Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԲԽԱԾ ՍՐՏԻ՞Ց, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ԲԽԱԾ ՍՐՏԻ՞Ց, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
31.01.2012 | 00:00

28+1+3` մնացել է 32 օր. փետրվարի 28+1` 29 օրերը և 3 օր մարտից, մարտի 4-ին Ռուսաստանը, անծայրածիր Ռուսաստանը, որի տարածքը ժամային 6 գոտիներում է սփռված, ընտրելու է նախագահ:
Մինչ այդ ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը կոչ է անում հանրաքվե անցկացնել և սահմանադրական բարեփոխումներ անել` ուղղահայաց իշխանությունը վերացնելու նպատակով: «Ես ուզում եմ Ռուսաստանում տեսնել նոր, հզոր, ժողովրդավարական կուսակցություն, որը կստանձնի սահմանադրական բարեփոխման նախաձեռնությունը»,- գրել է Միխայիլ Սերգեևիչը «Նովայա գազետա»-ում: Ակներևաբար, նա մոռանում է Վիկտոր Ստեպանովիչ Չեռնոմիրդինին և այն, որ վերջին 20 տարում Ռուսաստանում ստեղծված բոլոր կուսակցությունները, ի վերջո, դառնում են կոմունիստական:
Ժուռնալիստիկան դարձել է նախկին նախագահների հոբբին. ընտրողների հետ հոդվածներով հաղորդակցվելու միջոցին է դիմում և Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Հունվարի 23-ին հրապարակված նրա առաջին հոդվածը կոչվում է «Ռուսաստան. ազգային հարց»: Թեմայի ընտրությունը խոսուն է. Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է բազմազգ պետություն, ուստի ազգային հարցը միշտ արդիական է մնում: Պուտինը մանրամասն ու հիմնարար վերլուծում է ազգային հարաբերությունների պետական քաղաքականության սկզբունքները` սկսած Լենինից, Տրոցկուց, Ստալինից, Նարիմանովից, Շահումյանից, նախանշում ռուսական պետականության զարգացման հեռանկարները: Փորձագետները համարում են, որ Ռուսաստանում բնակվող բոլոր ժողովուրդներին հրապարակումը վիթխարի նյութ է հրամցնում և՛ խնդրի ձևակերպման, և՛ լուծման ձևերի առումով: Հոդվածները, ուրեմն և քննարկումները, շարունակվում են:
Նախագահի թեկնածուների գրանցման ժամկետի ավարտից հետո, բացի Վլադիմիր Պուտինից, ավանդական եռյակին` կոմունիստ Գենադի Զյուգանով, լիբերալ-դեմոկրատ Վլադիմիր Ժիրինովսկի, «Արդար Ռուսաստան»-ցի Սերգեյ Միրոնով, ավելացել է միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը` քաղաքացիական նախաձեռնությամբ: ԿԸՀ-ն նախագահական հավակնությունների ճանապարհին կարմիր լույս վառեց Գրիգորի Յավլինսկու և Իրկուտսկի նահանգապետ Դմիտրի Մեզենցևի առաջ: Նահանգապետի համար դա առանձնապես ծանր հարված չէր (նա համարվում էր տեխնիկական թեկնածու, որը պիտի այլընտրանք ապահովեր, եթե ընդդիմադիր բոլոր թեկնածուները հանկարծ դադարեցնեին պայքարը), բոլորովին այլ արձագանք ունեցավ «Յաբլոկոյից» Գրիգորի Յավլինսկու չգրանցումը:
ՌԴ Սահմանադրությամբ երկրի նախագահ կարող են դառնալ 35 տարեկանը բոլորած և վերջին 10-ամյակը հայրենիքում ապրած ՌԴ քաղաքացիները: 1991 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու համար պետք էր հավաքել 100000 ստորագրություն: 1996 թ. ստորագրությունների թիվը դարձավ 1000000, ստորագրությունների հավաքմանը հատկացվեց 3 ամիս: 2004 թ. պետք էր հավաքել 2000000 ստորագրություն, կեղծիքների թիվը չպետք է գերազանցեր 7 տոկոսը: 2007-ին ստորագրությունների հավաքման ժամանակը կրճատվեց մինչև մեկ ամիս, անվավեր ստորագրությունների առավելագույն չափ համարվեց 5 տոկոսը: ԿԸՀ հանձնելուց հետո հանձնաժողովը ստուգում է 2000000 ստորագրության 20 տոկոսը` 400000-ը, եթե անվավեր ստորագրությունները 5 տոկոսից ավելի են, լրացուցիչ ստուգվում է ևս 10 տոկոսը: Եթե երկրորդ ստուգումն էլ թույլատրելի խոտանից բարձր տոկոսներ է վեր հանում, թեկնածուն հանվում է մրցապայքարից: Ապահովության համար թեկնածուներին թույլատրվում է ԿԸՀ հանձնել պահանջվածից 5 տոկոսով շատ ստորագրություններ` ևս 100000: «Անվտանգության բարձիկը» Դմիտրի Մեզենցևի համար փոքր էր, նա ԿԸՀ հանձնել էր պահանջվածից 6000-ով ավելի ստորագրություն: Ստուգելով 105000-ը և 15000 անվավեր ստորագրություն հայտնաբերելով` դադարեցվել էր ստուգումը: Մեզենցևը ԿԸՀ-ի որոշումը համարեց «իմաստուն և հիմնավորված»: Գրիգորի Յավլինսկին իր գրանցման մերժումը չընդունեց: Նա համոզված է, որ իրեն մերժել են քաղաքական նկատառումներով. իբրև նախագահի թեկնածու նա իրավունք ունի ընտրությունների ընթացքում ներգրավելու մեծ թվով դիտորդների. 15000 մարդ արդեն գրանցվել էր իբրև դիտորդ, ծրագրվում էր ավելացնել նրանց թիվը: Հենց ընտրությունների ընթացքին այդքան մեծ թվով ընդդիմադիր դիտորդների անցանկալիությունն է իր չգրանցման պատճառ համարում «Յաբլոկոյի» ղեկավարը: Գրիգորի Յավլինսկու ներկայացրած ստորագրություններից ԿԸՀ-ն անվավեր է համարել 24 տոկոսը: Եթե նույնիսկ ԿԸՀ-ի որոշումը դատական կարգով վիճարկվի, հազիվ թե իրավիճակը փոխվի: ԿԸՀ-ն հայտարարում է, որ բնօրինակների փոխարեն ներկայացվել են քսերապատճեններ, որոնք վավերացված են թեկնածուի վստահված անձանց կողմից: Իսկ Յավլինսկին պնդում է, որ հանձնաժողովը խնդրահարույց է դարձրել քսերապատճենված և ոչ թե տպարանում բազմացված բլանկները: Եթե դատարանը որոշի, որ բլանկները անվավեր չեն, ստորագրությունների վավերականությունը կվերականգնվի, և Գրիգորի Յավլինսկուն չգրանցելու պատճառ չի մնա: Բայց ինքը` թեկնածուն էլ, իրադարձությունների նման զարգացմանը չի հավատում: Բացի այդ, որոշ թղթապանակներում հայտնվել են և՛ ստորագրությունների բնօրինակները, և՛ քսերապատճենները:
ԿԸՀ-ն Միխայիլ Պրոխորովի ներկայացրած ստորագրություններից անվավեր է համարել 4,38 տոկոսը: ԿԸՀ-ի ոչ պաշտոնական աղբյուրի տեղեկացմամբ` բոլոր թեկնածուների ներկայացրած ստորագրությունների որակը համարյա նույնն էր, բոլորն էլ ունեին մեծ թվով կեղծ ստորագրություններ, քանի որ մեկ ամսում ռեալ չէ 2000000 ստորագրություն հավաքելը: Ոմանք Միխայիլ Պրոխորովին անվանում են Կրեմլի նախագիծ` պնդելով, որ նախագահական ընտրություններին մասնակցել նրան առաջարկել է Պուտինը, քանի որ միայն նրա մասնակցությունն ավելորդ է դարձնում մյուսների անհրաժեշտությունը. Պրոխորովն արդեն ապահովում է ընտրության լեգիտիմությունը և, ի տարբերություն Յավլինսկու, չունի քաղաքական հանրաճանաչություն ու հեռագնա հավակնություններ:
Եթե առաջ Կրեմլում ընդունում էին նախագահական ընտրությունների երկու փուլի հնարավորությունը, այժմ ծրագրերը փոխվել են` խնդիրը դարձել է Վլադիմիր Պուտինի համոզիչ հաղթանակը շատ բարձր տոկոսով: Փորձագետներն այս ընթացքը համարում են հնարավոր, բայց վտանգավոր, չի բացառվում, որ այդ պարագայում Ռուսաստանում իշխանությունը կարող է փոխվել 1-2 տարի հետո ոչ սահմանադրական ճանապարհով: Սոցիոլոգիական ծառայությունները համոզված են, որ Պուտինը կստանա ձայների 45-52 տոկոսը: Հասարակական կարծիքի հարցումները, որ հրապարակել է Հասարակական կարծիքի պետական հիմնադրամը, վկայում են, որ Պուտինը մնում է ամենանախընտրելի թեկնածուն` ունենալով ընտրողների 49 տոկոսի աջակցությունը: Երկրորդը Գենադի Զյուգանովն է` 11 տոկոսով, Ժիրինովսկին ունի 9 տոկոս, Միրոնովը` 6, Պրոխորովը` 4, բայց վերջին մեկ շաբաթում նրա աջակիցների թիվը կրկնապատկվել է:
Գրիգորի Յավլինսկուն չգրանցելու ԿԸՀ-ի որոշումը մեծ արձագանք ունեցավ ոչ միայն Ռուսաստանում: Հունվարի 27-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն ասաց, որ քաղաքական մրցակցության նորմերը պահանջում են բոլոր թեկնածուներին վերաբերվել հավասար, և Յավլինսկուն չգրանցելը հիասթափեցնող է: ԵԽԽՎ պատգամավորները նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ քննադատեցին Ռուսաստանի ընտրական համակարգը, որը հնարավորություն է տալիս խոչընդոտներ հարուցելու հակակրեմլյան ընդդիմության առաջ:
Շվեյցարացի պատգամավոր, սոցիալիստ Անդրեաս Գրոսը համարում է, որ չափազանց մեծ են նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները, արդյունքում ֆավորիտ է դառնում կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը, և նրա հետ մրցակցել կարող է միայն 4 թեկնածու:
Գրիգորի Յավլինսկուն պաշտպանեց Սերգեյ Միրոնովը. «Radio Free Europe»-ի հետ հարցազրույցում նա ասաց, որ դա քաղաքական որոշում էր, և իրեն ոչ ոք չի համոզի, որ Միխայիլ Պրոխորովի ներկայացրած ստորագրություններն այդքան անարատ են. «Ես վաղուց եմ զբաղվում ընտրություններով, ինքս էլ ստորագրություններ եմ հավաքել և հիանալի հասկանում եմ, որ ստորագրությունների ցանկացած զանգվածում կարող են թերություններ լինել: Կարծում եմ` քաղաքականապես սխալ էր Գրիգորի Յավլինսկուն չգրանցելը: Այո, նա իմ մրցակիցն է և իմ ձայներն է խլելու, բայց միայն ընտրողը պետք է որոշի` թեկնածուն թեկնածու կլինի՞, թե՞ ոչ, իսկ հետո նախագահ կլինի՞, թե՞ ոչ»:
Նախագահական նախընտրական իրադարձություններին զուգահեռ են խորհրդարանական հետընտրական իրադարձությունները: Պետդումայի ընդդիմադիր կուսակցությունները պարբերաբար պահանջում են ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովի պաշտոնանկությունը: Կառավարության հետ հարցուպատասխանի վերջին նիստում լիբերալ-դեմոկրատ պատգամավորի պաշտոնից հեռանալու պահանջին ի պատասխան ԿԸՀ նախագահը օլիմպիական հանգստությամբ ասաց. «Ձեր դիտարկումը պետք է գնահատվի իբրև ոչ սրտից, այլ բանականությունից բխած»: Նրա պատասխանը ոչ ոք չհասկացավ, բայց հունվարի 27-ին ԿԸՀ-ն հերթական անգամ մերժեց հրաժարականի հարցի քննարկումը: Չուրովը մնում է ռուսական քաղաքական էլիտայի ամենաչընդունված կերպարներից մեկը։ Հասարակական կարծիքի հիմնադրամի տվյալներով` ԿԸՀ նախագահին վստահում է ռուսաստանցիների միայն 5 տոկոսը: Նրա հրաժարականի կոչերը մնում են և արտախորհրդարանական ընդդիմության օրակարգում, որը համոզված է, որ իր պաշտոնը պահպանող Չուրովը կասկածի տակ է դնում նախագահական ընտրությունների լեգիտիմությունը: Խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Միասնական Ռուսաստանի» կարծիքով` Չուրովի պաշտոնանկությունը կասկածի տակ կդնի Պետդումայի ընտրությունների լեգիտիմությունը:
12 տարում Վլադիմիր Պուտինը ձևավորել է հստակ գործող համակարգ, երբ Կենտրոնի ձեռքում է քաղաքական ամբողջ իշխանությունը, բայց մեծ առավելությամբ հաղթելու համար հիմա նրան պետք է բոլոր 83 նահանգների ու նահանգապետերի աջակցությունը: Վերջին մի քանի շաբաթներին պաշտոնանկվել են այն նահանգապետերը, որոնց նահանգներում խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը վատ արդյունքներ էր ունեցել (Արխանգելսկի և Վոլգոգրադյան շրջանի), չի բացառվում, որ նույն պատճառով պաշտոնները կորցնեն Մուրմանսկի ու Տոմսկի նահանգապետերը: Գործնականում նահանգապետի քաղաքական կարիերան որոշում են ընտրություններում գրանցված տոկոսները, ուստի օրինաչափ է, որ ամենաազատը եղել են այն ընտրատեղամասերը, որտեղ իշխող կուսակցությունն ամենավատ արդյունքներն է ունեցել:
Փետրվարի 4-ին արտախորհրդարանական ընդդիմությունը Մոսկվայում պատրաստվում է հերթական հանրահավաքին, որի մասնակիցների թիվը, ըստ քաղաքագետների, կարող է բազմապատկել Գրիգորի Յավլինսկուն չգրանցելու փաստը, ինչի պատճառով պատրաստ են փողոց դուրս գալու նոր մարդիկ:
28+1+3` մնացել է 32 օր, մարտի 4-ին անծայրածիր Ռուսաստանը, որի տարածքը ժամային 6 գոտիներում է սփռված, ընտրելու է նախագահ: Թե ով կլինի նոր նախագահը, առանձնապես մեծ հարց չէ, հարցն այլ է` ինչպե՞ս նա կընտրվի, լեգիտիմության ի՞նչ աստիճանով, ի՞նչ ճանապարհով կգնա հետընտրական Ռուսաստանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ