«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հաղթողներին չեն դատում

Հաղթողներին չեն դատում
22.05.2012 | 01:22

Եվրոպայի չեմպիոնների լիգայի «Մրցաշրջան 2011-2012»-ն արդեն անցյալ է, հաղթողը` թիմ, որն իր պատմության մեջ առաջին անգամ արժանացավ պատվավոր տիտղոսին, մարզիչը` մարդ, ում ճակատագիրն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում այսօր էլ օդի մեջ կախված է, թեպետ բոլոր գրված ու չգրված օրենքներով հաղթողներինն է այս կյանքը, և այդ նրանք են, որ պրոբլեմներ պիտի չունենան:
Այո, «Չելսին» տիրացավ եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսին, բայց որքան էլ դա այդպես է, միևնույն է, նա լավագույնը չէ: Ավելին, լավագույնների եռյակում էլ չէ: Հնգյակում էլ չէ:
Չափազանցո՞ւմ եմ: Հարցրեք ֆուտբոլից քիչ թե շատ տեղեկացված առաջին իսկ մարդուն ու կհամոզվեք:
Եվ ուրեմն, ի՞նչ, պարադո՞քս է եղածը:
Ե՛վ այո, և՛ ոչ: Ինչպես կյանքը:
Երկրի ներսում ընթացիկ մրցաշրջանը «հաջողությամբ» տապալած Մյունխենի «Բավարիան» եվրոպականի գլխավոր եզրափակիչում հրաշալի հնարավորություն էր ստացել սեփական երկրպագուների առաջ պարզերես դուրս գալու: Հաղթանակը շատ բան կխմբագրեր, շատ բան մոռացության կտար, շատ վերքեր կդարմաներ: Մի խոսքով, օդի պես պետք էր, ու դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները կային: Եվ մրցակցի համեմատ ավելի բարձրակարգ թիմ լինելն ու համարվելը, և՛ սեփական դաշտի առավելությունը, և՛… Չընկնենք թվարկումների հետևից:
Գերմանական ակումբի համեմատ «Չելսին» շատ ավելի շահեկան վիճակում էր: Անգլիայի գավաթը նվաճելն ինքնին մեծ բան է նշանակում: Ասում ենք` ինքնին, որովհետև կատակ բան չէ այս պահի դրությամբ ամենաուժեղ ակումբային ֆուտբոլ ունեցող երկրի գավաթին տիրանալը: Սակայն «Ալյանս արենայում» կարելի էր դառնալ արդեն շատ ավելի մեծ պատմություն, կարելի էր աշխարհամասի թիվ մեկ գավաթը նվաճած ակումբների շարքը համալրել:
Ինչո՞վ խիզախելու բան չէր:
Եվ խիզախեց: Ճիշտ է, մի ամբողջ խաղակես գրեթե դուրս չգալով սեփական կիսադաշտից և մինչև խաղի հաշիվը հավասարեցնելն այդպես էլ ոչ մի դիպուկ հարված չկատարելով մրցակցի դարպասին:
Գուցե և իսկապես դիտարժան չէ չափից դուրս պրակտիկ այսօրինակ ֆուտբոլը, սակայն այն անգլիական թիմին, նախ, բերեց ավելացված երեսուն րոպեի հանգրվան, որտեղ հաջողակ լինել «Բավարիան» կարող էր, կարո՛ղ էր ամեն ինչ բեկել իր կողմը, եթե Արիեն Ռոբենը իրացներ տասնմեկմետրանոցը:
Չստացվեց: Փոխարենը «Չելսիի» մոտ ստացվեց:
Լոնդոնցիները խաղը կարողացան հասցնել հետխաղյա տասնմեկմետրանոցների: Ճակատագրի նախախնամությամբ Դիդիե Դրոգբային հաջողվեց պատասխան գոլը խփել, հավասարեցնել խաղի հիմնական ժամանակի հաշիվը, այդ նույն ճակատագրի նախախնամությամբ հենց նա էլ իրացրեց վճռական տասնմեկմետրանոցը: Այս խաղից հետո Ռոբերտո դի Մատեոն իվուարցուն անվանեց «Չելսիի» ունեցվածք: Կարողության, հարստության առումով, իսկ ֆուտբոլիստը հայտարարեց, որ Չեմպիոնների լիգայում իրենց հաղթանակը նախանշված էր ճակատագրով:
Կա՞ միստիկա Դրոգբայի ասածի մեջ:
Կարծում եմ` ոչ: Մի թիմ, որ եզրափակիչ տանող մարաթոնի ընթացքում 3:1 հաշվով պարտվելուց հետո կարողանում է 4:1 հաշվով ռևանշի հասնել, մի թիմ, որ ֆուտբոլ չխաղալով, «Բարսելոն» է կարողանում հանդիսատես դարձնել, ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ պիտի չհաղթեր «Բավարիային», այն էլ այն դեպքում, երբ Դորտմունդի «Բորուսիային» երկրի չեմպիոնությունն ու գավաթը զիջելուց հետո մյունխենցիներն այդպես էլ ուշքի չեն կարողանում գալ:
Այնպես որ, ոչ մի միստիկա էլ չկա «Չելսիի» հաղթանակի մեջ:
Կա պարզապես հաջողակ լինելու հասկացություն:
Թող որ դա ուժի, խելքի, ուրիշ շատ բաների հետ կապ չունի, բայց շատ հաճախ ավելի գործուն գործոն է:
«Չելսին» լիուլի օգտվեց իր գործոնից:
Իսկ հաղթողներին չեն դատում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ