«Ռուս պաշտոնյաները երբեք չեն էլ ակնարկել օրինական ընտրված իշխանությունների տապալման մասին որևէ տեղ: Կուզենայի, որ Երևանի իշխանությունները, երբ խոսում են նման բաների մասին, հիշեն, որ մենք նման մոտեցում ենք դավանում Երևանի ներկայիս իշխանությունների, նախորդ իշխանությունների և ցանկացած ինքնիշխան պետության նկատմամբ»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Իմ Ներսիսյանը

Իմ  Ներսիսյանը
28.11.2023 | 11:10

Քամյու եմ կարդում, «Կալիգուլան»:

« Օ՜, հրե՛շ, նորի՞ց խաղացիր: Խաղում էիր, չէ՞: Եվ գոհ ես քեզնից:

Այո՛, խաղում էի»:

Այս անունը Լևոն Ներսիսյանին տվել են Բոհեմում: Ինչու՞: Խաղալու՞ համար, թե՞ հաճախ է մեջբերել այս խոսքերը:

Նրա կյա՜նքը: Խաղն ու ամենօրյան միախառնված էին նրա մեջ: Իսկական արտիստ: Վիրտուոզ: Այնպես էր խաղում, որ միայն նրան մոտիկից ճանաչողները կարող էին գուշակել խաղի և իրականի սահմանները:

Հրե՜շ, թե չէ ինչու՞ այդ կատարյալ գեղեցկությանը և անհուն իմաստնությանն ու հմայքին Հրեշ կանվանեին:

Ա՜խ, այս խելքս այն ժամանակ ունենայի, ճանաչեի, ավելի խոր ըմբոշխնեի նրա դասերի վայելքը: Էլի կար վայելք: Շատ կար, այնքան, որ արցունքոտվում էին աչքերս:

Օ՜, ինչ երջանկություն, որ լսել եմ նրան, որ ընդհանրապես լսել եմ այն ժամանակ:

Շատ էր խոսում Կալիգուլայի, Սիզիփոսի, աբսուրդի մասին: Մեզ ոչ թե թեմաներն էր հաղորդում, այլ իր վերաբերմունքը, իր մտքերն էր հասցնում մեզ այդ թեմայի շրջանակներում: Շատ էր կարդում, համարյա միշտ ձեռքին գիրք էինք տեսնում և այնքան էինք ուզում իմանալ, թե ինչ գիրք է կարդում: Համալսարանից քիչ հեռու օտար լեզուներով գրականություն վաճառող գրախանութից հաճախ եմ տեսել նրան դուրս գալիս: Գիտեինք, որ մի քանի լեզվի է տիրապետում:

Ա՜յն ժամանակները, և ազատության նրա անսահման ձգտումը: Եվ նա փոխանցում էր մեզ մտքի ու հոգու ազատության զգացումը: Գեղեցիկը նրա համար բնականն էր, վերին սահմանը` հին հույների ճաշակը, գեղեցիկի նրա՛նց ըմբռնումը:

Խո՜ր միայնությունն էր նրա ուղեկիցը: Այդքան հիացմունքի, երկրպագության, սիրո մթնոլորտով շրջապատված, նա մենակ էր:

Հիմա ավելի խորն եմ դա գիտակցում:

Սատանայական բան էլ կար նրա մեջ. ոչ թե առեղծված, այլ հենց սատանա: Ինչպես էր գերում, գրավում մեզ, ինչ ուզես` անում էր մեր սրտերի ու մտքերի հետ, ուր ասես չէր շպրտում մեզ, ուր ասես չէր թողնում, ու մեկ էլ նրա միտքը, մեզ թողած ապշած հիացմունքի մեջ, նոր ճախր էր առնում, ու սկսվում էր նոր շրջապտույտը` այնքան գայթակղիչ, երբեմն անհասկանալի, բայց միշտ գրավիչ, միշտ արտիստիկ ու փայլուն կատարումով:

Ոչ ոք համարյա չէր գրում նրա դասախոսությունը: Եվ ո՞վ թղթին կնայեր թողած նրա գրավիչ արտաքինը, խոսուն շարժուձևը, աչքե՜րը, աչքե՜րը և ձա՜յնը` երաժշտական ու բոլոր անհրաժեշտ տարրերով լեցուն, լեզուն` հղկված, մաքուր, աստվածայի՛ն գրական:

«ՈՒ դաբիրներուդ իյնա՜մ ծնրադիր». մեծարենցյան այս տողը բնորոշել կարող է մեր ունեցած զգացողությունը նրա դասերի ժամանակ: Արվեստի սքանչելի մի գործ էր նա. մարդկային նկարագրի իդեալ ու կատարելություն: Այնքան, որ նրան սիրահարվելը ես սրբապղծություն էի համարում, չնայած իմ ամբողջ էությամբ ներսիսյանապաշտ էի:

«Կար Յասոնը` կար աշխարհ, չկա Յասոն` չկա և աշխարհ». Մեդեայի հոգին ո՞նց էր վերլուծում, արդարացնում նրա` երեխաներին սպանելը, որ մենք փշաքաղվում էինք ահավոր ու բաց ճշմարտության առջև: Կարկամում, պապանձվում էինք, երբ նա անտիկ գրականության առասպելներում առեղծվածայինն էր վերծանում` մեր շփոթված հոգիներին ի ցույց:

Ի՜նչ լավ էր, որ նա թատրոն չգնաց: Գուցե մենք Հրաչյայից է՛լ ավելի տաղանդավոր դերասան ունենայինք, բայց քանի՜-քանի՜ սերունդներ կկորցնեին այն, ինչ ունեցան. Լեւոն Ներսիսյան ֆենոմենը համալսարանում:

Լուսավոր այդ հրաշքը ինչքա՛ն մեզ հարստացրեց: Տաղտուկ, չորուցամաք իրականության մեջ այդ հրաբխի ժայթքումը, որի լավան գեղեցկությունն էր ու արվեստը: Համալսարանի խավար միջանցքը լուսավորվում, պայծառանում էր, երբ Ներսիսյանը երևում էր այնտեղ:

«Տոն, որ միշտ քեզ հետ է». այսպիսին էին նրա դասերը: ՈՒ հիմա կասեմ. «Տոն, որ միշտ ինձ հետ է»: Ներսիսյանը իմ հոգու խոր շերտերում մնացած սերերից մեկն է, երջանկության ակունքներից մեկը ու հպարտությունը` նրա ուսանողուհին լինելու և այդ եզակի մարդու հետ շփման բանաստեղծական բերկրանքը վայելելու:

Տարիներ առաջ կարդում եմ «Առավոտ» լրագրի առաջին էջի կենտրոնում հենց. «Լևոն Հրաչյայի Ներսիսյանը ապրում է ողորմածությամբ, բայց Աստծո, և իր աշակերտների ձեռամբ, ու նախագահից նպաստ ստանալու կարիք չունի»:

Ահա այսքանը, և ինչքան մեծություն, հոգու ազատություն, օրվա նախագահից (երկրորդ) ոչինչ չխնդրել, չսպասել:

Այո՛, օրվա իշխանից ոչինչ պետք չէր ժամանակի և սրտերի իշխանին:

Հրաշք էր այդ մարդը, բացառիկ մեծ` բարձր կանգնած իր միջավայրից: Եվ այդ ամենը այն ծանր տարիներին: Ահա այսպես էր նա նաև դաստիարակում` իր օրինակով:

Իսկ հիմա մեր ավարտական բանկետի մասին:

1970 թվականի հունիսն էր:

Հրավիրել էինք մեր սիրելի դասախոսներին, նաև Ներսիսյանին, բայց նա չկար:

Եվ ահա Ռուզանն ինձ ասում է. «Գնանք Ներսիսյանին բերենք»: Մի պատահական մեքենա վերցրինք և գնացինք նրան փնտրելու: Ռուզանը վարորդին նախօրոք ասաց, որ երկու տեղ պիտի գնանքՙ «Երևան» հյուրանոցի բացօթյա սրճարանը և «Միջանցահովիկ» (այդպես էինք մենք թարգմանել «сквознячо́к»-ը): Վարորդը քշեց մեքենան դեպի «Նաիրի» կինոթատրոն: Այնտեղ` «Միջանցահովիկում», տեսանք նրան մեր կուրսի Հակոբի (Մարտունու) հետ նստած: Հակոբի միջոցով նորից հրավիրեցինք, և Ներսիսյանը համաձայնեց գալ մեզ հետ: Նա նստել էր առջևում, իսկ ես ու Ռուզանը հետևում կծկվել էինք հուզված, երջանիկ և հպարտ: Բանից անտեղյակ վարորդն անցավ դեպի Աբովյան և «Երևան» հյուրանոցի մոտով անցնելիս հարցրեց. «Կանգնե՞մ»: «Էլ պետք չի»,-ամոթահար շշնջաց Ռուզանը: Նա կիսաշրջվեց մեր կողմը և ասաց. «Կյանքս լա՜վ գիտեք»: Դառնությամբ ասաց: Ինչ զգացի այդ պահին, չգիտեմ:

Ի՜նչ ոգևորություն, ծափե՜ր, ճիչե՜ր, երբ մենք Ներսիսյանի հետ բանկետի դահլիճ մտանք: Անմոռանալի պահ էր:

Ես գնացի դահլիճի մի կողմը, որտեղ Երվանդն ինձ տեղ էր հատկացրել, իսկ Ռուզանը Ներսիսյանի հետ գնաց մյուս ծայրը:

Հետո շարունակվեց բանկետը: Ճիշտն ասած` ես Ներսիսյանին մոռացա:

Այնքան հետաքրքիր էր. մեր բոլոր դասախոսներն էին այնտեղ: Երբ խմում էինք նրա կենացը, Հովհաննես Բարսեղյանը (մեր սիրելի դասախոսներից մեկը, բայց ուրիշ ամպլուայի) գովեց Ներսիսյանին, ասաց, որ նա սիրված է հատկապես ուսանողուհիների կողմից և որ Ներսիսյանի ճաղատն ավելի է սիրելի, քան Մանվել Ասատրյանի գանգուրները:

Խոսվեց նաև Հրաչյայի մասին, որ բոլորինն էր: «Մի օր հավաքվել և խմում էինք. խմեցինք մեր ծնողների, հայրերի կենացը, ես խոսեցի իմ երկրագործ հոր մասին, մյուսը` իր, բայց Լևոնը լռում էր, ոչինչ չէր ասում: Նրա հայրը բոլորինս էր` սիրելի Հրաչյա Ներսիսյանը»,- այսպես ասաց Բարսեղյանը:

Հետո ահա թե ինչ պատահեց. նրան թունդ սիրահարված աղջիկներից մեկը (անունը չեմ ասի) համարձակվեց նրան տանգոյի հրավիրել: Եվ պարում էին: Բոլորս ժպտալով նայում էինք: Հետո այդ աղջիկը, թունդ շառագունած, եկավ մեր կողմը: Հավաքվեցինք գլխին` ի՞նչ եղավ, ի՞նչ ասաց, որ այդպես կարմրեցիր: Նա շունչը հետ բերեց ու ասաց Ներսիսյանի խոսքը. «Օծանելիքը չարաշահել եք, պետք է քսել այստեղ, այստեղ և այստեղ»: Եվ իր երկար ու մեղկ ցուցամատով ցույց է տվել աղջկա ականջների հետևը և կրծքի բացվածքը... ուղղակի մատը դրել է այդ երեք տեղերի վրա: Դեհ, պատկերացրեք խեղճ աղջկա վիճակը. իր սիրելի դասախոսը, պաշտելի Ներսիսյանը դիպչում է իր ամենաամոթխած տեղերին:

Մենք խոսում էինք, ժպտում, իսկ ինքը` Ներսիսյանը, հեռվից, առանց մեզ նայելու, ժպտուն աչքերով հետևում էր մեզ: Ոնց որ միայն աչքերով չտեսներ, այլև ամբողջ էությամբ:

Սկսեցինք նկարվել: Բնականաբար խռնվեցինք Ներսիսյանի շուրջը: Բոլորիս շրջապատած` նկարվեց: Մեկ էլ հանկարծ ինձ դիմեց` «Ինձ բերեցիր ու ինքդ ու՞ր գնացիր»:

Հանկարծ ուսերս գրկեց և Երվանդին, որ նկարում էր, ասաց` նկարիր մեզ: Երվանդը խառնվեց իրար, ֆոկուսի է բերում ապարատը, ինչ-որ բան չի կարողանում կարգավորել: «Դե Երվա՛նդ, շո՛ւտ արա», ասում եմ ես: Մեկ էլ շուռ գալով իմ կողմն ասում է. «Ի՞նչ է, հաճելի չէ՞»: Դրա կոտրատվե՜լը... «Չէ, ինչու՞, ասում եմ, հաճելի է»:

Իսկ կուրսը նայում է մեզ: Եվ աղոտ զգում եմ, թե քանի՜ քանիսը կուզեին իմ տեղում լինել:

Բայց այդ նկարն այդպես էլ չունեցա, նույնիսկ չհետաքրքրվեցի, Երվանդն էլ չտվեց, թե ընդհանրապես չէր նկարել, այդ չիմացա:

Ահա այսքանը մեր կուռքի մասին, չնայած պատմելու շատ բան կա:

Ներսիսյանի թաղմանը չկարողացա գնալ: Չգիտեի, թե որտեղից են նրան ճանապարհելու: Համալսարանի ղեկավարությունը չէր համաձայնել նրան ճանապարհել համալսարանից. Իրենք` սովորական, նա` լեգենդ, իրենք` բյուրոկրատ, նա` բարձր ու ազնվական: Ո՞նց կարելի է: Համ էլ ո՛չ կոչում ուներ, ո՛չ աստիճան:

ՈՒ ո՞նց չհիշեմ «Գարուն» ամսագրում տպագրված Կարեն Սվասյանի խոսքերը. «Լևոն Ներսիսյանը այս կյանքից կգնա առանց կոչումների և շքանշանների»:

Ճիշտ գուշակություն: Ո՜վ կարող էր նրան շքանշան տալ կամ նրա ինչի՞ն էր պետք կոչումն ու շքանշանը:

Մեր սերն ու հիացմունքը նրա համար թե՛ կոչում էին, թե՛ շքանշան:

Զուբեյդա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6522

Մեկնաբանություններ