USD486.78
EUR574.01
RUB8.17
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Կլոր սեղան». «Արցախ. ներքաղաքական զարգացումներ»

«Կլոր սեղան». «Արցախ. ներքաղաքական զարգացումներ»
25.05.2012 | 13:31

Հայաստանում, մասնավորաբար, Արցախում, արդարացի դժգոհություն կա, թե հայաստանյան հետընտրական գործընթացները շարունակում են ստվերել քաղաքական մեկ այլ իրողություն` Արցախի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունները: Տեղեկատվական բացը լրացնելու նպատակով «Իրատես de facto»-ն հրավիրեց «Կլոր սեղան» քննարկում` «Արցախ. ներքաղաքական զարգացումներ» թեմայով: Սակայն մեծ էր մեր զարմանքը, երբ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը կտրականապես հրաժարվեց մասնակցության հրավերից:
Ցանկացած տեղեկատվական հարթակ Արցախի մասին մի քիչ ավելի խոսելուն ծառայեցնելը, Արցախը որպես պետություն ներկայացնելը պետք է լինի նաև այս կառույցի խնդիրը, հակառակ դեպքում հարց է առաջանում` ո՞րն է այս կառույցի դերը, երբ, «Սփյուռ» տեղեկատուում գրանցված լինելուց բացի, այլ կերպ չի հաստատում իր գոյությունը:
«Իրատես de facto»-ի հյուրերն են` ՀՀԿ անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ԲՀԿ անդամ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ, վերլուծաբան ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ, Արցախի փորձագետ ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

ԼՐԱԳՐՈՂ- Արցախը պատրաստվում է նախագահական ընտրությունների, և արդեն իսկ հնչում են գնահատականներ, որ «թեժ», բայց քաղաքակիրթ պայքար է լինելու: Ընտրություններին մնացել է մեկ ամիս ժամանակ, առաջադրվել է նախագահի 4 թեկնածու: Փորձենք գնահատել ներքաղաքական իրավիճակը նախընտրական Արցախում:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Ինձ համար միևնույն է, թե ով կլինի Արցախի Հանրապետության նախագահը, բայց կարևոր է, որ նա ընտրվի ազատ ու արդար ընտրությունների արդյունքում և վայելի ժողովրդի հարգանքը: Ես ուզում եմ, որ սպասվող ըտրությունները լինեն նույնպիսին, ինչպիսին միշտ եղել են` հանդուրժողականության ու միասնության մթնոլորտում, և ուզում եմ, որ նոր նախագահը շարունակի իր ջանքերը Արցախի հզորացման ուղղությամբ:
ԼՐԱԳՐՈՂ- Պարոն Սաֆարյան, Ձեր խոսքը հնչեց իբրև ցանկություն, բայց ոչ որպես իրավիճակի քաղաքական գնահատական:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Այո, որովհետև ես այլ գնահատական չեմ հնչեցնի, քանի որ Արցախի ընտրությունները մեր գործը չեն, այլ Արցախի ժողովրդի: Եվ եթե մենք ընդունում ենք, որ Արցախն անկախ պետություն է, ուրեմն պետք է նաև ընդունենք, որ Արցախի նախագահի ընտրությունները միայն այդ երկրի ժողովրդի գործն են: Իսկ մենք որպես հայրենակիցներ, ազգակիցներ պետք է ամեն ինչ անենք, որ Արցախում ամեն բան լավ ընթացք ունենա:
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ- Մեր խնդիրը պետք է լինի Արցախում տեղի ունեցող ցանկացած քաղաքական իրադարձության, տվյալ դեպքում` նախագահական ընտրություններին, միջազգային հնչողություն հաղորդելը: Իսկ դրա համար պետք է ապահովենք միջազգային հանրության ներկայացուցիչների մասնակցությունը` թեկուզ և ոչ պաշտոնական մակարդակներով, թող գան ու ամրագրեն, նաև հրապարակավ ասեն, որ առայժմ չճանաչված միավորումում տեղի ունեցան ընտրություններ, որոնք, հաշվի առնելով նախորդ բոլոր ընտրությունները, համոզված եմ, չեն զիջելու մյուս երկրներում անցկացված ժողովրդավարական բոլոր ընտրություններին: Միևնույն է, միջազգային հանրությունն արդեն ընդունում է քաղաքական այն մոտեցումը, որ, անկախ կարգավիճակից, չճանաչված միավորներն իրավունք ունեն ձևավորելու ինքնակառավարման ինստիտուտներ: Շատ կարևոր է, որ այս ընտրությունները ևս անցնեն ժողովրդավարության նորմերի շրջանակներում, ինչպիսին միշտ եղել են. Արցախը, իրոք, անցկացրել է, ժողովրդավարության առումով, հաջողված ընտրություններ: Արդեն 5-րդ նախագահական ընտրություններն են տեղի ունենալու: Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք խոսում ենք Արցախի ներքաղաքական խնդիրների մասին, սա նշանակում է, որ Արցախն իր ներքաղաքական գործընթացներով ապրող անկախ պետություն է: Եվ ես համամիտ եմ իմ գործընկերոջը, որ Արցախի ընտրությունները բացառապես Արցախի բնակչության խնդիրն են, նրանց ընտրության իրավունքն է, թե ո՛ւմ են տեսնում նախագահի պաշտոնում:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- Անդրադառնամ երկու ոչ ցանկալի երևույթի. Արցախի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, բայց հայաստանյան տեղեկատվական դաշտում գրեթե ոչինչ չի խոսվում այդ մասին: Նախ` ակնհայտ է հայաստանյան հանրության անտարբեր վերաբերմունքը արցախյան ընտրական գործընթացների նկատմամբ: Երկրորդ` բուն Արցախում ևս առկա է նույն անտարբերությունը:
ԼՐԱԳՐՈՂ- Իսկ ո՞րն է անտարբերության պատճառը:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում պատճառը մեկն է. իրականում ընտրական գործընթացները լուրջ գործոն չեն, հետևապես, դրանցից լուրջ փոփոխություններ չեն ակնկալվում ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում: Դա է պատճառը, որ Արցախում սկսեցին ընտրությունների մասին խոսել թեկնածուների առաջադրումից ընդամենը մի քանի օր առաջ, ինչը աբսուրդ է, որովհետև 1-2 ամիսը շատ կարճ ժամանակահատված է քաղաքական ուժերի ու գործչի համար` սեփական ծրագրերն ու անձը ներկայացնելու համար: Մինչդեռ նորմալ երկրներում տվյալ ընտրությունների ավարտից անմիջապես հետո քաղաքական գործիչները, կուսակցությունները սկսում են պատրաստվել հաջորդ ընտրություններին: Արցախում չկա ձևավորված քաղաքական դաշտ, այն միաբևեռ է, և սա շատ վտանգավոր է:
ԼՐԱԳՐՈՂ- Ճի՞շտ է արցախյան ներքաղաքական գործընթացները դիտարկել այլ երկրների հետ համեմատության մեջ, անտեսելով չճանաչված պետություն լինելու և դրանից բխող բոլոր հանգամանքները: Արդյո՞ք նման գործընթացները ներհատուկ չեն առհասարակ չճանաչված երկրներին: Գուցե պահանջներն ու ակնկալիքներն էլ` արցախյան ներքաղաքական գործընթացներից, պետք է իրավիճակին համարժե՞ք լինեն:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ- Նայած թե ի՛նչ սանդղակով ենք նայում հարցին. մի կողմից` կա նպատակահարմարության պատկերացումը, մյուս կողմից` հարցերն ըստ էության վերլուծելու պահանջը: Այսպես, մարդը պատրա՞ստ է հարգելու և ճանաչելու դիմացինի ընտրության իրավունքը: Կա՞ այդ ցանկությունը: Զարմանալի է. և՛ Արցախում, և՛ Հայաստանում այս հանգամանքը հաշվի չի առնվում: Եվ քանի որ դա գոյություն չունի, մնում է առաջնորդվել նպատակահարմարությամբ: Այսինքն, ձեռնտու է, որ աշխարհին ներկայացվի, թե Արցախում ամեն ինչ շատ լավ է, իրականացվեցին արդար ընտրություններ: Այս մոտեցումը գոյություն ունի դեռ 1991-ից: Արցախցուն ասում ես` ընտրեք, ասում են` դե որ Հայաստանից ասել են` էս մարդը լավն է, ուրեմն նրան էլ կընտրենք: Այսինքն, մարդիկ հրաժարվում են հարգել սեփական իրավունքները` հանուն ինչ-որ նպատակահարմարության: Հարց է առաջ գալիս. իսկ որտեղի՞ց են ծնվում նպատակահարմարությունները, ո՞վ է որոշում, որ դա այդպես կամ այնպես պետք է լինի: Այսօր դարձյալ հայացքն ուղղված է Երևանին, թե ո՛ւմ պետք է ընտրել նախագահ: Նպատակահարմարության երևույթը ես աղետ եմ համարում:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- Իրոք, այն, ինչ մենք համարում ենք նպատակահարմարություն, իսպառ ոչնչացնում է ընտրության գաղափարը: Էլ ինչո՞ւ ենք ընտրություն անում. աշխարհն էլ է հասկանում, որ դա ֆիկցիա է: Իսկ հիմա անդրադառնամ հարցին, թե` արդյոք նման գործընթացները ներհատուկ չե՞ն չճանաչված երկրներին: Այո, ներհատուկ են. Հարավային Օսիայում ընտրությունները վերածվեցին բախումների: Ի՞նչ անեն այդ երկրի մարդիկ. ելնելով նրանից, որ պատերազմական իրավիճակում են, չընդվզեի՞ն գործող իշխանության դեմ, երբ նրանց իշխանության տարիներին մեկ ավարտուն շենք չկառուցվեց, չնայած հսկայական գումարների ներդրմանը, չպահանջեի՞ն փոփոխություններ ու շարունակեին ապրել հյուղակներո՞ւմ:
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ- Նախ տեսնենք, թե արցախյան ընտրությունների նախաշեմին ո՞ր խնդիրներն են առաջնային Արցախում։ Այս պահին արցախցին պատրաստ է բոլոր սոցիալական դժվարությունները տանելու, միայն թե իր անվտանգությունն ու ազատությունը երաշխավորված լինեն, ու համընդհանուր պայքարն իր անհրաժեշտ ավարտն ունենա: Դրա համար իրենք ընտրություններում կարևորում են միասնական մոտեցումը, եթե նույնիսկ դա, որոշ մարդկանց կարծիքով, սխալ է, միևնույն է, դա հասարակության ցանկությունն է: Այսինքն, այնպես չէ, որ հասարակությունը մի բան է ցանկանում, բայց մեկ այլ բան է պարտադրվում նրան: Մարդիկ ունեն միասնական մոտեցում, և դա սահմանին ապրող, պատերազմի բովով անցած մարդու հոգեբանություն է, և առկա է պատերազմում կրկին չհայտնվելու մտահոգությունը: Եվ չի կարելի այդ մարդուն ասել` գիտե՞ս, դու պետք է ունենաս, առնվազն, ֆրանսիական սոցիալիստների պես ազատական մտածելակերպ: Դա հնարավոր չէ, քանի որ այսօր արցախցու մտածելակերպը կառուցված է մեկ խնդրի շուրջ` իր երկիրը տեսնել ազատ, անկախ ու անվտանգ: Այսօր Արցախում կան լիդերներ, ովքեր այդ ճանապարհին ունեցել են մեծ ձեռքբերումներ, բնականաբար, ժողովուրդն էլ վստահում է նրանց:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- Շատ ճիշտ է ասվում, բայց սա հայացք է Երևանից: Պետք է նորմալ ընտրություն լինի Արցախում, որ իմանանք, թե արցախցին ինչ է ուզում:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- Ի վերջո, ամեն ինչ կախված է նրանից, թե մենք Արցախը որպես ինչ ենք դիտարկում. որպես կենդանի, առողջ օրգանի՞զմ, թե՞ հիվանդ երեխա: Իմ տպավորությամբ, դիտարկում ենք որպես հիվանդ երեխա, որին այնպես պիտի խնամենք, որ հանկարծ միջանցիկ քամուց չհիվանդանա: Ֆուտբոլային լեզվով ասեմ. թիմը, որը խաղացել է 1-ին խմբում, հիմա ուզում է խաղալ բարձրագույն խմբում: Մենք պատրա՞ստ ենք միանալու եվրոպական ընտանիքին, թե՞ ուզում ենք հավետ մնալ չճանաչված երկրների «լիգայում»` դրանց բնորոշ կոմպլեքսներով: Ես կարծում եմ, որ Արցախի մասին պետք է խոսել որպես առողջ ու կենդանի օրգանիզմի: Մենք բոլոր հիմքերն ունենք առողջ երեխա մեծացնելու:
ԼՐԱԳՐՈՂ- Այնուհանդերձ, Արցախում առավել հակված են նախագահական ընտրություններում համախմբվելու մեկ թեկնածուի շուրջը. այսօր քաղաքական ուժերը դարձյալ հայտարարում են, որ առանց սեփական թեկնածուի են մասնակցելու` պաշտպանելով ներկայիս նախագահի թեկնածությունը: Ի դեպ, նույնն էր և 2007-ին, ինչը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի գնահատմամբ, հնարավորություն տվեց հաջողությամբ դիմակայելու մարտահրավերներին: Այդպե՞ս է:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- Ընտրությունն ու միասնական թեկնածուն թշնամիներ են: Եթե ընտրություն է, ուրեմն պետք է լինի առնվազն երկու թեկնածու, ուրեմն էլ ի՞նչ միասնական թեկնածու: 2007-ի ընտրությունների ժամանակ մի չեխ դիտորդ հրաշալի, սրտացավ միտք ասաց. «Ինձ համար շատ տարօրինակ է միասնական թեկնածու հասկացությունը, ինչպե՞ս կարող է քաղաքական դաշտում նման բան լինել: Բայց եթե այս ժողովրդի համար դա ընդունելի է, ես հարգում եմ այդ իրավունքը»: Հիմա եկեք դիտարկենք դարձյալ ֆուտբոլային լեզվով. միասնական թեկնածու նշանակում է խաղ մեկ դարպասի վրա: Եթե արցախցի «ֆուտբոլիստների» համար սա ընդունելի է, ես էլ եմ ընդունում այդ խաղը, բայց Եվրոպայի առաջնությունում կա երկու դարպաս, ուրեմն դու պետք է ընտրություն կատարես` ուզում ես մե՞կ դարպասով խաղալ, թե՞ երկու: Ասում ենք, թե ուզում ենք` ճանաչվի մեր անկախությունը, դա նշանակում է, որ մենք ուզում ենք խաղալ երկու դարպասով ու միանալ եվրոպական ընտանիքին: Հետևաբար, ես չեմ հասկանում, թե ի՛նչ է նշանակում «այս իրավիճակը հատուկ է չճանաչված երկրին» ձևակերպումը, բայց չէ՞ որ մենք, լինելով չճանաչված երկիր, ուզում ենք ճանաչվել: ՈՒրեմն, պետք է հաշվի առնենք ո՛չ այն, թե ինչն է հատուկ չճանաչվածներին, այլ որո՞նք են ճանաչված երկրների չափանիշներն ու խաղի կանոնները: Կրկնում եմ, որ Արցախում կան բոլոր հիմքերը առողջ պետություն ստեղծելու:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Այս զրույցի ընթացքում գծագրվում են պարզ ճշմարտություններ. Արցախի միջազգային ճանաչման համար հերթական նախագահական լավ ընտրությունները լուրջ փաստարկ են: Հիմա տեսնենք, թե ինչով կարող ենք օգնել այս գործին: Ադրբեջանը մշտապես վետո է դրել Արցախում դիտորդների մասնակցության վրա, իսկ այժմ ԵՄ-ն իր զեկույցում նշում է դրա անթույլատրելիության մասին:
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ- 2011 թ. մայիսին ԵՄ խորհրդարանն ընդունեց բանաձև, որ չճանաչված միավորումների ձևավորված փաստացի իշխանությունների հետ, գոնե հասարակական մակարդակներում, անպայման հարաբերություններ պետք է հաստատվեն:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Այո, մինչ այդ այսպիսի հայտարարություն երբևէ չի եղել ԵՄ-ի կողմից, պետք է օգտվենք: Մենք ինչ էլ ասենք Արցախի ընտրությունների մասին, մեզ կմեղադրեն քաղաքական նախապատվությունների մեջ, ուրեմն թող գան մեծ թվով եվրոպացի, ռուս, չինացի և այլ երկրների դիտորդներ ու հետևեն արցախյան ընտրություններին: Գուցե պետք է նաև Ադրբեջանի խորհրդարանի՞ց պատվիրակություն հրավիրել, իսկ ի՞նչ է եղել, թող գան, տեսնեն` ինչպես են անցնում Արցախում ընտրությունները: Ի դեպ, ասեմ, որ մենք խոսել ենք արդեն ադրբեջանցիների հետ, և իրենք հայտնել են ներկա լինելու իրենց պատրաստակամությունը:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- Պարզ է դառնում, որ կա երկու հայացք` հայացք Հայաստանից և հայացք Արցախից: Հայացք պաշտոնական Երևանից նշանակում է ամեն ինչ անել, որ Արցախի Հանրապետությունը ճանաչվի: Եվ դա ճիշտ է, ու այս նպատակահարմարությունից ելնելով էլ որոշումներ են կայացվում: Բայց, իմ տպավորությամբ, սա քիչ է այսօրվա Արցախի համար, քանի որ Արցախի բնակչությունն ունի նաև հանապազօրյա խնդիրների լուծման անհրաժեշտություն, ուրեմն հարց է առաջանում, այսօրվա ստեղծված իրավիճակով հնարավո՞ր է բավարարել այդ ցանկությունը: Շատ կուզեի, որ թե՛ Արցախում, թե՛ Երևանում հենց սրա վրա ուշադրություն դարձնեն:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- Արցախում ոչ ոք չգիտի, թե ինչպիսին է հայաստանյան հանրության կարծիքը, քանի որ լսելի է միայն պաշտոնական Երևանի կարծիքը: Երբ արցախցուն ասվում է Հայաստան, նա ընկալում է` ՀՀ իշխանություն, պաշտոնական Երևան: Սա վտանգավոր երևույթ է: Երբ ասում են` Հայաստանն օգնում է Արցախին, տալով միջպետական վարկեր, արցախցին դա ընկալում է որպես ՀՀ իշխանության, բայց ոչ հայաստանաբնակ հանրության արած քայլ: ՈՒ արցախցու երախտագիտությունն ուղղվում է ոչ թե հայ հանրությանը, այլ ՀՀ իշխանություններին: Նա չի ընկալում, որ այդ բյուջեն, որից մաս է հանվել արցախահայության համար, ձևավորվել է յուրաքանչյուր հայ մարդու եկամուտներից: Այսինքն, արցախցու շնորհակալությունը պետք է հստակ հասցեագրված լինի Հայաստանի հանրությանը և ոչ թե ՀՀ իշխանությանը: Լևոն Տեր-Պետրոսյանն անազնվորեն ասում է, թե ղարաբաղցիները ընտրությունների ժամանակ պաշտպանում են ղարաբաղցի նախագահին: Դա երբեք այդպես չի եղել, քանի որ ղարաբաղցին միշտ պաշտպանել է Հայաստանի իշխանությանը, անկախ նրանից, թե ով է նախագահը: Արցախցին չի կարող իրեն թույլ տալ տարաձայնություն ունենալ ՀՀ իշխանության հետ: Եվ այստեղ ՀՀ նախագահի ղարաբաղյան ծագումը ոչ մի նշանակություն չունի: Պետք է ինտեգրվեն երկու հայկական պետությունների հասարակությունները:
ԼՐԱԳՐՈՂ- Չնայած կարևորում ենք երկու հայկական պետությունների ինտեգրման անհրաժեշտությունը, սակայն իրականում երկու հասարակությունները հեռու են իրարից` սրանից բխող վտանգներով: Ի՞նչ անել ինտեգրումը լիարժեք դարձնելու համար:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- Մեկ լուծում կա. Արցախում իշխանությունը պետք է ձևավորվի պաշտոնական Երևանի կարծիքից անկախ: Միայն այդ դեպքում կգնահատվի Արցախի հանրության դիրքորոշումը, ինչպես նաև արցախյան ընտրություններում կարժևորվի հայաստանյան հանրության դիրքորոշումը:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- Պետք է մտածենք` հնարավո՞ր է այսօրվա փակ համակարգով արցախցուն պահել իր հողի վրա, թե՞ ժամանակն է մտածելու որոշակի ազատությունների մասին: Զգուշավոր լինենք, որ չքայքայենք, չքանդենք, բայց Արցախում շարժում է պետք սկսել` նոր մոտեցումների հաստատման համար: Եվ կարևոր է, որ Արցախում ընտրություններն անցնեն ոչ թե ծրագրված, այլ պետք է թույլ տալ, որ քաղաքական նոր մտքեր հնչեն, հոսանքներ ձևավորվեն, ծրագրեր առաջադրվեն: Պետք է թույլ տալ, որ ընտրությունների միջոցով արցախցին բարձրաձայնի, թե ինչ խնդիրներ է ուզում լուծել, ինչպես է ուզում ապրել:
ԼՐԱԳՐՈՂ- Ինչո՞վ կարող է Հայաստանը նպաստել Արցախի քաղաքական դաշտի կայացմանը:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ- Կրթելով, խորհրդատվություն իրականացնելով, Արցախի կարող ուժերն ավելի շատ ինտեգրելով ՀՀ ներքաղաքական կյանքի քննարկումներին: Մենք ուզում ենք մասնակցել Արցախի ներքաղաքական կյանքին, ուրեմն էդ ո՞ր բարոյականությամբ արցախցին չպետք է մասնակցի մեր քաղաքական կյանքի քննարկումներին: Կարծում եմ, որ Հայաստանի ու Արցախի ինտեգրման ճանապարհին վերջին իդեալական մոդելը ապագայում այն է, որ տարբեր են լինելու ընդամենը երկու հանրապետությունների անունները: Մնացած ամեն ինչը միատեղված, խառնված պետք է լինի: ՈՒ սա է հանգեցնելու նրան, որ մի օր էլ, միջազգային իրավունքի թույլտվությամբ, այդ ձևական «սահմանը» վերանա: 1989-ին, երբ Բեռլինի պատն արդեն քանդված էր, գերմանացիները, սակայն, մի սիմվոլիկ օր նշանակեցին, և 1 մլն մարդ Արևելյան Բեռլինից գնաց Արևմտյան Բեռլին, խփեց, մի կողմ գցեց այդ քարն ու գնաց խառնվեց իրար և վերջ. դա տեղի ունեցավ, որովհետև մինչ այդ ինտեգրացիան երկու բեռլինների մեջ վաղուց ավարտվել էր:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ- 20 տարի է, ինչ Արցախի ժողովուրդն ապրում է ոչ լեգալ պայմաններում, երկրագնդի վրա ապրող այն քիչ ժողովուրդներից է, որ ապրում է օրենքից դուրս: Միջազգային օրենքն ասում է` չգիտեմ ով եք, չեմ ճանաչում: Հայաստանն էլ նույնն է ասում, որովհետև համաձայն ՀՀ օրենսդրության, Արցախի ժողովուրդը լեգալ կարգավիճակ չունի: ՈՒրեմն, եթե չունի, ո՞ւմ անունից պետք է խոսի Արցախից եկած մարդը: Մինսկի խմբում ներկայացվում է` որպես Արցախում ապրող համայնքների ներկայացուցիչ, ինչը ոչ մի կապ չունի իրականության հետ: Եվրոպացիներն ասում են ` ինչ-որ տարածքում դեֆակտո իշխանություն կա: 1991-ին ՀՀ-ն պաշտոնապես ճանաչել է ԼՂՀ-ն` իր սահմաններով, տարածքային ամբողջականությամբ: Սա է կոնկրետությունը:
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ- Դուք էլ լավ գիտեք, որ բանակցային գործընթացներում, երբ սեղանին դրվում են խոշոր քաղաքական շահեր, հաշվի չի առնվում, թե ով, երբ, ինչ է ստորագրել… Դառնամ ընտրություններին. իմ կարծիքով` այնպես չէ, որ Արցախում մարդիկ միայն մեկին են տեսնում որպես նախագահի, պատգամավորի, քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածու ու համարում իրենց փրկիչը: Կարծում եմ, որ ընտրություն հասկացությունն Արցախում շատ լավ են պատկերացնում: Դիտորդական առաքելությունների ժամանակ, տարբեր համայնքներում ականատես եմ եղել, թե ինչպես են մարդիկ կռիվ տալիս սեփական թեկնածուների համար: Հստակ մոտեցումներ կան նախագահական ընտրությունների ժամանակ: Ավելին, եթե եվրոպական որևէ երկրում կարող են անտարբեր լինել, ուղղակի չգնալ ընտրության, ապա Արցախում հակառակն է, և անտարբերություն գրեթե չկա:
ԼՐԱԳՐՈՂ- Ինքս էլ առիթ եմ ունեցել նախընտրական փուլում լինելու Արցախում և ականատես եղել արցախցու վճռականությանն ու միասնականությանը: Արցախցին հստակ գիտակցում ունի` պետք է գնալ, մասնակցել ընտրություններին, քանի որ դա վճռորոշ է իր երկրի համար:
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ- Այդպես է, և մենք չպետք է մոռանանք, որ արցախցու մեջ պետականամետ, պետականաստեղծ մտածելակերպը գեներով է նստած: Հիմա դա օգնում է, թե խանգարում, սա այլ բան է, բայց մենք պետք է հաշվի առնենք արցախցու հոգեբանությունը: Եկեք չասենք, թե ամբողջ աշխարհում այս կերպ է, ուրեմն մեզ մոտ էլ ամբողջովին նույն կերպ պիտի լինի, ո՛չ, պետք է հաշվի նստենք նաև մեր յուրահատկությունների հետ: Ի դեպ, իմ դիտարկումներն ամենևին էլ միայն հայացք Երևանից չեն:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ- Արցախում 2004-ին շատ ավելի լավ ընտրություններ են եղել, քան Հայաստանում: Իրականում Արցախում կան բոլոր օրենքները, բայց երբ հարցը դուրս է գալիս Արցախի շրջանակներից, արդեն սկսում են համարել ոչ լեգալ, չճանաչված ու վերջ:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- Աբխազիայում երեք նախագահ է փոխվել, բայց ճանաչված չէ: Օսիայում փորձեցին անցկացնել լավագույն ընտրությունները, բայց էլի մնաց չճանաչված: Ընտրություններով հասնել ճանաչման` ինքնախաբեություն է: Ինչո՞ւ, որովհետև ինչ ընտրություն էլ ուզում ես արա, պետք է հաշվի նստես գեոքաղաքական շահերի հետ: Եթե ուժային կենտրոնները որոշել են չճանաչել, ուրեմն այդպես կլինի: Իսկ Հայաստանը չունի այդ կարողությունը նրանց վրա ներազդելու, որ ընտրությունները դառնան արգումենտ: Այսինքն, ասվի` դեմոկրատական երկիր է, լավ ընտրություններ է կազմակերպում, ուրեմն` ճանաչենք:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- Ինձ համար այս պահին ոչ այնքան կարևոր է ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը, որքան այն, որ Արցախը դառնա տարածաշրջանային ինքնուրույն, անկախ ռազմաքաղաքական գործոն: Եվ դրանում պետք է օգնի Հայաստանը: Մյուս կողմից, որն առավել կարևոր է, արցախցին պետք է ընկալի, որ ինքն ունի անկախ պետություն, մինչդեռ արցախցին այս ընկալումը չունի: Ստեփանակերտում քննարկում են` դիմենք Մինսկի խմբին, թե ինչու Արցախը բանակցային կողմ չէ: Էդ մարդկանց մեջ չկա այն գիտակցումը, որ իրենք ունեն պետություն, ու այդ հարցով ոչ թե համանախագահներին, այլ Բակո Սահակյանին է պետք դիմել: Իշխանություն ունես, որն ինքդ ես ձևավորել, ուրեմն գնա նրանից էլ պահանջիր: Այս վերաբերմունքով ջնջում ես քո անկախությունը և ասում, որ ոչ մի հույս չունես քո իշխանությունից: Անկախ պետության ընկալումը պետք է արմատավորվի արցախցու մտածողության մեջ: Այսօր նախագահի թեկնածուներն իրենց ելույթներում ասում են` Արցախը պետք է դառնա բանակցային կողմ: Սա ինձ համար աբսուրդ է: Կարևորը տարածաշրջանային գործոն դառնալն է, եթե սա եղավ, մենք այլևս աղքատ ազգականի նման սրա-նրա դուռը չենք գնա, իրենք են գալու մեր դուռը, ու իրենք են խնդրելու, որ մենք մասնակցենք բանակցություններին, որովհետև հասկանալու են, որ հարցերն Արցախում են լուծվելու և ոչ թե Երևանում: Բայց քանի դեռ մենք հարց լուծող չենք, կմնանք աղքատ ազգականի կարգավիճակում: Ես վիրավորվում եմ, երբ ասում են` ամենակարևորը արցախցու համար իր անվտանգությունն է: Մենք ոչխարի հոտ չենք, որ միայն գայլերից պաշտպանվելու մասին մտածենք, մենք ուզում ենք արարել մեր սեփական հողում, և արարելու համար իմ իրավունքները պետք է պաշտպանված լինեն:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ- Արցախում քննարկումներից մեկի ժամանակ խոսվել է, թե չկա ազատ մամուլ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է` եթե չկա, ուրեմն ժողովուրդը պահանջարկ չունի: Սա շատ վտանգավոր երևույթ է, որ քանդում է երկիրը: Արցախում այսօր այլ իրավիճակ պետք է լիներ, բայց մի կամուրջ են սարքում ու այնքան խոսում, որ կարծես Նյու Յորքն են սարքել. ասում են, դե պահանջարկ չկա, ժողովուրդն էդքանն է ուզում: Այն տեսակետն է շրջանառվում, թե մեր ժողովուրդը քաղաքական առաջընթաց չի ուզում, ընդդիմություն չի ուզում, եղածից էլ շա՜տ գոհ է:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- Այ, սրանք հայացք են Արցախից…
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ- Ինձ թվում է, որ Դուք ճիշտ չեք մեկնաբանում Աշոտ Ղուլյանի խոսքերը, որովհետև Արցախում ժողովրդավարության կերտման, ժողովրդավարական կառույցների կայացման ու զարգացման ջատագովներից ու դերակատարներից մեկն էլ հենց Աշոտ Ղուլյանն է: Ինչ վերաբերում է հիմնախնդիրներին, ապա աշխարհի հանրային կառավարման համակարգերում կան, եղել են ու լինելու են թերացումներ բոլոր երկրների քաղաքական համակարգերում: Բայց պետք է նաև ասել հետևյալը. բոլոր ժամանակներում ու նաև այսօր այն մարդիկ են Արցախի իշխանության ղեկին, ովքեր հաստատ բոլորիցս ոչ պակաս են շահագրգռված Արցախի լավ հեռանկարով: Եվ քիչ բան չի արվել այս տարիներին Արցախում: Սոցիալ-տնտեսական, կոմունիկացիոն, ենթակառուցվածքային, իրավա-քաղաքական, հոգևոր-մշակութային ոլորտներում բավականին տեսանելի առաջընթաց է արձանագրվել Արցախում հետպատերազմյան շրջանում: Սա այն դեպքում, երբ առկա բոլոր ռեսուրսների ճնշող մեծամասնությունն ուղղվում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, հիմնախնդրի քաղաքական կարգավորմանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ ճանաչողության միջազգային ընկալումներին: Ես հասկանում եմ, որ բոլորս ցանկանում ենք օր առաջ տեսնել պրոբլեմները լուծված ու անդարդ ապրող ժողովրդավար հասարակություն, բայց դրան մոտենալու համար պետք է չթուլացնել պայքարն ու ջանքերը, պետք է ամուր պահել միասնականության ոգին:
ԼՐԱԳՐՈՂ- Ծանոթանալով Արցախի ներքաղաքական կյանքին` տպավորություն է ստեղծվում, որ ներհայաստանյան որոշ բացասական երևույթներ ներթափանցել են նաև Արցախ:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- Անշուշտ, քանի որ Արցախի ժողովուրդը որպես երկիր կառուցելու մոդել, տեսնում է Հայաստանը, կարծում եմ, որ Հայաստանում առկա ներքաղաքական վատթարագույն իրավիճակները, այո, կամա թե ակամա առկա են այսօր Արցախում: Իմ կարծիքն է, եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել Արցախում, ուրեմն փոխում ենք նախ Հայաստանում, և ինքնաբերաբար փոխվում է Արցախում:
ԼՐԱԳՐՈՂ- Երկրի ղեկավարի գլխավոր պաշտոնի համար կմրցեն ԼՂՀ ներկայիս նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը և գործազուրկ Վալերի Խաչատրյանը։ Սա է թեկնածուների ցանկը, այլ անակնկալներ սպասվո՞ւմ են:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- Մինչև վերջերս անսպասելի ոչինչ չկար, որը կարող էր խաթարել ընտրությունների խաղաղ ընթացքը: Գիտեինք, որ Բակո Սահակյանը կդնի իր թեկնածությունը, ու կլինեն 1-2 ֆոն ապահովող թեկնածուներ: Անակնկալը, սակայն, Վիտալի Բալասանյանի` իբրև թեկնածու հանդես գալն է: Նա գեներալ է, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, հարգված մարդ, ու թեկնածուների շարքում նրա հայտնվելը շատերի մեջ շոկ առաջացրեց: Բոլորը խառնվել են իրար: Քանի որ բոլորն այն համոզմանն էին, թե կլինեն Բակո Սահակյանն ու մի քանի թեկնածու դրածոներ, և Վիտալի Բալասանյանը, լավ իմանալով Արցախում տիրող այս մտածողությունը, այսօր ժողովրդին ստիպված բացատրում է, որ ինքը դրածո չէ, այլ իրական, մրցակից թեկնածու:
ԼՐԱԳՐՈՂ- Այսինքն` Վալերի Բալասանյանի առաջադրմամբ կոտրվում է «նախագահի իրական թեկնածու և դրածոներ» ստերեոտիպը, և այն, անշուշտ, նոր, դրական երանգ կհաղորդի արցախյան ընտրություններին:
ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ- Թերևս: Ինչպես 2007-ին Մասիս Մայիլյանը փորձեց կոտրել, նույն քայլերն է անում և Վիտալի Բալասանյանը: Իսկ քանի որ մյուս 2 թեկնածուները մրցակիցներ չեն, պայքարն ընթանալու է Բակո Սահակյանի ու Վիտալի Բալասանյանի միջև: Սյուրպրիզի մի 10 տոկոս կա: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի պաշտոնական Երևանի դիրքորոշումը: ՈՒ Երևանն այս անգամ պետք է զգուշավոր լինի: Արցախը պետք է քաղաքական սուբյեկտ դառնա: Աշխարհը պետք է Արցախն ընկալի որպես հաջողված պրոյեկտ, հիվանդոտ երեխայի կոստյում հագցնելով ոչնչի չենք հասնի: Մեր փրկությունը հաջողված պրոյեկտի ստեղծման մեջ է, մանավանդ, խանական պրոյեկտի ֆոնին:

«Կլոր սեղանը» վարեց
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 58829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ