Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ողջունելի համարձակություն է

Ողջունելի համարձակություն է
12.06.2012 | 01:32

Բավականին բուռն և ինքնատիպ ստացվեց ԲՀԿ-ի նոր խոսնակի նորամուտը: Նախ` Քլինթոնի, հետո` ՀՀ ոստիկանության մասով:
Ճիշտ է, նախորդ խոսնակին` Խաչիկ Գալստյանին, Ծառուկյանն անձամբ բերեց ԱԺ, բոլորիս ներկայացրեց, գովեց, էս անգամ ո՛չ Իվետա Տոնոյանի, ո՛չ էլ ՈՒրիխանյանի հետ ոչ ոք մեզ չհանդիպեցրեց, բայց դա ոչ մի նշանակություն չունի, ասենք` բարով տեսանք, բարով մտաք մեր համքարություն` ապագա համագործակցության նույնքան բուռն ու ինքնատիպ խոստումով, ու անցնենք առաջ:
Եվ ուրեմն, «Եդինայա Ռոսիայի» համագումարից նոր-նոր վերադարձած պարոն ՈՒրիխանյանը (էդպես էլ լավ չհասկացանք` «ՈՒլիխանյա՞ն», թե՞ «ՈՒրիխանյան». նախորդ օրն իրենց կայքերից մեկը «ՈՒլի»-ով էր գրել, բայց էական չէ, կարևորը, որ «խան» է) իր «բեմելը», բնականաբար, սկսեց ԱՄՆ-ից:
Առավել ստույգ` ԱՄՆ-ին տեղը դնելուց, որ եթե իրենց ղեկավար-առաջնորդը (Ծառուկյանին նկատի ունենք, ոչ թե «մույսին») ցանկանում է ինչ-որ բան, ապա «նաև իրականացնում է»: Ապա հիշեցրեց Ծառուկյանի ծանրակշիռ դերի մասին` «միջազգային համապատասխան ընդունելության շրջանակներում»:
Ասել է` Ամերիկան «ո՞վ» է, որ Ծառուկյանն ուզի-չհանդիպի:
Էս Ամերիկան էլ, որ տեսավ` իրեն «հողին են հավասարեցնում», թողեց իր կարևոր գործերը Սիրիայում, Իրանում, Մերձավոր Արևելքում, G-8, G-20-ում ու «թիթեռ նկարեց» ԲՀԿ-ի համար: Թե` ո՜չ մի հանդիպում էլ չի եղել Ծառուկյանի հետ:
Իրենց հաղորդման ենթատեքստում էլ կար` չէր էլ կարող լինել:
Վեկտորալ-գլոբալ քաղաքական պայքարի թանաքը դեռ չէր չորացել, երբ պարոն ՈՒրիխանյանն ուրբաթ երեկոյան հայտարարություն տարածեց, թե հետապնդման հո՜տ է առնում: «Հո՜տ»` ԲՀԿ-ի նկատմամբ:
«Չեկիստական» շորներս արագ հագանք, կամուֆլյաժավորվեցինք, լրագրողական գործիքներս առանք ու «դուզ»` ոստիկանություն` էս ի՞նչ հոտ եք գցել, է՞ս ինչ խաբար է, էդ էլ չեղավ Կոտայքը Հայաստանին միացնելու «մոմենտը»:
Ի՞նչ պարզեցինք «հոտի» ու «հետապնդման» մասին, արդեն ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ, այն է` ոստիկանությունն իր գործն է անում Արամուսում, և պատգամավորները, եթե անգամ ԲՀԿ-ից են ու մի քիչ էլ «հավասար` ավելի հավասարներից», պետք է չխառնվեն այլ գերատեսչության «ներքին գործերին»:
Չէ, բոլոր դեպքերում, անկեղծ լինենք ու արձանագրենք` ԲՀԿ մամլո խոսնակը, համատեղությամբ` պատգամավորը, «նոր խոսք» է քաղաքական-խորհրդարանական-լրատվական մեր կյանքում: Մի բան է, երբ ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր (ոչ կառուցողական, դաշնակցական) Վահան Հովհաննիսյանը նավթի-գազի հոտ է առնում էդ Ադկինսոնի զեկույցներից, մեկ այլ բան, երբ «ներքին հետապնդման» հոտ ես առնում ՀՀ ոստիկանությունից, հետն էլ շատ արագ բարձրաձայնում այդ «հոտի» մասին:
«Զնաչիտ»` Հայաստանում լիքը ժողովրդավարություն կա:
Եվ որքան էլ Ծառուկյանի շուրջբոլորը մաքրվում է հենց Ծառուկյանի կադրերից, այնտեղ ներդնելով հայտնի «մարդու» կադրերը (ասում են` Ծառուկյանի հավատարիմներից շատերն են այսօր Ծառուկյանի առջև դնում ԲՀԿ-ի համամասնական ցուցակն ու ասում` կարա՞ս ասես` քանիսն են քոնը), այնուհանդերձ և բոլոր դեպքերում, «հոտ առնելը» և «վաբանկ» գնալը ողջունելի համարձակություն են:
Այդ իսկ պատճառով, ևս մեկ անգամ` բարով տեսանք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ