Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ զարմացնում ու զայրացնում է այն հարցը, թե ինչու է այս օրերին շարունակում Ստեփանակերտում մնալ: «Իրատեսի» հետ զրույցում սրտնեղեց՝ նույն պատասխանը տալուց արդեն հոգնել է, իսկ ու՞ր գնա, եթե իր տունն Արցախում է: Պատերազմի ժամին, ասում է, իհարկե, միշտ էլ վտանգ կա, բայց իրողությունն այն է, ինչ ունենք, հետևաբար, ապրել ու արարել է պետք: «Ֆիզիկապես երբեմն անհնարին է դառնում լսել տագնապի ձայնը, այն հաճախ ավելի սարսափազդու է, քան հենց հրթիռի կամ ռումբերի ձայնը: Բայց դա էլ արդեն մեր կենցաղի մի մասն է դարձել: Այս պահին ինձ միայն մի բան է անհանգստացնում՝ այնպես չլինի հանկարծ, որ հարմարվենք պատերազմ հասկացությանը, այս չարիքին հարմարվել պարզապես չի կարելի»,- ասում է նա:
Պատգամավորը նկատել է՝ պատերազմի առաջին իսկ օրվանից մարդկանց թե՛ մտածողության, թե՛ ապրելակերպի մեջ շատ բան է փոխվել, ու եթե առաջին օրերին բոլորը վստահ էին, որ հաղթանակն ու խաղաղությունն արագ են տրվելու, հետզհետե գիտակցեցին՝ երկարատև պայքարի համար յուրաքանչյուրն իրենից կախված ամեն բան պետք է անի: Այս օրերի միակ անփոփոխ բանը հաղթանակի սպասումն է, ինչին ամեն վայրկյան են սպասում. «Պատերազմի կենտրոնում գտնվող մարդու համար միանգամից շատ արժեքներ են փոխվում: Երբ հիմա ինձ հարցնում եք՝ լա՞վ եք, չգիտեմ՝ ինչ պատասխանել: Պատերազմի ժամանակ լավ ու վատ չկա: Օրվա մեջ կարող է թվալ, թե ամեն բան կարգին է, կյանքը շարունակվում է, կարող ես ճաշել, խոհանոցային գործերով տարվել, եփել-թափել, լվանալ-մաքրել, բայց րոպեներ անց օդային տագնապը բոլորվին այլ իրողություն է թելադրում: Մի խոսքով, պատերազմն է որոշում մեր առօրյան, ապրելակերպը»:
Մետաքսե Հակոբյանի նման Արցախում շատերը չեն լքել իրենց տները, ապաստարաններում են հիմնականում լինում, քնում են, ճաշում նկուղներում, կենցաղային բոլոր հարմարությունները ստեղծել են: «Մենք ինքնակազմակերպվող ազգ ենք, 20-30 հոգու համար կերակուր ենք պատրաստում, մեկ ընտանիքի պես նստում, վեր կենում: Մեկ ընտանիքի պես ուրախանում ենք սահմանից եկող ուրախ լուրով, բոլորով տխրում ողբերգական բոթերից: Էլ չենք հարցնում՝ ծանոթ է, անծանոթ է, որտեղից էր. բոլորն են մերը: Մայրը սգում է ուրիշի որդու մահը, չկա իմ ու քո որդի, բոլորն էլ մեր հայրերն ու ամուսինները, եղբայրներն ու որդիներն են: Կանանց աչքերը չեն ցամաքում, ու ամենասարսափելին այն է, երբ տեսնում ես աժդահա տղամարդու արցունքը, որ հողին է հանձնում իր կողքին կռված ու ընկած որդուն: Պատերազմն իր դաժան կնիքը թողնում է, այն մահ ու կորուստ է: Բայց, գիտե՞ք, երևի «հայի ոգի» ասվածը, իսկապես, իրենն անում է: Մենք ողբում ենք, սգում ենք, գոռում ենք, բայց չենք ընկճվում, որովհետև հասկանում ենք՝ եթե ընճվենք, ուրեմն պարտվել ենք: Այստեղ բոլորը գիտեն՝ հաղթանակն ու խաղաղությունը պետք է պարտադրել թշնամուն: Բոլորը գիտակցում են՝ մեծ կորուստներով, բայց սա մեր վերջին կռիվը պետք է լինի»,- ասում է մեր զրուցակիցը:
Արցախցի պատգամավորն ավելացնում է նաև՝ Արցախում բոլորն այժմ մեկ «պաշտոն» ունեն՝ հող-հայրենին չլքող ու հայրենիքն ամեն գնով պաշտպանող քաղաքացի: Չկա պատգամավոր, նախարար, պաշտոնյա բաժանումը, բոլորը մեկ են: Ապրում ու արարում են ինքնակազմակերպված՝ հասկանալով՝ ով, որտեղ ու ինչով օգտակար կլինի հայրենիքին. «Մենք պատերազմ չենք ուզում, երազում ենք խաղաղ կյանքի մասին, մեր երեխաներն աշխարհի ցանկացած այլ պետության երեխաների նման իրավունք ունեն խաղաղության մեջ մեծանալու, ապրելու ու կրթվելու: Օրվա մեջ անպայման ժամանակ եմ գտնում Ստեփանակերտում քայլելու: Սիրտս ճմլվում է՝ տեսնելով ավերածությունները, ամեն քար ու թուփ թանկ է ինձ համար: Անիրավ ոսոխն ի՜նչ անսրտությամբ է ուզում հողին հավասարեցնել մեր քափ-քրտինքով կառուցածը: Բայց, տեր Աստված, մտածում եմ՝ միայն թե ավարտվի պատերազմը, այլևս զոհեր չունենանք, ու աշխարհը կտեսնի՝ ի՜նչ Ստեփանակերտ ենք կառուցելու: Թե՛ մարտի դաշտում, թե՛ թիկունքում ամուր ենք, մեր ոգին չի կոտրվում ու չի կոտրվելու: Արցախը մեր հայրենիքն է, այս երկրի տերը մե՛նք ենք»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ