«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Եթե... ապա Հայաստանի հարավային կապն աշխարհի հետ ուղղակի կդրվի հարցականի տակ»

«Եթե... ապա Հայաստանի հարավային կապն  աշխարհի հետ ուղղակի կդրվի հարցականի տակ»
08.06.2012 | 00:35

ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորման նախագահ, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ զրույցը նվիրված է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնի տարածաշրջանային այցին և սահմանային միջադեպերին։

-Հայաստանն այսօր գտնվում է, թերևս, ամենալարված տարածաշրջանում, որտեղ պատերազմական մի քանի օջախներ են եռում։ Ի՞նչ անդրադարձ կարող են այդ խնդիրներն ունենալ մեզ վրա։
-Խնդիրները պետք է դիտարկել ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական համատեքստում. գլոբալ աշխարհում ի՞նչ քաղաքականություն է իրականացվում, ինչպիսի՞ն են աշխարհաքաղաքական բևեռները, և որքանո՞վ է այդ ամենն անդրադառնում մեր տարածաշրջանի և կոնկրետ մեր երկրի վրա։ Այսօր ԱՄՆ-ը հստակորեն հայտարարում է, որ չի հանդուրժելու Սիրիայում Ասադի իշխանության պահպանումը, մյուս կողմից էլ կտրուկ հայտարարություններ է անում, թե Իրանում արդեն կարողանում են հասնել ուրանի հարստացման բարձր տոկոսների, ինչը սպառնում է միջազգային հանրությանը։ Ե՛վ Սիրիայի, և՛ Իրանի հարցերը Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական կարևորություն։ Առաջին հայացքից թվում է՝ Սիրիան գտնվում է Հայաստանից բավականին հեռու, և մենք պետք է որ չեզոք դիրքորոշում ունենանք այս հարցում։ Սակայն իրականում մեզ համար շատ կարևոր է Սիրիայի ճակատագիրը, քանի որ այնտեղ մենք ունենք ամենակայացած համայնքներից մեկն ամբողջ Ասիայում։ Սիրիահայ համայնքը տարբերվում է իր կազմակերպվածությամբ, այն բավականին մեծ աշխատանք է տանում Հայաստանի համար, և չպետք է մոռանանք մի շատ կարևոր փաստ, որը վերլուծաբաններն անտեսում են։ Արցախյան պատերազմի տարիներին Սիրիայի հայկական համայնքը բավականին մեծ ներդրում է ունեցել ինչպես ֆինանսապես, այնպես էլ ուղղակի մասնակցությամբ. շատ սիրիահայեր մասնակցել են արցախյան պատերազմին։ Մյուս կողմից, հայկական համայնքը բավականին ակտիվ է Սիրիայի ներքաղաքական գործընթացներում, և հիմա փորձում է չեզոքություն պահպանել, ինչը ողջունելի է, քանի որ չգիտենք, թե վաղն ինչ ճակատագիր է սպասում այդ երկրին։
Ինչ վերաբերում է Իրանի խնդրին, ապա այն, ըստ իս, ՀՀ ազգային անվտանգության մի բաղկացուցիչն է։ Դեռևս Երկրորդ աշխարհամարտից առաջ Հայկ Ասատրյանն իր «Վտանգի գիծը» հոդվածում հայ ժողովրդին սթափության կոչ է անում՝ նշելով, որ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ արևելքից Ադրբեջանն է, արևմուտքից՝ Թուրքիան, հյուսիսում Վրաստանի Մառնեուլի շրջանն է, որտեղ մոտ 400 հազար թուրք է բնակվում, հարավում՝ Իրանում, ավելի քան 20-միլիոնանոց ադրբեջանական համայնքն է։ Մենք այսօր էլ շրջապատված ենք թուրքական ու ադրբեջանական ժողովուրդներով։ Եվ Իրանի հետ կապված խնդիրը պետք է դիտարկել այդ համատեքստում։ Եթե Իրանին հարված հասցվի, և փորձեն մասնատել այն, Ադրբեջանը կփորձի զավթել Իրանի հյուսիսային որոշ շրջաններ։ Այդ դեպքում Հայաստանի հարավային կապն աշխարհի հետ ուղղակի կդրվի հարցականի տակ։
-Քլինթոնի տարածաշրջանային այցին վերլուծաբանները տարբեր մեկնաբանություններ են տալիս։ Ըստ Ձեզ, Հայաստանին ի՞նչ տվեց այն։
-Իմ կարծիքով՝ Քլինթոնի այցի հիմնական նպատակը Հայաստանն էր։ Հայաստանն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական մի այնպիսի վիճակում, որ վճռորոշ նշանակություն ունի Իրանի հետ կապված խնդիրների լուծման ճանապարհին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն այդքան շահագրգիռ հայ-թուրքական սահմանի բացման հարցում։ Որովհետև Միացյալ Նահանգները, հասկանալով, որ Հայաստանը գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում, ուզած-չուզած պետք է լավ հարաբերություններ պահպանի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, փորձում է մեզ համար ստեղծել այլընտրանքային ուղի, որպեսզի թուլացնենք կապերն Իրանի հետ։ ԱՄՆ-ի համար Իրանն այսօր թիվ մեկ խնդիրն է, պարզապես հարցերը լուծում են ըստ հերթականության։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ Սիրիայից հետո գալու է Իրանի հարցի լուծման հերթը։ Այժմ մեզ պատմականորեն վիճակվել է կարևոր դերակատարություն ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհաքաղաքական ոլորտում։
-Ըստ Ձեզ, ստացվում է՝ Հայաստանն այսօր շահեկան դիրքերո՞ւմ է հայտնվել։
-Շահեկան դիրքերում հայտնվել-չհայտնվելը պայմանավորված է մեր քաղաքականությամբ և ստեղծված իրավիճակն օգտագործելու վճռականությամբ։ Տարածաշրջանում Հայաստանը ՌԴ ռազմավարական դաշնակիցն է, մի երկիր, որ նույնպես անտարբեր չէ Իրանի հարցում։ Երկրորդ՝ Հայաստանը հաջողությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի տարբեր խաղաղարար ծրագրերին։ Վերջին տարիներին մեր արտաքին վեկտորները բերել են նրան, որ ՀՀ-ն այսօր կարողանում է հավասարակշռված քաղաքականություն վարել, ինչի արդյունքում մեզ կարևորում են, մեզ հետ հաշվի են նստում և մեզ Ադրբեջանի հետ նույն հարթության վրա չեն ընկալում, որտեղ քաղաքական պրոցեսները լճացած վիճակում են։ Այսօր նաև այն ընկալումը կա, որ Հայաստանը կարող է միջնորդ դառնալ՝ Իրանի խնդիրների հետ կապված որոշակի դերակատարում ստանձնելու հարցում։ Մենք միշտ դժգոհել ենք, որ գտնվում ենք խաչմերուկներում, ինչի պատճառով մշտապես տուժել ենք ու ենթարկվել ավերածությունների։ Այսօր Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս ազդելու ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհաքաղաքական պրոցեսների վրա։ Այլ հարց է՝ մենք կկարողանա՞նք դա օգտագործել ի նպաստ մեր շահերի, թե՞ ոչ։
-Քլինթոնի այցի նախօրեին ադրբեջանցիներն ակտիվացրել են դիվերսիոն հարձակումները։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
-Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարեց, որ իրենք պատրաստ են խնդիրը լուծելու ռազմական ճանապարհով։ Որևէ միջազգային կազմակերպություն կտրուկ չարձագանքեց այդ հայտարարությանը։ Մենք անընդհատ քննադատում ենք միջազգային կառույցներին ու գերտերություններին ադրբեջանցիների նկատմամբ հանդուրժողականության, մեղմ վերաբերմունքի համար։ Իրականում նրանք դատապարտում են Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, սակայն երբ նման հայտարարությունները հաճախակի են դառնում, ոչ ոք այլևս լուրջ չի ընկալում։ Ադրբեջանը փորձելու է դիվերսիոն հարձակումների, դիպուկահարների միջոցով ցույց տալ, որ ինքը պատրաստվում է պատերազմի։ Բայց իրականում, կարծում եմ, Ադրբեջանի իշխանությունը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ պատրաստ է պատերազմի։ Սահմանային միջադեպերը, որքան էլ ցավալի է, լինելու են, քանի որ Ադրբեջանում սպասվում են ընտրություններ, և ներքաղաքական զարգացումներից շեղելու լավագույն ճանապարհը ռազմական փոքրիկ բախումներն են, որոնք իրենց ավելի շատ կորուստներ են բերում։ Սակայն չմոռանանք, որ Ադրբեջանի կողմից սահմանին կանգնած են ոչ թե ադրբեջանցիները, այլ տարբեր ժողովուրդների (թաթարներ, լեզգիներ) ներկայացուցիչներ։ Ադրբեջանի համար ազգային փոքրամասնությունների կյանքը որևէ արժեք չունի։ Մինչդեռ այդ միջադեպերը մեզ համար խիստ ցավալի են, քանի որ մեկ երիտասարդի մահն էլ մեզ համար շատ մեծ կորուստ է։ Բայց պետք է սառը դատենք և հասկանանք, որ եթե գտնվում ենք «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակում, չեն կարող զոհեր չլինել։

Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ