ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը դժոխքի «վիզա՞» են ապահովում

Նոր անձնագրերն ու  նույնականացման քարտերը  դժոխքի «վիզա՞» են ապահովում
25.05.2012 | 12:55

Վերջին օրերին հասարակական լայն քննարկման հարց է դարձել նոր անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրումը, որը, ըստ պատասխանատուների, հեշտացնելու է մարդկանց կյանքը, իսկ ոմանց կարծիքով էլ՝ դա, ոչ ավել-ոչ պակաս, «մարդկության դեմ հանցագործություն» է: Այսպիսի համոզմունք ունեն նաև «Իրատես de facto» ակումբի երեկվա հյուրերը՝ հասարակական-քաղաքական գործիչներ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ ու ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸ:
«Սկսել են մեզ շահագրգռել ու գովերգել այդ անձնագրերն ու քարտերը, որպեսզի գայթակղվենք: Բայց դրա նպատակը հետևյալն է՝ տոտալիտար վերահսկողության սկզբունքի հիմք դնել ու, ի վերջո, չիպեր տեղադրել մեր մարմնի մեջ»,- համոզված է Խաչիկ Ստամբոլցյանը, ով տեղեկացրեց, թե աշխարհի շուրջ 70 տոկոսը հրաժարվել է այդ համակարգից: Ավելին, ըստ նրա, սա գլոբալիզացիայի հերթական քայլն է, որը նախ և առաջ ուղղված է մեր հոգևոր աշխարհի դեմ: «Բոլոր մարդիկ պիտի համարակալվեն, իսկ հոգեկան աշխարհը դառնա կառավարելի»,- նկատեց Ստամբոլցյանը՝ միակ դրական մոտեցումը համարելով այն, որ այդ համակարգի ներդրումը դեռևս կամավորական հիմունքների վրա է:
Չնայած նոր անձնագիրը և նույնականացման քարտը որոշակի գումար են պահանջում, ու շարքային քաղաքացին էլ չի շտապի սեփական կամքով իր «կյանքը հեշտացնել», սակայն, ըստ Գևորգ Յազըճյանի, դրսից մի բարերար կգտնվի ու կհոգա բոլոր ծախսերը, որով դրսի «չար ուժերին» հնարավորություն կտրվի վերահսկողություն սահմանելու մեզ վրա՝ դարձնելով իրենց «խաղալիքը»: Քանի որ նոր անձնագրերում և նույնականացման քարտերում կան չիպեր, որոնք խտացված ինֆորմացիա են պարունակում, ըստ բանախոսների, դրանք կարող են օգտագործվել մեր դեմ ու ծառայեցվել չար նպատակների, այնինչ մարդու ինտիմ կյանքը պիտի չենթարկվի ո՛չ հրապարակման, ո՛չ էլ չիպավորման: «Մարդն ունենում է գաղտնիքներ, որոնք պիտի իր հետ գերեզման տանի»,- հավաստիացրեց Յազըճյանը, ում համար անհասկանալի է հայ եկեղեցու չեզոք պահվածքն այսօրինակ հարցերում:
«Արդյոք այս ամենը չի՞ նշանակում, որ պիտի չօգտվել ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներից»` լրագրողների այս հարցին էլ ի պատասխան, ակումբի հյուրերը նշեցին, որ եթե նորագույն տեխնոլոգիաները ի չարս են գործադրվում, միանշանակ պիտի հրաժարվել դրանցից, «այլապես դժոխքի բաժին կդառնաս ու ներում չես ստանա Աստծուց»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ