Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եթե Բաքուն չչափավորի իր ֆինանսական ախորժակը»

«Եթե Բաքուն չչափավորի իր ֆինանսական ախորժակը»
05.06.2012 | 00:55

Շուտով մեկ տարի կլինի, ինչ Մոսկվայի ու Բաքվի միջև լուրջ կրքեր են բորբոքվել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ: Մինչ ռուսները բանակցությունների ավարտի վերջնաժամկետ են հայտարարել այս տարվա հունիսը, «բաքվեցի ռազմավարները» շարունակում են չարարկել (ի չարը գործադրել) դա իրենց հաղթաքարտով: ՈՒ թեև Ադրբեջանում մի գլուխ պնդում են, թե երկրների փոխհարաբերությունները «ռազմական, ինչպես նաև այլ ոլորտներում սրընթաց զարգանում են», իսկ Ռուսաստանը, ջանալով հաստատել դա, կանոնավոր կերպով նրանց է փոխանցում նորագույն սպառազինության նոր «չափաբաժիններ» (միանգամայն թքած ունենալով իր ռազմավարական դաշնակից Հայաստանի կարծիքի ու շահերի վրա), ռուսների համար Գաբալայի վարձակալության թեման շարունակում է մնալ օրախնդիր: Ընդ որում, չնայած բոլոր ջանքերին, առայժմ չի հաջողվում սանձել Բաքվի ախորժակը:
Այսպես, մի երկու ամիս առաջ տեղեկատվական դաշտը պայթեց այն հաղորդումներից, թե Բաքուն հերթական անգամ պահանջել է բարձրացնել վարձավճարը: Մենք գրել ենք այդ մասին, բայց չէր խանգարի անդրադառնալ դրան:
Ադրբեջանը սկզբում հայտարարեց, թե ուզում է վարձավճարը կրկնապատկել` 7 մլն-ից հասցնելով 15 մլն դոլարի: Ընդ որում, ուզում էր միաժամանակ բարձրացնել նաև էլեկտրաէներգիայի վարձը և մեծացնել կայանում աշխատող իր քաղաքացիների թիվը, ստանալ «նյութական վնասի հատուցում այդ լեռնային վայրերում զբոսաշրջային հատվածը զարգացնելու անհնարինության» և էկոլոգիայի վատացման կապակցությամբ: Ֆինանսական հարցի լուծման համար դեկտեմբերի սկզբին բանակցությունների ձեռնամուխ եղավ ՌԴ պաշտպանության նախարարության, արտգործնախարարության և արդյունաբերության նախարարության հատուկ հանձնաժողովը, որը փորձեց կարգավորել գնային տարաձայնությունները, բայց դա հակառակ արդյունքը տվեց: Բաքուն գինը նախ դարձրեց 150 միլիոն, իսկ հետո առհասարակ սկսեց 300 միլիոն պահանջել: Ակնհայտ էր, որ գինը խիստ չափազանցված է (օրինակ, շատ ավելի կարևոր օբյեկտի` Բայկոնուրի տիեզերակայանի համար Ռուսաստանը Ղազախստանին վճարում է տարեկան 115 մլն դոլար), և այդ շահարկումների պատճառը միայն փողը չէ: Մոսկվայում համարեցին, որ գումարը ոչնչով հիմնավորված չէ, ծայրաստիճան բարձր է, և փորձեցին ամեն կերպ նվազեցնել այն, ընդ որում` էապես: Ռուսական «ակնբախ համոզման» տրամաբանությամբ, Ադրբեջանում սկսեցին խնդիրներ առաջանալ լեզգիների ու թալիշների հետ, իսկ Բաքվում հապշտապ ռուսական բարձրաստիճան ղեկավարության դեսանտ իջեցվեց: Շուտով հայտարարվեց, թե Ռուսաստանի կողմից Գաբալայի տեղորոշիչ կայանի վարձակալության հետ կապված շատ տարաձայնություններ հարթված են, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բանակցային կանոնավոր գործընթաց է և մնացել է միայն մի քանի հարց համաձայնեցնել: ՈՒ ահա վերջերս Ադրբեջանը նոր պայման առաջադրեց Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը: Պարզվում է, Ադրբեջանը Գաբալայի տեղորոշիչ կայանի վարձակալության ժամկետը Ռուսաստանի հետ կերկարաձգի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը երաշխիքներ տա Բաքվին, որ այդ կայանը չի օգտագործվի Թուրքիայի դեմ: Իսկ դա Ռուսաստանի համար շատ ծանր պահանջ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ հակամարտությունն ամերիկյան հակահրթիռային համակարգի դեմ ոչ միայն չի մարում, այլև մտնում է ավելի կոշտ փուլ: Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Թուրքիայի տարածքում` Մալաթիայի նահանգի Քյուրեջիկ գավառում, Իրանի, Վրաստանի ու Հայաստանի սահմանի մոտ շահագործման է հանձնվել տեղորոշման մի կայան, որը Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից տեղաբաշխվող ՀՀՊ համակարգի մաս է: Իրենց հերթին փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանը կարող է Գաբալայի տեղորոշիչ կայանն օգտագործել իր համար անվերապահորեն անընդունելի գործողությունների դեմ: Շատ հետաքրքրական է նաև այն, որ եթե առաջ նշվում էր, թե Ռուսաստանը Գաբալայի տեղորոշիչ կայանի երկարաժամկետ վարձակալության ռազմական անհրաժեշտություն չունի, որ նոր կայանները, օրինակ Արմավիրինը, նույնպես ընդունակ են հայտնաբերելու հրթիռների արձակումները, որ «Դարյալում» ամեն ինչ արդեն հնացած է և չի համապատասխանում արդի ստանդարտներին, և որ, ընդհանուր առմամբ, «եթե Բաքուն չչափավորի իր ֆինանսական ախորժակը, մենք կհեռանանք Գաբալայից», ապա այժմ ռուսական լրատվամիջոցները սկսել են միանգամայն հակառակ փաստարկներ բերել: Հաղորդվում է, որ Ռուսաստանն առայժմ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի համարժեք փոխարինող չունի, և Կրասնոդարի երկրամասում գտնվող «Վորոնեժ-ԴՄ» կայանը, առանց լրացուցիչ արդիականացման, չի կարող լիարժեքորեն փոխարինել Ադրբեջանի օբյեկտին: Ավելին, ռուսական զինվորականների կողմից լքված ադրբեջանական օբյեկտի համար անմիջապես կարող են գտնվել հավակնորդներ` ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, նախ և առաջ ԱՄՆ-ը և Թուրքիան: Այն ժամանակ Մոսկվան ոչ միայն կկորցնի ՀՀՊ-ի շուրջ Վաշինգտոնի հետ վարվող բանակցությունների հաղթաթղթերից մեկը, այլև ամերիկացիներին կտա մի կայան, որը կարող է օգնել նրանց Իրանի դեմ մարտական գործողություններ իրականացնելիս: Մինչդեռ ռազմական ոլորտում արևմտյան երկրների հետ Ադրբեջանի սերտ համագործակցությունը կնշանակի Մոսկվայի ու Բաքվի միջև վստահության նկատելի նվազում և Ռուսաստանին կստիպի վերանայել Կասպյան տարածաշրջանում ռազմական ուժեր տեղաբաշխելու իր ծրագրերը:
Այստեղ ուշադրություն դարձնենք ձգձգված վեճի ևս մեկ կարևոր հանգամանքի: Պարզվում է, Մոսկվան խնդիր է դնում երկար ժամանակով փակել Գաբալայի հարցը, համաձայնագիրը երկարացնելով ոչ թե երեք տարով, ինչպես նախատեսված էր, այլ 25 տարով: Այսինքն, սա, հատկապես Ռուսաստանի նոր արտաքին քաղաքականության և ամերիկացիների հետ տխրահռչակ «վերաբեռնման» լիակատար դադարեցման նոր ծրագրի մասին նախագահ Պուտինի վերջին հայտարարությունների համատեքստում, առանձնակի նշանակություն է ձեռք բերում: Ինչպես հայտնի է, Կրեմլը գերակա է հայտարարել Ռուսաստանի քաղաքականությունը «մերձավոր արտասահմանի» երկրների, հատկապես արտատարածաշրջանային ուժի կենտրոնների հետ հարաբերություններով չծանրաբեռնված ԱՊՀ անդամ պետությունների հետ: Ինքնըստինքյան հասկանալի է, որ անվտանգության ոլորտում Ադրբեջանի քաղաքականության արևմտյան կորի փոփոխությունները, որոնք ընթանում են հարաճուն արագությամբ և սպառնում են դառնալ անշրջելի, բացահայտ կորուստներ ու վտանգներ են պարունակում Ռուսաստանի համար: Իսկ քանի որ, նշում են ռուսները, «Ռուսաստանի համար կարևոր է ամուր հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, ուստի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործումը հետաքրքիր է միայն Բաքվի հետ համագործակցության հեռանկարով», համապատասխանաբար, Մոսկվայում շատերը կարծում են, թե «կարելի է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին»: Ի՞նչ օգնության մասին է խոսքը և ո՞ւմ հաշվին: Սա ամենահետաքրքրական հարցն է, և, ցավոք, շարունակաբար կրկնվող հարցը:
Իրենց հերթին, Բաքվի իշխանությունները, կասկած չունենաք, կշարունակեն իրենց պահանջները ներկայացնել Մոսկվային: Հնարավոր է, որ նրանք այդ կերպ ձգտում են Ռուսաստանի ղեկավարությանը հասկացնել, որ մտադիր չեն շարունակելու համագործակցությունը ռազմական ոլորտում, ցանկանում են փակել կայանը և 2012-ին իրենց տարածքից հեռացնել վերջին ռուս զինվորականներին: Հնարավոր է նաև, որ ռուսական տեղորոշիչ կայանի փակման որոշումը քայլ է ռազմական ոլորտում արևմտյան երկրների հետ ավելի սերտ համագործակցության ճանապարհին: Չէ՞ որ քանիցս արդեն լուրեր են երևացել, որ Ադրբեջանը մտադիր է Իսրայելից գնել 1,5 մլրդ դոլարի բարձրակարգ սպառազինություն, թե իսրայելական ռազմարդյունաբերության «Տաասիա ավիրիթ» կոնցեռնը մտադիր է Ադրբեջանին մատակարարել անօդաչու թռչող ապարատներ և գերճշգրիտ զենք (զենիթահրթիռային համալիրներ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր):
Բայց հնարավոր է նաև, որ Բաքուն վերստին որոշել է օգտվել Ռուսաստանի ու Արևմուտքի նոր հակասություններից, մեկ անգամ ևս շահարկել Իրանում զինված հակամարտության սպառնալիքը և դրա հետ կապված իրեն սպառնացող երևակայական ռազմական, տնտեսական ու հասարակական վտանգները և հնարավորինս բարձր ճչալ բոլորի համար Ադրբեջանի կարևորության մասին: Ինչևէ, երևում է, որ Ադրբեջանը հին սովորությամբ մտադիր է նոր «բազար» սարքել. «Մեզ այդ կայանը բացարձակապես պետք չէ, և եթե այն պետք է Ռուսաստանին, ապա նա պետք է համաձայնության գա Ադրբեջանի հետ և փոխադարձության ձևով լուծի Ադրբեջանին հուզող անվտանգության որոշ խնդիրներ»: Ամեն դեպքում, մի բան պարզ է` Ադրբեջանը նման լուրջ քայլով ձգտում է առավելագույն շահ քաղել ընթացիկ պահից, հասկանալի է, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման նկատառումով: Եվ ակնհայտ է, որ վարձակալության ժամկետի երկարացումը վերջին հաշվով կլինի քաղաքական:
Մնում է ավելացնել միայն, որ եթե ռուսներին այդքան պետք է Ադրբեջանում իրենց ներկայությունը, և հանուն այդ «աշխարհաքաղաքական ներկայության» նրանք, ի վերջո, որոշել են ժլատություն չանել, ապա հուսանք, որ խոսքը միայն փողի մասին է լինելու:

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Կոլաժը` ՆԻԿՕ-ի

Դիտվել է՝ 4041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ