Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայաստանում ավտորիտար է քաղաքական ամբողջ համակարգը»

«Հայաստանում ավտորիտար է քաղաքական ամբողջ համակարգը»
25.05.2012 | 22:27

«Իրատես de facto» ակումբում կայացած մամլո ասուլիսից հետո քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ պատասխանեց մեր հարցերին։

-Խորհրդարանական ընտրությունների արդյունքների և հետընտրական զարգացումների Ձեր պատկերացումներն իրականությանը համընկա՞ն:
-Ես կանխատեսել էի այս վիճակը դեռ անցյալ տարի: Ըստ էության, կար մեկ թեկնածու, որն ամենազորեղն էր իրական բոլոր թեկնածուներից` փողի և վարչական ռեսուրսի համադրումը: Փաստ է, որ ընտրություններն անցան առանց ցնցումների, և հասարակությունն ընդունեց արդյունքները: Հետընտրական ակտիվ զարգացումներ չեղան: Կուսակցություններից միայն ՀՀԿ-ն լուծեց իր խնդիրը` մոնոլիտ իշխանության ձևավորումը, և կարող է առանց դաշնակիցների կառավարություն ձևավորել: Այլ հարց է, որ գուցե Սերժ Սարգսյանն էլ լուրջ չի վերաբերվում ընտրությունների պաշտոնական արդյունքներին և հնարավորն անում է կոալիցիա ձևավորելու համար` նախագահական ընտրությունները ևս անցնցում անցկացնելու համար:
-Եթե խորհրդարանականը նախագահականի առաջին արարն էր, ուրեմն Սերժ Սարգսյանը շատ էլ լուրջ է վերաբերվում և փորձում է հետագա մրցակիցներին դուրս բերել մրցուղյակից:
-Համարենք, որ ընդդիմության խնդիրը խորհրդարանական ընտրություններով լուծվեց, հիմա խնդիրն այնպիսի իշխանության ձևավորումն է, որը կսպասարկի 2013-ի նախագահական ընտրությունները: Իրականում Սերժ Սարգսյանն այնքան լուրջ վերաբերվեց ընտրություններին, որ նախընտրական տրամաբանությունից շեղվող քայլ արեց` կուսակցության ընտրարշավը մենակ անցկացրեց: ԲՀԿ-ն ավելացրեց իր պատգամավորների թիվը, որ խորհրդարանական խճանկարի վրա էական ազդեցություն չի ունենա: ԲՀԿ-ն ուղղակի նախագահական ընտրությունների համատեքստում հաղթաթուղթ ստացավ, որ կփորձի օգտագործել` մանավանդ որ նոր կոալիցիայի մաս չկազմեց։
-Փաստորեն ԲՀԿ-ն մինչև հիմա չի կողմնորոշվել` ո՞վ է իր փաստական ղեկավարը, գուցե կոալիցիա չկազմվելու պատճառը ոչ թե Գագիկ Ծառուկյանն է իր ինչ ու ինչքան ցանկանալով, որքան Ռոբերտ Քոչարյանը, որ չգիտի` նախագահական ընտրություններին մասնակցե՞լ, թե՞ ոչ:
-Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման փակված է, այնուամենայնիվ, նա փորձում է ազդեցություն պահպանել քաղաքական գործընթացների վրա: Ես վստահ եմ, որ նա ոչ նախագահի թեկնածու կառաջադրվի, ոչ էլ վարչապետ կնշանակվի: Իր ազդեցությունը պահպանելու համար նա իշխանության ներսում պետք է այլընտրանքային ուժային կենտրոն ձևավորի, ինչը փորձում է անել: ԲՀԿ-ն նույնացված է Գագիկ Ծառուկյանի անձի հետ, և եթե ինչ-որ մեկը (ասենք Քոչարյանի թիմը) փորձի նրան մեկուսացնել, կուսակցական նախագիծը կկորցնի: Չնայած ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ, սակայն դժվար եմ պատկերացնում նրա գործունեությունն ընդդիմադիր դաշտում. օլիգարխիկ կուսակցությունները հետխորհրդային տարածքում ընդդիմադիր հարթության մեջ փոշիանում են։
-Մնացած կուսակցություններին խորհրդարանական կարկանդակը տրվեց խիստ հավասար մասնաբաժիններով, ինչո՞ւ:
-Մի քանի գործոնների պատճառով: «Ժառանգությունը», օրինակ, ստացավ` ինչ պիտի ստանար, ավելի մեծ հավակնություններ չէին կարող լինել:
-Ինչո՞ւ, ընտրարշավի ինչ-որ պահից նրանք հավակնում էին մեծամասնություն կազմել:
-Այո, բայց հասարակությունը լուրջ չէր ընդունում նրանց հավակնությունները և շատ ավելի պրագմատիկ գտնվեց: Ընտրություններն ակնհայտորեն պարտությամբ ավարտվեցին ՀՅԴ-ի համար:
-Նրա՞նք ինչու կորցրին իրենց ընտրողին:
-Նրանք չկարողացան սոցիալական կարգախոսներն օգտագործել ընտրարշավի ժամանակ` այդ առաքելությունը զիջելով ՕԵԿ-ին: Հայդատական գաղափարները հասարակությունը կենսական խնդիր չի համարում` ըստ ընտրությունների արդյունքի: ՀԱԿ-ի համար ընտրություններն ուղղակի ձախողում էին: Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրությունների արդյունքներով կորցրեց քաղաքական արբիտրի իր նիշը` դառնալով շարքային ընդդիմության ներկայացուցիչ: ՀԱԿ-ի ղեկավարությունը ստացավ իր քաղաքականության համարժեք գնահատականը հասարակությունից: Ամբողջ ընտրարշավը ՀԱԿ-ը կառուցեց ներիշխանական իրական կամ թվացյալ հակասությունների վրա: Հասարակությունը արագ հասկացավ, որ ընտրարշավում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը ոչ թե իշխանության փոփոխության, այլ ներիշխանական դասավորության փոփոխության խնդիր է լուծում: Երբ պրագմատիկ ընտրողը տեսնում է, որ հարթակից լոբբինգ են անում ԲՀԿ-ին, նա կընտրի ոչ թե լոբբինգ անողի, այլ արվողի օգտին, որովհետև մարդիկ միջնորդավորված ոչինչ չեն սիրում:
-Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական պրագմատիզմն ինչո՞ւ իրեն դավաճանեց:
-Քաղաքապետական ընտրություններից հետո քաղաքական ակնհայտ մաշվածություն կար: 2008-ի հոկտեմբերի 15-ից հետո ոչ մի նոր գաղափար, նոր տեխնոլոգիա նա չկիրառեց:
-Դա պայմանավորված էր արտաքի՞ն գործոններով:
-Նաև: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի արտաքին կողմնորոշումները շատ տարբեր են: Ռուսական հովերից, որոնցով տառապում է հայկական քաղաքական ամբողջ համակարգը, նա էլ անմասն չմնաց: Նրա վերադարձից հետո շատերը հույս ունեին, որ գոնե նա կարծրատիպը կկոտրի, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին ավելի հարազատ դարձավ մոսկվաներում քաղաքական գործընթացների համար «պապաներ» հայթայթելու մարտավարությունը, որն անխուսափելիորեն հանգեցնելու էր ճգնաժամի: Այսօր ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի գոնե այնպիսին, ինչպիսին հռչակվել էր: Խոսքը կուսակցությունների հեռանալու մասին չէ: Այդքան մեծ հասարակական ռեսուրս ունենալ և խորհրդարանական ընտրություններում այդպես ձախողվել` տաղանդ է պետք:
-Ինչո՞ւ են ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանրահավաքային հարթակից հաղթանակ-հաղթանակ վանկարկում:
-Չգիտեմ: Երբ ես «Հանրապետության» ակտիվ անդամ էի և ՀԱԿ-ում ներկայացնում էի մեր կուսակցությունը, քաղաքապետական ընտրություններից հետո հասկացա, որ մարդիկ հետևություններ չեն անում: Ավագանու ընտրությունները ՀԱԿ-ի համար առաջին ահազանգն էին, որ կորցնում է քաղաքական դաշտում կարևոր դերակատարությունը: Բայց նրանք հաղթանակ էին վանկարկում, երբ ակնհայտ սակավամարդ էին դառնում հանրահավաքները` բոլորը բոլորին դեմքով կամ անունով ճանաչում էին: ՀԱԿ-ի ղեկավարությունն այսօր կորցրել է իրականության զգացողությունը և մնացել է նոստալգիկ հիշողությունների պատանդ: Իրենց քիչ քվեների համար մեղադրանքի թիրախ է ընտրվել հասարակությունը, որն իրենցից պրագմատիկ ընտրություն է կատարել: Երբ հասարակությունը կարգախոսների ու վարքագծի միջև տարբերություն է տեսնում, իրավունք ունի այդպես վարվելու: Եթե իրավիճակից հետևություններ չարվեն, ՀԱԿ-ը կդառնա լուսանցքային քաղաքական ուժ և մի քանի տարի հետո նրա գոյության մասին շատերը կմոռանան:
-Ի՞նչ էր փոխվելու քաղաքական դաշտում, եթե ՀԱԿ-ն իր կարգախոսն իրականացներ:
-Որակական առումով` ոչինչ: ՀԱԿ-ը երկրորդի կարգավիճակով նախարարական պորտֆելներ կստանար ԲՀԿ-ից: Հավանաբար` հաշվարկվել էր, որ առաջատարությունը ԲՀԿ-ինն է, և հնարավոր է հայտնվել մի կոալիցիայում, որը հանրապետական չի լինի: Հաշվարկը սխալ էր, որովհետև Հայաստանում իշխանությունը մի քանի կենտրոն չի ունենում:
-Ստացվում է, որ «Հանրապետության»` ՀԱԿ-ից դուրս գալը հարկադրակա՞ն քայլ էր:
-Ես երկու տարի առաջ, որպեսզի չսրեմ «Հանրապետության» և ՀԱԿ-ի հարաբերությունները, կասեցրի իմ անդամությունը կուսակցությանը, բայց այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ իմ կամ մի քանիսի հեռանալով խնդիրները չեն լուծվելու: Արդեն երկու տարի «Հանրապետությունն» ու ՀԱԿ-ը անհաղթահարելի տարաձայնություններ ունեն շատ սկզբունքային հարցերում:
-Ինչո՞ւ հիմա արվեց այդ քայլը, այլ ոչ երկու տարի առաջ:
-Արամ Սարգսյանն իր մեջ բարոյական ուժ գտավ` չհարվածելու այն մարդկանց, ում հետ ճանապարհ էր անցել: Նա բոլոր հիմքերն ուներ այս ամենը բարձրաձայնելու մինչև խորհրդարանական ընտրությունները, և հիմա ՀԱԿ-ը ԱԺ-ում խմբակցություն էլ չէր ունենա: Արամ Սարգսյանը որոշեց իշխանության ջրաղացին ջուր չլցնել, ՀԱԿ-ի ղեկավարությունը պարտավոր է նրան շնորհակալություն հայտնելու: Ես երկու տարի է` կուսակցությունում չեմ, բայց կուսակցական լինելու պարագայում կանեի ճիշտ այն քայլը, ինչ արեց Արամ Սարգսյանը:
-Կարծո՞ւմ եք, որ, բացի լիբերալ կուսակցությունից, այլ ուժեր էլ այդ քայլը կանեն:
-Իհարկե: ՀԱԿ-ից կուսակցությունների մեծ մասը մեկ ամսից, երկու, թե մեկ տարուց, բայց կհեռանա: Լուրջ կուսակցություններից ժամանակի հետ կմնա ՀՀՇ-ն, մյուսները կամ կսերտաճեն ՀՀՇ-ին, կամ որևէ դերակատարություն չեն ունենա:
-ՈՒրեմն` իսկապես ՀԱԿ-ը կդառնա միակուսակցակա՞ն:
-Այլ տարբերակ ես չեմ տեսնում, որովհետև դաշինքային որևէ հարաբերություն այդ միավորի մեջ չկա:
-Դա դրակա՞ն է` բյուրեղանում են, թե՞ բացասական է` տրոհվում են:
-Բացասական` սկզբից պիտի ինստիտուցիոնալ այնպիսի բազա ստեղծվեր, որ վերջում միակուսակցական հեռանկարն անհասկանալի չլիներ հասարակության համար: Եթե իշխանության պարագայում ամեն ինչ որոշվում է նախագահի նստավայրում, ՀԱԿ-ի պարագայում ամեն ինչ որոշվում է Լևոն Տեր-Պետրոսյանի կաբինետում, դա չի կարող դրական լինել, որովհետև նշանակում է, որ ավտորիտար է ամբողջ քաղաքական համակարգը:
-Եթե մեկի դեմ պայքարում ես, հաջողության համար ինքդ պիտի նրանից տարբերվե՞ս:
-Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ամենամեծ դժբախտությունը դա էր. հասարակությունը կհավատա ազատության, ժողովրդավարության գաղափարներին, եթե օրինակ տաս: Այն անհանդուրժողականությունը, որ ՀԱԿ-ի ներսում կա տարակարծության հանդեպ, ոչնչով չի տարբերվում այն անհանդուրժողականությունից, որ դրսևորում է իշխանությունը տարակարծության նկատմամբ: ՀԱԿ-ի ղեկավարությունը ապարդյուն փորձում է տպավորություն ստեղծել, որ Արամ Սարգսյանն իրենց հետ տարաձայնություններ չի ունեցել: Առնվազն 2009-ի վերջերից բազմաթիվ հարցերի շուրջ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ից տարբեր տեսակետներ է մամուլում հնչեցրել: Ամեն անգամ ՀԱԿ-ում ասվել է, որ հարգում են տարակարծությունը, բայց ինտրիգներով փորձել են անհարմար վիճակ ստեղծել տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց շուրջ: Արամ Սարգսյանը դուռ չփակեց, նա հեռացավ մի քաղաքական թիմից, որտեղ որոշումներն այլևս կոլեգիալ չեն կայացվում, որտեղ փոփոխության ռեսուրս այլևս գոյություն չունի:
-Հայաստանի չորրորդ Հանրապետության ժամանակը չէ՞:
-Հայաստանի երրորդ Հանրապետությունը գնդակահարվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին: Ակնհայտ է, որ իշխանությունը չի մնալու այնպիսին, ինչպիսին է այսօր: Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով Սերժ Սարգսյանը պարտադրված է փոփոխություններ անելու` գուցե արտաքին ճնշումների բերումով, գուցե երկրի ռեսուրսները չեն հերիքում ավտորիտար իշխանություն պահելուն: Այսօրվա իշխանությունը եթե ոչ բովանդակությամբ, բնույթով էապես տարբերվում է այն իշխանությունից, որ կար Ռոբերտ Քոչարյանի օրոք: Շատ ավելի բաց, թափանցիկ և դինամիկ որոշումների ունակ իշխանություն է: Փոփոխությունների ակնկալիք կա նաև ընդդիմադիր դաշտից: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը որպես գլխավոր ընդդիմադիր ուժ հեռանում է ասպարեզից, հասարակության մի զգալի մաս սպասելիքներ չունի «Ժառանգությունից», իսկ ՀՅԴ-ն չի կարողացել ադապտացվել իբրև ընդդիմադիր կուսակցություն, հետևաբար նոր ընդդիմադիր ուժի անհրաժեշտություն կա: Հայաստանի չորրորդ Հանրապետությունը կձևավորվի, եթե իշխանությունը բարեփոխվի, և ձևավորվի նոր ընդդիմադիր կենտրոն, որը կգործի ոչ թե կոնյունկտուրայից ելնելով, այլ կոնկրետ արժեքային համակարգից: Այդ դեպքում քաղաքական պայքարը կենաց-մահու կռիվ չի լինի, կլինի մրցակցություն, և ընտրությունները կանցնեն ոչ թե բարիկադների մեջ, այլ կդառնան ծրագրերի ու գաղափարների մրցակցություն: Ընտրական ինստիտուտների վերականգնումով կունենանք մի Հայաստան, որը մոտ կլինի չորրորդ հանրապետությանը:
-Քանի՞ հարյուր տարի հետո:
-Ես գրեթե վստահ եմ, որ առաջիկա 5-10 տարում ռեալ փոփոխություններ կլինեն: Ռոբերտ Քոչարյանի քարանձավային մտածողությունից հետո, թեկուզ արտաքուստ, Սերժ Սարգսյանը գիտակցել է եվրոպական արժեքային համակարգում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը: Ենթադրում եմ, որ շուտով նոր արժեքային համակարգի հիմքով կձևավորվի նոր ընդդիմադիր շարժում, նոր կարգախոսներով, նոր գաղափարներով: Այս առումով Արամ Սարգսյանը շատ կարևոր խնդիր լուծեց. նա ոչ միայն կուսակցության գաղափարական-քաղաքական եսը աղավաղումներից մաքրեց, այլև հայտարարեց, որ պատրաստ է լցնելու այն վակուումը, որ ընտրություններից հետո գոյացել է ժողովրդի ու ընդդիմության միջև:
-Վստա՞հ եք, որ Արամ Սարգսյանի թիմը մոնոլիտ է:
-Հայաստանում այսօր ոչինչ մոնոլիտ չէ, բայց վստահ եմ, որովհետև «Հանրապետություն» կուսակցության ամենամեծ ռեսուրսը, այնուամենայնիվ, Արամ Սարգսյանն է, նրա խարիզման, անցած ճանապարհը, այն փաստը, որ Վազգեն Սարգսյանի բազմաթիվ ընկերներ ու համակիրներ այս կուսակցությունն են համարում իրենց քաղաքական տունը, այն միջավայրը, որտեղ կարող են շարունակել Վազգեն Սարգսյանի գործը: Գուցե մեկ-երկու բացառություններ լինեն, բայց կուսակցության կորիզը եղել է ու կլինի Արամ Սարգսյանի կողքին:
-Արդյոք այսօր որևէ ընդդիմություն կարո՞ղ է ժողովրդին հավատ ներշնչել:
-ԲՀԿ-ն այդքան ձայներ հավաքեց, որովհետև հասարակության մի զգալի մաս նրա մեջ փոփոխությունների հույս տեսավ և ձայն տվեց: Այս ընտրություններից առաջ էլ, հետո էլ բողոքական զանգվածի թիվը չի պակասել և այսօր կամ վաղը ձևակերպելու է իր պահանջները, և անպայման գտնվելու են քաղաքական ուժերը, որ դառնալու են նրանց շահերի արտահայտողը: Աստված չանի` Հայաստանում քաոտիկ, հեղափոխական վիճակ առաջանա, արաբական երկրների փորձը ցույց տվեց, որ դա դրական զարգացումների չի բերում: Ինչքան էլ հասարակությունն այսօր ապատիկ վիճակում լինի, դժգոհներն անպայման քաղաքական պատվեր ձևավորելու են:
-Կարծո՞ւմ եք, որ հերթական նախագահական ընտրությունները երեք նախագահների առանցքի շուրջ չեն պտտվի:
-Ես գրեթե համոզված եմ, որ Սերժ Սարգսյանն առաջին փուլով հեշտ հաղթանակ է տանելու, և ունենալու ենք նույն հետընտրական իրավիճակը, ինչ կա հիմա: Եթե իշխանության խոսքը գործ դառնա, հույս ունենանք, որ երկրորդ նախագահության ժամանակ Սերժ Սարգսյանն իր խոստումները կկատարի:
-Մի քանի օրից նոր խորհրդարան ու կառավարություն կունենանք, նրանց ղեկավարները կլինեն ընթացի՞կ` մինչև նախագահական ընտրությունները, թե՞ կգործեն մինչև իրենց լիազորությունների սահմանադրական ավարտը:
-Վազքի ընթացքում ձիերին չեն փոխում, կունենանք անցումային կառավարություն: Վարչապետը կպահպանի պաշտոնը, ԱԺ իրական ղեկավարությունը կձևավորվի 2013 թ. փետրվար-մարտին: Նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Սերժ Սարգսյանը կվերադառնա մոնոլիտ իշխանություն ձևավորելու քաղաքականությանը, և հնարավոր կոալիցիոն գործընկերներին այլևս չեն ներվի ընդդիմադիրոտ «չարաճճիությունները»։


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 5914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ