«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հիպոկրատի երդումը դրժողները

Հիպոկրատի երդումը դրժողները
15.06.2012 | 00:28

Վերջերս լրատվամիջոցներն իրազեկեցին, որ հանրապետության առողջապահական մի քանի հաստատություններ ֆինանսական խոշոր խախտումներ են թույլ տվել` կապված դեղորայքի գնումների հետ։ Գործը դեռ պարզվում է, և հանրությունը սպասում է արդյունքների հրապարակմանը, արդարացիորեն եզրահանգելով, որ վաղուց ժամանակն է, որ բժշկության ոլորտը դառնա թափանցիկ ու վերահսկելի բոլոր առումներով, ընդհուպ պատասխանատվության կանչելու անփույթ և չափ ու սահմանն անցած բժիշկներին։ Օրինակ, ինչի՞ նման է, երբ գնում ես բժիշկ-մասնագետի մոտ, և առաջինը, որ նրա գրասեղանի վրա աչքի է զարնում, ծառայության մինիմում գումարի չափն է, այսինքն, կոնսուլտացիայի արժեքը։ Այն տատանվում է 5000-ից 20000 դրամի սահմաններում (եվրոգներ` աղքատ Հայաստանի համար)։ Իսկ թե օրը քանի այցելու հիվանդ կլինի, դրանից էլ կախված է բժշկի օրվա «հացի փողը», իսկ մնացած ծառայությունների համար դեռ պայմանավորվել է պետք։ Հարց. եթե մի խեղճ վաճառողի կամ ավտոմեքենա լվացող բանվորի տուգանում են վաճառքի կամ ծառայության կտրոն չտրամադրելու համար, ինչո՞ւ այդ վերահսկողությունը չի տարածվում առողջապահության ոլորտի վրա, թե՞ «վերին արտի ցորենն են» բժիշկները։ Զուր չէ, որ ժողովուրդն ասում է. «Աստված չանի` մարդ բժշկի ու ոստիկանի ձեռքն ընկնի», երկուսն էլ «փողակեր» են։ Սա այդ բնագավառների անբարեխիղճներին է վերաբերում, ոչ թե իրենց ծառայությունը խղճով, օրենքով ու մարդավարի կատարողներին, որոնց, փա՜ռք Աստծո, դեռևս հանդիպում ենք։
Այսօր գիտությունն այնքան է զարգացել, որ արդեն մարդու գենային համակարգ կարող է ներթափանցել և ուզածդ փոփոխությունները մտցնել, այսինքն, արարչական կոդը փոխել, առանց հաշվի առնելու, որ այդ մարմնում հավիտենական հոգին է բնակվում։ Այնպես որ, բժիշկների դերը ազգապահպանման հարցում ավելին է, քան մտածում ենք ու գիտենք. ես կասեի` դա մի անտեսանելի, բայց խիստ կարևոր ռազմավարական ասպարեզ է, որտեղ տարած հաղթանակն ավելին է, քան պատերազմի դաշտում։ Ինչո՞ւ, որովհետև, ինչպես բժիշկներն են սիրում ասել, «Առողջ մարմնում առողջ հոգի է բնակվում», իսկ ես կավելացնեի. «Առողջ մարմինը հոգու այն հաճելի բնակարանը պետք է լինի, որ այն ափսոսանքով ուզենա լքել»։ Որովհետև, գիտենք, յուրաքանչյուր ոք, եթե կորցնի խիղճը, նրանից ամեն չար ու վատ բան կարող ենք սպասել, լինի մանկապարտեզի դաստիարակչուհի, թե հասարակ բժիշկ. առաջինը մանուկի սրտում կարող է անջնջելի բացասական հետք թողնել, իսկ երկրորդը հիվանդի հանդեպ իր սխալ ու անփույթ մեկ մոտեցումով կարող է նրա մնացած կյանքը դժոխքի վերածել` անդամալույծ ու անօգնական դարձնելով, երբեմն էլ, դժբախտաբար, նաև մահվան դեպքերի պատճառ դառնալ` Հիպոկրատի երդումը դրժած անպատասխանատու բժիշկների պատճառով։ Այո՛, հենց անպատասխանատու, քանի որ մարդկանց մահվան դեպքերում ամենաքիչը բժիշկներն են մեղադրվում, որոնք շատ¬շատ կարող են ասել. «Կներե՛ք, չստացվեց բուժումը, արդեն ուշ էր»։ Փաստագրական մի ֆիլմ դիտեցի, որտեղ հոգեբանների համաշխարհային փորձերի մասին էին նյութեր հավաքել, թե ինչպես են նրանք փորձում «բժշկել» հոգեկան հիվանդներին։ Անմարդկային տառապանքների ենթարկվող հիվանդների վրա բժիշկների փորձերը գերազանցում էին ֆաշիստական ճամբարներում ուզածդ կտտանքները։ Այդ զարհուրելի կադրերը դիտելիս հասկացա, որ համայն մարդկությունը վտանգի տակ է, քանզի խիղճները կորցրած բժիշկները, որոնք, դժբախտաբար քիչ չեն, այժմ անպատիժ կարող են վերածվել դահիճների։
Գրիգոր Նարեկացի մեր սուրբը դեռ իր ժամանակներից գիտեր այդ մասին, երբ գրեց.
Սպեղանիների կարիք չես զգում դու,
Հոգուս վերքերին փաթաթաններ
պատրաստելու համար,
Ո՛չ ժամանակի, ո՛չ միջնորդի և
ո՛չ էլ երկարաձիգ օրերի,
Ո՛չ փոփոխական դեղեր տալու և
ո՛չ անդամահատման,
Ոչ էլ խարելու կամ վիրահատության.
Եվ այլ երկրավոր դարմանումների,
Որոնք ենթակա են հաճախ վրիպանքի ու
ամենասխալ տարակուսության (Բան ԽԳ)։
Իսկ այդ բժշկական վրիպանքների ու դրա հետևանքների պատասխանատվության մասին իր ժամանակին Մխիթար Գոշը «Դատաստանագրքում» գրել է.
«Բժիշկներից շատերն են բազմաթիվ վնասներ գործում, կամ փորձում են դեղն այլոց վրա, կամ չարակամությամբ սպանում են դեղերով, կամ անգիտության պատճառով վնասակար դեղեր են տալիս, կամ անվարժության պատճառով ցավերը չեն հասկանում, կամ հեղգանում են, երբ իրենց վարձը չեն տալիս, կամ իրենց աշակերտներին նախանձելով՝ ուղիղը չեն սովորեցնում, իսկ նրանք էլ իրենց հերթին, անգիտանալով՝ բազում վնասներ են բերում: Եվ այս ամենը գիտենք, որ կամավոր հանցանքներ են:
Իսկ ակամա հանցանքներ են, երբ հիվանդին տեսնելով, որ անվճարունակ է, հեղգությունով են գործում, կամ որ նրա հրամանի համաձայն, հիվանդին չեն դարմանում, կամ, երբ մեծ անհրաժեշտություն էր, բժիշկը չի գալիս հիվանդի մոտ: Կամ գիտությամբ տված դեղը հիվանդի կենաց և մահու պատճառ է դառնում: Նույնպես և անդամահատությունը կամ խարանելը, երբ սխալ ախտորոշմամբ է արվում կամ վատ ավարտով է վերջանում, նույն դատաստանով են դատվում:
Կամավոր հանցանքներով մահերի դեպքում՝ արյան դատաստան լինի, երբ վնասը հայտնի լինի, իսկ թե խոստովանությամբ ի հայտ լինի, այդժամ կամավորի ապաշխարություն լինի: Իսկ ակամայի դեպքում, կողմերը անպարտ մնան: Իսկ եթե վնասը կամավորի և ակամայի միասնությամբ է եղել, այդժամ անպարտ չլինեն յուրաքանչյուրն իր յուրայիններով» (գլուխ ՄԼԵ):
Հիմա համոզվեցի՞ք, որ բժշկության ոլորտը խիստ վերանայման ու պատասխանատվության բարձրացման անհրաժեշտություն ունի։ ՈՒրեմն իմաստուն լինենք ու միջոցներ ձեռք առնենք, այլապես վտանգում ենք հենց իրենց՝ բժիշկներին, որոնք, անձեռնմխելիության ու անպատժելիության պատճառով, կարող են վնասել հենց իրենց հոգիները, քանզի ամեն արածների պատասխանը, ի վերջո, երկնային Բժշկապետին՝ Արարիչ Աստծուն պետք է տան, Ով խիստ նախանձախնդիր է յուրաքանչյուրիս փրկության համար։ ՈՒրեմն՝ առո՛ղջ եղեք։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ