Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայաստանի գրադարանների 95 տոկոսը չի համալրվում նոր գրականությամբ»

«Հայաստանի գրադարանների 95 տոկոսը  չի համալրվում նոր գրականությամբ»
15.06.2012 | 00:05

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչական գործի բնագավառներում ունեցած վաստակի համար մշակույթի վաստակավոր գործչի կոչման է արժանացել Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Նշենք, որ այդ գրադարանում ապրիլի 20-ից գործում է «Իսահակյան» գրախանութը: Մինչև սեպտեմբեր գրախանութներ են բացվելու գրադարանի երեք մասնաճյուղերում: Հունիսի կեսերից կգործի երկրորդ գրախանութը (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ գտնվող գրադարանի մասնաճյուղում): Գրադարանում այս տարի բացվել է նաև «Երևանյան գրքի ակումբ», «Գրքի պուրակ», իսկ գրական-մշակութային միջոցառումների, գրողների հետ հանդիպման պակաս այստեղ երբեք չի լինում: «Համարձակ քայլ չէ՞ր գրախանութի բացումը մեր օրերում»,- Հասմիկ Կարապետյանի հետ մեր զրույցը սկսվեց այս հարցով:

-Շատ մեծ համարձակություն էր,- ասաց նա։- Երբ ամիսներ առաջ հայտարարեցի, որ մեր գրադարանը նպատակ ունի քաղաքում չորս գրախանութ բացելու, ընդգծեցի նաև չգործող գրախանութների իրողությունը: Մշակույթի նախարարությունը փորձեց իր ենթակայության տակ գտնվող մարզային գրադարաններում ստեղծել գրախանութներ, որոնք, ցավոք, իրենց չարդարացրին: Ես դա կապում եմ մեր մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի հետ, բայց, մյուս կողմից, գրահրատարակիչները փաստում են, որ երբ շրջաններում գրքի ցուցահանդես-տոնավաճառներ են կազմակերպում, մարդիկ գրքերն իրար ձեռքից են խլում: Այս երկու կարծիքները նկատի ունենալով, մենք որոշեցինք ռիսկի գնալ, գուցե` չարդարացված: Գրախանութ ստեղծելով, մենք ոչ միայն խնդիր ունենք գրականության տարածմանն աջակցելու, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու` գրադարանը նոր գրականությամբ համալրելու համար: Տպավորությունն այնպիսին է, որ գուցե արդարացնի իրեն այս համարձակ քայլը:
-Գրախանութների բացումը Հայաստանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու հե՞տ է կապված:
-Ոչ, վաղուց ենք մտածել այդ մասին, բայց գրքի տարին, երևի, առիթ էր այն իրականացնելու համար:
-Բացառիկ գիրքն ավելի հեշտ է գտնել գրադարաններո՞ւմ, թե՞ գրախանութներում: Ո՞ր դեպքում է ընթերցասերը նախընտրում գրադարանի ընթերցասրահը, գրքի բարձր արժեքի՞, թե՞ գրախանութներում գրքի բացակայության:
-Երկսայրի է հարցը: Գրադարանը եթե անգամ մեծ հետաքրքրություն ներկայացնող գիրք է ձեռք բերում, քանակը շատ սահմանափակ է: Մենք ունենք 35 հազար ընթերցող, որոնց մոտ 70 տոկոսն ուսանող է, ուստի հարցադրումն ավելի շատ ուսումնական, գիտական գրականությանն է վերաբերում: Բնականաբար, չենք կարող բոլոր ընթերցողների համար գրքեր գնել: Մեծ պահանջարկ ունեցող կամ եզակի գրականությունը ձեռք է բերվում ընթերցասրահի համար, որտեղ ընթերցողը կարող է նստել, կարդալ, նաև տեղադրվում է գրախանութում: Քանի որ ընթերցողների մեծ մասն ուսանող է, գնելու հավանականությունը քիչ է: Իսկ լավ գրականությունն այսօր թանկ արժե:
-Այս տարի գրական-մշակութային շատ միջոցառումների կենտրոնում գիրքն է: Կարո՞ղ ենք դա համարել գովազդ, և ասել, որ գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է:
-Իհարկե, գովազդ է, բայց ընթերցանության ճգնաժամը շատ ավելի լուրջ արմատներ ունի: Վիճակագրական տվյալներով` Հայաստանի գրադարանների 95 տոկոսը չի համալրվում նոր գրականությամբ: Տեսեք` ինչ լուրջ թիվ է: Գրադարանը չունի իր ընթերցողին առաջարկելու նոր գրականություն, իսկ այսօրվա ընթերցողն էլ շատ խստապահանջ է և՛ գրքի որակի, և՛ գեղագիտության, և՛ տառատեսակի նկատմամբ: Երբ մենք ակնաբույժների հետ խոսում ենք, նրանք ասում են, թե որն է տեսողության պահպանման համար լավագույն տառատեսակը: Այսինքն` գրքագիտությունը լուրջ գիտություն է, և գրահրատարակիչը սկսել է հետևել դրան:
Նորից անդրադառնամ գրադարանների չհամալրմանը: «Առանց մեկնաբանության» արտահայտություն կա: Հայաստանի պետական բյուջեում մշակույթը վերջին տողն է, գրադարանները մշակույթում են վերջին տողը: Ես լավատես եմ և ասում եմ, որ նորանկախ պետություն է, նոր է սկսում մեջքն ուղղել, և կգա գրքին անդրադառնալու ժամանակը: Ես ուզում եմ գրքի տարին համարել շրջադարձային գրադարանների և մշակույթի համար: Իմ մտահոգությունը գրադարաններն են:
Վերջին քսան տարում գրադարանավարները եղածը համալրելու, պրոպագանդելու խնդիր չեն կարողացել լուծել: Դա օբյեկտիվ պատճառ է, այդ գրականությունը չմասսայականացնելու. ինչ եղել է, հասարակությունը տեղյակ է, նոր գրականության համար գրադարանների 95 տոկոսը չունի հնարավորություն:
-Դուք ինչպե՞ս եք համալրում ձեր գրաֆոնդը:
-Գրքերի համալրման մեր ձևերը բազմազան են, գուցե մեզ օգնում են գրադարանի 75 տարվա պատմությունը, խիստ վարչարարությունը, նպատակամղված աշխատանքը, Երևանում լինելու հանգամանքը (ես ուզում եմ չնեղացնել շրջաններում գործող իմ գործընկերներին), ոտքով գրահրատարակչություններ, թերթերի խմբագրություններ գնալը, հեղինակներին զանգելը, նրանց հրատարակած գրքերից մեկ-երկու օրինակ խնդրելը, տարին մի քանի անգամ գրքի բարեկամի տոն հայտարարելը: Լուրջ աշխատանք է տարվել, որովհետև, եթե գիրքը կա գրադարանում, գրադարան կգա ընթերցողը, եթե չկա, չի գալու: Այլ տարբերակ չկա: Ինչո՞ւ ոչ, մեզ օգնում են նաև դրամաշնորհային ծրագրերը:
2004-ից մեր գրադարանն անվճար ինտերնետ է մատուցում ընթերցողին, մեկ ամսից գրադարանն անցնելու է էլեկտրոնային սպասարկման: Ծրագիրն ընթացքի մեջ է, համակարգիչներն արդեն ձեռք են բերվել բարեգործական ծրագրերով, պետական միջոցներ չեն ծախսվել: Ինչպես իմ ընկերներից մեկն է ասում, օդում լիքը փող կա, պետք է գտնել այդ փողը դեպի քեզ ուղղելու ճանապարհը: Ֆինանսը մեծ դեր է խաղում կայացման գործում, բայց, իսկապես, աշխարհում կան ծրագրեր, որոնք դու կարող ես հիմնավորված ուղղորդել քո ժողովրդին, քո երիտասարդությանը կրթելուն: Մեզ, գուցե, հաջողվեց դա: Նշենք, որ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի աշխատողները ոչ մի գրադարանից ավելի բարձր աշխատավարձ չեն ստանում, բայց իսահակյանցիներն ամեն օր հազար այցելուի են սպասարկում, նույն 35- 40 հազար դրամով, ինչը ստանում են ոչինչ չանող գրադարանները: Էլի եմ շեշտում, սուբյեկտիվ է խնդիրը ոչինչ չանողի: Ես միշտ ասում եմ, որ գրադարանավարներին երբեք չպետք է մեղադրել: Կրթությունը, առողջապահությունը, մշակույթը պետական հոգածության բնագավառներ են, պետությունը պետք է իր վրա վերցնի կայացնելու, պահպանելու և ժողովրդին վերադարձնելու գործառույթը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ