USD484.37
EUR565.50
RUB7.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
NCOA.Durgaryan/Madoyan
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները «քաղաքական օնանիզմ» են հիշեցնում

Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները  «քաղաքական  օնանիզմ»  են  հիշեցնում
05.06.2012 | 01:00

«ՈՒԳԱՆԴԱՅԻ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԲՌՆԱՊԵՏ ԻԴԻ ԱՄԻՆԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԻԼՀԱՄԻ ՄՈՏ»
Մայիսի 24-ին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը վերստին ջրի երես հանեց Ադրբեջանում խոսքի ազատության բացակայությունը և այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության անմխիթար վիճակը: Հիմք ընդունելով լրագրողների, ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների, հարձակումների ու սպառնալիքների մասին զեկույցները` Եվրախորհրդարանը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել խոսքի և հավաքների ազատության ճնշումները: Եվրախորհրդարանը նաև հրավիրեց ԵՄ անդամ երկրներին` քննարկելու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ադրբեջանի քաղաքական փերեզակներին ևս մեկ հիասթափություն էր սպասում. Բրյուսելում կայացած Միջազգային եվրոպական շարժման գագաթնաժողովի ընթացքում շարժման նախագահ Յո Լայնենն Ադրբեջանի իշխանությանը կոչ արեց հստակորեն հետևել եվրոպական արժեքներին: Այս հայտարարության համար հիմք էին հանդիսացել Ադրբեջանից ստացվող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ վերջին մտահոգիչ տեղեկությունները:
Թե ինչ վայրենաբարո մեթոդներով են խախտվում Ադրբեջանում մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը, առանձին խոսակցության նյութ է: Բավական է միայն նշել, որ սեփական ժողովրդին պատուհասած Իլհամ Ալիևը կարող էր իր կառավարման տիպարով մի ամբողջական ձեռնարկ գրել աշխարհի բռնապետների համար` «Ինչպես խոշտանգել լրագրողներին», «Ինչպես արմատախիլ անել այլակարծությունն ու խոսքի ազատությունը» վերնագրերով: Այստեղ, կարելի է ասել, «ՈՒգանդայի տխրահռչակ բռնապետ Իդի Ամինը հանգստանում է»: Շատ ավելի ուշագրավ է ադրբեջանական կողմի արձագանքն այս բանաձևին, որում հստակ ուրվագծվում են Ադրբեջանի բարդույթներն ու նևրոզները: Զավեշտն այն է, որ ադրբեջանցի բարձրաստիճան չինովնիկներն իրենց հակամարդասիրական պահվածքն արդարացնելու փոխարեն մայիսի 24-ի բանաձևը մեկնաբանում են միստերային դավադրության տեսության տեսանկյունից, որտեղ հայերը մի իսկական «հուդամասոնական համաշխարհային դավադրություն» են կազմակերպել Ադրբեջանի դեմ:
HUMAN RIGHTS WATCH-ԻՆ ԵՎ AMNESTY INTERNATIONAL-ԻՆ ՎՃԱՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ
Ադրբեջանական «Լուսաբանում հանուն հարուստ Ադրբեջանի» հասարակական միավորման նախագահ Իրադա Ալիևան հայտարարել է. «Human Rights Watch-ի և Amnesty International-ի նման միջազգային կազմակերպությունների ներկայացրած հակաադրբեջանական հաշվետվությունները պատրաստվում են հայկական սփյուռքի պատվերով և ֆինանսավորմամբ»: Ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանին, Դայանաթ Բաբաևին ու ևս 14 հոգու գազանաբար ծեծելու համար հայկական սփյո՞ւռքն է վճարել Ադրբեջանի ոստիկանությանը: Հայկական սփյո՞ւռքն է ֆինանսավորում Ադրբեջանում կասկածելի հիմնավորումներով մարդկանց բռնի տեղահանումը սեփական տներից: Հայկական սփյո՞ւռքն է սպառնալիքներով ու անձնական բնույթի նկարներով նամակներ ուղարկում ադրբեջանցի լրագրողուհի Հադիջե Իսմայիլովային: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել:
Ինչքա՞ն կարելի է ձեր երկրում տիրող ճորտատիրությունը քողարկելու նպատակով արգահատելի մեղադրանքներ ներկայացնել ինչ-որ «մութ ուժերին» կամ «հայ լոբբիստներին»:
Human Rights Watch-ը ոչ պետական կազմակերպություն է, որը զբաղվում է ավելի քան 70 երկրում մարդու իրավունքների խախտումների դիտարկմամբ, հետաքննությամբ և փաստաթղթավորմամբ: Նրա շտաբ-բնակարանը, ի դեպ, գտնվում է ԱՄՆ-ում: Այդ կազմակերպությունը պետական կառույցներից ֆինանսական օգնություն չի ընդունում և ֆինանսավորվում է միայն մասնավոր նվիրատվությունների հաշվին: Human Rights Watch-ի ֆինանսավորման աղբյուրները թափանցիկ են, և այդ մասին տեղեկություններ կարելի է գտնել կազմակերպության պաշտոնական կայքում: ՈՒստի, կարծում եմ, տեղին կլիներ, որ Human Rights Watch-ը զրպարտության համար դատի տար Իրադա Ալիևային ու նրա նմաններին:
Իսկ Amnesty International միջազգային հեղինակավոր ոչ պետական կազմակերպության մասին, կարծում եմ, ավելորդ է խոսել: Այս կազմակերպությունն իր աշխատանքի համար արժանացել է Նոբելյան և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ՄԱԿ-ի կողմից մրցանակների: Այս երկու կազմակերպությունը թիրախ ընտրած ադրբեջանցի չինովնիկները, չգիտես ինչու, մոռանում են քննադատել այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են Associated Press-ը, The Financial Times-ը, The Irish Times-ը, The Los Angeles Times-ը, որոնք Ադրբեջանը ներկայացնում են, մեղմ ասած, ոչ այնքան ուրախ գույներով:
Ադրբեջանի վերնախավում սկիզբ առած բողոքի ալիքը շարունակում է այդ երկրի Միլի մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը` ասելով. «Եվրախորհրդարանում Ադրբեջանի գծով բանաձևի կողմնակալության կապակցությամբ այդ կառույցի ղեկավարությանը մենք բողոք-նամակ ենք ուղարկել: Այդ բանաձևի ընդունման հիմնական պատճառը, մեր կարծիքով, այն է, որ որոշ ուժեր ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել Ադրբեջանի հաջողությունների հետ: Այդ ուժերը հատկապես չեն համակերպվում այն փաստի հետ, որ Ադրբեջանում բարձր մակարդակով անցկացվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Մենք լսել ենք որոշ երկրների կարծիքները մրցույթի մասին: Դրանք Ադրբեջանի նկատմամբ նախանձի վառ դրսևորում են»: Ինչ ուժերի կամ երկրների մասին է խոսքը, հասկանալի չէ, քանի որ Ադրբեջանը հայտարարել է, թե ունի մեկ թշնամի` Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանն այսօր այնքան լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, որ նրան ընդհանրապես չի հուզում այդ մրցույթի անցկացման մակարդակը: Ինչպես ասում են` «մեր սև սիրտ, ձեր վարդագույն կիսավարտիք»:
Կամ` եթե մեր «լոբբին» ի զորու է Եվրախորհրդարանին ստիպելու հակաադրբեջանական բանաձև ընդունել, ապա ինչ կապ ունի դա «Եվրատեսիլի» հետ: Հայկական կողմը կարող էր դա անել մինչև «Եվրատեսիլը» իրերի նման դասավորության դեպքում: Ադրբեջանական մտքի երկաթյա տրամաբանությունը, փաստորեն, այնքան է, որ հայ «լոբբիստները» հեռուստացույցով տեսան, թե ինչ բարձր մակարդակով է անցկացվում «Եվրատեսիլը» Ադրբեջանում, սուր նախանձ ապրեցին, զանգեցին Եվրախորհրդարանի իրենց ընկերներին, ասացին` հակաադրբեջանական բանաձև ընդունեք: Մի խոսքով, կատարյալ ապուշություն: Ադրբեջանցի պաշտոնյաներին խորհուրդ ենք տալիս դուրս գալ միջնադարից և «վհուկների որսով» չզբաղվել: Նման հայտարարությունները «քաղաքական օնանիզմ» են հիշեցնում և միայն ժպիտ են առաջացնում:
Ի դեպ, «Եվրատեսիլում» հաղթանակած երգչուհի Լորինը քննադատել է Ադրբեջանում խոսքի ազատությունը ճնշողներին և աջակցություն հայտնել ազատության համար պայքարողներին: Ա՜յ քեզ դավադրություն: Գուցե Լորինը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի անդա՞մ է եղել մինչև երգչուհի դառնալը:


Գրիշա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ