Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երկու թեկնածու՝ լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար

Երկու թեկնածու՝ լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար
08.06.2012 | 00:35

Հունիսի 12-ին կայանալու է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար երկու դիմում է ներկայացվել։ Ռեկտորի աթոռի համար կպայքարեն բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ ՎԱՂԱՐՇԱԿ ՄԱԴՈՅԱՆԸ և ԳԱՅԱՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ով ներկայումս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Վաղարշակ Մադոյանն ընդգրկված է «Աշխարհի առաջատար լեզվաբանները» հանրագիտարանում։ 1990-2008 թթ. եղել է Անանիա Շիրակացու անվան միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր։
Ըստ պարոն Մադոյանի՝ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը միշտ էլ համարվել է Հայաստանի առաջատար բուհերից մեկը և մշտապես ունեցել է զարգացման ներուժ։ Նրա ծրագրերը` բուհի հետ կապված, շատ են։ «ՈՒսումնական ոլորտում շրջանավարտների ապագան ընդլայնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել զուգահեռ բարձրագույն կրթության, համատեղ որակավորման, կրկնակի աստիճանաշնորհման սկզբունքները, որպեսզի կյանքում ուսանողներն ունենան աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ՝ հայրենիքում և արտասահմանում»,- ասում է Վ. Մադոյանը։ Կադրային քաղաքականության մեջ լավն ու վատը հստակորեն առանձնացնելը, ըստ ռեկտորի պաշտոնի հավակնորդի, պարտադիր է։ «Հակառակ դեպքում ես մեղք կգործեմ առաջինն ինքս իմ դեմ։ Պետք է ոգևորել և համախմբել կոլեկտիվը, որպեսզի նա ունակ լինի մեծ խնդիրներ լուծելու։ Իսկ նման խնդիրներ մեր առջև դնելու ենք։ Գիտական ոլորտում ձգտելու եմ ստեղծել հայկական լեզվաբանական դպրոց՝ ճանաչում բերելով նրան աշխարհով մեկ, ավտոմատ թարգմանության լաբորատորիա՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կառավարության նպատակներին համահունչ, ապահովել հայանպաստ քարոզչություն արտերկրում՝ բարձր արժեք ներկայացնող գիտական աշխատությունների շնորհիվ։ Հուսով եմ, որ ի վիճակի եմ ապահովելու համապատասխան մակարդակ, քանի որ շատ լավ գիտեմ իրավիճակն առաջավոր երկրներում, որտեղ հաճախակի եղանակը թելադրում են իմ համակուրսեցիները»,- նշում է Վ. Մադոյանը։ ՈՒսման վարձերը նվազեցնելն ու աշխատավարձերը բարձրացնելը նա համարում է իր խղճի պարտքը. «Նման հայտարարություն անում եմ` համեմատելով Շիրակացու անվան համալսարանի (որի ռեկտորն եմ եղել 18 տարի) ուսման վարձերն ու դասախոսների աշխատավարձերը լեզվաբանական համալսարանի աշխատավարձերի և ուսման վարձերի հետ։ Ես լավ գիտակցում եմ, որ նման բուհի ռեկտորը միայն պաշտոնակատար չէ։ Նա հայությունը ներկայացնող դեմք է։ Նա պետք է առաջնորդ լինի և երկիրը ներկայացնի ըստ արժանվույն»։
Վերջին ամիսներին լեզվաբանական համալսարանում ստեղծվել էր անառողջ մթնոլորտ. Զոլյանի պաշտոնանկության դեպքի հետ կապված երկու մասի էին բաժանվել համալսարանի դասախոսական կազմը և ուսանողները։ Ինչպե՞ս է պարոն Մադոյանը փորձելու համախմբել և՛ ուսանողներին, և՛ դասախոսներին։ Ռեկտորի թեկնածուն մեր հարցին ի պատասխան նշեց, որ նա ունի նման փորձ, երբ նշանակվել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ։ «Ամբիոնի կեսը մյուս կեսի հետ չէր խոսում։ Բավական էր ապացուցել, որ դու աշխատանքում անաչառ ես, հստակեցնում ես յուրաքանչյուրի անելիքը, և խնդիրը լուծվում էր»,- համոզված է Վ. Մադոյանը։
Ռեկտորի պաշտոնի մյուս հավակնորդը՝ Գայանե Գասպարյանը, ունի բուհի բարեփոխումների հայեցակարգ, որն ինքը դիտարկում է նոր կրթական պահանջների ներքո։ Այն է՝ բուհի հավատարմագրում, ուսման որակի բարձրացում։ Այս խնդիրները, ըստ մեր զրուցակցի, միմյանց հետ կապված են. «Հավատարմագրումն այսօր կարևորագույն գործընթաց է բոլոր բուհերի համար, որը, մի կողմից, օգնում է վեր հանելու կատարած աշխատանքները, բացթողումները, ինքնագնահատել կատարվածը, մյուս կողմից, դա վերջնարդյունք է, ինչը ճանաչելի է թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայի համար։ Այս տեսակետից եմ ես բարեփոխումների ծրագիրը կազմել»։
Նշենք, որ վերջերս ԿԳՆ-ն թերացումներ էր հայտնաբերել բուհում։ Դրանք շտկելու ուղղությամբ, ըստ Գայանե Գասպարյանի, հստակ քայլեր են կատարվում. «Ստեղծված է հանձնաժողով։ Երեք կարգ, որտեղ կային թերացումներ, կասեցվել է։ Դրանց փոխարեն բուհն առաջնորդվում է նախարարի հաստատած օրինակելի կարգերով։ Աշխատանքներ են ընթանում կարգերում շտկումներ կատարելու ուղղությամբ, և շատ շուտով ռեկտորատի նիստում կքննարկենք բոլոր շտկումները և կդնենք շրջանառության մեջ»։
Տիկին Գասպարյանը նշում է, որ Ս. Զոլյանի հետ կապված դեպքերից հետո համալսարանը նորմալ հունով աշխատում է։ Նա համամիտ չէ այն տեսակետին, թե բուհը երկու մասի էր պառակտվել։ «Ինձ համար որևէ նշանակություն չունեն մարդու հայացքները, կողմնորոշումները, ինձ համար կարևոր են մարդու պրոֆեսիոնալիզմը, կատարած աշխատանքը։ Թիմ ասվածն ինձ համար գոյություն չունի։ Կա մեկ թիմ` Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, որի բոլոր անդամների հետ ես շատ լավ համագործակցում եմ»,- ասում է Գ. Գասպարյանը։
Բուհի կառավարման խորհրդում 25 տոկոսը ներկայացնում են ուսանողները, որոնք նույնպես պետք է քվեարկեն թեկնածուներից մեկի օգտին։ Լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վ. Մադոյանին ծանոթ չեն և ուսանողական խորհրդի շրջանակներում չեն առնչվել նրա հետ։ «Իսկ տիկին Գասպարյանին ճանաչում ենք որպես դասախոսի, հետագայում նաև՝ որպես ամբիոնի վարիչի։ Այս 1,5 ամսվա ընթացքում էլ, երբ նա ռեկտորի պաշտոնակատար է, հասցրել ենք մի շարք ծրագրեր իրականացնել։ Համագործակցությունը նրա հետ շատ լավ է ստացվում, ու ցանկացած ուսանողանպաստ ծրագրի նա միանգամից համաձայնություն է տալիս։ Միշտ պատրաստ է լսելու ուսանողներին։ Իսկ թե ընտրություններում ուսանողությունն ում ձայն կտա, կախված է նաև նրանց ծրագրերից, որոնց մինչև հունիսի 12-ը կծանոթանանք։ Որ ծրագիրն ավելի ուսանողանպաստ կլինի ու կխթանի համալսարանի հետագա զարգացումը, այն ծրագրին էլ կտանք մեր ձայնը»,- ասում է Հասմիկ Ափյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ