Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամեն ինչ էլ կարող է լինել

Ամեն ինչ էլ կարող է լինել
12.06.2012 | 00:05

Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կամաց-կամաց թափ է վերցնում: Թեև ընդամենը սահմանափակ թվով խաղերի ենք ականատես եղել, այնուամենայնիվ, արդեն «գործի» մեջ են այս խաղի անմնացորդ երկրպագուի առաջին զգացողությունները` հիացք, հիասթափություն, ոգևորություն… Մի խոսքով` տպավորությունների, զգացողությունների մի ամբողջ գունապնակ:

Մենք արդեն հասցրել ենք տեսնել խաղի կեսի կեսը խաղացող թիմ (Լեհաստան), հասցրել ենք տեսնել մի խաղի մեջ մի քանի խաղի սպառում դրած հավաքական (Հունաստան), տեսել ենք մրցակցի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակ տարած, բայց այդպես էլ առանձնապես չտպավորած Ռուսաստան, տեսել ենք հաղթական ելք չունեցած Իսպանիա-Իտալիա դիմակայություն, որը եթե նույնիսկ գոլազուրկ ոչ-ոքիով էլ ավարտվեր, միևնույն է, հունից պիտի հաներ իր ծայրահեղ լարվածությամբ, վայրի գեղեցկությամբ, խաղն անվերջանալիորեն շարունակված տեսնելու անիրականանալի ցանկությամբ: Ինչո՞ւ: Շատ պարզ: Գեղեցիկը մարդուս առօրյան, կյանքը լցնողն է: Բանաձևումը գուցե կիսատ ու պրոզայիկ ստացվեց, բայց դե, կներեք: Հաշվեք, թե այս պահին գործեց այդ երևույթի մարդուս կարկամեցնող, թլվատ դարձնող հատկությունը:
Առաջնություն է` իր բերած բազում զգացողություններով, տրվող ու տրվելիք գնահատականներով, դաշտ դուրս եկած թիմի կազմի վերաբերյալ մարզչի հետ ունեցած սեփական համաձայնությունով ու անհամաձայնությունով, սիրած կամ երկրպագած թիմի առնչությամբ ունեցած տագնապներով, հպարտությամբ, հազար ու մի բանով: Մի խոսքով, զիլ է (խնդրվում է բառը չկարդալ որպես հապավում ու միամտորեն շփոթել խորհրդային արտադրության «Զիլ» մեքենայի անվան հետ):
Առաջնությունը դեռ շատ զգացողությունների ու ապրումների տեղիք կտա: Ընդ որում, շատ շուտով: Հնարավոր է` արդեն խմբային երկրորդ խաղերից, որոնք կարող են ֆավորիտներին տուն ճանապարհել: Կարող է ակնհայտ միջակ կարգի մի թիմ լրջորեն առաջ գնալ ու դառնալ մի օրվա արքա: Սա ֆուտբոլ է, և այստեղ ամեն ինչ էլ կարող է լինել:
Եվ, այնուամենայնիվ, Եվրոպայի առաջնության մեջ տխրություն առաջացնող մի բան կա. դա աշխարհագրական սահմանափակում ունենալն է: Ակումբային թիմերի խաղերից մենք վարժվել ենք արդեն Եվրոպան ընկալել որպես ուժեղագույն ֆուտբոլիստների հավաքատեղի: Չգիտեմ ով` ինչպես, գոնե ես Իսպանիա-Իտալիա խաղում առնվազն մի քանի անգամ կարոտով Մեսիին հիշեցի: ՈՒ թեպետ Իտալիան այդ խաղում իսկապես արժանի չէր պարտության, և շատ էլ լավ էր, որ չպարտվեց (որքան էլ իմ երկրպագած Իսպանիան էր տուժողը), բայց համաշխարհային ֆուտբոլի մեգաաստղի ներկայությունը բովանդակային միանգամայն այլ երանգներ կհաղորդեր այդ խաղին: Սակայն ժողովրդական իմաստության հավաստմամբ, ինչպես հայտնի է, երկու երանին հազվադեպ է մեկտեղվում: ՈՒ գուցե սա՞ է լավը:
Հարցականի մեջ եղած հարկադրյալ հաշտվողականությունը, սակայն, եկեք թողնենք մի կողմ և ուրախանանք նրանով, որ Եվրոպան, որքան էլ Եվրոպա, Եվրոպայի առաջնությունը, որքան էլ բարձրակարգ առաջնություն, այս օրերին ֆուտբոլային աշխարհում պակաս կարևոր հանդիպումների պակաս, այդուհանդերձ, չկա: Խոսքը նախ և առաջ Բրազիլիա-Արգենտինա ընկերական խաղի մասին է, որը զարմանալի զուգադիպությամբ համընկավ առաջնության Գերմանիա-Պորտուգալիա դիտարժան խաղին ու մեծ ֆուտբոլի երկրպագուին կանգնեցրեց ընտրություն ունենալու հաճելի երկընտրանքի առաջ:
Գործից մի քիչ հասկացողը կարող է և ասել` ա՜յ թե համեմատություն արեց: Չնեղանանք: Ասացի, չէ՞, գործից մի քիչ հասկացողը: Արգենտինա-Բրազիլիա դիմակայությունն այնպիսի հզոր թափի է, որ բնավ էլ նշանակություն չունի, թե ինչ սոուսով է այն մատուցվում: «Սոուս» ասելով` նկատի ունեմ խաղի կարգավիճակը:
Արգենտինան այդ խաղում, հաղթեց 4:3 հաշվով: Ռուսների ասածի պես` հաղթեց «տՏ Պպսց»: Արգենտինայի կազմում էր Մեսի հրաշքը, ում Սիբեյրան վստահել է հավաքականի ավագի թևկապն ու… բուռն քննադատության թիրախ դարձել: Իր մեղմիկ բնավորությամբ Մեսին ի՞նչ ավագ` կատաղել են շատերը, ավագը պիտի նաև գոռալ իմանա, թիմին համախմբել պիտի իմանա: ՈՒշադրություն դարձրեցի՞ք Մեսիի թեկնածությանը դեմ եղածների բերած փաստարկի` գոռալ կարողանալու վրա: Ինչպես միշտ, Մեսին այս խաղում էլ չգոռաց: Նա պարզապես վերցրեց ու երեք գոլ խփեց` ցույց տալով, թե իրական համախմբումն ինչպես է լինում: Իսկ նրան շնորհավորողների, գգվողների մեջ էին ֆուտբոլիստներ, որոնք իրենց ակումբներից մահացու թշնամի են ֆուտբոլային կախարդի հետ:
Համախմբե՞լ եք ասում: Համախմբելն էլ ո՞նց է լինում:
Թիմի ավագի ամենամեծ որակը ո՞րն է: Կեցցեք` անձնական օրինակով վարակելը: Էլ ի՞նչ եք ուզում էս տղայից:
Իսկ «Եվրոպա 2012»-ը շարունակվում է, և առջևում դեռ շատ սուր զգացողություններ են սպասվում: Պիտի դիմանանք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ