Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գնում են Եվրոպա` «մուրճով» ու «մանգաղով»

Գնում են Եվրոպա`  «մուրճով» ու «մանգաղով»
31.05.2012 | 12:25

Ոչ այնքան հեռավոր ժամանակներում հայրենադարձների հետ կապված լիքը զվարճալի անեկդոտներ կային, որոնց առանցքը նրանց պաթոլոգիկ ատելությունն էր խորհրդային կարգերի նկատմամբ: Դրանցից մեկն այն մասին էր, թե ինչպես ախպարին (ամենօրյա խոսակցության մեջ ժողովուրդն այսպես էր անվանում նրանց) տանում են աշխարհի առաջնություն, որտեղ աշխարհի ռեկորդ է սահմանում` մուրճը նետելով անսահման հեռու: Լրագրողի հարցին` ինչպե՞ս ձեզ հաջողվեց ֆանտաստիկ այդ արդյունքը, հայրենադարձը պատասխանում է. «Մանգա՜ղը բերեք, մանգա՛ղը»:
Աշխատավոր մարդու ձեռքի արդար զենք մուրճն ու մանգաղը, ինչպես հայտնի է, խորհրդային երկրի «սիմվոլիկաներից» էին: Դրանք ամենուրեք էին, իսկ ամենաուրեքներից ամենաուրեքը երկրի դրոշն էր: Հիմա, ճիշտ է, այդ երկիրը չկա, մուրճն ու մանգաղն էլ վաղուց պատմության գիրկն են անցել որպես հնոտիք, սակայն փոխարենը նոստալգիկ տրամադրությունների մարդը կա` իր մուրճմանգաղադրվագ դրոշով:
Հասկանալի է` մարդը նոստալգիա կարող է ունենալ անգամ իր վաղասատկուկ կատվի նկատմամբ, ու դա նրա անկապտելի իրավունքն է: Այնպես որ, դրոշի պարագայում պիտի հնարավորինս հարգալից լինել ու ըմբռնումով մոտենալ խնդրին: Ի վերջո այն կենսագրության անբաժանելի մաս է եղել սերունդների մի ողջ փաղանգի համար, բայց որ մուրճմանգաղային սիմվոլի հանդեպ թուլություն ունի նաև թմբի տակից նոր ծիլ տված սերունդը, այստեղ, վախենալն ի՞նչ է, սարսափել կարելի է, ու տագնապելու հիրավի շատ բան կա:
Շատերի նման ռուսներն էլ են Եվրոպա գնում:
Նկատի ունեմ` ֆուտբոլի առաջնություն:
Գնում են վայրի կապիտալիզմի այս տարիներին վաստակած, իսկ ավելի հաճախ` խոտոր ճանապարհով ձեռք գցած փողերով, որ եթե խորհրդային կարգեր լինեին, քթներից էին հանելու մինչև «յոթ պորտ»` տարբերություն չդնելով վաստակածի ու ձեռք գցածի միջև: Ախր, բոլշևիզմ էր ու հավասարություն` մինչև թույլատրելիության սահման, իսկ հավասարությունը թույլ չէր տալիս նախնական կապիտալի նման հզոր կուտակում` եվրոպաներ գնալու, թանկարժեք հյուրանոցներում մնալու, աջ ու ահյակ փող շաղ տալու, այդ թվում` արևմտյան կատաղի բարքերին ազատորեն շփվելու և այլնի համար: Լավագույն դեպքում երկրից դուրս կարող էիր գնալ պրոֆմիության կամ «Սպուտնիկի» ուղեգրով, ծակ գրպանի պարունակությամբ, որ հերիք կաներ կորժիկին հավասարեցված մի կտոր բիսկվիտ ուտելուն ու կարոտով կոկա-կոլա կոչված այլանդակը վիրտուալ խմելուն: Մեկ էլ` թերթի կրպակների ցուցափեղկերին դրված սիրունների նկարները ծիկրակելուն (այս վերջինը` առանց փողի, սակայն սեփական հետաքրքրությունների ու բարոյականության թույլ տված հեռավորությունից): Ասացինք, չէ՞, բոլշևիզմ էր ու հավասարություն` գայթակղությունից հեռու պահող գրպանի պարունակությամբ:
Հիմա, հասկանալի է, այլ ժամանակներ են: Գնացողը գնում է ու լա՜վ է գնում: Է, գնում են, թող գնան: Բարով գնան: Ո՞վ է իրենց ձեռքը բռնում: Բայց որ գնում են գոյություն չունեցող երկրի ատրիբուտիկաներով ու սիմվոլիկաներով զինված, որոնք առաջնությունը հյուրընկալած երկրներից գոնե Լեհաստանում հավասարեցված են ֆաշիստական սվաստիկային, սա արդեն կատարում է բոլորովին այլ օպերայից, ու միամտորեն մի կարծեք, թե այն մեզ հետ կապ չունի։
Հայտնի խոսք է` ուրիշի մենաստան սեփական կանոնադրությամբ չեն գնում: Ասել է թե` տեղդ իմացիր, չափդ ճանաչիր:
Լա՜վ, ասենք թե տեղդ չես իմանում ու չափդ էլ չես ճանաչում, բայց ի՞նչ շնորհք է հանգուցյալի վկայակոչումը, մանավանդ երբ այն հյուրընկալողիդ համար անարգանքին հավասարազոր բան է:
Սակայն, սրանից զատ, մեջտեղը, ախր, ուրիշ բան էլ կա: Չունենային իրենց այդքան սիրուն եռագույնը, երևի էլի մի կերպ հասկանալի կլիներ մուրճ-մանգաղովը: Բայց սա ավելի շատ հիշեցնում է նույն ժողովրդական խոսքը գոգը նստելու ու մորուքը փետելու մասին:
Այս դեպքում` սեփական մորուքը:
Սեփական երկրի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ