Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վանգան, ինչպես որ կա

Վանգան, ինչպես որ կա
22.05.2012 | 00:50

Վանգայի անունը գրեթե ողջ աշխարհին է հայտնի, քանի որ իր 55 տարվա ակտիվ կյանքի ընթացքում նրան այցելել է մոտ հարյուր միլիոն մարդ. հսկայական թիվ մեկ մարդու հետ հարաբերվելու համար, որը եղել է կույր ու իր քաղաքից ոչ մի տեղ չի գնացել։ Նրա այցելուների շարքում են եղել աշխարհին հայտնի շատ մարդիկ, սկսած թագավորներից, շեյխերից, մեծահարուստներից, քաղաքագետներից, վերջացրած կինոաստղերով, որոնց կյանքը, ինչպես գիտենք, մեծ մասամբ խառնակ է լինում։ Մի անգամ էլ Վանգան Ռուսաստանի պրեզիդենտ Բորիս Ելցինին է դիմել, որ գա իր մոտ. գաղտնաբար մի կարևոր լուր ունի հաղորդելու, բայց Ելցինը, խորագետ գտնվելով, մերժել է նրա առաջարկը։
Չնայած Վանգան իր կուրության մասին նախկինում մի վարկած է պատմել, որ իբր ուժեղ փոթորկի ժամանակ աչքերն ավազ է լցվել, ու դրանից հետո դադարել է տեսնելուց, բայց բժիշկները հաստատում են, որ այդ դեպքում պետք է գոնե նրա աչքերի խնձորակները մնային, ինչը բացակայում է Վանգայի մոտ։ Ազգությամբ բուլղար մի լրագրողուհի՝ Սվետոսլավա Տոդորկան, հարցում է արել Մակեդոնիայի եղանակի բյուրոյին ու այնտեղից պաշտոնական պատասխան է ստացել, որ այդ տարի ոչ մի փոթորիկ էլ չի եղել, բայց այդ նույն տարում ոստիկականական հաշվետվություններում կա փաստաթուղթ, որ Վանգայի հայրական գյուղում 12 տարեկան մի աղջկա են բռնաբարել ու աչքերը կուրացրել։ Եվ Վանգան հենց այդ նույն տարիքին է եղել։ Իսկ փոթորկի պատճառով նրա կուրացման առաջին, անմեղ տարբերակը հնարել են Բուլղարիայի ՊԱԿ¬ականները, քանի որ Վանգայի գուշակություններն ու այդ կնոջ ներկայությունը Բուլղարիան հայտնի են դարձնում աշխարհին ու ֆինանսական մեծ օգուտներ բերում, քանի որ, ինչպես ասացինք, հարյուր միլիոնավոր մարդիկ էին գալիս, գուշակության համար մեծ մուտքավճար տալիս և թանկարժեք նվերներ ու զարդեր թողնում Վանգային, որոնք հետո բռնագրավվում էին պետության կողմից։ Իսկ մահվանից հետո Վանգան իր բոլոր բարեկամներին ու հարազատներին, այդ թվում և որդեգրած երկու զավակներին, մեծ հուսախաբության է մատնում, քանի որ նրա կտակը բացելուց հետո իմացել են, որ գուշակուհին իր ողջ ունեցվածքն ու հարստությունը կտակել է Բուլղարիային։ Այստեղ դարձյալ պարզորեն երևում է ՊԱԿ-ականների ձեռագիրը, որոնց համար դժվար չէր այդ փաստաթղթային զեղծարարությունները անել։ Ինչպես ասում է ժողովուրդը. «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ»։
Վանգան աշխարհում հայտնի էր որպես պայծառատես ու գուշակ, նրան երբեմն հավասարեցնում էին Նոստրադամուսին, քանի որ Վանգայի ասած գուշակություններից, ըստ մասնագետների հաշվարկների, հինգից մեկը կատարվել է։
Այդ կինը չնայած Աստծո գոյությունը չէր ժխտում, բայց Սուրբ գրքից անգրագիտության աստիճանի քիչ բան գիտեր ու չէր էլ ուզում իմանալ, իսկ Քրիստոսի մասին ասել է, որ Նա ընդամենը նման է մի հսկայական հրե գնդի, որին հնարավոր չէ նայել։ Նա մի անգամ էլ այնքան է հանդգնել, որ ասել է` բացե՛ք Աստվածաշունչը և կարդացեք, ու ես կասեմ, թե այդտեղ գրված որ խոսքն է Աստծուց, որը` ոչ։
Իսկ ում հետ նա հարաբերվել է իր ներաշխարհով, և որոնց նա տեսնում էր կույր աչքերով, (դա կոչվում է հոգևոր տեսողություն, երբ մարդիկ ոգեղեն էակներ են տեսնում՝ դևեր կամ հրեշտակներ) ըստ իր վկայության, դրանք ձկան թեփուկների նման զրահներ հագած, թևերի նման բաներ ունեցող մարդիկ են, որոնց թվում նաև կանայք կան, որոնց մազերը ջրիմուռների ու սարդոստայնի են նման։ Այդ էակները, որոնց Վանգան չգիտեր ինչպես անվանել, հսկում են մարդկանց և հեթանոսական ժամանակների ուժեր են հանդիսանում։ Ընդհանրապես Վանգան հեթանոսական դարերի շատ երևույթների մասին է տեղեկացրել մարդկանց։ Իսկ երբ Վանգան հարաբերվել է հայտնի օկուլտիստ տիբեթցի Նիկոլայ Ռերիխի հետ, նրան ասել է, թե քո հայրն այս աշխարհի մարդկանցից չէ, այլ այլմոլորակային է։ Դրական է խոսել նաև հայտնի էքստրասենս Ջունա Դավիթաշվիլու մասին, որը, ինչպես գիտեն շատերը, մի ժամանակ «բուժում» էր կոմունիստական առաջնորդներին, որոնք հետագայում իրար հետևից գերեզման իջան։ Բայց մենք նաև տեղեկություն ունենք, որ մի ժամանակ սոցիալիստական Հարավսլավիան իր քայքայումից առաջ, իր երկրում կայացած գուշակների ու կախարդների համաշխարհային ժողովում, էքստրասենս Ջունային հայտարարել է կախարդների տիեզերական թագուհի, ինչը իհարկե սրբապղծություն է, քանի որ Տիեզերքի թագուհի միայն սուրբ Մարիամ Աստվածածինն է համարվում։
Ըստ Վանգայի վկայության, մարդկանց անուններն իրեն հուշում էին մեռած հոգիները, ու այդ անուններով տվյալ մարդուն կանչում էր հերթի միջից, ինչը, իհարկե, մարդկանց զարմացնում էր, քանի որ շատերը գաղտնի էին գալիս։ Բայց եկեղեցու սուրբ հայրերի խոսքից գիտենք, որ մեռածները գտնվում են սպասման կայաններում, և նրանց իրավունք չի վերապահվում իրենց ուզած ժամանակ գալ այս աշխարհ ու խառնվել մարդկանց կյանքին, բացառությամբ Տիրոջ սրբերի. սուրբ Կույս Մարիամ, Հովհաննես Մկրտիչ, սուրբ Գևորգ, սուրբ Սարգիս և այլք։ Իսկ ըստ Պողոս առաքյալի, սատանան ու իր հրեշտակները, այսինքն` դևերը, կարող են մարդկանց կերպարանքը և ձայնն ընդօրինակել, որպեսզի մոլորեցնեն ու խաբեն մարդկանց, ինչպես գրված է Աստծո խոսքում. «… և դա զարմանալի բան չէ. քանզի ինքը սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ: Եվ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» (Բ Կորնթ.11.14)։ Այսինքն, ըստ առաքյալի խոսքերի, մարդկանց մեջ կան սատանայի պաշտոնյաներ, որոնք Աստծո ծառաների անվան տակ են գործում, որպեսզի մարդկանց մոլորության տանեն ու սատանայի բաժին դարձնեն։ Այս խոսքերը հիշենք, քանի որ հոդվածի վերջում հենց իր՝ Վանգայի խոստովանությունը կկարդաք այդ մասին։
Բայց հիմա անցնենք առաջ։ Սովորաբար կախարդներն ու գուշակներն անսուրբ կյանք են վարում, քանի որ հարաբերվում են պիղծ ոգիների հետ ու նրանցից էլ սովորում են անսուրբ կյանք վարել։ Նույնն է եղել նաև Վանգայի և իր ամուսնու հետ, ով առաջին անգամ եկավ Վանգայի մոտ իր եղբոր համար տեղեկություն իմանալու, բայց փոխարենը լսեց նրա գուշակությունները, որ իրենք կամուսնանան ու երջանիկ կյանք ապրելով, երկու երեխա կունենան։ Եվ նա Վանգայի կախարդանքով լքում է իր գեղեցկուհի նշանածին և ամուսնանում գուշակուհու հետ, որից այդպես էլ երեխաներ չունեցավ, և ավելին, խաբվածի հուսահատությամբ, սկսեց ամեն օր հարբել ու 37 տարեկանում վաղաժամ մահացավ։ Դրանից հետո Վանգան կապվում է իր հարևան Իվանի հետ, որն իր թիկնապահն էր և ուներ երեխաներ ու կին։ Բայց չանցած որոշ ժամանակ նրա այդ սիրեկանին գտնում են սեփական տանը կախված։ Հաղթանդամ ու բարձրահասակ այդ տղամարդու հետ դժվար թե կարողանային վրեժից դրդված ինչ-որ բան անել, եթե միայն Վանգային ծառայող դևերը նրան չդրդեին այդ քայլին, քանի որ նա արդեն սկսել էր Վանգային սիրահետելով «պախարակել» նրա անունը, քանի որ մարդիկ Վանգային Աստծո մարգարեուհի էին համարում, որովհետև ինքը՝ Վանգան էլ էր վկայում, որ իր մոտ Հովհաննես Ոսկեբերանն է գալիս և ասում, թե ինչ պետք է լինի աշխարհին։ Դրա օրինակն է երեսուն տարեկան հասակում նրա առաջին գուշակությունը, որը նա կատարեց 1941 թվականին։ Ըստ դրա, Երկրորդ համաշխարհային պատերազմը երկու ամսից կսկսվի իրենց երկրում նույնպես. և իսկապես, այդպես էլ լինում է։
Եթե հոգևոր տեսանկյունից քննեք այդ գուշակությունը, ապա ի՞նչ մի մեծ բան է սատանայի հրեշտակներից մեկին կերպարանավորվել սուրբ Հովհաննես Ոսկեբերանի կերպարանքով ու ասել գալիք պատերազմի մասին, ինչը իրենց ղեկավարը՝ սատանան է հրահրել երկրների միջև հենց իր ծառայի՝ դիվահար Հիտլերի միջոցով։ Այնպես որ, հարգելի ընթերցող, ականջդ մի կախիր ամեն մի ճշմարտանման ստի առջև ու դյուրահավատությամբ, ավելի շուտ երեխայամտությամբ մի տրվիր դրանց, այլ մտքիդ զորությամբ և Աստծո խոսքով քննի՛ր, թե արդյոք դա Աստծո՞ւց է, ինչպես Տիրոջ առաքյալն է խորհուրդ տալիս. «Սիրելիներ, ամեն հոգու մի՛ հավատացեք, ապա հոգիները փորձեցե՛ք՝ թե արդյո՞ք Աստծուց են, քանի որ աշխարհի մեջ շատ սուտ մարգարեներ են ելել» (Ա Հովհաննես 4.1)։
Անցենք առաջ. Վանգայի հայտնի գուշակություններից է Ստալինի մահը 5 և 3 թվերի համադրությամբ, այսինքն` 1953 թվականին։
Դարձյալ հոգևոր տեսանկյունից քննելով այդ գուշակությունը, մի՞թե սատանայի այդ ծառայի՝ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ հանդիսացող արյունարբու Ստալինի մահը դժվար է գուշակել, երբ արդեն նրան ծառայող դևերը գիտեին նրա մոտալուտ մահը։
Իսկ մարդկությանը դեռ սպասվելիք ապագայի համար գուշակել է.
2014 թ. քիմիական մի մեծ գործարանի պայթյունի պատճառով մարդիկ կստանան մաշկային ահավոր հիվանդություններ։
Երրորդ համաշխարհային պատերազմ կսկվի։
2016 թ. Եվրոպան կմեռնի։
2018 թ. նոր տիրապետող համաշխարհային կայսրություն կդառնա Չինաստանը։
2023 թ. կփոխվի երկրագնդի առանցքն ու ոչ ոք չի փրկվի։
Կարդացի՞ք, հարգելիներ, ըստ Վանգայի գուշակության, քսան տարի հետո մեզնից ոչ ոք չի փրկվելու։ ՈՒրեմն ի՞նչ, հավատալով նրան` արդեն մարդկությունը պետք է սեփական հուղարկավորությա՞նը նախապատրաստվի։
Այժմ կարդանք ուղղափառ եկեղեցու կարծիքը, քանի որ այդ կարևոր հարցում նա սխալվելու իրավունք չունի, որովհետև դրանից են կախված միլիոնավոր մարդկանց հավատքի անաղարտությունը և հոգիների փրկությունը։
Վանգան իր «վաստակած» գումարով եկեղեցի է կառուցել ու զարդարել տվել տարօրինակ սրբապատկերներով, որոնց մեջ նաև իր պատկերը կա։ Բայց մի անգամ նա խոստովանել է, որ իր հոգին ծանրացել է իր արած գուշակություններից, քանի որ ինքը համարել է, որ իր արած գուշակությունները մահացու մեղք են, ուրեմն այդ կառուցած եկեղեցին յուրօրինակ քավության միջոց կծառայի իր մեղքերի համար։ Նման չէ՞ մեղքերի ու անօրենությունների մեջ թաթախված մեծահարուստների արածներին, որոնք հափշտակած գումարներով մի եկեղեցի են կառուցել տալիս, իրենց անհանգստացնող խղճերը հանգստացնելու համար, բայց չհասկանալով, որ Աստված իրենց զղջացող սրտերի կարիքն ունի։
Չնայած Վանգայի արած մեծ ծախսերին այդ եկեղեցին կառուցելու համար, միևնույն է, Բուլղարիայի պաշտոնական ուղղափառ եկեղեցին նրան համարում է դիվահար, քանի որ Վանգան գուշակություններն անում էր էքստազային հոգեկան տրանսի ժամանակ, ինչը յուրահատուկ է հոգեհարցուկներին։ Այդ մասին աստվածաշնչային Հին կտակարանում նկարագրվում է։ Իսրայելի Սավուղ թագավորը հոգեհարցուկ վհուկի մոտ գնալով խնդրում է, որ մեռած Սամուել մարգարեին կանչի և հարցնի, թե ինչպես վարվի ինքը, քանի որ երկիրը դժվար կացության մեջ էր գտնվում։ Վանգան էլ էր ասում, որ իրեն էլ են մեռած հոգիներ մոտենում ու ապագայի, կամ մարդկանց ճակատագրերի մասին են տեղեկություններ տալիս։ Մինչդեռ ասացինք, որ Տիրոջ եկեղեցու կարծիքով` դրանք դևեր են, որոնք մեռած հոգիների անվան տակ մոլորեցնում են մարդկանց, որպեսզի Աստծուն մոռանան կամ չվստահեն։
Նույնիսկ կա մի փաստավավերագրական տեսաֆիլմ, որտեղ Վանգան դիմադրում է ամբողջ ուժով ու թույլ չի տալիս իրեն ուղղափառ եկեղեցի տանեն։ Նման տեսարանի ինքս եմ ականատես եղել Երուսաղեմում, երբ մի օր սուրբ Հարության տաճար էի գնում, հանկարծ դեպի տաճարի մուտք տանող ճանապարհին կուտակված մարդկանց տեսա։ Բնականաբար, մոտեցա, որ տեսնեմ` ինչ է կատարվում, ու եթե կարիք կար, օգնեի կարողացածիս չափ։ Նկատեցի, որ այդ մարդիկ շրջապատել են մի գեղեցկատես կնոջ, որը միջին տարիքի էր։ Նա նստել էր հենց ճանապարհի մեջտեղում ու ինչ¬որ բան էր խոսում հավաքվածների հետ, մանավանդ մի հոգևորականի, որը նրան փորձում էր համոզել, որ մտնի տաճար։ ՈՒ հայտնապես երևում էր, որ այդ կինը չէր ուզում գնալ, իսկ երբ փորձում էին ուժով տանել, այդ նրբակազմ կնոջ մոտ այնպիսի զորություն էր ի հայտ գալիս, որ նա բոլորին հաղթում էր ու նորից իրեն թափով գետնին էր գլորում ու տեղում նստում և այնպիսի՜ աղերսանքով էր խնդրում, որ իրեն տաճար չմտցնեն, որ կարծես նրան սպանդանոց էին ուզում տանել։ Նրա մեջ նստած դևը շատ լավ գիտեր, թե ինչ էր սպասում իրեն, այդ պատճառով էլ ամեն բան անում էր, որ այդ կնոջը տաճար չտանեն։ Այդ տեսարանը շատ նման էր ավետարանական այն դրվագին, երբ գերգեսացի դիվահարին Հիսուսը պետք է ազատագրեր, նրա միջի դևերը աղաչում, պաղատում էին Հիսուսին, որ իրենց գոնե թույլ տա խոզերի մեջ մտնեն։ Այդպես մի քանի փորձ անելուց հետո, այդ կնոջը չհաջողվեց տաճար մտցնել, որտեղ Հիսուսի սուրբ գերեզմանն էր գտնվում։ Իսկ ինչո՞ւ հենց հատկապես այդտեղ։ Այդ տաճարի ծառայողներից մեկը հետևյալ վկայությունը տվեց Տիրոջ Գերեզմանի մասին. «Մի անգամ ռուսական մի խումբ եկավ տաճար, հետները մի կնոջ էին բերել։ Երբ մոտեցան տաճարին, այդ կինն անհանգստության նշաններ էր ցույց տալիս, իսկ երբ նրան մոտեցրին Տիրոջ սուրբ Գերեզմանին, նա դիվահարի մոլուցքով դուրս պրծավ ուղեկցողների ձեռքից և ուզեց տաճարից դուրս փախչել, բայց ռուսներն իրենց հատուկ կոպտությամբ իսկույն բռնեցին ու զոռով Գերեզմանի ներսը տարան ու ամբողջ ուժով սեղմելով նրան տապանաքարի վրա, միաժամանակ աղոթում էին, որ Աստված նրան ազատի սատանայի կապանքներից։ Այդպես էլ եղավ, որոշ ժամանակ անց այդ կնոջ բղավոցները դադարեցին, նա խաղաղվեց ու ինքն անձամբ սիրահոժար ծնկի եկավ Տիրոջ Գերեզմանում ու արցունքներն աչքերին շնորհակալություն էր հայտնում իր ազատագրման համար։ Իսկ երբ այնտեղից դուրս եկավ, տեսավ մարդկանց բազմությունը, որոնք հետևում էին դեպքի հետագա ընթացքին, բոլորից այդ կինը խոնարհաբար ներում էր խնդրում, որ անհանգստացրել է նրանց կամ վախեցրել իր բղավոցներով»։
Իսկ Վանգայի կառուցած եկեղեղեցին այդպես էլ չօծվեց պաշտոնական եկեղեցու կողմից, քանի որ նրանից պահանջում էին ապաշխարել ու դադարեցնել գուշակությունները, բայց Վանգան մերժեց նրանց առաջարկը, և եկեղեցին մնաց առանց օծման։
1996 թ. կրծքի քաղցկեղից հիվանդանոցում մահանալուց հետո Վանգային հենց այդ եկեղեցու բակում էլ թաղեցին, ինչն իր համար յուրօրինակ դամբարանի վերածվեց։
Վանգայի միակ խնդրանքը, որ իր մահից հետո մոտակա սարի կատարին 25-մետրանոց բարձրության խաչ կանգնեցնեն, այդպես էլ չիրականացավ, որովհետև նրա թաղման ժամանակ հավաքված չորս միլիոն դոլարն անհայտ կերպով չքացավ։
Միգուցե դա էր Աստծո կամքը, որովհետև Վանգան մինչև կյանքի վերջն այդպես էլ չապաշխարեց, խաչյալ Հիսուսին Տեր ու Աստված չընդունելով, չփառավորելով Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։
Ահա և ճշմարտությունը սուտ մարգարեուհու մասին։ Ընթերցողին մնում է ինքը վերանայի իր իմացածն ու հավատացածը Վանգայի ու նրա նմանների մասին, այսուհետ զգույշ լինի Հովհաննես առաքյալի այս խորհրդով. «Սրանով կարող եք ճանաչել Աստծո Հոգին. յուրաքանչյուր ոք, որ Հիսուս Քրիստոսին մարմնով եկած է խոստովանում, նա Աստծուց է։ Եվ ամեն ոք, որ Հիսուս Քրիստոսին մարմնով եկած չի խոստովանում, նա Աստծուց չէ, ու այն Նեռի հոգին է» (Ա Հովհաննես 4.1)։ Իսկ Վանգան, ինչպես արդեն կարդացինք, Հիսուս Քրիստոսին մարմնով եկած Տեր Փրկիչ չխոստովանեց։
ՈՒ քանի որ աշխարհը հարբած է հեռուստաշոուներով, որոնք մեծ մասամբ սատանայի մաղձ են հիշեցնում, այս անգամ նոր Վանգելինա (Վանգայի իրական անունն է) են փնտրում, այն էլ տարբեր երկրներում։ Իսկ ինչպես ասում են, փնտրողը գտնում է, այդպես եղավ տվյալ պարագայում, ու փոքրիկ «Վանգելինային» գտան Ֆրանսիայում, Կայեդե անունով մի աղջնակի կերպարում։ ՈՒ այդ խե՜ղճ աղջնակն այսուհետ աշխարհի համար որպես հերթական մեդիումական (որպես այնաշխարհային ոգիների միջև միջնորդ) անձը պետք է դառնա, ստության մոլուցքին տրված մարդկությանը բավարարելու համար։
Իսկ այս հոդվածը գրելու նպատակը հենց դա էր, քանի որ մանկամիտ ու դյուրահավատ շատ հայորդիներ, մանավանդ կանայք, այդ թվում և` իրենց քրիստոնյա համարող, գնում են Հայաստանի տարբեր շրջաններում գտնվող բախտագուշակների, էքստրասենսների, կախարդների ու զանազան գրբացների մոտ և օգտվում նրանց ծառայություններից, չհասկանալով, այդ ճանապարհով նրանք կապվում, ավելի շուտ ինքնակամ սատանայի գերությանն են մատնում սեփական անձն ու ընտանիքի անդամներին, ընդհուպ երեխաներին, քանի որ հոժար կամքով իշխանություն են տալիս չար զորություններին միջամտելու իրենց կյանքին։
Վանգայի կյանքի բացահայտված օրինակներով ու Սուրբ գրքի ճշմարտությամբ այսքանն իմանալուց հետո ինքներդ որոշեք ձեր անելիք հետագա քայլերը։
Աստված օգնական և պահապան ամենքիս։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ