Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Զբոսաշրջային հայտնագործություն

Զբոսաշրջային  հայտնագործություն
05.06.2012 | 00:30

«Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակ։ Երվանդ Քոչարի գլուխգործոց-ձիարձանը։ Կայարանի հոյասքանչ շենքը։ Սակայն հիացմունքս դադար է առնում, հետո գլուխկոնծի տալիս։ Ինչո՞ւ։ Վերջերս փորձեցի Արարատյան դաշտավայրի Արտաշատի տարածաշրջան հասնել։ Ընդ որում, նպատակակետում պիտի շրջեի «ինկոգնիտո»։ Քանի որ նպատակս հույժ արկածախնդրական էր, անգամ սադրիչ։ Պիտի պարզեի, թե ինչ ազդեցություն է գործել Կարապետիչի պարտությունն ԱԺ ընտրություններում դդմիկների և կանեփի խաչասերման վրա։ Ի դեպ, խաչասերումից ստացվում է յուրահատուկ մշակաբույս` կանեփադդմիկ։ Այն, զորօրինակ, տավոտով տապակում ես պղնձե թավայում, վրան ջայլամի ձու ջարդում և ուտելիս ընկնում երանության գիրկը։ Հա՛մ կշտանում ես, հա՛մ էլ, դե հասկացաք, թե ինչ եք անում։ Այո՜, այո՜, հայտնվում եք «կայֆերի համահայկական համաժողովում», ուր փղերը քոչարի են պարում թութակների հետ։

Քուռկիկ Ջալալու գավակից 217 մետր, 15 սանտիմետր հեռավորության վրա է տեղակայված երկրի գլխավոր (առայժմ` անհայտ) զբոսաշրջային խայծերից մեկը։ Բայց համբերատար եղեք և հետևեք ինձ։ Նախ անցնենք գետնուղով, ուր ձախից մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանն է, աջից` կրպակաշարքը։ Հայեցակարգային խնդիր է լուծված քաղաքային իշխանությունների կողմից, վերջին պահին հասցնում ես հայթայթել մոռացվածը, օրինակ, գլխացավի հաբեր, մաստակ, փուչիկ, սուլիչ, հողաթափ, այբբենարան, կրկնակոշիկ, մոծակի դեղ և այլն։ Մեղմ կիսախավարում յուրաքանչյուր մանրավաճառի աչքը հիպնոսում է ու ստիպում մի բան գնել։ Հասկանալի է, ճանապարհի կեսին հոգիդ հանդարտության է մղում։ Սուր զգացողություններդ պիտի պարպես գաստրոնոմիական անդորրով։ Չեբուրեկին ստիպում է կանգնել մի պահ, համալրել յուղապղպեղամսային գրոհը գարեջրի պաղ զովությամբ։ Երանությո՜ւն է։

Առջևում հրապարակն է։ Իշխում են միկրոավտոբուսները։ Գերակշռում են ժամկետանց-հնամաշները։ (Վարորդները հրաշալի ներդաշնակություն են կազմում միկրոավտոբուսների հետ)։ Այսպես, մեքենայի նստարանները վաղուց «կորցրել են իրենց հյուսիսն ու հարավը», հատակը հիշեցնում է մեր ճանապարհների ասֆալտը` նորոգումից մեկ տարի անց, վարորդները մեծամասնորեն անթրաշ են, համամասնորեն` «ջիգյարակալած»։ Սա առանձնահատուկ մի մշակույթ է, քաղաքական գործընթաց, դիվանագիտական ընթացակարգ։ Զորօրինակ, միկրոավտոբուս-հնոտին պիտի շարժվի 14.30-ին։ Բայց ուղևորների սակավություն է։ Ասենք, 16 ուղևորի փոխարեն (16-ը միկրոավտոբուսի նստելատեղերի պաշտոնական քանակն է) նստած են 13-ը։ Հարգարժան մեր «ուստեն» նախ «քոքում է» երաժշտությունը (անպատճառ Թաթա կամ Բղդո), հետո անցնում քաղաքականությանը` կայարանում, Երևանում և աշխարհում։ Ժամանակ շահելու բազմափորձ միջոց է։ Բայց դե մենք էլ ուղտի ականջում չենք ննջում։ Եվ փորձում ենք «դարձի բերել» անթրաշ-ծովահենին։ Այս պարագայում` երթուղահենին։ Անօգուտ ջանքեր։ «ՈՒստեն» կմեկնարկի միայն լեփ-լեցուն լինելուն պես։ Մի խոսքով, առաջիկա րոպեները հաղթահարել է պետք։ Դուրս ես ելնում շարժակազմից, քիչումիչ զվարճանում «ուստեքի» հետ բաղաձայն խոսք ու զրույցով ու հանկարծ գլուխ են բարձրացնում կենսաբանական կարիքներդ։ (Հիշենք չեբուրեկիի պղպեղաաղային շփոթն ու գարեջրի սառնաշիթ գրոհը)։

Բնազդդ, սրված ծայրաստիճան, ուղեկցում է քեզ դեպի ռմբակոծությունից հետո վերակենդանացած խրճիթը, որ կոչվում է զուգարան։ Տակառ` ջրով լի։ Գարշահոտի «վրաերթ»։ Օճառի իսպառ բացակայություն։ Զուգարանաթղթի փոխարեն կազմազերծ մի գիրք։ Վերջինը, ամենայն հավանականությամբ, ի պատիվ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնահանդեսի։
Եվ ահա այս ամենը` զբոսաշրջային այս դյութիչ խայծը, հրամցվում է ընդամենը 50 դրամով։
Ամոթ մեզ, հազար ամոթ։ Բա նման զբոսաշրջային հրաշքը նման ձևով անտերության կմատնե՞ն։ Աշխարհը մեզ վրա քմծիծաղում է` այ հայ ժողովուրդ, Ջրհոսի դարաշրջանի հոմո-սափիենսին ձեր Գառնին ու Գեղարդը, չարուխն ու ճոպանուղին բնավ չեն հուզում։ Նրան այլ հույզեր և հույսեր են անհրաժեշտ։ Զորօրինակ, տարեկան մի քանի միլիոն անգլիացի է հայտնվում Իսպանիայում։ Ի՞նչ եք կարծում, ցլամարտի ու Սերվանտեսի հողմաղացների համա՞ր։ «Հողերս եմիշ գլխիդ», նման դեպքերում «օրհնում» էր Նարինգյուլ տատս։ Պաղարյուն բրիտանացիները կտրում են օվկիանոսը` սրտներում երեք կրակ. sun, sidr and sex։ Այսինքն` արևի, սիդր գինու և՜, այո՛, ազգամիջյան սեռահարության համար։ Մենք, բնականաբար, կարող ենք շրջանցել իսպանացիներին։ Ինչո՞վ։ Զբոսաշրջության հայտնագործությամբ։ Սրա պայմանական ծածկագիրն է` «Հակադրությունների հարված` գայթակղության հակահարված»։ Գործում է բացառիկ անվրեպությամբ։ Զորօրինակ, զբոսաշրջիկների սուր զգացողությունների սիրահար խումբը «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակում է։ Հիանում է արձանագործական հրաշքով։ Մի երկու-երեք ժամ։ Հետո գետնուղով ճանապարհ բռնում դեպի միկրոավտոբուսներ, վարորդներ և արտաքնոց։ Հենց արտաքնոցում է վրա հասնում գայթակղության գերսրված հարվածը։ Եվ ահավասիկ, նրանք պատրաստ են 50 դրամի փոխարեն «մուծվել» 50 եվրո։ Այնպես որ, Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունու վարչական շրջանը սույն տարածքն ու նշյալ օբյեկտները (անշարժ և շարժական) պիտի հայտարարեն արգելավայր։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ