի ճանաչման հարցը, եթե, իրոք, նրանց դիրքորոշումները խտրական չեն, իրենք էլ քաղաքական շահ ու կամք ունեն:
-Լավրովը շեշտում է Արցախում խաղաղապահների կամ ռազմական դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը։ Խաղաղապահների մասին խոսում է նաև Թուրքիան։ Կլինե՞ն խաղաղապահներ, ի վերջո, թե՞ ոչ։
-Այս հարցի վերաբերյալ պետք է ճշգրտում անել. արդյո՞ք Ռուսաստանը և Թուրքիան խոսում են միևնույն խաղաղապահների մասին, թե՞ նրանցից յուրաքանչյուրը նկատի ունի իր խաղաղապահներին, և ու՞մ շահերից են բխում խաղաղապահների տեղակայման առաջարկները: Թուրքիայի կողմից այս առաջարկն ուղղակի հակատրամաբանական է: Ինչպե՞ս կարող է մի պետություն, որն իր գործողություններով և կոչերով ուղղակիորեն նպաստում և մասնակցում է կոնֆլիկտի գոտում արյունահեղությանը, խաղաղ բնակիչների սպանությանը, խոսել խաղաղապահների մասին: Նրա պարագայում՝ դրանք ոչ թե խաղաղապահներ, այլ ցեղասպաններ են լինելու: ՌԴ-ի պարագան այլ է: Սակայն մեր հիշողության մեջ դեռ պահպանվել է ռուս խաղաղապահների դերակատարությունը և նշանակությունը 90-ականների սկզբին, ինչպես նաև «Օղակ» օպերացիան ենք հիշում: Այնպես որ, այս տարբերակը նույնպես մերժելի է: Կոնֆլիկտը կարելի է կանգնեցնել այլ, ավելի պարզ և արդյունավետ միջոցներով: Թուրքիայի դեպքում՝ կոնֆլիկտին չխառնվելու, ՌԴ-ի դեպքում Արցախի անկախության ճանաչման միջոցով: Խաղաղապահների տեղակայումը կոնֆլիկտի ոչ թե լուծմանը, այլ դրա կառավարմանն է ուղղված, ինչը հղի է բազմաթիվ նոր սպառնալիքներով՝ կապված Արցախի ժողովրդի և տարածաշրջանի իրական խաղաղության և անվտանգության հետ:
-«Ադրբեջանը կողմ է խաղաղության հաստատմանը, բայց բանակցություններին պետք է նաև Թուրքիան մասնակցի»,- ասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դա որևէ կերպ թույլ տալը ի՞նչ կնշանակի։
-Միանշանակ է, որ Արցախյան խնդրում արդեն իսկ չեզոքություն և անաչառություն չցուցաբերող Թուրքիան չի կարող լինել չեզոք և անաչառ միջնորդ: Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացքում կնշանակի քաղաքական առևտուր՝ հօգուտ Ադրբեջանի: Թուրքիայի ներգրավման համար որևէ օբյեկտիվ պատճառ լինել չի կարող, ուստի Թուրքիայի՝ որևէ ձևաչափով կոնֆլիկտի կարգավորման գործընթացին ներգրավումը պետք է բացառվի:
-Պարզ է՝ թե՛ Թուրքիան, թե՛ ՌԴ-ն ցանկանում են տարածաշրջանում գերիշխող դիրք զբաղեցնել։ Ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը:
-ՀՀ-ի դիրքորոշումը պետք է լինի այն, որ տարածաշրջանի ազդեցության գոտիների բաշխման կամ հավասարակշռման գործում ոչ թե գործիք լինի, այլ ազդեցիկ գործոն դառնա, ինչը ՀՀ-ն փայլուն կերպով իրականացնում է այսօր՝ փաստացիորեն պատերազմելով նաև տարածաշրջանային անվտանգության համար: Առաջին հանրապետության պատմական փորձը ցույց է տվել, որ Հայկական պետության հաշվին ռուս-թուրքական սակարկություններ են եղել, և արցախյան խնդրի արմատը հենց այդ սակարկությունների արդյունքն է: Եթե ՌԴ-ն իրապես ձգտում է պահպանել և վերահաստատել իր գերիշխող դերը Հարավային Կովկասում և առաջնությունը չզիջել Թուրքիային (որը վերջին տարիներին հաջողեց կլանել Վրաստանը տնտեսական, էներգետիկ ոլորտով և հաղորդակցություններով, ինչպես նաև Ադրբեջանը կլանեց քաղաքականապես, և այդ երկու պետություններից ռուսական ռազմական ներկայությունն ուղղակի դուրս մղվեց), ապա պետք է քաջ գիտակցի, որ իր միակ դաշնակիցը՝ Հայաստանը, որը դեռ հավատում է իրեն և որտեղ նա դեռ ունի ռազմական ներկայություն, պետք է դառնա հզոր պետություն նաև ռուսական կողմի աջակցությամբ: Ի դեմս Հայաստանի՝ հզոր դաշնակից ունենալն է միայն հարավ-կովկասյան տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերի ամրության երաշխիքը: Եթե թույլ է Հայաստանը, թույլ է ՌԴ-ն այս տարածաշրջանում, և հակառակը: Որքան ՌԴ-ն դառնա գրավիչ և նպաստի իր դաշնակցի հզորացմանը նաև այս պատերազմի շրջանում, ինչն իրական փորձաքար է ՀՀ-ՌԴ դաշնակցային-ռազմավարական փոխհարաբերությունների համար, այնքան կմեծանա ոչ թե տարածաշրջանից նրա դուրսմղման հեռանկարը, այլ հակառակը: ՌԴ-ն պետք է քաջ գիտակցի, որ հայկական պետության դեմ ուղղված թուրք-ադրբեջանական-ահաբեկչական պատերազմը շատ արագ պրոյեկտվելու է դեպի Հյուսիսային Կովկաս, այսինքն՝ անմիջապես իր պետական տարածք: Վերջին օրերին Չեչնիայում սիրիացի ահաբեկիչների վնասազերծումը դրա ուղիղ ահազանգն է:
Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ