Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրք պատմաբանները հետաքրքրվում են Ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերով

Թուրք պատմաբանները հետաքրքրվում են  Ցեղասպանությանն  առնչվող փաստաթղթերով
12.06.2012 | 00:08

Արխիվների միջազգային խորհուրդը հունիսի 9-ը հռչակել է Արխիվների միջազգային օր: Խորհուրդը ստեղծվել է 1948-ին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, միավորում է աշխարհի տարբեր երկրների շուրջ 200 ազգային արխիվ:
ՀՀ ազգային արխիվի որոշմամբ` Հունիսի 9-ը համարվում է նաև ազգային արխիվում և այլ գերատեսչություններում աշխատող Արխիվագետների օր: Սակայն տոնական միջոցառումը կլինի հաջորդ տարի, երբ կլրանա Հայաստանի ազգային արխիվի 90-ամյակը:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆԸ: Նրա խոսքով` արխիվը, որ ստեղծվել էր պետությանը ծառայելու համար, այսօր ծառայում է ժողովրդին: Օրական արխիվ է դիմում 100 քաղաքացի` թոշակի, ունեցվածքի և այլ խնդիրներ լուծելու համար: Տարեկան ավելի քան 350 գիտնականներ, ուսանողներ դիմում են ազգային արխիվ` գիտական աշխատանքներ կատարելու նպատակով, այդ թվում` օտարերկրյա մասնագետներ:
«1990-ականներին մեծ պահանջարկ էին վայելում Հայաստանի առաջին Հանրապետությանը վերաբերող փաստաթղթերը, մինչ այդ դրանք հասու էին միայն մի խումբ գիտնականների: Նույն թվականին գրեթե չէին անդրադառնում խորհրդային շրջանի թեմաներին, որովհետև մինչ այդ անընդհատ դա էր ուսումնասիրվել: Այսօր նորից հետազոտողների ուշադրությունը բևեռվում է խորհրդային շրջանի ուսումնասիրությունների վրա»,- տեղեկացրեց Ամատունի Վիրաբյանը, հավելելով, որ այսօր մեծ հետաքրքրություն են ներկայացնում չափաբերական մատյանները, որոնց միջոցով կարելի է պարզել տոհմածառը: Մեծացել է հետաքրքրությունը նաև գյուղերի պատմությունների վերաբերյալ, հատկապես մտավորականների շրջանում, ովքեր ուզում են ստեղծել իրենց գյուղի պատմությունը: Ցեղասպանության թեմաներին առնչվող փաստաթղթերով հետաքրքրվում են և՛ հայ, և՛ օտարերկրյա, և՛ թուրք պատմաբանները: Վերջիններս այդ նպատակով գալիս են Հայաստան, նաև համացանցով հարցում են անում և ստանում պատճենները: Տնօրենի խոսքով` տեխնիկայի մուտքն արխիվ հեշտացրել է աշխատանքը: «100 քաղաքացուց հինգը մեզ դիմում է էլեկտրոնային հարցումների միջոցով: Հարյուրի մեջ հինգը մեծ թիվ չէ, բայց պետք է հաշվի առնել, որ երկու տարի առաջ ամիսը մեկ-երկու հարցում էր լինում,- ասաց նա:- Հավատացեք, չկա մեկը, որ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չդիմի արխիվ: Իսկ գիտահետազոտական ինստիտուտներում, բուհերում աշխատող որոշ մասնագետներ էլ ամբողջ օրն անցկացնում են արխիվի ընթերցասրահում, որտեղ ստանում են համապատասխան տեղեկություններ»:
Նշենք, որ արխիվը հագեցած է երկու թվայնացնող սարքով, որոնք օրական թվայնացնում են շուրջ 2000 փաստաթուղթ: Մինչ օրս թվային կրիչների վրա արխիվացվել է 200 հազար փաստաթուղթ, ինչն ամբողջ արխիվի ընդամենը 0,15 %-ն է:
Թվայնացումը կատարվում է ընտրովիության սկզբունքով, թվայնացվում են այն փաստաթղթերը, որոնք մեծ պահանջարկ են վայելում:
Ինչպե՞ս կարելի է կազմել տոհմածառը: Անդրադառնալով այս հարցին` Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ 1845-ից Արևելյան Հայաստանում, Վրաստանում, Բաքվի նահանգում տասը տարին մեկ անցկացվում է մարդահամար: Այն ժամանակ գրանցվում էին մարդու ծնունդը, կնքվելու օրը, ամուսնությունը, մահը: Ամուսնալուծությունը գրանցում էր եկեղեցին, քանի որ բացառիկ երևույթ էր, և թույլտվություն տալիս էր կաթողիկոսը:
Օրինակ, Այվազովսկու ամուսնալուծության գործընթացը, որին առնչվող մեծածավալ փաստաթղթերը պահվում են արխիվում, տևել է 20 տարի: «Աներևակայելի բան էր ամուսնալուծությունը, բայց մահը շատ էր: Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է, որ 19-րդ դարում երեք ծննդաբերող կանանցից մեկը մահացել է, երկու երեխայից մեկը, մինչև չափահաս դառնալը, մահացել է ծաղիկ և այլ հիվանդություններից: Իսկ այն ժամանակ, գիտենք, 15-16 երեխա են ունեցել»,- ասաց Ամատունի Վիրաբյանը, նշելով, որ արխիվային փաստաթղթերից շատ հետաքրքիր բացահայտումներ կարելի է անել:
Արխիվը պարբերաբար համալրվում է նոր փաստաթղթերով, մեծ թիվ են կազմում հատկապես լուսանկարները:
Հայաստանի ազգային արխիվն ստեղծվել է 1924-ին: Այստեղ պահվում է ավելի քան 4 մլն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրվում է 1607-ով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ