Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ջրի համակարգը «ջուրը տարել ա»

Ջրի համակարգը  «ջուրը տարել ա»
15.06.2012 | 00:41

Անցած շաբաթ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կրկին հայտարարեց, որ ջրակորուստը 85 % է։ Ըստ էության, ասաց այն, ինչ ասվում է վերջին մի քանի տարիներին։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ սպասվում է 85 մլն դոլարի ներդրում։ Հիշեցնենք, որ երբ հայրենի կառավարությունը «Երևանջուր», ինչպես նաև «Հայջրմուղկոյուղի» ընկերությունները հանձնեց օտարների ձեռքը, հիմնավորումը մեկն էր` վերակառուցել և վերանորոգել ամբողջ ցանցը, նվազեցնել ջրակորուստները։ Չնայած սրան, խնդիրը ոչ միայն կա, այլև խորացել է։ «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն ՊԱՏՐԻԿ ԼՈՐԵՆԻ հետ մեր զրույցի նպատակն էր հասկանալ խնդրի պատճառները։

-Ջրակորուստների հարցում Դուք նշեցիք երեք գործոն` ջրաչափերի ոչ ճշգրիտ լինելը, ջրագողությունը և խողովակների խնդիրը։ Հետաքրքրական է, որ խողովակների վատթար վիճակին ավելի քիչ անդրադարձաք։ Ձեր նշած գործոններից ո՞րն է ավելի մեծ մաս կազմում։
-Հիմնականում խնդիրը ջրաչափերի ոչ ճշգրիտ աշխատանքն է։ Այսինքն, ճշտությամբ չի ֆիքսվում ծախսված ջրի չափը։
-Արդյոք չե՞ք կարծում, որ ջրաչափերից ավելի խողովակների հնամաշությունն է պատճառը։ Ի դեպ, հասարակության մեջ հիմնավորված տեսակետ կա, որ ցանցերի նորոգման վրա ներդրումներ քիչ են արվել` թղթով դրանք երևում են, գործնականում` ոչ։ Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ է ջրակորստի քանակը մեծացել նվազելու փոխարեն։
-Որովհետև կա խոշոր ներդրումների կարիք։ Բացի դրանից, ես մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ խնդիրը ջրաչափերի ոչ ճշգրիտ լինելն է։ Պետք է հիշեք, որ երբ մենք ստանձնեցինք «Հայջրմուղկոյուղի» ընկերության կառավարումը, այդ ժամանակ, մարզային բնակչության ընդամենը 30 %-ը ջրաչափ ուներ։ Մեր առաջին ծրագիրը եղավ ջրաչափերի մասսայականացումը։ Այժմ ծրագրի երկրորդ փուլում նախատեսում ենք ավելի բարձր ճշգրտությամբ ջրաչափերի տեղադրումը։ Ընդգծեմ, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն աշխատում է առաջընթացի վրա, ինչը մեզ հաջողվում է։ Երբ նոր ջրաչափերը նույնպես մասսայականացվեն, ապա ջրակորուստների քանակը զգալիորեն կնվազի, քանի որ այն ֆիքսելու է ջրի յուրաքանչյուր կաթիլը։
-Կա՞ հաշվարկ, թե որքանով այն կնվազի։
-Նախատեսվածի համաձայն, մինչև 2014 թվականը ջրակորուստը պետք է կազմի 70-75 %։ Մեր նպատակն է այժմ հասցնել 75 %-ի։ Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է երկու անգամ կրճատել ջրամատակարարումը։ Իսկ դա լուրջ խնդիր կառաջացնի։ Մեր քաղաքականությունն է առանց ջրամատակարարման տևողության կրճատման ապահովել ջրակորստի նվազումը։
-Դուք նշեցիք, որ 85 մլն դոլարի ներդրում է նախատեսվում։ Ի՞նչ ուղղությամբ է այն իրականացվելու։
-Հիմնականում ներդրվելու է տնային միացումների և խողովակների վերակառուցման ուղղությամբ։
-Թեև Դուք ասուլիսում նշեցիք, որ ջրամատակարարումը վեցժամյա է դարձել, այնուհանդերձ, նկատենք, որ մի շարք համայնքներում, անգամ մարզկենտրոններում ջրի խնդիրը լուրջ է` ջուր չկա։ Եվ երբ այդ խնդիրը ներկայացվում է ձեր ընկերությանը, ընկերությունից բնակչությանը պատասխանում են, որ հարցը պետք է դիտարկել մարզային համայնքի շրջանակներում։ Այլ կերպ ասած, նրանց ուղարկում եք մարզպետարաններ։ Այստեղ էլ նրանց պատասխանում են, որ հարցը պետք է լուծվի «Հայջրմուղկոյուղի» ընկերության շրջանակներում։ Ինչո՞ւ մարդիկ ջուր չունեն, և ո՞ր կառույցի միջոցով պետք է այն լուծվի։
-Պետք է պատկերացնեք, որ խնդիրն ամբողջական լուծելու համար շատ մեծ ներդրումներ, ժամանակ և արդյունավետ աշխատանք է պահանջվում։ Չմոռանանք, որ Հայաստանը, բացառությամբ Երևանի, սպասարկում է «Հայջրմուղկոյուղին»։ Իսկ սա նշանակում է, որ անհնար է միանգամից լուծել բոլոր հարցերը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հ. Գ.- Այո, դժվար է չհամաձայնել մեր զրուցակցի հետ` ներդրումների, ժամանակի և առավել ևս արդյունավետ աշխատանքի հարցում։ Կարծում ենք, տևական ժամանակ է (7 տարի), ինչ «Սաուղ» ընկերությունն ստանձնեց «Հայջրմուղկոյուղու» կառավարումը։ Այդ օրվանից մինչ օրս ընկերությունն իրականացրել է 114 մլն դոլարի ներդրում։ Սակայն երբ այս ընկերությունը մուտք գործեց Հայաստան, ջրակորուստն ավելի քիչ էր` 80-81 %, բայց, արի ու տես, որ ներդրումներից հետո այն տարեցտարի ավելացավ և մի քանի տարի է` պահպանում է իր «պատվավոր» 85 %-ը։ Ստացվում է, որքան ջրմուղկոյուղու ցանցը նորոգվում է, որքան ջրաչափերը մասսայականացվում են, այդքան ջրակորուստները մեծանում են։ Այդ դեպքում գուցե ավելի լավ էր ոչ մի ներդրում էլ չարվե՞ր։ Եվ արդյոք կա՞ երաշխիք, որ նոր «գերզգայուն» ջրաչափերի տեղադրումից հետո ջրակորուստները կնվազեն։ Ո՞րն է երաշխիքը, որ նոր սուպերջրաչափերն ընդամենը բնակչությանը չեն հիշեցնի հանրահայտ արտահայտությունը. «Почем опиум для народа?»։

Դիտվել է՝ 3378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ