Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչն է ստիպում Գյուլին, ժպտալով, մեռած վիճակից հանել ապխտած հայ-թուրքական հարաբերությունները

Ի՞նչն է ստիպում Գյուլին, ժպտալով,  մեռած վիճակից հանել ապխտած  հայ-թուրքական հարաբերությունները
05.06.2012 | 01:36

Վերջին ժամանակներս ակտիվացել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, հատկապես հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
ԱՄՆ-ից վերադառնալիս Թուրքիայի նախագահը լրագրողներին ասել էր, թե «Հայ-թուրքական հարաբերությունները սառեցված չեն (եթե սառեցված չէին, ապա ի՞նչ է` ապխտած վիճակո՞ւմ էին), կառավարությունը և ոչ հասարակական կազմակերպություններն այդ հարաբերությունները բարելավելուն ուղղված կարգադրություններ են ստացել»: Ասել, թե այստեղ մեծ է եղել ԱՄՆ-ի ազդեցությունը, ճշմարիտ չի լինի: Թուրքիան խաղում է որպես առանձին խաղացող և, անհրաժեշտության դեպքում (հանուն իր շահի), կժպտա, իսկ ծայրահեղ դեպքում, եթե հանկարծ վտանգ զգա, ցույց կտա իր պատմականորեն լավ աճած, բայց անհրաժեշտ պահերին միշտ թաքցրած ժանիքները: Ի՞նչն է ստիպել Գյուլին, որ ԱՄՆ-ից տունդարձի ճանապարհին նման հայտարարություն անի: ԱՄՆ-ի ճնշումը` հազիվ թե: Մի՞թե Օբաման երկու տարի առաջ նման ճնշում չէր գործադրում Թուրքիայի վրա, երբ վերջինս թաղեց հայ-թուրքական հարաբերությունները: Մի՞թե այդ թաղումից հետո Թուրքիայի պաշտոնատար անձինք բազմիցս չեն շեշտել իրենց նվիրվածությունն Ադրբեջանին, ոչ մի սահմանի բացում մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը: ՈՒրեմն, ի՞նչն է ստիպում Գյուլին, ժպտալով, մեռած վիճակից հանել ապխտած հայ-թուրքական հարաբերությունները: Նախ` կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի գործող նախագահն այս ձևով փորձում է ստանալ ամերիկահայերի աջակցությունը նախագահական ընտրություններում: Օբաման մեկ անգամ ցինիկորեն խաբել է հայերին: Նույն մեթոդով խաբելու հավանականությունը զրո է: Քլինթոնի այցն Անդրկովկաս այս պրոպագանդային ուղղված քայլ է: Վրաստանը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, որքան էլ ցանկանա: Ավելի շուտ Սաակաշվիլին կտապալվի, քան Ռուսաստանը թույլ կտա նրան իրականացնել իր ցնորքները: Եթե Հայաստանը դավաճանի Ռուսաստանին (իսկ դա հայի էությունից դուրս ոլորտ է), ՆԱՏՕ-ի մուտքն Անդրկովկաս կլինի շատ դյուրին: Ղարաբաղի հարցի լուծում չկա և չի էլ կարող լինել, եթե Ադրբեջանը լրիվ շուռ չգա դեպի Ռուսաստան: Այս պարագայում անգամ, պատմական փորձը կհուշի Ռուսաստանին, որ Անդրկովկասին տիրելու համար հայն ու ադրբեջանցին պիտի միշտ լինեն թշնամի: Այսքանն ի միջի այլոց: Սա Օբամայի խաղն է հայ-թուրքական հարաբերություններում: Որո՞նք են Գյուլի (անձամբ նրա) և Թուրքիայի խաղի հեռահար նպատակները: Գյուլը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի կամ էլ ՄԱԿ-ի քարտուղար: Դրա համար մեծ իմիջ է պետք: Թող ոչ ոք չմտածի, թե այդ իմիջի վերջնական ստեղծմանը Գյուլը պետք է գնա մինչև վերջ: Դա բացառված է, բացի այդ, ամենամեծ խաղը հայոց Մեծ եղեռնի (ցեղասպանության) 100-ամյակն է, որն ահագնացած ձևով թակում է Թուրքիայի դռները: Ճնշումները Թուրքիայի վրա մեծանում են ոչ միայն դրսից, այլև ներսից, որը, մեր կարծիքով, ավելի վտանգավոր է: Հայ-թուրքական ապխտած հարաբերությունները ցուցադրաբար շշի վրա շարելով, Թուրքիան վարպետորեն կփորձի համոզել Արևմուտքին, իսկ այդ «ազնիվ» Արևմուտքը թուրքական հերթական խայծը կուլ տալու յուրօրինակ որակներ ունի: Հնարավոր է, Թուրքիան չշահարկի Ղարաբաղի հարցը, որոշակի ժամանակ ցուցադրաբար բացի սահմանը, պայման կապի բացման վերաբերյալ, անորոշ ձևակերպումներով, ինչպես առկա պայմանագրում են շոշափվում անորոշ կետերը, ձգձգի, ժամանակ շահի, մինչև կանցնի իրենց համար կանխատեսելի վտանգը, և Թուրքիան նորից կդառնա նույն գիշատիչը:
Ո՞րն է մեր անելիքը:
Արձանագրությունները հետ վերցնել, պատճառաբանելով, որ դրանք հնացած են, և պայմանավորվել կազմելու նոր արձանագրություններ (սեղմ ժամկետում), որտեղ Հայաստանը պետք է առաջ քաշի հետևյալ էական պայմանները.
1. Թուրքիան երբեք չպիտի խառնվի ղարաբաղյան հարցի լուծմանը, և այն պետք է լուծվի միայն Մինսկի խմբի շրջանակներում, և չպիտի խառնվի, եթե Ադրբեջանի կողմից սկսվեն ռազմական գործողություններ Ղարաբաղի (նաև Հայաստանի) նկատմամբ:
2. Թուրքիայում գտնվող բոլոր հայկական եկեղեցիները պետք է ճանաչվեն որպես Հայ առաքելական եկեղեցու սեփականություն (թույլ տրվեն դրանց վերանորոգումը, ժամերգությունների անցկացումը):
3. Թուրքիայում պետք է քրեորեն պատժվեն ռասիստական ֆաշիստական դրսևորումները հայ, հույն և ասորի ժողովուրդների նկատմամբ:
4. Սահմանի բացումից հետո որևէ պատրվակով (եթե անմիջապես երկու երկրների միջև չկա պատերազմական վիճակ) սահմանի փակումը պետք է դիտվի որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ և առաջացած նյութական կորուստների համար Հայաստանն իրավունք ունի ստանալու պատճառված վնասը:
5. 1921 թվականին կնքված Կարսի պայմանագիրը որպես հարկադրանքով կնքված պայմանագիր Հայաստանի կողմից Միջազգային դատարանում բողոքարկելու իրավունքը Թուրքիայի կողմից չպետք է դիտվի որպես ոչ բարի կամքի արտահայտություն:
Գուցե ոմանք մտածեն, թե առաջադրված պայմանները խիստ են: Ամենևին: Թուրքիայի անցյալում և ներկայում շարունակվող հակահայ դրսևորումները, ով-ով, գոնե հայերս լավ ենք զգում (պատմության շարունակական կեղծում, այլ երկրների վրա (Ֆրանսիան դրա վառ ապացույցն է) Թուրքիայի բացահայտ շանտաժ և այլն):
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.- Միևնույն է, Թուրքիան երբեք փոքր-ինչ զիջումների չի գնալու հանուն հայ-թուրքական հարաբերությունների լավացման:
Թուրքիան (կարող է թուրք ժողովրդի մեջ շատանան ազնիվ մտավորականները), նրա կառավարող վերնախավը սիրալիր ժպտալով միշտ կմնան ցինիկ և ստոր տրամադրված Հայաստանի նկատմամբ:
Նման պայմաններում մենք երբեք չպիտի հրաժարվենք պահանջատեր լինելու իրավունքից:

Դիտվել է՝ 1683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ