Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

«Ցանկացած կուսակցություն, որի ներսում լիդերին հավասար երկրորդ դեմք է հայտնվում, այդ ուժը տրոհվում է»

«Ցանկացած կուսակցություն, որի ներսում լիդերին հավասար երկրորդ դեմք է հայտնվում, այդ ուժը տրոհվում է»
12.09.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Հայ քաղաքական բեմահարթակում այսօր որոշակի դերակատարություն են փորձում ստանձնել արտախորհրդարանական ուժերը` «սև» ու «սպիտակ» բևեռների դաշտին նոր գուներանգ «ծեփելու» ու «երրորդ բևեռ» ձևավորելու արտաքուստ առողջ և կառուցողական միտումով: Իրականում կա՞, թե՞ չկա այդ նոր բևեռի անհրաժեշտությունը, և արդյո՞ք սա հենց այն հայտնի իրադրությունը չէ, որտեղ երրորդը միշտ ավելորդ է: Երեկ այս օրախնդիր դարձած թեմայի շուրջ «Իրավունք de facto» ակումբում բանավեճի էին հրավիրվել «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու ՀԺԱՄ կուսակցության փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
Ասուլիսի թեմային անցնելուց առաջ ՆԺԿ վարչության անդամը հանդես եկավ բավականին անսպասելի հայտարարությամբ, ինչն էլ լրագրողներին տեղնուտեղն առիթ տվեց հեռուն գնացող եզրակացություններ անելու և հանգելու այն մտքին, թե «Նոր ժամանակների» տունը կռիվ է ընկել: Ճիշտ է, առայժմ` տան պատերի ներսում:
Ահավասիկ` հայտարարության վերջին հատվածը:
«Հետընտրական ողջ ժամանակահատվածում Համաժողովրդական շարժմանն անմնացորդ մասնակցության արդյունքում, որպես քաղաքական գործիչ, ես ինձ դրել եմ շատ ավելի պարտավորված կարգավիճակի մեջ: Եվ դա մեծապես պայմանավորված է Համաժողովրդական շարժման ողջ ծանրությունն իր ուսերին հավատարմորեն տանող հասարակության առավել ակտիվ հատվածի կողմից իմ հանդեպ դրսևորված անկեղծ վստահությամբ: Եվ քանի որ հասարակության վստահության տրամաբանությունը ենթադրում է նրա իղձերին ու նպատակներին անվերապահորեն հավատարիմ մնալուն որևէ այլընտրանքի բացառում, իսկ հայ հասարակության բացարձակ մեծամասնությունն այսօր հանդես է գալիս Հայ ազգային կոնգրեսի կողմից ստանձնած առաքելությանը սատարելու ճանապարհով հասնել երկրում սահմանադրական կարգի հաստատման, ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտման և լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորման, ես հայտարարում եմ.
-հավատարիմ մնալով «Նոր ժամանակներ» կուսակցության գաղափարաբանության հիմքում դրված հիմնարար սկզբունքների արժեքային համակարգի և գիտակրթական հայեցակարգի ողջ տրամաբանությանը,
-որպես քաղաքական գործիչ համոզված լինելով, որ Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները մեր հասարակության և պետության համար ցանկալի ելքեր կունենան բացառապես Հայ ազգային կոնգրեսի կայացման և հզորացման պարագայում,
-այս պահից ինձ հայտարարում եմ Հայ ազգային կոնգրեսի անդամ»:
«Ձեր հայտարարությունից կարո՞ղ ենք եզրակացնել, որ «Նոր ժամանակները» չի միանում Հայ ազգային կոնգրեսին, միայն Դուք եք դառնում կոնգրեսի անդամ»,- անմիջապես հետևեց «Արմինֆոյի» թղթակցի հարցը:
«Դա նշանակում է, որ Հրաչյա Սարգսյանն այս պահից Հայ ազգային կոնգրեսի անդամ է,- չուշացավ պատասխանը:- Կուսակցությունն այս առիթով պաշտոնապես ոչինչ չի ասել, և ես բարոյական իրավունք չունեմ ՆԺԿ-ի անունից այդ մասով հայտարարություն անելու»:
Հարցին էլ` հնարավո՞ր է այս միանձնյա որոշումից հետո կուսակցությունը պատժի իր վարչության անդամին, Հրաչյա Սարգսյանը շատ հանգիստ արձագանքեց, շեշտելով, թե դա արդեն իր և կուսակցության խնդիրն է:
«Կարո՞ղ ենք Ձեր կեցվածքը որակել որպես քաղաքական ընդվզման դրսևորում»,- «Իրավունքը de facto»-ի հարցին էլ հաջորդեց հետևյալ պարզաբանումը: «Ո՛չ: Սա նշանակում է, որ Հրաչյա Սարգսյանը, անմնացորդ նվիրվելով Համաժողովրդական շարժմանը, համոզվեց, որ հայ ժողովուրդն իրապես նոր որակի մեջ է` իր արժեքային համակարգով, իր ձգտումներով, իր պահանջներով։ Ես չեմ կարող անմասն մնալ դրանից և համոզված եմ, որ ժողովրդին պետք է առաջնորդեն պարտավորվածության բարձր գիտակցություն ունեցող անձինք: Ես նախկինում էլ բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ, այո, քաղաքական կուսակցություններն իրենց դիմագիծը պետք է պահպանեն, բայց շատ ավելի կարևոր է միասնության գաղափարը, որպեսզի վերականգնվեն հասարակության հույսն ու հավատը, ինչը 2004-ին ոչնչացվեց, 2007-ին փորձ արեցին կոտրել, 2008-ի փետրվարի 19-ին ցանկացան իսպառ մեռցնել, բայց, ի փառս մեր ժողովրդի, վերահաստատվեց աստվածաշնչյան հայտնի ճշմարտությունը. «Ձայն բազմաց` ձայն Աստծո»: Եթե սա Աստծո կամքն է, եթե հասարակությունն իր մեջ ուժ է գտնում համախմբվելու և վերափոխվելու, դա միմիայն պետք է ողջունել»:
««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը տեղյա՞կ է Ձեր հայտարարությանը»,- կրկին հետաքրքրվեց «Իրավունքը de facto»-ն և ստացավ առնվազն տարօրինակ պատասխան: «Հայտարարության բովանդակությանն ինքը տեղյակ չէ: Մենք իր հետ հետո կհանդիպենք»:
Լրագրողների և Հրաչյա Սարգսյանի այս երկխոսությանն անդրադառնալով` ՀԺԱՄ-ի փոխնախագահ Վահրամ Մկրտչյանն ասաց, թե ՆԺԿ վարչության անդամի խոսքը մի տեսակ կտրված էր ասուլիսի հիմնական թեմայից, քանի որ իրենք «Իրավունք de facto» ակումբ էին եկել քննարկելու «երրորդ բևեռի» ձևավորման, ինչպես նաև այդ ուղղությամբ որոշ քաղաքական ուժերի ձեռնարկած քայլերի անհրաժեշտության հարցը, մինչդեռ տպավորություն ստեղծվեց, թե եկել են պրն Սարգսյանի բրիֆինգին:
Ինչևէ: Խոսելով արդեն ըստ էության, Վահրամ Մկրտչյանը հետևյալ դիտարկումները ներկայացրեց լրագրողներին:
«Ցանկացած հասարակություն, որը բևեռացված է, չարիք է հենց պետության համար: Այս առումով, երբ խոսում են երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ուժերի ձևավորման հրամայականից, ինձ մոտ հարցեր են առաջանում: Ի՞նչ է նշանակում «երրորդ ուժ» ասվածն ընդհանրապես: Այսինքն, ժողովրդի վստահության քվեի հա՞րցն է դրված, գոյություն ունեն առաջին և երկրորդ ուժեր ու հիմա երրո՞րդը պետք է ստեղծել: «Երրորդ ուժ»` զուտ ուժի՞ առումով, թե՞ կոնկրետ գաղափարախոսության: Այն է` հասարակությունը բևեռացված է «սև» ու «սպիտակ» գաղափարախոսությունների շուրջ և պետք է քաղաքական դաշտ բերել երրո՞րդ գաղափարախոսությունը: Սրանք հարցեր են, որոնք պահանջում են նախևառաջ սկզբնական ելակետային պայմանները ֆիքսել, հակառակ դեպքում ստացվում է, որ քաղաքական հարթության մեջ գոյություն ունի Հայ ազգային կոնգրես, որին այսօր միացավ նաև իմ գործընկերը, և կա իշխանություն: ՈՒրիշ ոչ մի ուժ գոյություն չունի: Իսկ այն մի քանի տասնյակ քաղաքական ուժերը, որոնք խորհրդարանում չեն այսօր, որևէ գործունեություն պետք է ծավալե՞ն, թե՞ պետք է նստեն ու սպասեն հերթական խորհրդարանական ընտրություններին, մտածելով` կմտնե՞նք Ազգային ժողով, թե՞ չենք մտնի: Այս համատեքստում, բնականաբար, քաղաքական գործընթացներ պետք է ծավալվեն, փոքր կուսակցություններն էլ խոշորացման ծրագրեր պետք է նախաձեռնեն»։
Իր տեսակետը շարադրելով Հայ ազգային կոնգրեսի որդեգրած նպատակների առնչությամբ՝ ՀԺԱՄ-ի փոխնախագահը համոզմունք հայտնեց, թե շարժումներն իրենց առաքելության մեխը չպետք է դարձնեն ռեժիմներ փոխելն ու քաղբանտարկյալներ (եթե այդպիսիք կան) ազատելը, այլ ավելի գլոբալ նպատակներ պետք է հետապնդեն, որոնցից հիմնարարը հայության հարատևումն է։ Ցավով արձանագրելով, որ վերջին 17-18 տարիներին մեր պետության ղեկավարների գործունեությունը մշտապես իրավիճակային է եղել, Վահրամ Մկրտչյանը հետևյալ եզրահանգումն արեց. «Ասես չկան ռազմավարական լուրջ ծրագրեր, որոնց պետք է ձգտեին պետությունն ու հասարակությունը։ Այս առումով իրոք անհրաժեշտություն կա ձևավորելու քաղաքական, հասարակական, մշակութային հեղինակավոր մի շարժում (երրո՞րդ ուժ կդնենք անունը, չորրորդ, թե հինգերորդ, կարևոր չէ), որն իր մեջ կներառի հայության բոլոր կարող ուժերը։ Այս տիպի շարժում եթե ձևավորվի Հայաստանում, ՀԺԱՄ-ն անպատճառ կմիանա դրան»։
«Իրավունքը de facto»-ին հետաքրքրում էր այն հարցը, թե արդյո՞ք լիդերամանիան չէ այն գարշապարը, որը քաղաքական ուժերին ի վերջո բերում-կանգնեցնում է պառակտման, տրոհումների, գաղափարական տարաձայնությունների փաստին դեմ-հանդիման։ Եվ արդյո՞ք այդ նույն իրողությունը չի սպառնում ՀԺԱՄ-ին ու ՆԺԿ-ին։
«Եթե անկեղծ լինենք ու նայենք Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական ուժերի ու անհատ գործիչների անցած ճանապարհին, կտեսնենք, որ ցանկացած կուսակցություն, որի ներսում լիդերին հավասար երկրորդ դեմք է հայտնվում, այդ ուժը տրոհվում է,- իր տեսակետը շարադրեց ՀԺԱՄ-ի ներկայացուցիչը։- Ցավագին երևո՞ւյթ որակեմ սա, թե՞ հայկական հիվանդություն, փաստը մնում է փաստ, որ մեր քաղաքական իրականության մեջ երկու գլուխ մի ամանի մեջ չի եփվում։ Ապագայում այսպիսի զարգացումներից խուսափելու համար ՀԺԱՄ-ն ընտրել է կոլեգիալ կառավարման ճանապարհը և կոչ է անում, որ լուրջ կշիռ ու փորձառություն ունեցող մյուս կուսակցությունները ևս գնան այս ուղիով։ ՀԺԱՄ-ը, մասնավորապես, իր վարչության նիստում որոշում է կայացրել, համաձայն որի կուսակցության նախագահի ինստիտուտը պետք է վերացնել։ Կարծում ենք, որ մեկ լիդերի վրա հիմնված քաղաքական կառույցներն արդեն անցած դարի «մոդելներ» են, և նոր դարը կառուցվածքային նոր միավորների պահանջարկ է ներկայացնում բոլոր քաղաքական ուժերին։ Համոզված ենք, որ սա կառավարման ավելի արդյունավետ ձև է»։
Լիդերամանիայի նույն հարցին անդրադառնալով՝ ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն էլ հետևյալ հավաստիացումով հանդես եկավ.
«Հրաչյա Սարգսյան քաղաքական գործիչը երբևէ առաջինը լինելու մարմաջով չի տառապել, և իմ ողջ քաղաքական կենսագրությունը դրա վկայությունն է։ Մտքիս ծայրով անգամ չի անցնում որևէ խժդժություն կամ պառակտում մտցնել ներկուսակցական մեր խոհանոցում, բայց, որպես գործիչ, ես իմ կերպարը պահպանելու բարոյական իրավունք ունեմ։ Դրա համար էլ իմ մասնավոր որոշումն եմ կայացրել, և, ինչպես ասում են, Աստված դատավոր»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2798

Մեկնաբանություններ