Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվ մի քանի կին` մազերը լաքած

Եվ մի քանի կին` մազերը լաքած
05.06.2012 | 02:06

Պառլամենտի «անդրանիկ» նիստի օրը խորհրդարանում բրոունյան շարժում էր` նորագիրներն ամեն ինչ անում էին, որ չկորչեն պառլամենտի միջանցքներում:
ԽՍՀՄ բարի ավանդույթներով կառուցված «ՑեԿա»-ի այդ շենքում կարող է ամենահմուտ, բազմափորձ «մեզ պեսը» շշկռվել-կորել, էլ ուր մնաց` նորագիրները:
Ամենադժվարը նորընծա կին պատգամավորներից մեկի վիճակն էր. երկու-երեք անգամ նա մտավ ԲՀԿ ֆրակցիա, շշկռված դուրս եկավ, հետո էլի գնաց-կորավ, հետո մի կերպ վերադարձավ ու էլի մտավ ԲՀԿ ֆրակցիա. իրեն թվացել էր, թե գնացել-պտտվել, հիմա միջանցքի հակառակ կողմում է, բայց` չէ, էլի ԲՀԿ ֆրակցիան էր: Որ կինը ԲՀԿ-ից չէր, հասկանալի էր` ԲՀԿ-ից ընդամենը երկու գենդեր կա. մազերն էլ լաքած չէին (հիշենք, որ Շուշան Պետրոսյանն ասել էր. չէ, ես չեմ կարող լինել էն պատգամավորների նման, որ մազերը լաքած, ստանդարտ հագնված գալիս են պառլամենտ):
Ով էր շշկռված կինը, չգիտենք (դեռ կհասցնենք ճանաչել), այնուհանդերձ, դահլիճում նա նստած էր ՀՀԿ ֆրակցիայի շարքերում:
Իսկ Շուշանն իսկապես չէր լաքել մազերը, բայց, ի տարբերություն ՀՀԿ-ում կուստոմս ստանալու նոմինացիայի, այս անգամ գրեթե «շտատսկի» էր հագնված, ու նստել էր ոչ անհայտ Հրանտ Գրիգորյանի կողքին, վերջինս ուրախությունից էն ո՜նց էր հալվում, էն ո՜նց էր երջանիկ` իրեն բաժին հասած բախտից. ի՞նչ են խոսելու նա ու Շուշանը հինգ տարի շարունակ` ձանձրալի նիստերին, կիմանա լոկ Աստված:
Իսկ որ ՀՀԿ-ում «էս գարնանը» ոչ միայն Շուշան, այլև շատ «ծաղիկներ», այն է` գենդերներ են «բացվել», էդ մեկը հաստատ է:
Այսպիսով, վերջին շրջանում ազգային-ազատագրական «գետնին» վրա կրկին մեծ ճակատամարտեր տված հայ անխոնջ «դաշնակչութունը» (չէ, նկատի չունենք Ծոմակի «կլուբի» ռմբահարությունը, այլ «վաբշե») նույնքան «ազգային-ազատագրական» է գտնվել այս դեպքում և ոչ մի գենդեր, ոչ մի լաքած մազով տիկին չունի ֆրակցիայում. ՀոՀիԴա-ն «տղամարդկանցով» կլուծի իր հարյուր-եսիմ-քանիամյա կուսակցության (համ էլ էդ տարիքում` ի՞նչ կին) և հայոց հայրենյաց բոլոր հարցերը:
ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀԱԿ-ն ունեն մեկական կին պատգամավոր:
ԲՀԿ-ն ՀՅԴ-ի նման ատամնաթափ ու հարյուր-եսիմ-քանիամյա չէ, բայց երեսունյոթ հոգուց ընդամենը երկու գենդեր (չէ, չէ` չենք ասում` դիսկրիմինացիա է, պարզապես, հնարավոր է, չեկածների բախտն ավելի է բերել) ունի. երևի վրեժ է լուծում ԵԺԿ-ից, որ իրենց չներառավ իր շարքերը, որպես ժողովրդավար կուսակցություն:
Իսկ ա՛յ, ՀՀԿ-ի պարագան ընդհանրապես հետաքրքիր է: Նախ` որպես պատգամավոր, անդրանիկ նիստի օրը կարդացվեց Ռուբեն Հայրապետյանի անուն-ազգանունը. բոլոր լրագրող-գենդերներս վերևի յարուսից ձգվեցինք ապակու միջից դիտելու մեր գործընկերուհուն հաղթած, բայց նրանից վախը (դե, որ կարող է Գայանեն «ճանկռտել» իրեն) չհաղթահարած պարոն Ռուբենին, մեկ էլ տեսանք ՀՀԿ-ում` էս անգամ էս ինչքա՜ն կին պատգամավորներ կան (ընկեր Ռուբենի հալը ո՞նց է լինելու, չգիտենք):
Այսպիսով, արձանագրում ենք գլխավորը` ՀՀԿ-ն գոնե մեկ` գենդերային հարցում «հավատացել ու փոխվել» է. նրա թիմում կա ինը (մեղա-մեղա) կին պատգամավոր, որոնցից չորսի մազերը լաքած էին, հինգինը` ոչ: Երկուսը շատ ջահել էին` շա՜տ, մեկն էլ երգիչ էր. տեսնենք հինգ տարի հետո ինչ կմնա մեր Շուշանից… եթե դիմանա Հրանտին, խորհրդարանի աուրային, նիստերի տաղտուկին:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ