Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հայաստանում շատերը մտավախություն ունեն, որ իշխանափոխությունն ավելի վտանգավոր է, քան իշխանության վերարտադրությունը»

«Հայաստանում շատերը մտավախություն ունեն, որ իշխանափոխությունն ավելի  վտանգավոր է, քան իշխանության վերարտադրությունը»
15.06.2012 | 00:55

Քաղաքական զարգացումները միշտ էլ քաղաքագիտական վերլուծությունների կարիք ունեն։ Հայաստանում որքա՞ն են կարևորվում նման վերլուծությունները, զարգացման ի՞նչ փուլում է քաղաքագիտությունը, և ինչո՞ւ ենք տեսական քաղաքագիտությունից դժվարությամբ անցնում կիրառական քաղաքագիտության։ Այս հարցերի շուրջ զրուցում ենք քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ամբիոնի դասախոս ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ։

-Քաղաքագիտական դպրոցը Հայաստանում նոր է զարգանում։ Ձեր գնահատականը` մեր երկրում քաղաքագիտության ներկա վիճակին։
-Քաղաքագիտական դպրոցը Հայաստանում կայացման և զարգացման դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Մասնագիտական գրականության հրատարակումից մինչև որակյալ մասնագետների պատրաստումն անելիքները շատ են։ Սակայն կցանկանայի մի խնդրի վրա ուշադրությունը կենտրոնացնել. Հայաստանում քաղաքագիտական դպրոցն առավելությունը տալիս է տեսական հետազոտություններին։ Հայ քաղաքագետները մեծ մասամբ տեսաբաններ են, մինչդեռ կիրառագետի դերը քաղաքագիտության զարգացման, առավել ևս պրակտիկ հիմնախնդիրների լուծման հարցում շատ կարևոր է։ Այսօր համաշխարհային առաջատարն ամերիկյան քաղաքագիտությունն է։ Ամերիկյան գործնական հետազոտություններն արժեքավոր են համաշխարհային քաղաքագիտության մեջ ինչպես իրենց կիրառած մեթոդաբանությամբ, այնպես էլ ստացված արդյունքների առումով։ Եվ այս ամենը շնորհիվ այն բանի, որ այնտեղ գերակայում են էմպիրիկ հետազոտությունները, ֆորմալացված մեթոդների կիրառումը, որոնք ուսումնասիրվող օբյեկտը բացահայտում են առանձնահատուկ կողմերից, ինչը, ցավոք, գրեթե չեն կիրառում մեր քաղաքագետներն ու քաղաքական վերլուծաբանները։
-Ի՞նչն է պատճառը, որ քաղաքագիտությունը մեզանում տեսականից կիրառական ոլորտ չի մտնում։
-Կիրառական քաղաքագիտությունը նաև միջդիսցիպլինար ոլորտ է. ենթադրում է նաև այլ դիսցիպլինների օգտագործում։ Օրինակ, ֆորմալացված մեթոդները ենթադրում են նաև մաթեմատիկական կամ վիճակագրական մեթոդների կիրառում, ինչը պահանջում է լրացուցիչ գիտելիքների իմացություն։ Բուհերում այդ ուղղությունները հստակորեն ձևավորված չեն։ Երբ ուսանողին սկսում ես ֆորմալացված մեթոդը ներկայացնել, շատ դժվարությամբ է ընկալում, քանի որ չունի համապատասխան գիտելիքներ։ Բացի դրանից, տվյալների հետ աշխատանքը բավականին ռեսուրսատար է և՛ ժամանակի, և՛ կադրերի, և՛ ֆինանսների տեսակետից: Սակայն ստացված արդյունքներն առավել ճշգրիտ ու օբյեկտիվ են, իսկ ստուգելիությունը՝ ավելի մեծ։
-Մեր քաղաքական գործիչները որքա՞ն են տեղյակ քաղաքագիտական նրբություններին։ Եվ որպես քաղաքագետ՝ ի՞նչ գնահատական կտաք նրանց գործունեությանը։
-Քաղաքական գործիչ լինելու համար ամենևին պարտադիր չէ քաղաքագետ լինել։ Մեր քաղաքական ասպարեզում էլ կան հաջողված գործիչներ, որոնք չունեն համապատասխան քաղաքագիտական գիտելիքներ։ Քաղաքական գործչի համար շատ կարևոր են դիվանագիտական, կազմակերպական, ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտությունները։ Սակայն ցանկալի է, որ հատկապես կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք ունենան մասնագիտական գիտելիքներով զինված խորհրդականներ, որոնք տիրապետեն մեթոդաբանական նրբություններին։ Ի դեպ, այդ պրակտիկան աստիճանաբար ներմուծվում է, և շատ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ կամ գործարարներ, իրոք, հասկանում են, որ հասարակությանը ճիշտ ներկայանալու համար անհրաժեշտ է բանիմաց խորհրդատուի առկայությունը։ Ինչ վերաբերում է նրանց գործունեությանը, շատ կցանկանայի, որ պայքարը քաղաքական ուժերի միջև լիներ գաղափարական, ծրագրային։ Դա կնպաստի քաղաքական գործչի նույնացմանն իր կուսակցության հետ, կհստակեցնի կուսակցության սոցիալական բազան, և քաղաքացիները հստակ կգիտակցեն՝ կոնկրետ ինչի համար են նախապատվությունը տալիս այս կամ այն քաղաքական ուժին։
-Հայաստանում իշխանությունն արդեն 14 տարի վերարտադրվում է։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ վերարտադրության նախադրյալը։ Եվ արդյո՞ք այդ անընդմեջ վերարտադրությունը վտանգներ չի պարունակում։
-Ժողովրդավարական համակարգը, իհարկե, ենթադրում է ոչ միայն պարբերաբար ընտրությունների կազմակերպում, այլև իշխանության հերթափոխ։ Սակայն Հայաստանում շատերը մտավախություն ունեն, որ իշխանափոխությունն ավելի վտանգավոր է, քան իշխանության վերարտադրությունը։ Հասարակությունը կողմնակից է փուլային բարեփոխումների, որտեղ ցնցումներն ավելի քիչ ու տանելի կլինեն։ Բացի դրանից, հանրությունը քաղաքական դաշտում չի տեսնում ընդգծված այլընտրանք։ Շատ քաղաքական ուժեր կամ գործիչներ հավատարիմ չեն իրենց որդեգրած սկզբունքներին. ընտրությունների նախաշեմին որդեգրում են ընդդիմադիր կեցվածք, ընտրություններից հետո միանում են իշխանական թևին։ Սա առաջացնում է ընտրողի համապատասխան վերաբերմունքը թե՛ ընտրությունների, թե՛ քաղաքական գործընթացների, թե՛ կուսակցությունների նկատմամբ։ Այս առումով ընդդիմադիր դաշտում վստահելի, բանիմաց թեկնածուի բացակայությունը, արտաքին վտանգները, քաղաքական համակարգի կայունության պահպանումը հանդես են գալիս որպես իշխանության վերարտադրության նախադրյալ։ Ինչ վերաբերում է իշխանության վերարտադրության ռիսկերին, ապա կարծում եմ՝ այդ երևույթը խիստ վտանգավոր կլինի այն դեպքում, երբ իշխանության մոտ չառաջանա մրցակցության լարվածության զգացումը։ Երբ նա այնքան համոզված լինի իր ուժերում, որ ընդդիմությունը չկարողանա որոշակի լարվածություն առաջացնել նրա մեջ։ Բարեբախտաբար, մեզանում ընդդիմությունը թեկուզ ժամանակ առ ժամանակ, այնուամենայնիվ, կարողանում է իշխանությանը լարված պահել։
-Չե՞ք կարծում, որ հայաստանյան ընդդիմությունը ճգնաժամի մեջ է։ Հայաստանում տարիներ շարունակ գրեթե այն վիճակն է, որ, պատկերավոր ասած, իշխանությունն ընկած է փողոցում, իսկ ընդդիմությունն այդպես էլ չի կարողանում վերցնել այն։
-Ընդդիմությունը, այո՛, ինչ-որ տեղ գտնվում է ճգնաժամի մեջ։ Այն կարող էր ավելի կառուցողական լինել։ Զուտ հակադրվելու համար բոյկոտելը, բողոքելը տարբերակ չեն։ Ընդդիմանալու շատ ավելի լավ, կառուցողական ձևեր կան։ Ա՛յ, երբ ընդդիմությունը սկսի այդ ձևերն արդյունավետորեն կիրառել, ոչ միայն հասարակության վերաբերմունքը կփոխվի նրա նկատմամբ, այլև ճգնաժամից դուրս կգա, իշխանության համար պայքարն էլ շատ ավելի դյուրին կլինի, իշխանության անվերջ վերարտադրության խնդիրն էլ, որի մասին խոսեցինք, չի լինի։
-ԲՀԿ-ի՝ կոալիցիայի մաս չկազմելով Հայաստանում ստեղծվում է քաղաքական նոր իրադրություն։ Որքանո՞վ է ԲՀԿ-ն, ըստ Ձեզ, իրական ընդդիմություն, և զարգացումների ի՞նչ սցենարներ կարող է ունենալ այս իրավիճակը։
-Մենք արդեն նշեցինք, որ կուսակցություններն ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր կեցվածք ընդունելու սովորություն ունեն։ ԲՀԿ-ի այս պահվածքն ինչ-որ տեղ նաև դրա արդյունքն է։ Կա՛մ ԲՀԿ-ի նման վարքագիծը հետևանք է այն բանի, որ դեռ փորձում է պահպանել ընդդիմադրի իր կեցվածքը՝ միանգամից չվերադառնալ իր նախկին վիճակին, կա՛մ էլ սա լուրջ քայլ է դեպի նախագահական ընտրություններ։ Կարծում եմ՝ լարվածությունը ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև կշարունակվի և էլ ավելի կխորանա մինչև նախագահական ընտրություններ։
-Ըստ Ձեզ, Հայաստանում կա՞ քաղաքական էլիտա։ Ձեր պատկերացմամբ` ինչպիսի՞ն պետք է լինի այդ էլիտան։
-Քաղաքական էլիտան արտոնյալների խումբ է, որը ղեկավար դիրքեր է զբաղեցնում իշխանական կառույցում և, որպես կանոն, շատ կարևոր գործառույթ ունի։ Ցավոք, քաղաքական էլիտան Հայաստանում սերտաճած է տնտեսական էլիտայի հետ։ Միաժամանակ քաղաքական էլիտան մեզանում քիչ թե շատ բաց է։ Էլիտայի կարևորագույն նախապայմաններից է, որ այն պետք է բաց լինի, որ չկարծրանա, և համալրում, կադրերի փոփոխություն տեղի ունենան։ Ընդ որում, այդ բաց համակարգը ենթադրում է հավաքագրում միջին խավից։ Այսինքն՝ միջին խավի ներկայացուցիչներն էլ, իրենց մասնագիտական հմտություններից և գիտելիքներից ելնելով, պետք է կարողանան քաղաքական էլիտայում զբաղեցնել որոշակի դիրքեր։ Այդ էլիտան պետք է երկխոսի բնակչության հետ, կարողանա համագործակցել հասարակության լայն զանգվածների հետ և նպաստի նրանց մասնակցությանը որոշումների կայացմանը։ Սակայն, այս ամենից զատ, կա շատ կարևոր մի հատկանիշ, որ պետք է ունենա քաղաքական էլիտան. դա լավ կառավարումն է։ Այն էլիտան, որը լավ է կառավարում, և՛ լեգիտիմ է, և՛ պետականամետ, և՛ ազգային։
-Դուք կատարել եք խորհրդարանական ընտրությունների արդյունքների կոռելյացիոն վերլուծություն, որը ցույց է տալիս կուսակցությունների ընտրազանգվածների կապն ու ընդհանրությունները։ Ի՞նչ պատկեր է վեր հանում այդ վերլուծությունը։
-Կոռելյացիայի վերլուծությունը քաղաքագիտության շրջանակներում առավել հաճախ կիրառվող վիճակագրական մեթոդներից է, որի նպատակը երկու և ավելի փոփոխականների միջև վիճակագրական փոխկապվածության չափումն է։ Էլեկտորալ գործընթացները վերլուծելիս այն հնարավորություն է տալիս հասկանալու, թե որքանով են ընդհանուր կուսակցությունների ընտրազանգվածները կամ այդ ընտրազանգվածների քաղաքական նախապատվությունները։ Մեթոդը կանխատեսում է նաև տարբեր ուժերի ընտրազանգվածների միջև ձայների փոխանակման հավանականությունը։ Եթե համեմատենք 2007 և 2012 թթ. ՀՀ խորհրդարանական ընտրությունները, ապա նկատելի են բավականին փոփոխություններ ընտրազանգվածների բովանդակային կազմում։ Մասնավորապես, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ընտրազանգվածները 2007 թ. ունեին բավականաչափ ընդհանրություններ (կոռելյացիոն գործակիցը՝ 0,55). ընդհանուր ընտրազանգվածն այս կուսակցությունների համար 30 տոկոսի սահմաններում էր, որն ինչ-ինչ հանգամանքների պայմաններում կարող է մի կուսակցությունից շեղվել դեպի մյուսը։ Նկատենք, որ ՀՅԴ-ն 2007-ին հավաքել էր մոտ 177 հազար ձայն, իսկ 2012-ին՝ 85 հազար։ Այսինքն՝ ելնելով տվյալների ուսումնասիրությունից՝ կարող ենք ասել, որ 5 տարվա ընթացքում դաշնակցության ընտրազանգվածի գրեթե 30 տոկոսն անցում է կատարել դեպի ՀՀԿ։ Դրա մասին է վկայում նաև այն, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններում կապի գործակիցը 0,55-ից իջել էր 0,28-ի: Այժմ այս երկու կուսակցությունների միջև մնացել է 0,8 տոկոս ձայների փոխանակման հնարավորություն։ ԲՀԿ-ի 2007-ի գործակիցը ՀՀԿ-ի նկատմամբ թույլ դրականից դարձել է թույլ բացասական։ Սա նշանակում է, որ այժմ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ընտրազանգվածները ոչ միայն ընդհանրություններ չունեն, այլև ինչ-որ տեղ թշնամական են միմյանց նկատմամբ։ Հետաքրքիր է, որ ՀՅԴ-ի ընտրողն ավելի շուտ իր ձայնը կտա ՀՀԿ-ին, քան ԲՀԿ-ին։ Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ 2012-ին ԲՀԿ-ն յուրաքանչյուր կուսակցությունից որքան հնարավոր է, թեկուզ շատ քիչ տոկոս, կարողացել է իր կողմը ներգրավել։ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կապը թույլ բացասականից դարձել է թույլ դրական։ Այսինքն՝ ՕԵԿ-ի ընտրազանգվածը վերջին հինգ տարում փոփոխվել է։ 0,6 % ձայների փոխանակման հնարավորություն կա ՀՀԿ-ի ընտրազանգվածի հետ: Այսինքն՝ նախագահական ընտրություններին ՕԵԿ-ի աջակցությունը ՀՀԿ-ին առանձնապես մեծ ձայներ չի ապահովի։
2007-ին ՀՀԿ-ի ամենաուժեղ բացասական կապն «Իմպիչմենտ» դաշինքի (-0,51) և «Ժառանգություն» (-0,50) կուսակցության հետ էր հաստատվել: 2012-ի ընտրություններում ՀՀԿ-ի կոռելյացիոն կապը «Ժառանգության» հետ գրեթե չի փոխվել (-0,49), իսկ ՀԱԿ-ի հետ այն կազմել է -0,40։ Սա նշանակում է, որ «Ժառանգություն» կուսակցության ընտրազանգվածն ավելի բացասաբար է տրամադրված ՀՀԿ-ի նկատմամբ, քան ՀԱԿ դաշինքի ընտրազանգվածը:
ՈՒշագրավ է դաշնակցության և «Ժառանգության» կապը (-0,47) նախորդ խորհրդարանական ընտրություններին, ինչը մեկնաբանելով` կարելի է ասել, որ երկու կուսակցության ընտրազանգվածները գրեթե թշնամաբար էին տրամադրված միմյանց նկատմամբ: Այս ընտրություններում նրանց անտագոնիստական վերաբերմունքը միմյանց նկատմամբ վերացել է, բայց նշված կուսակցությունների ընտրազանգվածները, այնուամենայնիվ, չունեն ընդհանրություն (0,06): Սա մատնանշում է նաև, որ միասնական թեկնածուով հանդես գալու պարագայում կարձանագրվի ձայների կորուստ, քանի որ երկուսի ընտրազանգվածներն անհամատեղելի են:
Բավականին ուժեղ դրական կոռելյացիոն կապ է հաստատվել «Ժառանգության» և ՀԱԿ-ի միջև (0,77), ձայների փոխանակման գործակիցն այս դեպքում կկազմի 59 %: Եթե այս երկու կուսակցությունները կարողանան համաձայնության գալ առաջիկա նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարցում, և նրանց միանան ՀԴԿ-ն (0,87), ՀԿԿ-ն (0,79) և «Միավորված հայեր» կուսակցությունը (0,63), ապա միասնական թեկնածուն բավականին մրցունակ կլինի։ Ընդ որում, նախընտրելի է, որ այդ միասնական թեկնածուն լինի «Ժառանգությունից», քանի որ նշված կուսակցությունների կոռելյացիոն կապն այդ կուսակցությունների հետ ավելի բարձր է, քան ՀԱԿ-ի։


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ