Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ըստ ԱԺ հինընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանի` ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում

Ըստ ԱԺ հինընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանի`  ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում
05.06.2012 | 02:25

Ամառը սկսվեց: Արձակուրդային ամառը: Շոգ ամառը, որը, արևից ու փոշոտ քամիներից բացի, երևանցիներիս խոստանում է տաղտուկ ու անդորր: Քաղաքական` հաստատ: Ասվածը` հնչեց, արվածը` փաստ է: Մնացածը կերևա աշնանը:

ՈՒրեմն հանգիստ խղճով կարող ենք անցնել վաստակած հանգստի համարյա երեք ամիս` պարբերաբար նիրհի մեջ կիսաբաց, թե կիսափակ աչքերով հետևելով մեկ-երկու ակնկալվող իրադարձության: Գուցե` երեք, որովհետև կյանքը միշտ անակնկալները մատուցում է անսպասելի, թեպետ կարծես բոլորս էլ անակնկալի սպասումն ունենք ի ծնե: Պայմանով, որ այդ «անակնկալը» լինի մեր ցանկության կատարումը:
Կոալիցիա, փաստորեն, կայացավ: Ճիշտ է` անվանեցին համաձայնագիր, որը գործելու է հինգերորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետում և վերահաստատում է «առաջիկա նախագահական ընտրություններում` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, միասնական թեկնածուով հանդես գալու որոշումը» և ստանձնում Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը: Կոալիցիոն համաձայնագիրը ստորագրեցին ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը: Փաստն առանձնապես չտարփողվեց, որովհետև առանձնապես բովանդակային փոփոխություններ չէր բերում ներկայում, ինչպես եղել է անցյալում ու ապագայում էլ կլինի: Թերևս համաձայնագրի ամբողջ իմաստը հենց ապագայում է. որպես կանոն նման համաձայնագրերը լինում են բաց` կարելի է և հեռանալ, և միանալ:
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանն ավարտեց քաղաքական կիսամյակը երկրում: Նստաշրջանի նախորդ օրը խմբակցության նիստ արեց և հայտարարություն ընդունեց ՀԱԿ-ը: Սքանչելի հայտարարություն, որից հասկացվում է, որ ՀԱԿ-ը խորհրդարանում գործելու է խիստ սկզբունքային և խիստ ինքնատիպ: ՀԱԿ խմբակցությունը կարծում է, որ մայիսի 6-ը նշանավորվել է «պետականորեն կազմակերպված և ընտրակեղծարարության ծավալով նախադեպը չունեցող կեղծված խորհրդարանական ընտրություններով», իսկ «մայիսի 31-ին ԱԺ նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման հանդիսավոր նիստի է հավաքվելու մի խորհրդարան, որի մեծամասնությունը ընտրված չէ Հայաստանի ժողովրդի կողմից, այլ ապօրինաբար ստացել է իր մանդատներն ընտրակաշառքի համատարած բաժանման, ընտրողների ահաբեկման, լայնածավալ բազմակի քվեարկության արդյունքում»: Բացի այդ, գործող նախագահն էլ, որ ողջունելու է պատգամավորներին, ընտրված չէ և, ի նշան բողոքի, խմբակցությունը չի մասնակցի առաջին նիստին: Գուցե առաջին անգամ լինելով խորհրդարանի պատգամավոր` ՀԱԿ խմբակցության անդամները չգիտեն, որ ամբողջ հինգերորդ գումարման ընթացքում գարնանային ու աշնանային հնգական նստաշրջաններում խորհրդարանում հավաքվելու է նույն մեծամասնությունը, ճիշտ է` այդ տարիներին կազմում կարող են փոփոխություններ լինել, բայց նույն ցուցակի շրջանակներում: Եթե նրանք առաջին նստաշրջանում «ընտրված չէին», հաջորդ նստաշրջաններում լինելու են «ընտրվա՞ծ»: Ի՞նչ իմաստ ունի «չընտրվածների» հետ «ակտիվորեն մասնակցել ԱԺ աշխատանքներին»: Խորհրդարանը, նույնիսկ Հայաստանի Հանրապետության, Ազատության հրապարակի հարթակից էական տարբերություններ ունի` միտինգային գործելաոճը խորհրդարանում ուղղակի չի աշխատում: Սա հիշեցում ապագայի համար: Իսկ ներկայում անհրաժեշտ է խելամիտ բացատրություն հնարել, թե ինչու 2009-ին ավագանու ընտրություններում ստացած 13 մանդատներից մինչև հիմա չհրաժարվելով, 2012-ին որոշում են որոշել` գնա՞լ, թե՞ չգնալ... քաղաքապետարան:

Խորհրդարանական կյանքում ՀԱԿ-ից շատ ավելի փորձառու ՀՅԴ-ն ավելի ընկալելի վարվեց` նրանք ներկա էին առաջին նստաշրջանին և չմասնակցեցին ԱԺ նախագահի ու փոխնախագահների ընտրություններին: Սկզբունքորեն: Դա շատ ավելի ազնիվ ու անկեղծ դիրքորոշում էր:
Խորհրդարան չէր եկել և «Ժառանգությունը»` համարյա հարգելի պատճառով. հունիսի 2-ին համագումար էին հրավիրել, որտեղ պիտի որոշեին` ինչ անել: Բայց դա իրականում ոչ թե պատճառ, այլ պատրվակ էր, նույնիսկ աստղերի դասավորությունը «Ժառանգությանը» չէր խանգարում 8-րդ համագումարը 150 պատվիրակների մասնակցությամբ հրավիրել մայիսին: Մայիսին էլ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր «Պետության իրավիճակի մասին» խոսել` «անցած խորհրդարանական ընտրությունների և գալիք նախագահական ընտրությունների միջև ընկած այս վճռորոշ ժամանակաշրջանում»: Մայիսին էլ կարող էր նոր ու «աննախադեպ համախմբման կոչ անել քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին և մտավորականությանը` ազատելու համար ժողովրդին տևական կեղծարարության և, ցավոք, միայն դեֆակտո ընտրության ճիրաններից, և վերջապես հաստատելու առաջին իրավակարգ, դեյուրե նախագահությունը 1991-ից ի վեր»: Առավել ևս մայիսին էլ համագումարի ընտրած վարչությունը կարող էր լիազորել խորհրդարանական խմբակցությանը (վեր)սկսելու աշխատանքները ԱԺ-ում: Բայց «Ժառանգության» պարագայում հետաքրքիրը դա չէ, հետաքրքիրը Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի պարագան է, որի «վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ»: Մերթ ասում են` «Տեր եմ», մերթ ահաբեկում են` «Գալիս ենք», բայց, փաստորեն, ոչ տեր են, ոչ էլ գիտեն` գալի՞ս են, չե՞ն գալիս: Որովհետև սպասում են, որ որոշվի` կարո՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի թեկնածու լինել 2013-ին, թե՞ պիտի սատարի իսկական «Տիրոջը»: ՈՒ եթե պիտի սատարի, «Ժառանգություն» խմբակցությունը թախանձագին կխնդրի, ու Րաֆֆի Հովհաննիսյանը հլու-հնազանդ կկատարի իր ընկերների կամքը` ի վերջո հինգ տարվա աշխատավարձ, պատվիրակություններ, ուղևորություններ, քաղաքականության մեջ ուղղակի ներկայություն, իսկ եթե ինքն է ընտրյալը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող իր անարատ կենսագրությունը «արատավորել» պատգամավորությամբ մի խորհրդարանում, որտեղ... Կարդացեք նրա ելույթը: Եվ ուշադրություն մի դարձրեք այն հանգամանքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն չի տեսնում նախագահի թեկնածու: Դեռ չի տեսնում:
Ճիշտ նույն ռազմամարտավարությունն է սեփականել ԲՀԿ-ն: Սպասելու: Անհրաժեշտ պահին անհրաժեշտ քայլն անելու մասին կասեն: Ըստ իրավիճակի` ԲՀԿ-ն կամ հանուն ժողովրդի կլինի «կառուցողական ընդդիմություն» ու «իշխանության այլընտրանք», կամ հանուն ժողովրդի իշխանության հետ կկիսի նրա լծակները, որոնք դեռ պահպանում է: Ոչ բարձրաստիճան` նախարարական պորտֆելներից բարգավաճ նախարարները հպարտորեն հրաժարվում են, կուսակցական տոմսը աթոռի հետ չփոխելով, ինչպես ընդունված է Հայաստանում, երբ քաղաքական ուժը իշխանությունից հեռանում է: Եվս մի փաստարկ, որ իրականում ԲՀԿ-ն ոչ մի տեղ չի հեռանում, ԲՀԿ-ն հապաղում է: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանին, Գագիկ Ծառուկյանին էլ կասվի` ո՞վ է ավելի ազնիվ, ո՞վ է ավելի արժանի: Ըստ այդմ էլ` կորոշվի իշխանություն-ընդդիմություն դիլեման, որ գոյություն չունի, որովհետև ԲՀԿ-ն իշխանությունից իշխանության անցնելու է առանց ընդդիմություն լինելու: Այդպես հնարավոր է, քանի դեռ ԲՀԿ-ն պահպանում է իր ֆինանսական ու տեղեկատվական, զգալի չափով վարչական ռեսուրսները` իշխանական սանդղակի միջին աստիճանակարգերում: ԲՀԿ-ի պարագան շատ շահեկան է, որովհետև արտաքուստ թվում է, թե քաղաքական ուժերի դասավորության ու վերադասավորության խնդիրն ինքն է լուծելու, իրականում, միևնույն է, լուծելու է ՀՀԿ-ն. ի պատասխան ՀՀԿ-ի այս կամ այն դիրքորոշման միայն ԲՀԿ-ին կվիճակվի ասդինն ու անդինն «ընտրելու» շանսը:
Ամենադժվարը մնում է ՀՀԿ-ի վիճակը` իշխանությունը իրենն է (իհարկե, կոալիցիա կա, բայց առնվազն լուրջ չէ նույն հարթության մեջ տեսնել ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին) ու ինքն է պատասխանատուն բյուջեի կատարման ու չկատարման, վարկերի, պետական պարտքի, աշխատավարձերի ու կենսաթոշակների վճարման, աճող գների ու նվազող եկամուտների հարաբերակցության, արտագաղթի տեմպերի և այլնի, և այլնի համար: Որ ամենադժվարը, իրոք, ՀՀԿ-ի վիճակն է, վկայում է նաև Տիգրան Սարգսյանին վերստին վարչապետ տեսնելու փաստը: Դժվար է ասել` ընտրություն չկա՞ր, ընտրություն միշտ կա, բայց կան գործոններ, որոնք կարևոր են այս կամ այն անձին ընտրելու կարևորությունից: Հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետությունը նոր կառավարություն կունենա, մինչ այդ ակտիվորեն կշրջանառվեն նախարարների թեկնածուների անունները, այդուհետ կքննարկվեն նախարարների արժանիք-թերությունները: ՈՒ իսկապես անդորր կտիրի: Մանավանդ Ազգային ժողովն էլ իր նորընտիր նախագահ-փոխնախագահներով ու անգամ ամբողջ պատգամավորական փաղանգով պաշտոնապես լինելու է արձակուրդի մեջ:
Հավարտ` ճշմարտության մասին, որ, ըստ ԱԺ հինընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանի, հիվանդանում է, բայց չի մեռնում: Իրականում` արդարությունն է հիվանդանում ու ապաքինվում: Թեև այս անկարևոր նրբություններն անկարևոր էլ կմնան, որովհետև ԱԺ նախագահը որոշել է, որ «Ազգային ժողովը մեր երկրում պառլամենտարիզմի ավանդույթները նոր մակարդակի է բարձրացնելու և դառնալու է քաղաքական միջավայրի հասունության իսկական խորհրդանիշ»: Խորհրդանիշը մնում է խորհրդանիշ` 102 կողմ, 4 դեմ, 4 ձեռնպահ քվեարկությունը վկայում է, որ պառլամենտարիզմի ավանդույթները իսկական խորհրդանիշ դարձնելու մտադրություն, ՀՀԿ-ից բացի, ԲՀԿ-ն ունի: Համարյա այն «անակնկալը», որ ակնկալվում էր ի սկզբանե:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ