Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արցախում Ռուսաստանի դարպասներն են, ես եկա այդ դարպասները պահպանելու, թեպետ ինձ չէին խնդրել

Արցախում Ռուսաստանի դարպասներն են, ես եկա  այդ դարպասները պահպանելու, թեպետ ինձ չէին խնդրել
25.05.2012 | 12:58

Միջահասակ, փոքրամարմին, սևուսպիտակ մազերով, մորուքով, արագաշարժ ու արագախոս, հումորի ափեափ զարկվող զգացումով: Կյանքում նրան տեսնում էի առաջին անգամ: Գուցե նաև վերջին անգամ: Գիտեի, որ հարցազրույց եմ անելու ղարաբաղյան պատերազմի մասնակցի հետ, ում երկար ժամանակ որոնելուց հետո գտել են շատ պատահաբար, ու հիմա նաև նրա մասին ֆիլմ է նկարվում: Միայն այդքանը: Ես ընդամենը մի հարց եմ տվել` ինչպե՞ս եղավ: Մնացածը նա պատմել է առանց հարցերի, պատմել է երկար ու հավեսով: Սովետական բանակի փոխգնդապետ Ալեքսանդր Վլադիմիրովիչ Կուրեպինը Ղարաբաղի մասին պատմում էր` ինչպես իր տան, ու դա արդեն պատասխանն էր իմ նույնիսկ չտված հարցերի:

ԿՈՒՐԵՊԻՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ, 1950 թ. սեպտեմբերի 1-ին եմ ծնվել, ճակատային սպայի ընտանիքում, դպրոցից հետո սովորել եմ ինստիտուտում: Հայրս` ճիշտ կոմունիստ, որոշեց, որ ես ինձ կարգին չեմ պահում, և ուղարկեց բանակ: Մենք ապրում էինք Սևաստոպոլում, նա ինձ ուղարկեց ամենահեռավոր կետը` Սիբիր: Ծառայության ժամանակ կուսակցության մեջ ընդունվեցի, զորացրվելուց հետո ուզում էի ընդունվել բարձրագույն ռազմական ինժեներական ուսումնարան, պարզվեց, որ դիմումս ճիշտ չէր լրացված, ընդունվեցի քաղաքական ուսումնարան: 72-ին ավարտեցի ոսկե մեդալով, տարիուկես ծառայեցի Մոսկվայում, հետո ծառայության անցա հյուսիսում` ծովային հետևակում: 91-ին Բելովեժյան թավուտում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հրաժարական տվեցի` բացատրելով, որ սպան մեկ անգամ է երդում տալիս: Ինձ սովորեցրել էին կռվել և ուրիշ ոչինչ. վաճառել-գնել, գողանալ ես չգիտեի, և քանի որ գիտելիքներս պետք է ինչ-որ տեղ օգտագործեի, որտե՞ղ կարող էի օգտագործել: Պատերազմում: Պատերազմում` որտե՞ղ: Ինչո՞ւ եկա Արցախ, և ինչո՞ւ հայկական բանակ: Այո, ադրբեջանցիները վճարում էին և լավ էին վճարում: Կես տարվա պայմանագիր` 800 դոլար ամսական, հավելած 50000 ռուբլի ամեն օր մարտական դիրքերում գտնվելու համար:
Մի մոռացեք, որ ես քաղաշխատող էի եղել: 88-ի փետրվարին ես ծովային հետևակի բրիգադի քաղբաժնի պետ էի և գիշերը հրամանատարական դաշտային դիտակետում հերթապահ էի, օգնականս ադրբեջանցի էր, ու ես նրան հարցրի` ի՞նչ է կատարվում Ղարաբաղում: Նա ինձ բաց տեքստով ասաց` հողը հայերինն է, իսկ մեր ապուշներին իրենց ունեցածը քիչ է, աչք են տնկել ուրիշի ունեցվածքին: Նա միակ ադրբեջանցին չէր, ում իմ կյանքում հանդիպել եմ, ով հրաժարվել է հայերի դեմ կռվել: Շատերն էին հասկանում ինչն ինչոց է, հիմա էլ: Վերջերս ինտերնետում կարդացի մի ադրբեջանցի քաղաքագետի խոսքը` ինչքան կարելի է նվնվալ, որ հայերը մեր հողերը գրավել են, իսկ ինչո՞ւ էին մեր զինվորները փախչում «մեր» հողերից: Երբ ինձ ուղղակի հարցնում են` ինչո՞ւ հայերի կողմից եմ կռվել, պատասխանում եմ` նայեք քարտեզին, Ռուսաստանի հարավում Կովկասն է, իսկ այնտեղ դրախտային մի վայր կա` Արցախը, որտեղ հազար տարի կռվում են հայերն ու թուրքերը: Արցախում երկաթ էին կռում, երբ մեր նախնիները սովորում էին դագանակ նետել: Արցախում Ռուսաստանի դարպասներն են, որոնց փական է պետք, և ղարաբաղյան փականն ամենագլխավորն է, որ եթե թշնամիները կոտրեն, բացում են Ռուսաստանի դուռը, ես եկա այդ դարպասները պահպանելու, թեպետ ինձ չէին խնդրել: Երբ տարիուկես հոսպիտալում պառկեցի` այնքան գրքեր կարդացի, որ Հայաստանի պատմությունը հիմա հիանալի գիտեմ:
Հիմա, երբ նորից Հայաստանում եմ, այն զգացողությունն ունեմ, որ մեկ ամիս առաջ եմ մեկնել: Շահեն Մեղրյանի եղբոր` Պետրոսի հետ զրուցում էինք, ու հանկարծ հասկացա, որ ամեն օրը հիշում եմ, ամեն օրը, նույնիսկ հայերեն բառերն եմ վերհիշել: 1992 թ. հուլիսի 16-ին դիմեցի Հայաստանի ներկայացուցչություն, որ ուզում եմ Հայաստան գալ, և պատահաբար հանդիպեցի ՀՀ պաշտպանության փոխնախարարներից մեկին, երբ նրան ասացի, որ ռազմական գործի գիտակ եմ, տեղնուտեղը եկանք Երևան, նույն օրն արդեն հանդիպեցի Վազգեն Սարգսյանին: Շշմելու էր, որ ինձ նախարարն էր ընդունում, մի ժամ զրուցեցինք, ու ես հասկացա, որ մնալու ու կռվելու եմ Հայաստանում` ինչքան պետք լինի: Նախարարը հրամայեց ինձ տալ ինչ պետք է, նրա ուղղաթիռով էլ նույն օրը Ստեփանակերտ թռա ու հանդիպեցի Սերժ Սարգսյանին, նա էլ հրամայեց ինձ «ՈՒրալ» հատկացնել, և ժամը 6-ին Մարտունիում արդեն Մոնթեի հետ ծանոթացա: Ես մոռացել էի անգլերենը, նա չգիտեր ռուսերեն, բայց շատ լավ հասկանում էինք իրար: Սերժ Սարգսյանի հրամանով տասն օրից արդեն ես հավաքում էի իմ առանձին խումբը: Իմ խմբում 7 ռուսներ էին, 2 հայ, մի քանի օրից մի երեխա է մոտենում, թե վերցրու` քեզ հետ ծառայելու, գիտեմ, 3 զրահամեքենա ունես, մեկը մեխանիկ-վարորդ չունի, ասում եմ` քանի՞ տարեկան ես, 14, դե չորս տարի հետո կգաս, մի ժամ հետո գալիս է հոր հետ, թե` վերցրու քեզ մոտ, մեկ է, փախչելու է ճակատ: Վերցրի, հիմա մայոր է: ՈՒ կռվում էինք մինչև 94 թվի ապրիլի 17-ը, երբ վիրավորվեցի, 9 օրից Երևանում, հոսպիտալում գիտակցության եկա, ուզում էին աջ ձեռքս ու ոտքս կտրել, չթողեցի, ասացին` չես քայլի, թևդ էլ չես շարժի, տեսնում եք` քայլում եմ, շարժվում եմ: 93-ի փետրվարին մեզ համար զրահաշապիկներ ու կասկաներ բերեցին, տիտանից, գեղեցիկ, իմ զինվորներից ոչ մեկն այդպես էլ չհագավ, բայց ամբողջ վաշտը այդ հագուկապով լուսանկարվեց: Իմ զինվորներից մեկը շահումյանցի էր, 73 տարեկան, բայց մականունը «Ժիգուլի» էր, որովհետև ոչ մի ջահել հետևից չէր հասնում: Նրա 14 տարեկան թոռը եկավ, թե` վերցրու քեզ օգնական, վերցրի, առավոտյան` դե, զենք տուր: Ասում եմ` առ իմ ավտոմատը, հարցնում է` ինչո՞ւ է այսքան կեղտոտ, ասում եմ` դե ինձ պետք չի եկել, դու մաքրի: Գնաց, հինգ րոպեից եկավ` չի բացվում, որ մաքրեմ: Վերցնում եմ, որ քանդեմ, քաշում եմ, քաշում եմ, ժանգոտել է: Վերնաշենցի մի շեկ տղա ունեինք, հաղթանդամ-հաղթանդամ, տվեցինք, որ բացի, չստացվեց: Վերջը մի կերպ քանդեցինք ու տվեցինք, որ մաքրի: Երեք օր մաքրում էր, եկավ` փայլում է, ո՜նց է փայլում: Ասում է` վերցրու, մաքրել եմ: Ասում եմ` ինձ պետք չէ, ես թփերում նստած` կրակում եմ, պահի քեզ: Ասում է` իսկ ես ի՞նչ եմ անելու: Ասում եմ` կսովորեցնեմ` հրթիռները դնել, կրակել, ասում է` ինձ պետք չէ, ավտոմատով կրակել սովորեցրու: Ասում եմ` խելոք, ավտոմատից ով ասես` կկրակի, իսկ մենք նստում ենք թփերի մեջ ու նայում ենք` մեկը գալիս է` բաբախ, ու տես, թե մերոնցից քանի հոգի է փրկվում: Մի կերպ համոզվեց: Ինչո՞ւ հայերը հաղթեցին: Որովհետև հայերի տարածքը մտնելու համար նրան անպայման պիտի սպանեիր, իսկ ադրբեջանցիները` կրակ էիր բացում, թողնում-հեռանում էին: Գիտեք` պատերազմի մասին պատմելիս, ճիշտ չէ պատմել, թե ինչպես էիր խրամատից խրամատ վազում, տեղից տեղ անցնում` ինչ-որ մեկին այն աշխարհ ուղարկում, պիտի պատմես` ինչ կար այդ պատերազմի ներսում: Շահումյանի շրջանում էր Բորիկ Բաբաջանյանն ապրում, շրջանի լավագույն մեխանիկն էր, հրաշալի ինքնուս նկարիչ, երկու աղջիկ ու մի տղա ուներ: Մեծ աղջկա լուսանկարը տեսա, հասկացա, որ ամենագեղեցիկ հարսնացուն է Շահումյանում, 17 տարեկան էր: Փոքր աղջիկն էլ 13 տարեկան էր: Գրադով խփում են Շահումյանին, ուղիղ Բորիկենց բակը: Դիանան չկար, Մարինկայի ձեռքերը կտրվեցին: Բորիկը գիշերները լաց էր լինում: Մարինկան հիմա Սվերդլովսկում է ապրում, ամուսնացել է: Երևանից զանգեցի, մի բառից ձայնս ճանաչեց, ու` դե արի մեզ հյուր: «Արցախի երեխաները» ֆիլմում նրա մասին պատմում են, ու երբ լրագրողը հարցնում է` Աստծուց ի՞նչ ես ուզում, պատերազմում ձեռքերը կորցրած երեխան հանգիստ պատասխանում է` թող Շահումյանը վերադարձնի: Էս մարդկանց հնարավո՞ր է հաղթել:
Զինադադարից հետո համարյա երկու տարի ինձ կարում-կարկատում էին: Հետո պիտի ձեռնափայտից ազատվեի: Ելցինի Ռուսաստանը, աշխատանք չկա, փող չկա, կես տարի մերձմոսկովյան էլեկտրագնացքում թերթ էի վաճառում, հետո գնացի Սևաստոպոլ` մորս մոտ, 140 գրիվեն էր ստանում, աշխատանք չկար, քանի ամառ էր, բանջարանոցում մի քիչ գործ-մործ էի անում, հետո աղջկաս ամուսինը եկավ, թե թոռ ես ունենալու, օգնելու կարիք կա, արի, մի կես տարի պահեցի, բայց հո մինչև դպրոց գնալը չէի մնալու: Ասացի` գնում եմ իմ բախտը որոնեմ: Երեք տարի աշխատեցի ՈՒկրաինայի Հելսինկյան կոմիտեի քարտուղար-համակարգող, ղեկավարը իմ լավ բարեկամն էր, որին Ղարաբաղում քիչ էր մնում սպանեի: Տեսնեմ` Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ավտոբուս է մտնում, խփեցի, բայց ջուրը եռաց ու ավտոբուսը կանգնեց, տեսնեմ` քաղաքացիական են ուղևորները, էլ չխփեցի, մի հինգ րոպեից հանդիպեցինք: Ասաց` դո՞ւ էիր կրակողը, ասում եմ` ես էի, ասում է` բա ինչո՞ւ վրիպեցիր, ասում եմ` դե տեսա զինվորներ չեն, պարզվեց` բարձրաստիճան արտասահմանցիներ են:
2004-ին հասկացա, որ արդեն քաղաքում չեմ դիմանում, շնչել չեմ կարողանում` թոքերս վնասված են: Նիկոլաևի մարզում մարզկենտրոնից 40 կիլոմետրի վրա մի տնտեսություն կա, այնտեղ եմ ապրում իմ այծերի, հնդկահավերի, խոզերի, սագերի հետ, աշխատում եմ իմ ընկեր Խաչիկ Սահակյանի ֆերմերային տնտեսությունում որպես իրավախորհրդատու: Խաչիկը ինձ կեր է տալիս, ես ամբողջ ավանին եմ բաժանում, էդպես էլ ապրում ենք: Նոր տարուց առաջ Խաչիկը եկավ, թե գնացինք, ասում եմ` ո՞ւր, գնացինք ու վերջ, նստում ենք նրա մեքենան, 11 կիլոմետր գնում ենք, մտնում ենք նրա գրասենյակ: ՈՒթ տարի միասին աշխատում ենք, ութ տարվա մեջ մի անգամ չեմ տեսել, որ իր կաբինետում սեղան բացի, իսկ հիմա սեղանը լիքը, ասում է, արի համակարգչի մոտ, գնում եմ, ասում է` նայիր: Նայում եմ: Ֆիլմ, որտեղ իմ մասին էլ են պատմում: Խաչիկը` ինչո՞ւ չես ասել, որ Ղարաբաղում կռվել ես, ասում եմ` ասել եմ, նա էլ թե` ես գիտեմ իրավաբան ես, ուրեմն շտաբում ես եղել, իսկ դու իսկականից կռվել ես: Դե արի Աննա Թովմասյանին գտնենք, ասում եմ` ինչո՞ւ: Երեք ամիս որոնեցին, նրա ֆիլմի մասին ինչ ասես գտան, Մոսկվայում, Պիտերում, Սոչիում ցուցադրություններ... Հետո գտան ֆիլմի մասին հարցազրույց տվող Արթուր Ղազարյանին ու նրա միջոցով Աննային: Աննան միանգամից կպավ, թե մայիսի 9-ին Ստեփանակերտում պիտի լինես, տոնին: 95 թ. Վազգեն Սարգսյանն ինձ անձնագիր էր տվել` 701-րդը, աշխարհում առաջին ոչ հայը, որ հայկական անձնագիր է ստանում, բայց հետո այդ անձնագիրը Կիևում գողացան: Երկու օրում նոր փաստաթղթեր ստացա ու մայիսի 3-ին Երևանում էի: Ստեփանակերտը չճանաչեցի ընդհանրապես, մտածում էի` գոնե ծանոթ մեկին կգտնե՞մ, այնքան բարեկամներ գտա, որ ամբողջ օրը նրանց հետ էի: Երեկ ինձ այնպիսի համազգեստ են նվիրել, որ` հրաշք: Մայիսի 25-ին Մոնթե Մելքոնյանի անվ. դպրոցի շրջանավարտների հանդեսն է, երևի կմնամ: Ընկերներս ինձ համոզում են մնալ ընդհանրապես: Չգիտեմ, Նիկոլաևում ինձ ոչինչ չի պահում` բարեկամներիցս բացի: Գուցե վերադառնամ:
Երեկ Վազգեն Մանուկյանի հրամանի պատճենը տեսա` 1993 թ. հունիսի 15-ին ստորագրված` Շահեն Մեղրյանի անունը գնդին շնորհելու մասին: Հրամանը ոչ ոք չեղյալ չի հայտարարել, բայց գունդը չկա, ինչո՞ւ չկա: Կոմանդոսը միայն անցյալ տարի է Արցախի հերոսի կոչում ստացել, ինչո՞ւ: Ինձ բախտ է վիճակվել կռվել երկու լեգենդար դաշտային հրամանատարների ղեկավարությամբ` Մոնթեի ու Շահեն Մեղրյանի: Զինվորների համար նրանք լեգենդ են, սրբապատկեր, նրանց հիշելը, հավատացեք, իրենց բոլորովին պետք չէ, պետք է նրանց զինվորներին` երեկվա, այսօրվա, վաղվա: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուրին, ով թեկուզ երկու շաբաթ խրամատներում է եղել, ոչ մի քերծվածք չի ստացել, բայց չի թողել-փախել, գոնե հոբելյանական հուշամեդալ պիտի տալ, ով երեք ամիս կռվել է, մարտական մեդալ պիտի ստանա, ով վիրավորվել է` շքանշան, զոհվածի ամեն ընտանիքի ռազմական բարձրագույն պարգև` Ղարաբաղի ու Հայաստանի: ՈՒ էդ բոլորը ոչ թե անցյալի համար, այլ ապագայի:
Ահա այսպիսի կարճ պատմություն դժվար կյանքի մասին: Ես գիտեմ, որ Աննա Թովմասյանը նրա մասին ֆիլմ է նկարում: Համոզված եմ` ճիշտ ու բարի ֆիլմ է լինելու, թեև պատերազմի մասին է: Պարզապես պատերազմն էր ճիշտ, ու զինվորներն էին բարի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ