Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անթալիան նորից ամենապահանջվածն է

Անթալիան նորից ամենապահանջվածն է
15.06.2012 | 01:21

Չնայած քաղաքական ամառը բավականին բուռն է, ու շատ պաշտոնյաների հետագա կարգավիճակի հարցը խիստ անորոշ է, սակայն պարզվում է` ոմանք առավել շատ կենտրոնացած են իրենց ամառային հանգիստը լավ կազմակերպելու վրա: Տուրիստական գործակալություններում անցկացրած փոքր հարցախույզից այդպիսի եզրահանգման եկանք: Մինչ այդ հետաքրքրվեցինք, թե այս տարի հայ զբոսաշրջիկին ո՞ր երկրներն են առավել ցանկալի:
Իրականում, որքան էլ հայրենի կառավարությունն անհանդուրժելի է համարում Թուրքիան՝ յուր Անթալիայով, միևնույն է, այս տարի ևս այս երկիրը մեզանում ամենապահանջվածներից է: Այստեղ յոթ օր երկու անձով հանգիստը կարժենա շուրջ 1200 եվրո: Գործակալություններից մեզ փոխանցեցին, որ այս երկիր հիմնականում «չարթերային» թռիչքներ են լինում:
Հաջորդ երկիրը Բուլղարիան է, որը գնային առումով փոքր-ինչ գերազանցում է նախորդին (երկու անձի համար` 1500 եվրո): Այս երկիրը նախընտրում են հիմնականում միջինից բարձր ֆինանսական կարողություններ ունեցող անձինք:
«Գլոբ Թրևել» տուրիստական գործակալության աշխատակից Անահիտը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք հիմնականում աշխատում են պետական համակարգում ներգրավված ծառայողների հետ, ու այս տարի, նախորդի համեմատ, ակտիվություն է նկատվում:
Ի դեպ, այս տարի, ինչպես մեր զրուցակիցը նշեց, ֆավորիտ հանգստի վայր է Հունաստանի Կրետե կղզին: Այստեղ ութ գիշեր և ինն օր հանգստի համար ձեզնից կպահանջվի 2300 եվրո: Մեկ այլ գործակալությունից էլ տեղեկացրին, որ Հունաստանի հանդեպ հետաքրքրությունն այս տարի բավականին աճել է, չնայած այստեղ հանգիստը, նախորդ երկու երկրների համեմատ, ավելի թանկ է:
Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, տուրիստական գործակալությունների աշխատակիցների պնդմամբ, նախորդ տարվա համեմատ տարբերությունը շատ չէ, թանկացել են հիմնականում տոմսերը:
Ներքին տուրիզմի առնչությամբ էլ մեր զրուցակիցները նկատեցին, որ Հայաստանում զբոսաշրջության համար ուշագրավ վայրերն են Լոռին, Սյունիքը և Ղարաբաղը:
Չնայած արդեն մեկնարկել է հանգստի շրջանը, սակայն, ըստ տուրիստական գործակալությունների, տուրիզմի համար «պիկ սեզոն» է համարվում հուլիսի կեսից օգոստոսը, երբ ավելի հստակ կարելի է ասել, թե այս տարի ինչպիսի աշխարհագրություն ունի հայ մարդու նախասիրությունների շրջանակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ