«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Կ․ Դեմիրճյանի հետ իմ շարունակական երկու և մեկ առանձնահանդիպումը

Կ․ Դեմիրճյանի հետ իմ շարունակական երկու և մեկ առանձնահանդիպումը
17.04.2023 | 23:42

(սկիզբը` այստեղ)

Այստեղ, առաջ անցնելով, թույլ տվեք ասել, որ թերթի գլխավոր խմբագրի հետ այս զրույցի շուրջ բնականաբար կիսվել եմ, ու իր ափսոսանքն էլ է ինձ ակնհայտ եղել, որ ժամանակային այդ հատվածում այդ հարցազրույցը կարող էր և որոշների կողմից անհարկի միջամտություն դիտվել, ու ես թերթում աշխատելու տարիներին խորապես տագնապել եմ, որ կարող է հարցազրույցի պատրաստ լինելու դեմիրճյանական զանգը հնչի ու հայտնվեմ ապուշ վիճակում, թեպետ արգելքների դեպքում ես անգամ աշխատանքից ազատվելու գնով կգնայի նախկին միութենական մամուլում հանդես գալու քայլին:

Ինչևէ: Նավթավառները բերեցինք (ավելի ճիշտ՝ բերեցին) ակնկալված տասի փոխարեն քսանը ու որ գոնե ինձ համար ամենաթանկն է, եղավ հեռախոսազանգը. «Բալա, էսքանով յոլա գնացեք, մինչև մի երկու ամսից ավելի լավ դիզայնով պատրաստվածներից ուղարկեմ»: -«Կարեն Սերոբիչ, -ասացի, -շնորհակալ եմ աջակցության համար, սակայն հարց ունեմ՝ գումարը ո՞նց ենք վճարելու»: Պատասխանեց. «Չէ, ոնց որ իրար էնքան էլ լավ չենք հասկանում: Զինվորի վրա բան չեն վաճառում, տղա ջան: Ինչ տարբերություն, Դուք էլ մեր մտավոր աշխատանքի զինվորներն եք»:

Հնարավորինս սեղմ գծերով թերևս այսքանն այդ լուսավոր մարդու մասին, ով իսկապես երևույթ էր մեր երկրի կյանքում, ում մեծությունը նրանից ավելի ու ավելի հեռացնող ժամանակի հետ գնալով ավելի է մեծանում, որովհետև նա մարդ էր, քաղաքացի, պետական գործիչ անպարագիծ չափումներով: Սակայն խոսքս ավարտելուց առաջ կուզենայի անդրադառնալ հանրապետական մամուլում իմ ունեցած երկու հրապարակումներին, որոնք, կարծում եմ, շոշափելի շտրիխներ են մեծանուն հայի դիմանկարին։

Մեղրու տարածաշրջանի զարգացման հիմնախնդիրների մասին կառավարության ընդունած որոշման առնչությամբ 2000-ին ես պատրաստեցի մի վերլուծական, ապաև «Հեռացող, մոտեցող երկիր» վերտառությամբ հրապարակում, որտեղ ի մասնավորի անդրադարձել էի Քաջարանից Մեղրի տանող ճանապարհին, որի շինարարությունը, հակառակ դրա տնտեսական անարդյունավետության հիմնավորումներին, նախաձեռնելու ու ավարտին հասցնելու անկոտրում կամք ունեցավ նա՝ ոչ հեռավոր ապագայի մեջ զարմանալի իմաստնությամբ տեսնելով դրա երկրապահպան, հողապահպան, ազգապահպան նշանակությունը:

Տարիներ անց ես Կ․ Դեմիրճյանի այրուց անձամբ, ապաև տիկին Ռիմայի «Հիշատակ» գրքից տեղեկացա, թե սույնով ներսի ծառայամիտ ուժերի ու միութենական իշխանությունների դեմ գնալու քաղաքացիական ինչ խիզախություն է ունեցել նա, և որ այդ ճանապարհի շինարությունը ինչպես է արժեցել նրան ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումի կասեցում (որոշումը պատրաստ է եղել ստորագրման, նախագիծը նրան ցույց տվողն եղել է… Հեյդար Ալիևը՝ այն ժամանակ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված Ադրբեջանի կոմկուսի նախկին առաջին քարտուղարը, ով առանձնապես շահագրգռված էր այդ նախագիծը կյանքի չկոչելու հարցում):

Երկրորդ հրապարակումը վերաբերում է ծանրամարտի 1983թ. աշխարհի առաջնությունը Հայաստանից վերցնելուն, այդ առնչությամբ Կ․ Դեմիրճյանի ապրումներին (Մոսկվա տեղափոխած առաջնությունում հայաստանյան երեք պատվիրակներն էլ՝ Յուրի Վարդանյանը, Յուրիկ Սարգսյանն ու Հոկսեն Միրզոյանը, չեմպիոն հռչակվելով՝ ապտակեցին առաջնությունը Հայաստանի ձեռքից տարածներին, թեպետ հանուն ճշմարտության պիտի ասել, որ Մոսկվան այդ քայլին չկամությամբ գնաց՝ բացառապես զգուշանալով սփյուռքյան հայկական հայտնի կազմակերպություններից մեկի ահաբեկումներից. առաջնությանը մասնակցելու էր և Թուրքիան, իսկ Եղեռնի հուշակոթողի հարևանությամբ գտնվող մարզահամերգայինում այդ երկրի դրոշի բարձրացումը դիտվել էր որպես 1915թ. զոհերի հիշատակի անարգում), որից ստորև արվող մեջբերումով էլ կուզենայի ավարտել խոսքս. «Թե Հայաստանն ինչպես ընդունեց իր զավակներին, ականատեսներն ինձնից լավ կարող են պատմել ներկա ու եկող սերունդներին. հավատացեք` ձևեր չեմ թափում, ես դրա ուժն ու զորությունը չունեմ: Թե յուրաքանչյուր հայորդու պես մեր ոսկե եռյակի փառահեղ ելույթին ինչպիսին եղավ Կարեն Դեմիրճյանի առաջին արձագանքը, գիտեն մեկ նա ինքը` Լուսահոգին, ու մեկ էլ` Աստված: Սակայն այդ օրը, խենթ հրճվանքի մեջ, ասում են Ծիծեռնակաբերդի կողմից երկու ծա՜նր տնքոց է լսվել` մեկը` մարդու, մյուսը` շինության: Ասում են նաև, որ այդ օրը Մասիսը նախ մի խրոխտ հայացք է գցել աջ ու ահյակ, ապա հպարտ ու տիրաբար անցել է սահմանը ու հայրաբար համբուրել երկու ճակատ` մեկը` ՄԱՐԴՈՒ, մյուսը մարդու արարչագործ ձեռքի ՇԻՆՈՒԹՅԱՆ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 13682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ