Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Այսքանից հետո ո՞վ կզորի հակառակն ասելու

Այսքանից հետո ո՞վ կզորի հակառակն ասելու
22.05.2012 | 01:18

Մայիսի տասնութին ավարտվեց ծանրամարտի մինչև քսան տարեկանների աշխարհի առաջնությունը: Գվատեմալայում Հայաստանը ներկայացված էր սամաղարցի Անդրանիկ Կարապետյանով (69 կգ) ու գյումրեցի գերծանրքաշային Գոռ Մինասյանով: Ճիշտ է, տղաների մրցելույթի արդյունքում ոսկի չունեցանք, այլ մեկ փոքր արծաթե և երկու բրոնզե մեդալ (դրանցից մեկը՝ մեծ), սակայն շատ ավելի տպավորիչ է դրանք ապահոված կիլոգրամների թվային արտահայտությունը:
Անդրանիկ Կարապետյանի մրցելույթին արդեն անդրադարձել ենք: Սպասվածի մեջ այն ցանկալի ավարտ չունեցավ, որովհետև մարզիկի պոտենցիալի ու առաջնությունում ֆիքսվածի միջև էական տարբերություն արձանագրվեց: Մենք դա առարկայնորեն ցույց տվեցինք` Անտիգուայի արդյունքը համեմատության մեջ դնելով ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի մեծահասակների առաջնությունում մարզիկի հաղթահարած կիլոգրամների հետ: Այն Անդրանիկի համար շատ ավելի բացասական հաշվեկշիռ կունենար, եթե դիտարկումն արած լինեինք մարտին հանրապետության երիտասարդական առաջնությունում գրանցված արդյունքի համեմատությամբ (321=148+173), որը, եթե կրկներ մեր տղան, կունենայինք աշխարհի մեծ արծաթ: Սակայն եղածը եղած է, և ում խղճին ինչ ու ինչքան է ծանրացած, թող այդքան էլ պատասխանատու զգա նախ ինքն իր, ապա և բոլորիս առաջ ու դասեր քաղի ապագայում այսօրինակ սխալներ թույլ չտալու համար: Ասենք` հուսանք, ու անցնենք առաջ:
Ինչ վերաբերում է Գոռ Մինասյանին, հետաքրքիր կլինի այս մարզիկին իր զարգացման մեջ ներկայացնել: 2011 թվի մայիսին գյումրեցի հսկան հռչակվեց պատանիների աշխարհի չեմպիոն (Լիմա, Պերու)` երկամարտում ցույց տալով 379 ¥174+205¤ կգ արդյունք: Մեկ ամիս անց նա չորրորդն էր, սակայն արդեն երիտասարդների աշխարհի առաջնությունում (Պենանգ, Մալայզիա): Այստեղ երկամարտի նրա գումարը կազմեց 384 ¥178+206¤ կիլոգրամ: Անհարկի մանրամասն չի լինի, եթե ասենք, որ պոկում վարժության 178-ը ոսկե մեդալ բերեց ծանրորդին: Նույն տարվա օգոստոսին Գոռն իր ակնհայտ գերազանցությունը ցույց տվեց լեհական Չեխանովում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությունում` երկամարտում սանձահարելով 390 ¥181+209¤ կգ արդյունք: Ոչ պակաս ցուցանիշ էր և բուխարեստյանը (395=179+216), որը սեպտեմբերին երիտասարդների Եվրոպայի առաջնությունում (Ռումինիա) նրան բերեց փոխչեմպիոնական հանգրվանի:
Եթե նկատեցիք, մրցաշարից մրցաշար Գոռ Մինասյանն ունեցել է կայուն աճ, և հատկանշականն այն է, որ այդ դինամիկան արձանագրվել է միջազգային մրցաշարերում, որտեղ լրացուցիչ դեր են խաղում հոգեբանական գործոնները: Ասել է թե` այս տղան ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական պատրաստվածության հետ խնդիրներ չունի, կարողանում է արագ վերականգնվել, հանգամանք, որ սպորտում չափազանց զորեղ գործոն է (ուշադրություն դարձրեք մրցումների միջև ընկած փոքրիկ միջակայքին): Մարզիկի համար ընթացիկ տարվա առաջին մրցաշարը Երևանում փետրվարին կայացած հանրապետության մեծահասակների առաջնությունն էր: Այստեղ թերևս այնքան էլ մեծ ուշադրություն չդարձնենք նրա հաղթելու պարագային, այլ ավելի շատ սևեռվենք ցույց տված արդյունքի վրա: Առաջին անգամ մարզիկը շեմեց 400-ի սահմանագիծը` երկամարտում ցույց տալով 411 ¥186+225¤ կգ արդյունք: Մեկնարկային ահա այս դիրքերից էլ դեռևս տասնութը չբոլորած պատանյակը (ծնվել է 1994-ի հոկտեմբերի 24-ին) մասնակցեց տարվա իր առաջին միջազգայինին` մինչև քսան տարեկանների աշխարհի առաջնությանը:
Արդ` ինչպիսի՞ մասնակցություն ունեցավ:
Պոկումում ելակետ ունենալով 180-ը` նա հաջորդաբար գլխավերևում պահեց 186, ապա և 190 կգ կշռող ծանրաձողը (ընդամենը մեկ կիլոգրամ պակաս ռուսաստանցի քսանամյա Մագոմեդ Աբուևից ու հինգ կիլոգրամ ավելի երիտասարդների նախորդ տարվա չեմպիոն, իրանցի Բեհադոր Մոուլաեի (դարձյալ քսան տարեկան) արդյունքից` տիրանալով վարժության փոքր արծաթին: Սա պիտի փայլուն արդյունք համարել, որովհետև այս 190-ը նրա տարիքի համար գերազանց քաշ է, և առաջին անգամ է մարզիկը պաշտոնական մրցաշարում նման արդյունք գրանցում: Հրում վարժությունը Գոռն սկսեց 220 կիլոգրամից և կանգ առավ 227-ի վրա: 230-ին մոտեցումը թեև արդյունավետ չեղավ, սակայն սա չէ կարևորը: Շատ ավելի կարևորն այդ 230-ը նշանառության տակ առնելն է, որը մինչև տարեվերջ 240 դառնալու հեռանկարներ է բացում ու կբացի հաստատ, եթե ոչ ավելիի: Հրում վարժության բրոնզը պոկումի արծաթի հետ հանրագումարում մեր մարզիկի համար ապահովեց առաջնության մեծ բրոնզե մեդալ` երկամարտի 417 կգ արդյունքով, ինչը միանգամայն կարող էր լինել և արծաթե ցուցանիշ, եթե Գոռն անձնական քաշով ծանր չկշռեր իրանցուց:
Քաշային այս կարգում երկամարտի 426 կիլոգրամով հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչը, ում շրջանցելու փորձ իրանցին, այնուամենայնիվ, արեց` երկու անգամ անարդյունավետ գրոհելով ոսկե մեդալ ապահովող 242-կիլոգրամանոց ծանրաձողը: Սակայն դառնանք դարձյալ մեր մարզիկին: Պատանեկանից երիտասարդականի սահմանագիծը Գոռ Մինասյանն անցավ՝ անվան դիմաց ունենալով աշխարհի պատանեկան ընդամենը մեկ ռեկորդ (պոկում վարժություն, 181 կգ), սակայն նույն առաջին վարժության 187-ն ու 190-ը, հրում վարժության 227-ը, երկամարտի 410-ն ու 417-ն, ըստ էության, նա բարձրացրել է Ռուբեն Ալեքսանյանի (հրում վարժություն, 220 կգ), չին Ժե Յանգի (երկամարտ, 396 կգ) հետ գրեթե նույն հասակում՝ մեկ-երկու ամսվա տարիքային տարբերությամբ: Պարզապես Գոռի պարագայում տարեթիվ է փոխվել: Այսքանից հետո կգտնվի՞ մեկը, որը կհամարձակվի ասել, թե հրաշք չէ մեր Գոռ Մինասյանը: Եթե այո, պնդող կա, թող անի նրանից ավելին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ