Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հիմնական «գրոհից» առաջ գործող նախագահը մեծացրեց իր ընտրազանգվածը

Հիմնական «գրոհից»  առաջ գործող նախագահը մեծացրեց իր  ընտրազանգվածը
31.05.2012 | 15:04

Տեղի ունեցավ այն, ինչ պիտի լիներ: Քաղաքականությունից հեռու (թեկուզ ամեն օր նրանք քաղաքականությամբ են զբաղվում), վերլուծական մտքից զուրկ (թեպետ նմանները ամեն օր «հավայի» վերլուծում են աշխարհի բաները) խոշոր տրամաչափի գործիչները մինչև մայիսի 6-ը բաշխում էին ԱԺ-ում սպասվելիք ձայները և դրա հիման վրա էլ կազմում էին ապագա կոալիցիոն կառավարությունը:

Որքա՜ն հույսեր խորտակվեցին: Ասենք, որ «Հանրապետական» կուսակցությունը վստահ էր իր հաղթանակին, թեպետ մտքում սրան խայտառակ ջախջախելու հույսեր էր փայփայում ԲՀԿ-ն: ԲՀԿ-ի թաքնված գործիչները (Վ. Օսկանյանի ցուցադրական ներկայությունը ժողովրդի տրամադրությունները շոշափող հանգամանք էր) հույսը դրել էին ոչ թե Գագիկ Ծառուկյանի «ֆենոմենի», այլ Հայաստանի ընտրություններին բնորոշ ակտիվ շուկայական հարաբերությունների վրա, ինչը ոչ լիովին արդարացրեց նրանց հույսերը: Ճիշտ է, ԲՀԿ-ն որոշակիորեն ավելացրեց իր մանդատները ԱԺ-ում, սակայն չստացավ ներդրված նյութական միջոցներին համարժեք արդյունքը: Թեև, չարդարացման պայմաններում անգամ, կարողացավ օգտվել «վաղը` թեկուզ ջրհեղեղ» թագավորական խոսքը ռամիկի մակարդակի իջեցրած հայ մարդու հոգեբանության ցայտուն դրսևորումներից և զգալի ձայների առկայության պայմաններում իրեն ամուր զգացողի դիրքերից պայմաններ թելադրել ՀՀԿ-ԲՀԿ բանակցություններում` կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ: Այդ բանակցություններում, կարելի է ասել, ԲՀԿ-ն գնաց բացահայտ շանտաժի` կտաս այն, ինչ ուզում եմ և կստորագրեմ քո ուզածը, չես տա` մենք այլևս քաղաքական պարտնյորներ չենք:

Եթե ՀՀԿ-ն տար ԲՀԿ-ին այն, ինչ նա ուզում էր, ապա կարելի էր վստահաբար ասել, որ ՀՀԿ ու հանրապետության նախագահի համար շաբաթն ուրբաթից շուտ էր գալու, և առանց գալիք նախագահական ընտրությունների ՀՀԿ-ն պետք է զիջեր նախագահական պալատը:
Բայց քանի որ ՀՀԿ-ի լիդերը` գործող նախագահը, լավ է տիրապետում շախմատային արվեստին, ԲՀԿ-ի լիդերին ցույց տվեց ելքի դուռը, հավանաբար նաև հասկացնելով, որ այդ ընտրազանգվածն իր թույլտվությամբ է հավաքել, վաղը այն հօդս կցնդի, ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն կարող է լիովին իր վրա վերցնել զարգացման ողջ պատասխանատվությունը, որի համար նա ունի անհրաժեշտ պաշար:
Ապագա նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն, բնականաբար, շատերը ՀՀԿ-ից կարող են մեղադրել գործող նախագահին` ԲՀԿ-ի պայմաններին ընդառաջ չգնալու համար: Ասեմ, որ անցած տարիներին ԲՀԿ-ն միշտ դրսևորել է իր ողջ էությունը, նա (խոսքը Գ. Ծառուկյանի մասին չէ) ՀՀԿ-ի հետ միշտ գործել է «Կացինը բերեմ, ծառը կտրեմ» մեթոդով: Մտքերս հիմնավորելու համար կատարեմ պատմական մի էքսկուրս:
1918 թվականի հուլիսի 6-ին էսէռները ոչ միայն դուրս եկան կոալիցիոն կառավարությունից, այլև զինված ապստամբության ճանապարհով փորձեցին գրավել իշխանությունը (ԲՀԿ-ն դրա հնարավորությունը չուներ, այլապես դրան էլ կդիմեր): Մարտերն ընթանում էին Կրեմլի մատույցներում: Օրհասական այդ պահին Կրեմլում հանդիպում են ՈՒլյանով Լենինը և էսէռների պարագլուխներից մեկը, որն այնքան էլ թշնամաբար չէր տրամադրված բոլշևիկների նկատմամբ և մտահոգ էր երկրի բախտով: Վերջինս Լենինին ասում է. «Ինչո՞ւ չգնացիք զիջումների, ինչո՞ւ չփորձեցիք կանխել զինված ապստամբությունը», ինչին հետևում է Լենինի հստակ պատասխանը. «Մենք ձեզ շատ ենք զիջել, եթե այսօր էլ զիջեինք, դուք վաղը կամ մյուս օրը նոր զիջումներ էիք պահանջելու, որովհետև դա ձեր դավաճանական էությունն է: Այսօր թող որոշվի հեղափոխության բախտը»: Հեղափոխության բախտը, լատիշական հրաձգային դիվիզիայի շնորհիվ, որոշվեց հօգուտ բոլշևիկների:
Թող ոչ ոք չմտահոգվի երկրի ճակատագրով, այն վճռված է: ՀՀԿ-ն (նկատի ունեմ նրա առողջ զանգվածը) հարցը լուծել է ի վնաս քաղաքական ավանտյուրիստների, որոնց համար սեփական ամբիցիաները վեր են ամեն տեսակի պետական շահից: Եթե ԲՀԿ-ն կոալիցիա կազմեր անգամ քիչ զիջումների պայմաններում, միևնույն է, մի քանի ամիս հետո` նախագահական ընտրությունների շեմին, նորից պատեհ առիթով ցույց կտար իր ատամները:
Լավ է, որ այսօր որոշվեց ամեն ինչ, այլապես մի քանի ամիս հետո գործող նախագահին ավելի ծանր փորձություն էր սպասելու: Այսօր նա գիտի իր անելիքը, իր զորքի քանակը ավելի լավ, քան երեկ: Ապագա մարտից առաջ նախագահը թիմը մաքրած կլինի ոչ միայն կեղծ զինվորներից, այլև կեղծ նվիրյալներից:
Հավատացած եմ, որ ԲՀԿ-ին դուրս դնելով կոալիցիայից, նախագահն իր վճռական քայլով է՛լ ավելի մեծացրեց ՀՀԿ-ի ընտրազանգվածը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ