Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարտիրոսի հոգու ցուցահանդեսը

Մարտիրոսի հոգու ցուցահանդեսը
05.12.2022 | 07:32

Մոտ մեկ տարի առաջ «Իրատեսում» տպագրվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյանի մասին «Երբ խորքը դառնում է․․․ ռելիեֆ» վերնագրով հրապարակումս։ Առիթը գորիսյան պլեներն էր, որը շատ կարճ ժամանակում ծանոթությունից վերաճեց ընկերության, ջերմ, ընկերական, բարեկամական փոխհարաբերությունների։ Համեստ լինենք՝ չասենք խորքային, սակայն կերպարի էպիկականության ու նույնքան կոլորիտայնության շնորհիվ հրապարակումս վարպետի կենսագրությանը, ստեղծագործական ուղուն նվիրված բավականին հետաքրքիր ընթերցում էր ստացվել՝ աննկատ չմնալով արվեստասեր հասարակայնության կողմից։
Նրանք, ովքեր Մարտիրոսին կուզենան մանրամասների մեջ ճանաչել, կարող ենք գտնել այդ նյութն ու կարդալ, սակայն այնտեղից մի հատված մեջբերելու շռայլություն ինձ այնուամենայնիվ թույլ տամ, որովհետև այն կօգնի ինչպես հնարավորինս լակոնիկ լինել ասելիքում, այնպես էլ հնարավորինս արագ անցնել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը նկարչի ունեցած ցուցահանդեսին։


Մեջբերվող հատվածը․ «Ես հարկավ գեղարվեստի խորագիտակ չեմ, որ տամ Մարտիրոսի արվեստի ամբողջական, համապարփակ գնահատականը, թեև եթե ստեղծագործողը կենդանի շունչ է, ընթացք, այդ ո՞վ է ի զորու նրա դիմանկարի աբողջական պատկերը տալ։ Ուստի ես ընդամենը փաստում եմ, որ Մարտիրոսին հաջողվել է ստեղծել ի՛ր աշխարհը, որտեղ նույն թրթիռի մեջ հավասարապես աշխատում են գույնի ու դետալի համադրումը, տարածությունն ու ժամանակը, միտքն ու զգացողությունը՝ իրենց հավաքականության մեջ վերածվելով համանվագի՝ դիմացինին մղելով մտածելու, զգալու, ամբողջանալու պարտադրանքի»։


Վերացարկվելով ամեն կարգի պայմանականություններից՝ ասենք, որ ի դեմս Մարտիրոսի այս ցուցահանդեսի, աշնան ավարտին ու մոտեցող ձմռան շեմին Նկարիչների միության միանգամից երկու սրահում․․․ գարուն էր ծաղկել՝ «Արա Սարգսյանում» նկարչի կոլաժներն էին կտավների համադրումով, «Մարտիրոս Սարյանում»՝ ինքանկարներն էին՝ մի յուրօրինակ մարտիրոսապատում, որի մասին աններելի կլինի առանձին չխոսելը։


Թողնենք հարցը մի կողմ, թե աշխարհում կա՞ այլ մեկը, ով իր դիմանկարներն այդքան անգամներ կերտած կլինի։ Ենթադրելիք բացասական պատասխանով հանդերձ ամբողջ խնդիրն այն է, որ ներկայացված այդ ավելի քան երկու հարյուր ու պահուստային սենյակում մնացած ավելի քան հարյուր գործերից և ոչ մեկը (ցուցահանդեսի երրորդ-չորրորդ օրը միայն դրանք բերվեցին սրահ ու շարվեցին հատակին, քանզի պատերին ազատ տեղ չկար), չի կրկնում մյուսին ոչ հույզի, ոչ տրամադրության, ոչ մտորումների, ոչ ապրումների ոչ ապրած խոհերի ու զգացումների առումներով (այլևայլ բնութագրումները թողնում եմ ձեզ)։ Ավելին՝ դրանք անգամ այդ ինքնանկարների «կառուցման» մեջ ներառված նյութերի առումով են տարբեր։ Խոշոր հաշվով դրանք գործածությունից դուրս եկած իրեր են, թափոններ, սակայն Մարտիրոսն այստեղ էլ է յուրահատուկ։ Ինքը ոչ միայն դրանք վերածում է ասելիքը պայմանավորող, հույզերը, ապրումները, զգացողությունները, մտորումները փոխանցող միջոցի, այլև առարկայնորեն ցույց է տալիս, որ իրականում թափոն կարող է լինել ու այդպիսին կա լոկ մեկ բան՝ այս աշխարհի ներդաշանակությունն ու համանվագը, պոեզիան խաթարողը։ Ցավոք այդ ավերողը տվյալ դեպքում մարդակերպ գազան է, հոգեգարը։


Այդ ինքնանկարների ստեղծման գաղափարը (ի դեպ շարքն առաջին անգամ էր հրապարակային ներկայացվում հանրությանը) նկարչի մոտ եկել է օտար ափերում բնակություն հաստատած դստեր նկատմամբ ծնված կարոտից։ Այդ հետո՛ է ապրումների այդ անձնականությունը վերածվել աշխարհի վրա լայն բացված պատուհանի, աշխարհին նետված հայացքի, որը Մարտիրոսի արվեստում՝ դիմանկար, կտավ, կոլաժ, քանդակ թե ինքնարտահայտման մեկ այլ ձև, միջոց, դառնում է հավաքական ազդու ընթերցում, որը մի դեմքում, համատարած ավերի հենքի վրա ֆրանսիացի հանճարի՝ Վիկտոր Հյուգոյի «Այստեղով թուրքեր են անցել» հայտնի զգուշացումն է, մեկ այլ դեպքում այդ զգուշացման փոքր-ինչ այլ հնչողությամբ հուշումը՝ «Այստեղով կանցնեն թուրքերը, եթե․․․», երրորդ դեպքում՝ մեղեդի և այլն, և այլն։
Մարտիրոսյան այս զգուշացումների առանցքում աշխարհի ճակատագրով անհանգստացած մարդն է պատասխանատվության իր բաժնեմասով ու տագնապներով։ Նա 1915 թվականի Եղեռնի («Ականատեսները», «Գաղթ», «Անմեղ արյուն») կամ 2020-ին մեզ պարտադրված անհասկանալի պատերազմի («Անմեղ արյուն», «Այլ պատերազմ») ցավը կրողը չէ միայն, այլև առհասարակ պատերազմի, աշխարհն իր մահվան ճիրանների մեջ առած ահաբեկչության («Երկրագունդը՝ փամփշտապատված», «Պատերազմ», «Պատերազմի բնանկար», «Պատերազմի երեխաները») բերած սարսափներն ու տագնապներն իր մաշկի վրա առարկայնորեն զգացողը։


Ցուցահանեսում բավականին մեծ ընդգրկվածությամբ է ներկայացված Մարտիրոսի պաշտամունքն առ երաժշտությունը (նա սիրում է երաժշտության ուղեկցությամբ ստեղծագործել) ։ «Մեղեդիներ» շարքը ներառում է համաշխարհային ու հայ երաժշտարվեստի մեծանուն դեմքերին՝ «Բեթհովեն», «Արամ Խաչատրյան», «Առնո Բաբաջանյան», «Օհան Դուրյան»․․․ նրբորեն փոխակերպվելով սիրո թրթիռի («Սիրո մեղեդի»), կնոջ գեղեցկության ու առհասարակ գեղեցկության առջև խոնարհման («Քնած Վեներա», «Սերենադ»)։ Իսկ ինչե՜ր արժեն տատիկներին ձոնված կտավներն ու դրանց մեջ հատկապես «Մայրիկ Ջոկոնդան», «Տատի», «Մայրիկ» գործերը։
Հարկավ Մարտիրոսի այս ցուցահանդեսի մասին խոսքը կիսատ կլինի, եթե գոնե հպանցիկ չհիշատակենք հայրենի Գարդման աշխարհն ու նրա մաս կազմած Բանանցը՝ իր ծննդավայրը, հայրենի եզերքին նվիրված նրա գործերը։ Նայում ես դրանք ու վերստին համոզվում այն պարզ ճշմարտության մեջ, որ բոլորս էլ գալիս ենք մեր ծննդավայրից՝ նայած թե յուրաքանչյուրս որքանով ենք հավատարիմ մնում պարտքը վերադարձնելու մեր․․․ չպարտավորված պարտավորվածությանը։


Ավարտենք։ ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի դիպուկ որակմամբ սիրո, հոգու այս ցուցահանդեսն իրապես թարմ շունչ էր հայաստանյան մշակութային կյանքում, ու եթե մնացածները թողնենք մի կողմ, ուներ ակնհայտ մեկ առավելություն՝ հպանցիկ դիտման համար չէր, ինչպես որ հպանցիկ դիտողի համար չէր։ Այն մտորելու, ընդհանրացումների մղող ցուցահանդես էր, ու եթե նման իրադարձությունները համընկնելու են հոբելյանների հետ, ինչպիսին տվյալ դեպքում Մարտիրոս Խաչատուրի Բադալյանի 70-ամյակն է, ապա թող որ լինեն այս քաշի ու ուժգնության։
Եվ վերջինը, որը պիտի գրվեր պարտադրանքի ուժով։


Տոհմի պատմության մեջ նույն մասնագիտությունն ունեցող մարդկանց կրկնվելը նորմալ զարգացումների շարքից է, ինչ-որ տեղ անգամ առավելություն բերող գործոն․ հազար ու մի խնդիր կա՝ սկսած տարրական ճանաչումից մինչև անցնելիք ուղու համար շատ ու շատ անհրաժեշտ նախադրյալների առկայություն։ Այս առումով Մարտիրոսի բախտը չի բերել՝ մինչև առաջին երեք-չորս պորտը գերդաստանի պատմության մեջ նկարչության, առհասարակ արվեստի հետ առնչություն ունեցած ոչ մեկը չկա, նրանից այն կողմ էլ ցեղի հիշողությունը ոչինչ չի պահպանել։ Սակայն Մարտիրոսի բախտը մեկ այլ առանցքային բանում է բերել՝ օրորոցում է Աստված նրա ճակատը համբուրել ու կնքել․․․ նկարիչ, ու դա նրա ամենահզոր հաղթաթղթերից է արվեստի աշխարհում։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 25874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ