Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ասֆալտապատելուց հետո քանդել չկա

Ասֆալտապատելուց հետո քանդել չկա
13.06.2012 | 06:11

«Ինչ լավ կլիներ, որ Հայաստանում ԱԺ ընտրությունները տարին մեկ անցկացվեին, իսկ նախագահականը` թող հինգ տարին մեկ մնար, ոչինչ»,- ժողովրդի այս տեսակետը ձևավորվել է ընտրությունից ընտրություն մայրաքաղաքում և մարզերում ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքների հետևանքով։ Սակայն նման խոսակցություններն անհարկի են համարում Երևանի քաղաքապետարանում և վստահեցնում են, որ իրենց իրականացրած ծրագրերը որևէ կապ չունեն ընտրությունների հետ։
«Մայրաքաղաքում 2012-ին իրականացվող ավտոճանապարհների հիմնանորոգման, փողոցների, բակերի բարեկարգման ծրագրերը նախատեսված են եղել տարեսկզբին և հաստատվել են պետբյուջեով»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։ Նա տեղեկացրեց նաև, որ այս տարի ծրագրավորված 2 մլն քմ ավտոճանապարհների ասֆալտապատման աշխատանքների 60 %-ը հունիսի 12-ի դրությամբ, ավարտված է։ Ծրագրված է այս տարի ասֆալտապատել ևս 25 ճանապարհ, որոնք ԽՍՀՄ ժամանակներից չեն նորոգվել` գրունտային են։ Բացի սրանից, պետք է իրականացվի նաև 350 երկրորդային և երրորդային փողոցի, 400-ից ավելի բակերի և միջբակային տարածքների բարեկարգում և 80 փողոցների մայթեզրերի հիմնանորոգում։
Այլ կերպ ասած, քաղաքապետարանը որոշել է մայրաքաղաքը մրցունակ դարձնել տարածաշրջանում և գրավիչ ոչ միայն զբոսաշրջիկների, այլև սեփական բնակչության համար։ Սակայն կա մի մտավախություն. արդյո՞ք ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո դրանք կրկին չե՞ն քանդվի` ջրի, գազի ինչ-որ խողովակ փոխելու կամ վերանորոգելու պատրվակով։ Մեր այս մտավախությունն անհիմն չէ։ Հայաստանի անկախությունից ի վեր ճանապարհներն ասֆալտապատվում և մի քանի ամիս հետո քանդվում են նշված պատճառներով։ Դժվար թե 20 տարում որևէ պաշտոնյա գլխի ընկած չլինի, որ սկզբում կարելի է փոխել կոմունիկացիաները, հետո միայն հիմնանորոգել ճանապարհները։ Իհարկե, սա շատ պարզ է հասկանալու համար, սակայն հասկանալի է նաև, որ որքան հաճախ է հիմնանորոգման աշխատանք իրականացվում, այնքան ֆինանսական միջոցների պտույտը շարունակական է լինում։ Գուցե այս գայթակղությո՞ւնն է, որ մարդիկ չեն դիմանում` հիմնանորոգում ու քանդում են, հիմնանորոգում ու քանդում են։ Ինչևէ։
Քանի որ 2012-ին քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել հսկայածավալ աշխատանքների, փորձեցինք ճշտել` որքանով է փոքր հավանականությունը, որ այս աշխատանքների ավարտից մի քանի ամիս հետո ասֆալտը չի քանդվի ինչ-ինչ խողովակների պատճառով, և հաջորդ տարի կրկին հիմնանորոգման աշխատանքներ չեն սկսվի։ «Կա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հստակ հանձնարարությունը` ասֆալտի շերտի անհարկի քանդում չթուլատրելու։ Նախապես բոլոր կառույցներին տեղեկացվել է, որ անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացվեն ասֆալտապատումից առաջ։ Ասֆալտի շերտը կարող է քանդվել միայն արտակարգ իրավիճակների դեպքում, որի վերացումից հետո կարճ ժամկետներում տվյալ կառույցը պետք է վերականգնի ճանապարհը` բերելով այն նախկին տեսքին»,- պարզաբանեց Արթուր Գևորգյանը։ Ինչ վերաբերում է ընթացող շինարարական աշխատանքների որակին, ապա պատասխանատվությունը կրում է աշխատանքներն իրականացնող տվյալ շինարարական կազմակերպությունը։ Նշենք, որ, ըստ գործող կարգի, ի հայտ եկած թերությունները տվյալ շինարարական կազմակերպությունը պարտավոր է վերացնել սեփական միջոցների հաշվին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ