Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի միացյալ տուն-թանգարանը գործում է էնտուզիազմի հաշվին

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի միացյալ տուն-թանգարանը գործում է էնտուզիազմի հաշվին
25.05.2012 | 12:13

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի միացյալ տուն-թանգարանի վարիչ, քանդակագործ Տարիել Հակոբյանի փոխանցմամբ՝ «Թանգարանային գիշեր» օրվա շրջանակներում թանգարանի բակում կազմակերպվեց բացօթյա ցուցադրություն՝ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: Բակում ներկայացված են Արա Սարգսյանի պահոցներից վերջերս դուրս բերված աշխատանքները: «Այստեղ» են Րաֆֆին, Չարենցը, Վալերի Բրյուսովը, Արմեն Տիգրանյանը, այլոք, հարթաքանդակներ, բոլորաքանդակներ և այլն: Բակը, ուր տարիներ շարունակ զբոսնել ու զրուցել են ազգային կերպարվեստի երկու երևելիներն ու նրանց անթիվ հյուրերը, բավականին խնամված է այսօր, վարդերով պատված, և այս միջավայրում յուրօրինակ շուք են ստանում քանդակագործի ստեղծագործությունները: Հակոբ Կոջոյանն ապրել է այս նույն շենքի երկրորդ հարկում, որտեղ էլ նրա տուն թանգարանն է. նրա 128 ներկայացված ստեղծագործություներից զատ թանգարանների ֆոնդերում պահպանվում են Արա Սարգսյանի 300 և Հակոբ Կոջոյանի շուրջ 100 աշխատանքների: Միացյալ տուն-թանգարանի վարիչն այսօր մի շարք խնդիրների առջև է կանգնած: Որքան էլ վերջինս նախաձեռնող է և արդեն իսկ մի շարք աշխատանքներ է իրականացրել, բաց է մնում գլխավոր հարցը` միացյալ տուն-թանգարանի հիմնանորոգումը: Նա նշեց, որ հայ ազգային մշակույթի այս նշանավոր օջախը վերջնական փլուզումից փրկելու համար անհրաժշետ է առնվազն 17մլն դրամ գումար: Քանդակագործը միաժամանակ զարմացած է, որ պատկան կառույցները հաճախ անտեսում են, այսպես կոչված, «կցորդ թանգարանների» հարցը: Այս խնդրի հետ դժվար է չհամաձայնվել: Եթե Հովհաննես Թումանյանի, Մարտիրոս Սարյանի և այլ առանձին միավոր հանդիսացող տուն-թանգարանները պետության արժանի հոգածության ներքո են, ապա Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի, ինչպես նաև Ջոտտոյի, Դերենիկ Դեմիրճյանի և այլոց տուն-թանգարանները ընկեցիկի վիճակում են: Զրույցի ընթացքում Տարիել Հակոբյանը ներկայացրեց հայկական լրատվամիջոցներում առձանագրված և հերքում չստացած մի տեղեկություն, համաձայն որի օպերային բեմի հանրահռչակ աստղ Անդրեա Բոչելլին պետական բյուջեից «խլեց» 1մլն 200 հազար դոլար: Մի խոսքով, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի միացյալ տուն-թանգարանը գործում է էնտուզիազմի հաշվին, սպասելով այն երանելի օրվան, երբ կհայտնվի պետական լուրջ հոգածության ներքո:


Վրեժ Առաքելյան

Դիտվել է՝ 3864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ