Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մինչև 2015 թվականը կունենանք անասնապահական մթերքների 15-20 տոկոս ավելացում»

«Մինչև 2015 թվականը կունենանք անասնապահական մթերքների  15-20 տոկոս ավելացում»
21.05.2012 | 13:22

«Անցած տարի գերակա ոլորտ ընդունված գյուղատնտեսության բոլոր ճյուղերի, այդ թվում նաև` անասնաբուծության, հետագա զարգացման համար միջոցառումներ ձեռնարկվեցին ինչպես նախարարության ու գյուղի աշխատավորների, այնպես էլ անասնապահական տնտեսությունների կողմից: Շնորհիվ դրա և՛ խոշոր եղջերավոր, և՛ մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակն այս տարի ավելացել է 4,9 տոկոսով»: Այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ ԳՐԻՇԱ ԲԱՂՅԱՆԸ, նշելով, որ անցած տարի Հայաստանում (վիճակագրական տվյալներով) 57,7 հազարով ավելացել է ոչխարի, 27,9 հազարով` խոշոր եղջերավոր կենդանիների թիվը: Միաժամանակ, 3600 տոննայով ավելացել է մսի, 0,6 տոննայով` կաթի արտադրությունը: (Նշենք, որ 2011-ին արտադրվել է 601,5 հազար տոննա կաթ): «Մինչև 2015 թվականը կունենանք անասնապահական մթերքների 15-20 տոկոս ավելացում», -ասաց Գրիշա Բաղյանը, հավելելով, որ միայն ձվի արտադրությունում դեռևս կա տասը տոկոսի անկում:

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՆԵՐԿՐՎԻ ՇՈՒՐՋ 600 ԳԼՈՒԽ ԵՐԻՆՋ
Անասնաբուծության ճյուղի կայուն հիմքերն ապահովելու և զարգացնելու նպատակով դեռևս 2007 թվականից գործողության մեջ է դրվել «Տավարաբուծության զարգացման 2007-2015 թթ.» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում 2007-2012 թթ. արտերկրից տոհմային և մթերատու բարձր հատկանիշներով 1332 գլուխ երինջ է ներկրվել և տրամադրվել գյուղացիական տնտեսություններին: Դրանցից ստացված շուրջ 1000 հորթերը նույնպես բաշխվել են անասնաբուծական մյուս տնտեսություններին:
Գ. Բաղյանի խոսքերով, գյուղատնտեսության համապատասխան մասնագետների աջակցությամբ, Չեխիայից և Գերմանիայից Հայաստան է ներկրվել այս տարվա ծրագրով նախատեսված 210 գլուխ տոհմային երինջների առաջին խմբաքանակը: Երկրորդ և երրորդ խմբաքանակները (250-ական գլուխ) կներկրվեն ամռանն ու աշնանը:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
«Համաշխարհային բանկի (ՀԲ) միջոցով հանրապետությունում իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կարգավորման և մրցունակության» հիմնականում անասնապահական ճյուղի զարգացմանը նպատակաուղղված շարունակական ծրագիրը: Վերջինիս իրականացումը հնարավորություն կտա կենդանական ծագմամբ մթերքների արտադրությունն ավելացնելու տարեկան 15-20 տոկոսով»,- ասաց Գ. Բաղյանը:
Վերոհիշյալ ծրագրի առաջին բաղադրիչն ուղղված է հեռագնա արոտների ճանապարհների վերականգնմանը, անասունների ջրելատեղերի և յայլաղներում կենցաղային պայմանների ստեղծմանը: Ներկայումս աշխատանքներ են սկսվել Արագածոտնի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի 55 համայնքներում: Ծրագրի երկրորդ բաղադրիչն ուղղված է գյուղկենդանիների արհեստական սերմնավորմանն ու անասնաբուժության բարելավմանը: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն անասնաբույժների մասնագիտական կարողությունները` արհեստական սերմնավորման աշխատանքներն առավել հաջողությամբ իրականացնելու համար:
Ծրագրի հաջորդ` կերարտադրության զարգացմանն ուղղված բաղադրիչի շրջանակներում ձեռք են բերվելու կերային մշակաբույսերի սերմեր: Դրանցով ցանք կկատարվի գյուղամերձ չօգտագործվող հողատարածքներում, ինչը ցանքատարածությունների ընդլայման հետ կավելացնի նաև մսուրային շրջանի համար կուտակվելիք անասնակերի բազան:
Ըստ Գ. Բաղյանի` նախարարությունն առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացնի «Արհեստական սերմնավորման» ծրագիրը: Այդ ծրագրով նախատեսվել է վերականգնել ու կազմակերպել նախկին տարիներին գործող արհեստական սերմնավորման միջոցառումները: Ծրագրի շրջանակներում նախատեսվել է նաև Եվրոպայից ներկրված բարձրմթերատու ցուլերի սերմնահեղուկով արհեստական եղանակով սերմնավորել տարեկան 20 հազար կով: «Ծրագրի իրականացման արդյունքում մինչև 2020 թվականը մենք կունենանք Եվրոպայից ձեռք բերված բարձրմթերատու ցուլերի սերմնահեղուկով արհեստական եղանակով բեղմնավորված շուրջ 100 հազար մթերատու կով: Այն, Հայաստանում տոհմային անասնաբուծական տնտեսություններ ստեղծելուց բացի, հնարավորություն կտա օգտագործման համար ունենալու նաև տեղում աճեցրած ցուլերի սերմնահեղուկ»,- նշեց Գ. Բաղյանը:
Բացի դրանից, գենային ինժեներիայի նոր մեթոդով այս ծրագրի շրջանակներում նախատեսվել է նաև մթերատու կովերի բեղմնավորված սաղմը պատվաստել ցածր մթերատվությամբ կովերին` այս կերպ ավելացնելով բարձրմթերատու կենդանիների քանակը:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԵՐԿՐՎԵԼ ՇՈՒՐՋ 2000 ԳԼՈՒԽ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԽՈՅԵՐ ԵՎ ՄԱՔԻՆԵՐ
«Ոչխարաբուծությունը զարգացնելու նպատակով վերջին երկու տարում ձեռք են բերվել շուրջ 2000 գլուխ արտասահմանյան բարձր մթերատվությամբ օժտված խոյեր և մաքիներ, որոնք բաշխվել են գյուղացիական և անասնապահական տնտեսություններին: Դրանք հիմնականում ռոմանովյան և հյուսիսկովկասյան ցեղի բազմապտուղ կենդանիներ են, որոնք մեկ տարում կարող են վերարտադրել գառների 3-4 սերունդ: Այս ծրագիրը նույնպես շարունակական է», -ասաց նախարարի առաջին տեղակալը:
Բացի դրանից, 2011 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է գյուղատնտեսության նախարարությունում մշակված «Ոչխարաբուծության հայեցակարգը», որով նախատեսվել է մինչև 2020 թվականը ոչխարների քանակը հասցնել 1-1,5 մլն-ի: Հայեցակարգում հաշվի են առնվել բոլոր մարզերի բնակլիմայական պայմանները, տեղերում եղած հնարավորություններն ու պահման, աճեցման գործոնները: «Յուրաքանչյուր մարզի համար նախանշվել է հնարավոր գլխաքանակը»,- շեշտեց փոխնախարարը:

ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է ԹՌՉՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
Հայաստանում թռչնաբուծության զարգացման մեծ ներուժ կա: Այն ամբողջությամբ օգտագործելու նպատակով մշակվում է հայեցակարգ, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Հայեցակարգում նշվելու են ճյուղի զարգացման և թռչնատեսակների (մսատու, ձվատու) բուծման կոնկրետ ուղղությունները: Թռչնաբուծական տնտեսությունները ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու, նոր սարքավորումներով ապահովելու նպատակով, միաժամանակ, հաշվի են առնվել թռչնաբուծությամբ զբաղվող համապատասխան մասնագետների կարծիքները:

ԽՈԶԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՎՍ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ
«Հանրապետությունում 2007 թվականին արձանագրվեց խոզերի աֆրիկական ժանտախտ, որի հետ կապված խոզաբուծության զարգացումը մի փոքր նվազեց: Նշված ճյուղը նախկին հիմքերի վրա դնելու նպատակով դեռևս անցած տարի արտասահմանյան երկրներից` Ռուսաստանից, ՈՒկրաինայից, Բելառուսից, շուրջ 300 գլուխ խոզամայր ենք ներկրել և տրամադրել մեր ֆերմերային տնտեսություններին: Ծրագիրը շարունակական է և միտված է ապահովելու ճյուղի խթանումն ու արդյունավետությունը»,- նշում է ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը:

ՄԵՂՎԱԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է, ՔԱՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾԸ
«ՀՀ ազգային վիճվարչության տվյալներով` հանրապետությունում գրանցված է 190 հազար մեղվաընտանիք, սակայն նշված թիվը ստույգ չէ, մարզերում մեղվաընտանիքների քանակն ավելի շատ է», - փաստեց պարոն Բաղյանը:
Նրա խոսքերով, մեղվաբուծության զարգացման աշխատանքները հիմնականում նպատակաուղղվում են մեղվաընտանիքներում արձանագրված 2-3 տեսակի հիվանդությունների չեզոքացմանը: Պայքարը կազմակերպելու համար պետպատվերի շրջանակներում ձեռք են բերվել բուժանյութեր և տրամադրվել մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսություններին: Պետպատվերի շրջանակներում ձեռք բերված «պիպին» կոչվող պատրաստուկը հատկացվել է անվճար: Նշված աշխատանքներին մասնակից է նաև «Մուլտիգրուպ» ագրոմիությունը, որը, մեղվաբուծությունից բացի, մասնագիտական համապատասխան աշխատանք է տանում և՛ հիվանդությունների ախտորոշման, և՛ բուժման, և՛ ընդհանուր մեթոդաբանական ցուցումներ տալու ուղղությամբ:

ՃԱԳԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆԿՐԵՏ ԾՐԱԳԻՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՅԺՄ ՉՈՒՆԻ
«Այսօր առանձին ֆերմերային տնտեսություններ կան, որոնք զբաղվում են ճագարաբուծությամբ: Ճյուղի զարգացումն ապահովելու նպատակով մենք նրանց օգնում ենք հիմնականում անհրաժեշտ դեղամիջոցներով: Ինչ վերաբերում է ճագարաբուծության զարգացման վերաբերյալ կոնկրետ ծրագրին, նախարարությունն առայժմ չունի, հետագայում հաշվի կառնվի նաև այդ»,- վստահեցնում է Գ. Բաղյանը:

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅՈՒՆ Է
«Այսօրվա դրությամբ համաճարակային իրավիճակը հանրապետությունում կայուն է, գյուղկենդանիների շրջանում համաճարակային, վարակային օջախներ չկան»,- նշում է Գ. Բաղյանը: Նոր վարակները բացառելու նպատակով նախարարությունը, պետպատվերի շրջանակներում, թվով տասը հիվանդությունների դեմ իրականացնում է պատվաստումներ: Դրանց ավելացել են նաև նախորդ տարիներին չիրականացված պատվաստումները: Անհրաժեշտ պատվաստանյութերի մեծ մասն արդեն կա, մնացածը ձեռք կբերվի առաջիկայում: «Պատվաստումների առաջին փուլը կավարտվի հունիսին: Հաջորդ փուլը կիրականացվի աշնանը»,- ասաց փոխնախարարը:

ՄՍԵՂԵՆԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ 180-190 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ Է, ԴՐԱ ՄԵԿ ՉՈՐՐՈՐԴԸ ՆԵՐԿՐՎՈՒՄ Է
«Հանրապետության բնակչության մսեղենի պահանջարկը 180-190 հազար տոննա է, որից 120-130 հազար տոննան արտադրվում է երկրի ներսում, մնացածը ներկրվում է»,- փաստում է Գ. Բաղյանը, հավելելով, որ անցած տարի հանրապետությունում արտադրվել է 127 հազար տոննա (խոշոր, մանր եղջերավոր կենդանիների և խոզի) միս: Միաժամանակ ներկրվել է շուրջ 54 հազար տոննա միս, ինչը 2011 թվականին ամբողջությամբ սպառվել է:
«Ներկրվածի հիմնական մասը (37 հազար տոննա) թռչնամիսն է, 11 հազար տոննան` տավարի, 6000 տոննան` խոզի միսը: Ցավոք, այսօր դեռ մենք անբավ ենք մսի նկատմամբ եղած պահանջարկի բավարարման հարցում, քանի որ դրա մեկ չորրորդը դեռևս ներմուծվում է: Ներկրվող մսի խմբաքանակները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության վերահսկումից բացի, ենթարկվում են ամենօրյա լաբորատոր փորձաքննության, որից հետո ուղարկվում են իրացման», - եզրափակեց Գրիշա Բաղյանը:

Զրույցը վարեց

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 11893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ